copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:08 22-12-2021

Հետո նրանք նահանջել էին անտառներ, այնտեղ նրանց վրա դիվերսիոն խմբեր էին հարձակվել․ զինվորի մայր

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

44-օրյա պատերազմից 70 օր անց կռվի միջով անցած և կյանքի ճանապարհը գտած վեց ընկերները այսօր էլ շարունակում են սերտ կապերի մեջ մնալ իրար հետ։ Վեց ընկերները գտնվեցին անցած տարի դեկտեմբերի 20-ին։ Նրանք 70 օր շարունակ անհետ կորած էին համարվում։

Ողջ մնացածների խմբի մեջ էր նաև Դավիթը, ով ընդամենը 8 օրվա ծառայող էր, երբ կռիվը սկսվեց։ 2020 թվականին Դավիթը ծառայության էր անցել Ջրականում։

Oragir.news-ի հետ զրույցում Դավիթի մայրը պատմեց, որ պատերազմի սկսվելուց հետո 2 օր որդուց լուր չեն ունեցել։ Միայն 3-րդ օրն է զանգել ու հայտնել, որ բարձրացել են դիրքեր։ Այս փաստը շատ է զարմացրել նրանց, քանի որ Դավիթը, լինելով ընդամենը 8 օրվա ծառայող, չէր կարողանում կրակել ոչ մի զենքով, և կռվի դաշտում իր գտնվելը այդքան էլ արդյունավետ չէր։

«Այդ զանգից հետո ևս մի քանի օր զանգ չստացա տղայիցս, շատ անհանգիստ էի, չգիտեի՝ ինչ անել։ Հետո զանգեց ասաց, որ շատ զոհեր ունենք, վիճակը ծանր է, ջուր ու սնունդ չունեն։ Միակ լավ բանն այն էր, որ երեխաներին միացել էին կամավորականներ։ Առաջին անգամ, երբ խոսեցի տղայիս հետ, հասկացա, որ լրիվ անօգնական են, իսկ երկրորդ անգամ խոսելիս հասկացա, որ մի քիչ ավելի ուրախ էր, որ իրենց հետ փորձառու մարդիկ կան»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Դավիթի մայրը։

«Դրանից հետո երկար ժամանակ Դավիթս չզանգեց, լուր չունեինք։ Մենք նրան փնտրում էինք Ջրականում, հետո պարզվեց՝ մնալով առանց սպայական կազմի, նահանջել էին Հադրութ։ Սկզբում նրանց տեղափոխել էին ինչ-որ սար՝ բարձունքը պահելու, որի ընթացքում Դավիթիս ծառայակից ընկերների մեծ մասը՝ մոտ 100 հոգի, զոհվել են։ Այս ամենից հետո նրանք փախել էին անտառներ, այնտեղ նրանց վրա դիվերսիոն խմբեր են հարձակվել։ Մի մասն այդտեղ զոհվել է, մի մասն էլ վիրավորվել է։ Վիրավորները արնաքամ լինելով, մահացել էին։ Այդ կռվում ուսից վիրավորում էր ստացել նաև Դավիթս, բայց ծառայակից ընկերները փայտով անշարժացրել էին նրա ձեռքը։ Տղաներից մեկը՝ Արթուր Ալեքսանյանը, ով բժշկական օգնություն էր ցուցաբերել տղայիս, մինչ օրս անհետ կորած է համարվում»,- հավելեց զրուցակիցս։

Խումբը սկզբից 21 հոգանոց է եղել, բայց հետո ինչ-որ անհամաձայնություն է եղել նրանց միջև, բաժանվել են խմբերի և գնացել տարբեր ուղություններով։ Հետո նրանք հասկացել են, որ թշնամու գրաված տարածքում են հայտնվել և թաքնվել են Վանք գյուղի (այդ գյուղից թշնամին մեծ թվով գերիներ է տարել, քանի որ այդ գյուղի նկուղներում վիրավոր զինվորները շատ են եղել) տներից մեկի նկուղում։ Այդ գյուղում նրանք տարբեր տներ են տեղափոխվել, նկուղներից պահածոներ են գտել, դրանով սնվել։ Տներից մեկում գտել են տան տիրոջ սեփականության վկայականը, ում հետ հետագայում Դավիթի ընտանիքը կապ է հաստատել։ Նրանք շատ էին ուրախացել, որ տղաներն օգտվել էին իրենց պահածոներից։

«Մինչև հիմա էլ կապը պահում ենք, շատ լավ մարդիկ են»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Դավիթի մայրը։

Դավիթը վիրավոր թևով մնացել է հոկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 20-ը։

«Մենք կորցրել էինք քուն ու հանգիստը, դուռ չէր մնացել, որ չծեծենք, բայց ապարդյուն։ Ոչ ոք չկարողացավ ասել, թե որտեղ են երեխաները։ Միակ պատասխանը, որ ստանում էինք այն էր, որ կապ չկա, չգիտենք՝ ուր են նրանք։ Իսկ մյուս 21 հոգանոց խմբից (նրանք, որ առանձնացել էին Դավիթենցս խմբից) 6 հոգուն գտել են մեր տղաների գտնվելուց 7 օր հետո՝ դեկտեմբերի 27-ին` սպանված, խոշտանգված վիճակում։ Այսինքն` նրանք էլ էին թաքնվել, բայց նրանց չի հաջողվել փրկվել՝ թշնամին գտել է նրանց»- նշեց տիկին Ալինան։

Դավիթենց 6 հոգանոց խումբը ցանկացել է գնալ Իրան, քանի որ տներում թաքնված լինելով՝ հասկացել են, որ Հադրութը արդեն մերը չէ։ Բարձրացել են լեռները, որպեսզի բարձրությունից հասկանան, թե որտեղ են գտնվում, ցանկություն են ունեցել հասնել Իրան և հանձնվել սահմանապահներին՝ ասելով որ զբոսաշրջիկներ են, կորցրել են ճանապարհը։ Այդ ժամանակ լեռներն արդեն ձյունածածկ են եղել։ Տղաների ոտքերն այդտեղ ցրտահարվել են, ինչն էլ հետագայում նրանց ոտնաթաթերը ամպուտացնելու պատճառ դարձավ։

«Տղաներից Կոլյայի վիճակը եղել է ամենածանրը։ Նրա ոտքերը կտրված են մինչև ծնկները։ Նա ընթացքում ջրի առուն է ընկել, այդ պատճառով նրա խնդիրը լրջացել է։ Արթուրի և Արսենի ոտքի մի քանի մատներն են հեռացված, իսկ Ռուսլանի, Արմանի և Դավիթի ոտնաթաթերի մի մասն են կտրել»,- ասեց տիկին Ալինան։

Նրանց խմբին չի հաջողվել հասնել Իրան։ Նրանք ճանապարհին մոլորվել են և շարժվել դեպի Հայաստան։ Այդ ընթացքում նրանք հաճախ տարբեր վայրերոմ հայկական բջջային կապ են որոնել, և մի պահ հանկարծ նրանց հեռախոսին հայկական հեռախոսակապ է երևացել։ Խմբի անդամներից Արմանը միանգամից զանգել է եղբորը։ Իսկ Արմանի եղբայրը այդ մասին միանգամից տեղեկացրել է որոնողական աշխատանք իրականացնողներին։ Տղաները մոտավորապես ներկայացրել են տեղանքը, թե այդ պահին որտեղ են գտնվում, ինչ ծառներ և բույսեր կան շրջապատում։

Հետո տեղանքին ծանոթ երկու հադրութեցի որսորդների՝ Արթուրի և Թեմուրի օգնությամբ փրկարարներին հաջողվում է գտնել տղաներին։

Դավիթի մայրը մեզ հետ զրույցում անընդհատ նշում էր, որ տղաները հրաշքով են փրկվել, և նրանց բախտը բերել է այնքանով, որ տղաներին առաջինը նկատել են հայերը, հետո «Կարմիր խաչի»-ի և ռուս խաղաղապահների օգնությամբ տեղափոխվել են Հայաստան։

«Տղաների գտնվելուց հետո, երբ ադրբեջանցիները իմանում են նրանց ողջ լինելու մասին, ցանկանում են տղաներին տեղափոխել Բաքու՝ գերու կարգավիճակով՝ հիմնավորելով, որ տղաները հայտնաբերվել են իրենց սահմանում, հետևաբար գերիներ են։ Այդտեղ էլ մեր բախտը բերեց այնքանով, որ տղաները այդ ամբողջ ընթացքում եղել են ռուս խաղաղապահների մեքենայի մեջ և չեն իջել, եթե պատահեր այնպես, որ նրանք մեքենայից իջնեին, ադրբեջանցիները նրանց տանելու էին Բաքու։ Իմ տղան փրկվեց ռուս խաղաղապահների, Մուրադովի, «Կարմիր խաչի», հադրութցի որսորդների, և փրկարարների հետ աշխատող ծնողների շնորհիվ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»,- ասեց Դավիթի մայրը։

Այս պահին Դավիթն արդեն ապաքինվել է և զբաղվում է ծրագրավորմամբ։ Դավիթը դեռ դպրոցական տարիներից էր աչքի ընկնում այդ ընդունակությամբ։ Նա մասնակցել է տարբեր ծրագրավորման մրցույթների, որտեղ միշտ զբաղեցրել է պատվավոր տեղեր։ Նա նաև ընդունվել է համալսարան, բայց դասերին դեռ չի հաճախում։

Դավիթի ձեռքը և ոտքերը 6 անգամ վիրահատել են, հիմա լավ է։

Այս պահին Դավիթը և իր ընկերներից Արմանը աշխատում են «PixArt»-ում, ծրագրավորողներ են։


Ավելիին տեղեկանալու համար բաժանորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
12:51 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան․ armlur.am
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
12:10 Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել են բնակիչների ուղղությամբ, 2 հոգի լուրջ վնասվածք է ստացել
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ