Երևան +18°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:21 07-12-2021

Մենք բոլորս մեռնելու ենք․ Սպիտակի երկրաշարժից դասեր են քաղել բոլորը, բացի մեզանից

Սպիտակի երկրաշարժից 33 տարի անց մենք շարունակում ենք խոսել թե՛ այդ երկրաշարժի հետևանքներից, թե՛ դրա հետևանքների վերացման համար ճանապարհներ լուծումներ ենք փնտրում։ Սա Հայաստանի բոլոր կառավարությունների խարանն է, որը խոսում է թե՛ տոտալ ոչ կոմպետենտության, թե՛ սեփական քաղաքացիների ճակատագրերի վրա խորապես թքած ունենալու նուրբ արվեստից։

Բայց ամենավտանգավորը ոչ թե ջոջաց ջոջերի անգործությունն է, այլ անտարբերությունը։ Քանի որ վտանգը չի անցել։ Հրաշք տեղի չի ունեցել, Ալպ-Հիմալայան խզվածքը չի վերացել, ոչ էլ մենք ենք տեղափոխվել բոլորովին այլ՝ ավելի հանգիստ աշխարհագրական գոտի։ Բայց սա քչերին է հուզում։ Երկրաշարժի մասին հիշում են տարին մեկ անգամ, պաթոսախեղդ ելույթներով, զուգահեռ ստորագրելով հերթական անգրագետ կառուցապատման նախագիծը։ Իսկ ժամանակն անցնում է։

Մինչև անցյալ տարի Ճապոնիայում մեծ գիտաժողով էր տեղի ունենում «Սպիտակի երկրաշարժի դասերը» խորագրով, որին հրավիրվում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Իսկ քանի՞ նման գիտաժողով է տեղի ունեցել Հայաստանում։ Ոչ մի, եղած քննարկումներն էլ հիմնականում տարատեսակ ՀԿ-ների կողմից կազմակերպված կիսատ-պռատ միջոցառումներ, որոնք կրում էին ավելի շատ էմոցիոնալ բնույթ, քան բովանդակային։

Հիմա խոսենք փաստերով ու թվերով ու փորձենք մի պահ պատկերացնել՝ ի՞նչ կլինի, եթե Սպիտակի երկրաշարժի նման երկրաշարժ տեղի ունենա Երևանում։ Ի դեպ, կա հետազոտություն, հստակ հաշվարկներ ու հավանական մի քանի սցենար, թե ինչ կլինի նման աղետից հետո, ու սցենարից ոչ մեկը happy end-ով չի վերջանում։ Չէ, հետազոտությունը մենք չենք արել, այլ նույն ճապոնացիները։ Խոսքը ճապոնական JAYKA հետազոտական ընկերության մասին է։

2012 թվականից կազմակերպության աշխատակիցները, գիտահետազոտական մի քանի խմբերի, Հայաստանի ԱԻՆ-ի ու սեյսմիկ ծառայության կենտրոնի հետ Երևանի մոտակայքում կատարել են մի քանի հորատումներ ու բազմաթիվ հետազոտություններ։ Նպատակը՝ պարզել երկրաշարժի հավանականությունը Երևանում ու հասկանալ ավերածությունների ծավալը։

Սպիտակի երկրաշարժից առաջ ԽՍՀՄ-ը Հայաստանի համար արել էր սխալ սեյսմիկ գնահատում և առավելագույն նիշը սահմանել էր 7 բալ։ Հետևաբար, շինարարություններն ու կառուցապատումն էլ արվել էր հենց այդ չափանիշներին համապատասխան։ Ու այստեղ ամենասարսափելին։ Երևանի բնակֆոնդի մոտ 80 %-ն արվել է հենց այդ ժամանակահատվածում։ Դե ԽՍՀՄ տարիներին արված կառուցապատման որակի լեգենդներն էլ տհաճ փորձով հաստատվեցին Սպիտակում ու Գյումրիում 1988-ին։

Սպիտակի երկրաշարժից հետո սեյսմիկ գնահատումը փոխվեց, ու Հայաստանը հայտնվեց 8-10 բալ սեյսմիկ վտանգի միջավայրում։ Հետո ԽՍՀՄ-ը փլուզվեց, ու այս ամենի վրա բոլորը մի տեսակ թքած ունեին ու բավականին երկար ժամանակ։ Նույնիսկ սեյսմիկ նորմեր սահմանված չեն եղել։ Դա արվել է միայն 1994-ին և վերանայվել 2006-ին։ Բայց շինարարությունն ու կառուցապատումը կատարվում էր միշտ, անընդհատ։ Դեգրադացիայից հետո դա երկրորդ երևույթն է, որ Հայաստանում անկախությունից ի վեր գրեթե կանգ չի առել։

Երկրաշարժի վտանգի հավանականությունը չափում են տվյալ բնակավայրին առավել մոտ գտնվող ու ակտիվ խզվածքներով։

Երևանին մոտ կա մի քանի խզվածք՝ Գառնու խզվածքը, որը մոտ 1000 տարեկան ակտիվ խզվածք է, Երևանի կույր խզվածքը, որի ակտիվությունը գնահատել հնարավոր չի եղել, և Վեդիի խզվածքը։ Այստեղից ամենավտանգավորը Գառնու խզվածքն է։ Երևանի վերջին երկրաշարժը տեղի է ունեցել հենց այդ խզվածքի ակտիվանալու պատճառով՝ 1679 թվականին։

Կա մշակված մի քանի սցենար՝ Երևանի ու ամբողջ հանրապետության մասշտաբով, որտեղ շատ հստակ նշվում է զոհերի ու վիրավորների թիվը։

Բերենք դրանցից մի քանիսը ու միայն մայրաքաղաքի մակարդակով։

Լավագույն սցենարի դեպքում ցերեկը զոհերի թիվը կլինի մոտ 11200 մարդ, իսկ գիշերը՝ 31800։ Թվերի այս տեսակ տարբերությունը բացատրվում է նրանով, որ գիշերը մարդիկ հիմնականում տանն են ու քնած։

Վիրավորների թիվը ցերեկը կարող է լինել 31100, իսկ գիշերը՝ 76500։

Վատագույն սցենարի դեպքում զոհերի թիվը կարող է հասնել 84500-ի։

Ու այս թվերը վերաբերում են տեղում մահացածներին։ Ու այստեղ հասանք Երևանի անգրագետ ու շարունակական կառուցապատմանը, որը մի օր հազարավոր մարդկանց կյանքեր է արժենալու։ Ըստ հետազոտության՝ կառուցապատումն այնքան խիտ է արված, որ մի շենքի փլուզումն ունենալու է դոմինոյի էֆեկտ ու իր հետևից կարող է քանդել մի քանի՝ գուցե ավելի սեյսմակայուն շենքեր։ Նման կառուցապատման դեպքում անվտանգության պահպանման կանոններից մի քանիսը լռելյայն բացառվում են։ Օրինակ՝ արագ իջնել որևէ բաց տարածք։ Բաց տարածքներ Երևանում շատ քիչ են մնացել, ու քաղաքացին կարող է ընդհանրապես չհասցնել շենքերի արանքից դուրս գալ՝ այնքան խիտ են ու այնքան շատ։

Նման խիտ կառուցապատման պարագայում պարալիզացվելու են բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն ունեն։ Շենքերին չի կարողանա մոտենալ ոչ մի փրկարարական տեխնիկա, ու այն քաղաքացիները, որոնց կյանքը հնարավոր էր փրկել փլատակների տակից շուտ հանելով, կարող են մահանալ միայն այն պատճառով, որ տեխնիկան չի կարողացել մոտենալ փլատակներին։ Դրանից հետո սկսվելու է հումանիտար աղետ։

Ու վերը թվարկածը դրանք պաշտոնական տվյալներ են՝ պաշտոնական ձևակերպումներով։ Իրականությունը կարող է ավելի սարսափելի լինել։

Ինչո՞ւ է Երևանի կառուցապատումն անգրագետ։ Բավական է նայել միայն Հյուսիսային պողոտային։ Այդ հատվածում բարձրահարկ շենքեր կառուցելու որևէ իրավունք չկա, դա ապագիտական է ու ապաբարոյական, քանի որ, երբ ավելի խորն ես սկսում ուսումնասիրել Երևանի գրունտը, հասկանալի է դառնում, որ այդ տվյալները կամ չեն իմացել, պատշաճ ուշադրություն չի դարձվել դրանք ուսումնասիրելու վրա, կամ էլ պարզապես թքած են ունեցել այդ վտանգի վրա։

Բանն այն է, որ Երևանի գրունտը բաղկացած է հիմնականում երկու տեսակի ապարներից, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են մի քանի ենթախմբերի։ Դրանցից ամենավտանգավորը չորրորդ տեսակի հրաբխային ապարներն են, որոնք տարածված են հենց Փոքր Կենտրոնում ու ամբողջ Հյուսիսային պողոտայի տակ։ Բանն այն է, որ ցնցումների ժամանակ այդ ապարները ջրիկանալու հատկություն ունեն։ Առանձնապես վառ երևակայություն պետք չէ ունենալ՝ պատկերացնելու համար, թե ինչ կլինի Հյուսիսային պողոտայի հետ նման ցնցումից հետո։

Մեկ այլ, ավելի երկարաժամկետ հետևանքներով խնդիր են թափոններն ու հատկապես վտանգավոր թափոնները։ Բանն այն է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Երևանում չկա վտանգավոր թափոնների հեռացման վայր։ Եթե մի պահ նույնիսկ մոռանանք «Նաիրիտ»-ի գոյության մասին, վտանգը միևնույն է մնում է։ Երևանը հիմնականում կառուցապատվել է ԽՍՀՄ տարիներին, որտեղ շատ հարգված շինանյութ էր ազբեստը, որը հետագայում ճանաչվեց քաղցկեղածին ու արգելվեց։ Երևանն ու ամբողջ Հայաստանի Հանրապետությունը լիքն են այդ շինանյութով ու դրա թափոններով։

Ըստ պաշտոնական հաշվարկների՝ մեր ունեցած տեխնիկայով վտանգավոր թափոնները ուտիլիզացնելու համար մեզնից կպահանջվի 17 տարի։ Իսկ մնացած թափոնների մասին ոչ մի խոսք չկա, քանի որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի եղել որևէ հստակ հաշվարկ կատարել։

Ու այսքանով հանդերձ, մինչև օրս կադաստրում չկան շենքերի կառուցվածքային տիպերի համար հաշվեգրման տվյալներ։ Գրեթե ոչ մի շենք անձնագրավորված չէ։

Դե, անվտանգության կանոնների պահպանման, դրանց մասին քաղաքացիներին տեղեկացնելու քաղաքականության տապալման մասին խոսելն ավելորդ է։ Դրա արդյունքը տեսանք անցյալ տարի փետրվարին Երևանում տեղի ունեցած փոքրիկ ցնցումից հետո, երբ քաղաքացիները պարզապես չգիտեին՝ ինչ անել։ Որոշները նույնիսկ իջել էին մետրո՝ չհասկանալով, որ դա անում են ռմբակոծության ժամանակ, ոչ թե երկրաշարժի։

Դրան էլ գումարում ենք մեր ԱԻՆ-ի անգրագիտության վերսուս բաթլը մեր քաղաքացիների հետ, ու պատկերն ամբողջանում է։ Այդ ժամանակ քաղաքացիներից ոմանք ասում էին, որ շուտով լինելու է ավելի մեծ երկրաշարժ, նույնիսկ օր ու ժամ էին ասում, իսկ ԱԻՆ-ը բոլորի համար անսպասելի հերքեց այդ տեղեկատվությունը։

Երկրաշարժի մասին օր ու ժամով կանխագուշակում անելն անգրագիտություն է, իսկ դա հերքելը՝ էլ ավելի մեծ անգրագիտություն։

Իսկ մեզ մնում է հետևել միայն լուսահոգի Արմեն Երիցյանի խորհրդին, որն արել է ներքին զրույցներից մեկի ժամանակ․ «Աղոթեք, որ Երևանում երկրաշարժ չլինի» ու փաստել՝ մենք բոլորս մեռնելու ենք։

Աղվան Ասոյան