Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:20 13-12-2021

Բուհական ընդվզող համակարգը Թուրքիայում․ զուգահեռ իրականություն

2016 թվականի հուլիսի 15-16-ը Պոլսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդավարության իմիտացիայի հաղթանակի հռետորաբանությամբ և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմամբ ընթացող կադրային ջարդի արդյունքում ազատվեց ոչ միայն դատական համակարգի, բանակի, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, բազմաթիվ նախարարությունների ու նահանգային իշխանությունների ընդդիմադիր ներկայացուցիչներից, այլև լրջագույն հարված հասցրեց կրթական համակարգին՝ զրկելով առանց այդ էլ թույլ ինքնուրույնությունից։ Քաղաքական հետապնդումների պատճառով էապես նվազեց ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունների աստիճանը, այնպես էլ միջնակարգ մասնավոր դպրոցների թիվն ու հանրակրթության որակը։ Հիմնականում Ստամբուլում, մասամբ նաև մայրաքաղաք Անկարայում հասունացած հեղափոխության փորձից ընդամենը չորս օր անց Էրդողանի անմիջական հրամանով պաշտոնից ազատվեցին թուրքական չորս բուհերի՝ Գազիի, Դիջլեի, Յալովայի և Յըլդըզի տեխնիկական համալսարանի ռեկտորները։ Վերջիններս մեղադրվում էին կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից իբրև թե ղեկավարվող խորքային պետության (թուրքերեն՝ Derin devlet) հետ ունեցած առնչակցությունների և ռազմական հեղաշրջման կազմակերպման համար։ Նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատվեց Էրդողանի նկատմամբ հավատարմություն չդրսևորած 15 հազար ուսուցիչ և դասախոս, 1,5 հազար դեկան, իսկ ահա մեկ ամիս անց աշխատանքային օրենսդրության կոպտագույն խախտումներով կրթության ոլորտից հեռացված աշխատակիցների թիվը գերազանցեց 27 հազարը։ Ազգային կրթության նախարարությունը կասեցրեց 626 ուսումնական հաստատության գործունեություն, որից 524-ը՝ մասնավոր դպրոցների, փակվեցին 15 համալսարաններ։ Բայցևայնպես, «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի՝ բարձրագույն կրթության համակարգին հասցրած խոշորագույն վնասը քվեարկության ընթացակարգի չեղարկումն էր ու պետության նախագահի կողմից ռեկտորներին նշանակելու որոշումը, ըստ որի՝ ռեկտորի պաշտոնն այլևս ոչ թե ընտրովի, այլ նշանակովի պաշտոն էր՝ կախված օրվա իշխանությունների հայեցողական ցանկություններից։

Քաղաքական նման քմահաճույքի գագաթնակետը 2021 թվականի սկզբին էր, երբ Թուրքիայի ամենահեղինակավոր և պրեստիժային՝ Բոսֆորի (թուրքերեն՝ Boğaziçi) համալսարանի ռեկտոր նշանակվեց տնտեսագետ Մելիհ Բուլուն, որն առավել վաղ եղել էր «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում՝ ակտիվ գործունեություն ծավալելով կուսակցության հիմնադրումից ընդհուպ 2015 թվականը։ Ամենևին զարմանալի չէ, որ Ամանորին հայտարարված պարետային ժամի ավարտից անմիջապես հետո Բոսֆորի համալսարանի հազարավոր ուսանողներ ու նախկին շրջանավարտներ դուրս եկան փողոց՝ բողոքի զանգվածային ակցիաների միջոցով իրենց դժգոհությունն արտահայտելով բուհական համակարգը կուսակցական շահին ներդաշնակեցնելու որոշման դեմ։ Նորանշանակ ռեկտորի դեմ արշավն առավել լայն թափ ստացավ այն բանից հետո, երբ սոցիալական մեդիայիում տարածված գրառումներից պարզ դարձավ, որ Մելիհ Բուլուի դոկտորական ատենախոսությունն ու գիտական աշխատանքների ճնշող մեծամասնությունը գրագողություններ են՝ կատարված այլ հրապարակումներից։ Հանուն արդարության պետք է նշել, որ նման մեղադրանքները չափազանց ուռճացված էին և հեղինակազրկում էին հենց Բոսֆորի համալսարանը, քանի որ Էրդողանի դրածոն, որը մինչ այդ զբաղեցնում էր Հալիչի համալսարանի ռեկտորի պաշտոնը, իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել էր հենց Բոսֆորի համալսարանում։ Լիարժեքորեն հիմնավոր չէ նաև զանգվածային լրատվության միջոցներում տարածված այն տեղեկությունը, թե Բուլուն գլխավորել է «Վիրտուալ հեծելազոր» (թուրքերեն՝ Sanal akıncılar) խումբը, որը սոցցանցերում զբաղվել է ԱԶԿ-ի և անձամբ Էրդողանի դեմ կատարվող գրառումների և մեկնաբանությունների չեզոքացմամբ։ Ընդ որում, այս տեղեկատվությունն առավել ակտիվ տարածում էին քեմալականներին ենթակա մեդիառեսուրսներով, որոնց շարքում առաջատար էր «Cumhuriyet»-ը։ Ավելին, պարբերականի համաձայն՝ Բուլուի խմբում ներգրավված էր ավելի քան 300 անձ, որոնք մասնագիտացած էին հաղորդակցության, տնտեսության, արտաքին քաղաքականության և թվային տեխնոլոգիաների բնագավառներում։

Բայցևայնպես, պայքարի առաջին իսկ օրից բուհի պրոֆեսորադասախոսական կազմը կանգնեց ուսանողության կողքին՝ հունվարի 5-ին ի նշան բողոքի ակադեմիական պատմուճան հագած մեջքով կանգնելով ռեկտորի նստավայրի դիմաց։ Բուհի ՊԴ կազմի հավաստմամբ՝ Էրդողանի որոշումը ակնհայտորեն խախտում էր բուհի ակադեմիական ինքնավարությունը, գիտական ազատությունն ու ժողովրդավարական արժեքները։ Ըստ դասախոսների՝ կատարվողը տրամաբանական էր և վաղուց պետք էր պատրաստ լինել նման քայլերի, քանի որ իշխանությունների՝ քաղաքականության վրա հիմնված կրթագիտական պրակտիկան Թուրքիայում վերջին տարիներին տեղ գտած հակադեմոկրատական և հակաիրավական որոշումների ուղիղ շարունակությունն էր։ Ըստ էության, Բոսֆորի համալսարանի դասախոսներն ու վարչական կազմի աշխատակիցները նկատի ունեին, որ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո հաստատության պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ ինչ-որ մեկը ռեկտոր էր նշանակվում դրսից։ Ընդ որում, հարկ է նկատել, որ Բոսֆորի ռեկտորի նշանակման պահին թուրքական ևս 20 բուհերի գործող ռեկտորներ այս կամ այն կերպ կապված էին Էրդողանի հետ, սակայն միայն Բոսֆորի համալսարանի ուսանողներն ու դասախոսները հակառակ շարժվեցին կոմֆորմիստական հոսանքին՝ պայքարելով հանուն կրթական արժանապատիվ միջավայրի ու ակադեմիական ինքնորոշման։ Ավելին, այդ 20 բուհերի ռեկտորները կապված էին նաև Էրդողանի կուսակցական ապարատի հետ․ նրանցից որոշները կա՛մ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Միլի մեջլիսի պատգամավորների թեկնածուներ էին, որոնք չէին հաղթահարել խորհրդարանական ընտրությունները, կամ կուսակցական գործիչներ, որոնք տապալել էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ բաց թողնելով որպես իշխանական թեկնածու քաղաքագլուխ դառնալու հնարավորությունը։ Այս առթիվ ամենից դիպուկն արտահայտվել էր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները՝ նշելով, թե այսպիսով Էրդողանը ոչ միայն ցանկանում է տիրանալ բուհին, այլև աշխատանք գտնել իր գործազուրկ կադրերի համար։

Էրդողանին թվում էր, թե հեղաշրջման փորձը ճնշելուց և ավտորիտարիզմի դիրքերն ամրապնդելուց հետո անհամեմատ հեշտ էր տրվելու Բոսֆորի համալսարանի ենթարկումը, մինչդեռ իրականությունն ապացուցեց տրամագծորեն հակառակը․ բուհը, լինելով հանրապետության գլխավոր և ամենաազդեցիկ բարձրագույն ուսհաստատությունը, մեծաթիվ աջակիցներ ուներ նաև Էրդողանի շրջապատում և, առհասարակ, իշխող շրջանակներում, քանի որ վերջիններս հրաշալի էին գիտակցում, որ Բոսֆորի համալսարանը (նախկին Ռոբերտ քոլեջը, որը ամերիկյան առաջին բուհն է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս) պետական և մասնավոր հատվածի որակավորված կադրային բազայի և Թուրքիայում մարդկային կապիտալի բացահայտման անփոխարինելի մատակարարն է։ Երկրորդ՝ բուհը համաշխարհային մակարդակով թոփ համալսարաններից է, իսկ գիտահետազոտական բաղադրիչի, միջազգայնացման և առևտրայնացման ցուցանիշներով՝ Թուրքիայի առաջատարը, այլ կերպ ասած՝ այցեքարտային Բոսֆորի համալսարանի դեմ գործողությունները նշանակում էին գործողություններ Թուրքիայի միջազգային վարկանիշի դեմ։ Երրորդ՝ ուսանողների և դասախոսների դիմադրության առաջին իսկ օրից իրադարձությունների զարգացումը տեղ գտավ միջազգային, հատկապես արևմտյան մամուլում, ինչի արդյունքում թուրքական ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումը ոչ միայն դարձավ օրակարգային թեմա, այլև ստիպեց, որ Արևմուտքը ճնշումներ գործադրի Էրդողանի ապարատի վրա՝ գնալու անհետաձգելի զիջումների։ Չորրորդ՝ թուրքական հանրությունը միանշանակ չընդունեց ռեկտորի նշանակումը․ ընդ որում, պատճառը ոչ այնքան Էրդողանի կողմից ուղղակի նշանակումն էր, որքան ուժային կառույցների իրականացրած գործողությունները՝ մահակների, արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների զանգվածային կիրառմամբ։ Ավելին՝ Էրդողանի հռետորական քարոզչությունը վերածվեց հակաքարոզչություն՝ բացառապես ի վնաս իրեն։ Տեսնելով, որ չի կարողանում էական հաջողության հասնել՝ Էրդողանը նախ սկսեց թիրախավորել և խտրականություն դրսևորել բողոքի ակցիայի մասնակից սոցիալական առանձին խմբերի նկատմամբ, ապա ավելի հեռուն գնաց՝ ցուցարար ուսանողներին պիտակավորելով որպես «ահաբեկիչ»։ Այս որակավորումը լցրեց ոչ միայն ուսանողության և ՊԴ կազմի, այլև շարքային պոլսեցու համբերության բաժակը, որովհետև մեկ այլ բան է ահաբեկիչ անվանել քուրդ զինյալին և կառավարել ազգայնական թուրքի հուզական ինտելեկտը, և բոլորովին այլ բան է՝ նման պիտակներով դիմել այն թուրքերին, որոնք պետության ամենազարգացած և առաջադեմ խավի ներկայացուցիչներն են։ Իզուր չէ, որ ընդդիմությունն անմիջապես որսաց պատեհ առիթն ու հանդես եկավ հակաիշխանական կոշտ քննադատություններով, որպես օրինակ՝ Պոլսի քաղաքապետ, քեմալական Էքրեմ Իմամօղլուն և կուսակից Ջենան Քաֆթաջըօղլուն։ Հինգերորդ՝ հակառակ ապօրինի ձերբակալություններին, բուհից հեռացնելու սպառնալիքներին և հարուցված քրեական գործերին՝ Բոսֆորի համալսարանի ուսանողությունը՝ ՊԴ կազմի գործուն աջակցությամբ, կարողացան անսասան մնալ ու հաջողությամբ ընդվզել։ Այսպես, դասախոսական և վարչական կազմը ապալեգիտիմացրին Էրդողանի բոլոր ջանքերը։ Մասնավորապես, 2021 թվականի փետրվարին նախագահականի կողմից երկու նոր ֆակուլտետներ բացվեցին բուհում, և նշանակվեց նոր անձնակազմ, որը հավատարիմ էր նորանշանակ ռեկտորին և հայտնել էր իր հավատարմությունը։ Քաջ գիտակցելով, որ նման քայլով Էրդողանն ու իր դրածոն փորձում են լեգիտիմացնել նշանակումը, ՊԴ կազմի 70 ներկայացուցիչներ անմիջապես հայց են ներկայացնում Բուլուին պաշտոնանկ անելու համար։ Արդյունքում, փորձելով զսպել իր անկում ապրող վարկանիշն ու հաշվի առնելով ուսանողների և ՊԴ կազմի՝ ակադեմիական ազատության հարցում որդեգրած միատեսակ պատկերացումներն ու հասունացող նոր խնդիրը՝ կապված հանրակացարանների հետ, Էրդողանը հետքայլ է կատարում՝ 6 ամիս անց՝ 2021 թվականի հուլիսին, Բուլուին հեռացնելով Բոսֆորի համալսարանի ռեկտորի պաշտոնից։