Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:10 09-12-2021

«3+3» ձևաչափ. ո՞ւմ ենք մենք պետք

Անընդհատ ու շարունակական խուսափողական պատասխաններից հետո «3+3» ձևաչափում Հայաստանի մասնակցության վերաբերյալ ինչ-որ որոշակիություն մտավ։ Երեկ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, որ առաջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Մինչև օրս այս ձևաչափի մասին հնչում էին բազմաթիվ հարցեր, որոնց ի պատասխան տրվում էին կամ հերքումներ արտգործնախարարի տեղակալով, կամ էլ անորոշ ու խուսափողական պատասխաններ արդեն երկրի առաջին դեմքի մակարդակով։

Այնպիսի տպավորություն է, որ վարչապետն այնքան էլ շահագրգռված չէ այս ձևաչափին միանալու հարցում, կամ էլ ամբողջությամբ չի ընկալում, թե ինչի մասին է խոսքը։

Ամբողջ հարցն այն է, որ ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ պաշտոնական այրերն այդպես էլ մարդավարի ոչ մի բացատրություն չեն տվել, թե ինչի մասին է խոսքը, ինչ ձևաչափ է, ով է նախաձեռնել ու, ընդհանրապես, մեր ինչի՞ն է այն պետք։

Պաշտոնական շրջանակներում փորձ է արվում այս ձևաչափը ներկայացնել որպես բոլորովին նոր, նախկինում չլսված, չտեսնված մի երևույթ։ Բայց իրականում այս ձևաչափն առաջացել է ո՛չ երեկ, ո՛չ էլ մեկ տարի առաջ։ Հարավային Կովկասում երեք հիմնական խոշոր խաղացողների ու տարածաշրջանի պետությունների այս կամ այն ձևաչափով համագործակցության գաղափարն առաջ է քաշվել դեռ 20 տարի առաջ։ Նախաձեռնողն էլ, ոչ ավելի ոչ պակաս, եղել է Թուրքիան։ Հետո, հասկանալի պատճառներով, գաղափարը սառեցվել էր, ու երկրորդ կյանքը ստացավ Էրդողանի համառ ջանքերով։ Թեև այնքան ջանքերը չէին, որքան աստղերի շատ հարմար դասավորությունը։ 44-օրյա պատերազմի ելքը նոր հնարավորություն էր Էրդողանի համար տարածաշրջան մուտք գործելու, ու ավելի հարմար առիթ, քան Բաքվի զորահանդեսն էր, դժվար էր պատկերացնել։ Հանդես գալով տարածաշրջանում նոր ու բավականաչափ հզոր խաղացողի դիրքերից, Էրդողանն առաջարկեց տարածաշրջանում իրավիճակի կարգավորման, այսպես ասած՝ «վեցի ձևաչափը»։ Ալիևն էլ, ոգևորված իրեն նվիրված հաջողությունից, արագ տեղավորվեց գաղափարի համահեղինակի անվան տակ։

Էրդողանի առաջարկած ձևաչափը պետք է գործակցության հարթակ դառնար տարածաշրջանի երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար իրենց երեք խոշոր հարևանների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ։

Որպես գործակցության երաշխիք՝ առաջարկում էին բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները։ Մեզ էլ խոստանում էին տնտեսական ծաղկման դարաշրջան, օդից փող, մի խոսքով՝ dolce vita: Բայց զուգահեռ շարունակում էին ոտնձգությունները թե՛ Արցախի բնակավայրերի, թե՛ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։

Բայց Թուրքիան առանց այն էլ արագ մտավ տարածաշրջան ու շատ հարմար տեղավորվեց։ Ռուսաստանի համար արդեն մեծ կոմպրոմիս էր Աղդամում տեղակայված մոնիթորինգային կենտրոնը։ Եվս մեկ նման հարթակ Թուրքիայի նախաձեռնությամբ ու Ռուսաստանն ամբողջությամբ կկորցներ իր դերն ու վերահսկողությունն արդեն ամբողջ տարածաշրջանի նկատմամբ։ Բայց, ըստ որոշ փորձագետների, Ռուսաստանը ցանկանում է հանդես գալ «չեզոքի» դիրքերից։ Այդ չեզոքությունն այսօր նրա համար կենսական նշանակություն ունի, բայց դե նախաձեռնողականությունն էլ Թուրքիային թողնել չի կարելի։

Այդ պատճառով էլ հյուսիսային «հարևանները» պարզապես վերաձևակերպեցին վաղուց հայտնի ձևաչափն ու այն ներկայացրին որպես բոլորովին նոր հարթակ, տարածաշրջանային գործակցության «հանճարեղ» գաղափար, ու ամենակարևորը՝ իրենց հեղինակությամբ։

Այն պարզապես վերանվանեցին «3+3»։ Այս հարթակի օգտին շատ ակտիվ հանդես է գալիս ու լոբբիստական աշխատանքներ է տանում հատկապես Ադրբեջանը։ Նա նաև փորձում է ամեն կերպ համոզել վրացի գործընկերներին, որպեսզի նրանք նույնպես ներգրավվեն այս ձևաչափին, որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր։ Ընդ որում՝ Վրաստանի իշխանություններին «համոզելու» գործին լծվել են նաև թուրքական լոբբիստները։

Ու սա տվել է իր արդյունքը։ Թեև Վրաստանի արտգործնախարարի բավականին կոշտ որակումներին, որ չի ցանկանում «օկուպանտի» հետ նույն հարթակում հայտնվել, այնուամենայնիվ, բաց դռներ թողել են։ Նույն արտգործնախարարը նաև ասել է, որ, անկախ ամեն ինչից, չի կարելի անմասն մնալ տարածաշրջանային զարգացումներից, քանի որ բոլոր ճանապարհները կարող են շրջանցել Վրաստանը։

Ու Վրաստանի դիլեման հասկանալի է։ Չմասնակցել այս ձևաչափով խորհրդատվություններին, նշանակում է վերջնականապես իզոլացվել տարածաշրջանային գործընթացներից, մյուս կողմից էլ Վրաստանը Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ) նախկինում միակ, հիմա համար մեկ լծակն է այս տարածաշրջանում, ու այս ձևաչափին միանալը կարող է որպես դավաճանական քայլ դիտարկվել Արևմուտքի կողմից։ Մյուս կողմից էլ Վրաստանի համար կա մի մեծ վտանգ, որ տարածաշրջանային երկաթուղին կարող է անցնել Աբխազիայով, ու այստեղ Վրաստանը, որպես տարածաշրջանային խաղացող, դուրս կմղվի այդ նույն տարածաշրջանից։

Այս ամենը հաշվի առնելով՝ Վրաստանը նախապես սահմանել է իր կարմիր գծերն ու նախապայմանները, ու դրանց բավարարման կամ կոմպրոմիսի պայմաններում ամեն դեպքում կհամաձայնեն միանալ ձևաչափին։

Այս կարծիքին են Վրաստանի հատկապես արևմտամետ փորձագետները, թեև ջանք չեն խնայում արտգործնախարարին քննադատելու ու դավաճանի պիտակ կպցնելու համար։

Հիմա վերադառնանք Հայաստանին։ Այստեղ կա մի մեծ խնդիր։ Հայաստանն այս ձևաչափում որևէ շանս չունի սեփական օրակարգն առաջ տանելու, իսկ ուժերի հարաբերակցությունը մեր կողմից չէ։ Կա Ռուսաստան, որը թեև մեր ռազմավարական դաշնակիցն է, սակայն տիտուլյար հայտարարություններից այն կողմ չի անցնում, հետն էլ չի մոռանում ամեն անգամ շեշտել, որ Ադրբեջանի հետ էլ բավական սերտ կապեր ունեն։ Սրան էլ գումարում ենք քաղաքական շրջանակներից սկսած ու թոք շոուներով վերջացրած հետևողականորեն տարվող ադրբեջանական լոբբին, ու պարզ է դառնում, որ Ռուսաստանի վրա հույս դնել չարժե։ Իրանը՝ հարավային հարևանը, պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու չնայած ադրբեջանցիների հետ ունեցած խնդիրներին, գոնե արցախյան հարցում բավականին լոյալ ու չեզոք դիրք է բռնել։ «3+3»-ին էլ թեև դրական են արտահայտվել, բայց չեն շտապում նախաձեռնողականությամբ հանդես գալ։ Սպասում են։ Դրան էլ գումարում ենք այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները վերջին երեք տարում հետևողականորեն փչացրել են Իրանի հետ բոլոր հարաբերությունները՝ սկսած Կոնջորյանի հայտարարությունից, որը որակվեց որպես անզգույշ հայտարարություն, վերջացրած Իրանի նախագահի՝ Հայաստան այցի նախօրեին Իսրայելում դեսպանատուն բացելով։

Վրաստան։ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն ու անհասկանալի հարաբերությունները Հայաստանի հետ։ Վերջերս Վրաստանի նախագահի այցն էլ պատահական չէր։ Ինչ-որ անհասկանալի դրդապատճառներով Վրաստանի նախագահը, չնայած իր ունեցած բոլոր խնդիրներին Ռուսաստանի հետ, Փաշինյանին ակնարկում է «3+3» ձևաչափին միանալու անհրաժեշտության մասին։

Թուրքիայի ու Ադրբեջանի մասին խոսելն էլ ավելորդ է։ Հիմա, Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու ընդհանրապես այս ձևաչափում։ Այս հարցին ոչ ոք կարծես կամ չի ցանկանում պատասխանել, կամ էլ այն ընդհանրապես չի առաջանում մեր իշխանական վերնախավի մոտ։

Փաշինյանն անընդհատ ասում է, որ եթե չլինեն այնպիսի քննարկումներ, որոնց համար կան այլ ձևաչափեր, ապա կարող է քննարկվել նաև այդ ձևաչափը։ Ի՞նչ հարցեր ունի Հայաստանը այլ ձևաչափերում։ Արցախյան հիմնախնդիր, որի համար կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որի համար կա ստեղծված միջտարածաշրջանային հսկայական հանձնաժողով։ Հարց․ էլ ի՞նչ պիտի քննարկի Հայաստանը։ Ի՞նչ հարցեր են մնում, որ կարելի է քննարկել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, այն էլ նմանատիպ ձևաչափում։ Ցեղասպանությա՞ն։ Դժվար թե։ Այլ պատասխան պարզապես չկա։ Ոչ ոք անգամ չի ակնարկում սրա մասին։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այն կարծիքին է, որ Փաշինյանը պարզապես չի ուզում ասել ոչ։

«Հիմա Փաշինյանը երկընտրանքի առաջ է կանգնած։ Նա չի կարող հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, դրան դեմ են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։ Ոչ էլ ցանկանում է ոչ ասել Ռուսաստանին։ Փաշինյանը հիմա շարժվում է ոչ մեկին չնեղացնելու տրամաբանությամբ, թեև շատ լավ գիտակցում է, որ այդ ձևաչափում ինքը սուբյեկտ չէ, այլ օբյեկտ»,- ընդգծում է քաղտեխնոլոգը։

Ի դեպ, «3+3»-ը ձեռնտու է հատկապես Ռուսաստանին, քանի որ սա միակ ձևաչափն է, որտեղ նա կարող է անվերապահ հեգեմոնիա ունենալ։ Թեև Թուրքիան ու Իրանն այստեղ խոշոր խաղացողներ են, բայց Թուրքիային ամեն կերպ փորձելու է դուրս մղել խաղից, իսկ Իրանն այնքան էլ շահագրգռված չէ այս ձևաչափով։ Ու եթե Ռուսաստանին հաջողվի օրակարգից դուրս մղել նաև մնացած ձևաչափերն ու բոլոր ցավոտ հարցերին լուծում տալ հենց այս ձևաչափում, ապա տարածաշրջանում վերահսկողությունը ոչ միայն ամբողջությամբ կանցնի նրան, այլև ինչ-որ պահի կարող է հնարավորություն ստեղծվել այն վերածել պերիֆերիայի։ Ամեն դեպքում՝ երեք պետություններից մեկը դրան առանձնապես դեմ չէ, ու, ցավոք, այդ մեկը մենք ենք։

Ու այս ամենով հանդերձ՝ Ռուսաստանին հաջողվեց Հայաստանին համոզել մասնակցել այս ձևաչափով առաջին նիստին, որը, սակայն, կլինի ոչ թե «3+3», այլ «3+2» ձևաչափով։ Վրաստանն այնուամենայնիվ հրաժարվեց մասնակցել առաջին նիստին։

Ու փաստը մեկն է՝ Թուրքիայի առաջ քաշած օրակարգը հաղթանակ տարավ, ու Հայաստանն այս ձևաչափին մասնակցում է ուժերի անհավասար բաշխվածության պայմաններում։

Աղվան Ասոյան