Երևան +14°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:19 07-12-2021

Ալեն Սիմոնյանի բերանը այն միջավայրը չէ, որով Փաշինյանը կուզենար արտահայտվել և բավարարել իր ցանկությունը․ Գևորգ Պետրոսյան

ԵՊՀ դոցենտ Գևորգ Պետրոսյանը անբարոյական է համարում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որը գաղտնի տեսագրության տեսքով տարածվեց տելեգրամյան ալիքներում։ Oragir.news-ի հետ զրույցում Գևորգ Պետոսյանն, անդրադառնալով տարածված տեսագրությանն ու դրա մեջ հնչած ձևակերպումներին, թե «գերիներն այլևս գոյություն չուեն», որ նրանք «դասալիքներ են», ասաց․

«Դա անբարոյական գնահատական էր, գերին չի դադարում զինվոր լինելուց, սա նշանակում է, որ մեր երկրի ԱԺ նախագահը այդ երկրի սահմանը պահողին ու պահպանողին համարում է ոչնչություն։ Նման անբարոյական գնահատական երբևէ որևէ ղեկավար մեր զինվորների հասցեին չի հնչեցրել։ Ինքը մոռանում է, որ իր քաղաքական հովանավոր Նիկոլը ասում էր, որ իր տղային կփոխարինի գերիների հետ։ Եթե նրանք կարծում են, որ գերիները հանցագործներ են, ո՞նց է երկրի վարչապետի պաշտոնին հայտնված անձը հայտարարում, ոիր երեխային կփոխանակի հանցագործի հետ։ Բացի այդ, գոյություն ունի անմեղության կանխավարկած, համաձայն որի՝ անձն համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով նախատեսված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եթե այդ գերիներին դուք չեք հարցաքննել, նրանք դեռ չեն վերադարձել, չեք պարզել գերի ընկնելու հանգամանքները, դուք ի՞նչ իրավունք ունեք, խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, ի սկզբանե նրանց պիտակավորել որպես հանցագործներ։ Իր քաղաքական հովանավոր Նիկոլն ասում էր, որ մեր գերիները 1-2 ամիս կհամբերեն։ Բա եթե նրանք հանցագործներ են, դուք հանցագործներից ինչո՞ւ եք ինչ-որ բան խնդրում, եթե հանցագործներ են, ուրեմն՝ նրանց պիտի դատել։ Ասում էիք, որ պետք է 1-2 ամիս համբերել, բայց անցել է 7-8 ամիս, իսկ մեր գերիները գերության մեջ են։ Նման անբարոյական գնահատական հնչեցնողը իրավունք չունի պետական պաշտոն զբաղեցնել, թող գնա ինչ-որ ուրիշ բանով զբաղվի։ Կամ նա երբևէ գերու վիճակի մեջ մտե՞լ է, նա երբևէ զինվորի համազգեստ հագե՞լ է։ Նա Սարյան փողոցից ԱԺ գնալու համար, այդ 400 մետրը հաղթահարելու համար 90 մլն դրամանոց մեքենա է պատվիրում, մինչդեռ այսօր մենք զինվորներ ունենք, որոնք գիշերում են վրանների մեջ, այս ցուրտ ձմեռային պայմաններում։ Սա ուղղակի անբարոյականության գագաթնակետն է, և ես նորից եմ ասում, և խնդրում եմ, որ այս բառերս բառացի մեջբերեք․ եթե Նիկոլ Փաշինյանը չդատապարտեց Ալեն Սիմոնյանին և չկազմակերպեց նրա գահընկեցությունը, նրա հրաժարականը չապահովեց, ապա իմ անձնական կարծիքն է, և ես դրա հիմքերն ունեմ, որ սա Նիկոլ Փաշինյանի գնահատականն է՝ Ալեն Սիմոնյանի բերանով։ Ես Նիկոլ Փաշինյանին պարզապես կասեի, որ հեռու մնա Ալեն Սիմոնյանի բերանով արտահայտվելուց, որովհետև Ալեն Սիմոնյանի բերանը այն նպաստավոր միջոցն ու միջավայրը չէ, որով Նիկոլ Փաշինյանը կուզենար արտահայտվել և բավարարել իր ցանկությունը»։