Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:53 06-12-2021

Ում մահն են գուժում զանգերը. նիկոլիզմի մետաստազները

ՏԻՄ ընտրությունների ֆեյսբուքյան արձագանքները կարդալուց հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել։ Այս գիծն են տանում նաև ընդդիմադիր գործիչները։

Սակայն դա իրականում այնքան էլ այդպես չէ։ Նախ փաստենք, որ Փաշինյանի կուսակցությունը 36 համայնքներից հաղթել է 25-ում և պարտություն է կրել ընդամենը 11-ում։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի կիսում ո՛չ մեկ, ո՛չ էլ մյուս կողմի կարծիքները։ Իշխանությունները տոնում են անվերապահ հաղթանակ, իսկ ընդդիմությունը կարծում է, որ ջախջախիչ պարտության է մատնել ՔՊ-ին։

«Իրականում երկուսն էլ էյֆորիայի մեջ են։ Այո, Փաշինյանի վարկանիշն ընկել է ու շարունակում է ընկնել։ Եթե 2018-ին բավական էր ասել «Քաղաքացիական պայմանագիր» ու դա կլիներ հաղթանակի ամենամեծ գրավականը, այսօր շատ տեղերում այդ անունը մարդկանց մոտ ոչինչ չի փոխում այլևս։ Բայց կարծել, որ Փաշինյանը հիմնահատակ պարտվեց, դա էլ է սխալ»,- ասում է քաղտեխնոլոգը։

Հարցին, թե արդյո՞ք Փաշինյանին հաղթած քաղաքական ուժերը կարող են գործակցել Փաշինյանի հետ կամ գործոն դառնալ, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ Հայաստանում ՏԻՄ ընտրությունները երբեք էլ չեն եղել քաղաքական իրադարձություն ու հիմա էլ չեն․ «Պետք չէ դրանք դիտարկել քաղաքական տեսանկյունից։ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում միշտ հիմնված են եղել ավելի մեծ բարեկամական կապերի, ավելի լավ ֆինանսական վիճակի, համայնքում ունեցած ազդեցության ու ազդեցիկության վրա»։

Այնուամենայնիվ, դիտարկենք բոլոր այն կուսակցությունները, որոնք «հաղթել են» ՔՊ-ին։

«Հանրապետություն» կուսակցություն․ ղեկավարը՝ Արամ Զավենի Սարգսյան, որը հայտնի է իր՝ բավականին լոյալ վերաբերմունքով դեպի գործող իշխանությունները։ Նա մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն է հայտնել գործակցել Փաշինյանի կառավարության հետ։ Նա նաև հայտնի է իր ընդգծված հակակրանքով դեպի նախկին իշխանությունները, որոնք էլ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսներն են ու տիտուլյար ընդդիմության վառ ներկայացուցիչներ։

«Հանուն Հանրապետության» կուսակցություն․ ղեկավարը՝ Արման Բաբաջանյան։ 7-րդ գումարման Ազգային ժողովում նա առաջին անգամ աչքի ընկավ, երբ դուրս եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ու դիրքավորվեց որպես անկախ պատգամավոր։ Սակայն մշտապես իր ելույթներով աջակցում էր գործող իշխանություններին ու սուր, հաճախ վիրավորական արտահայտություններով էր հանդես գալիս ընդդիմության հասցեին։ Պատերազմից հետո էլ առաջիններից մեկն էր, որ հանդիպեց Փաշինյանի հետ ու պատրաստակամություն հայտնեց գործակցելու ու աջակցելու կառավարությանը։

ԲՀԿ․ ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյան։ Այստեղ ոչինչ միանշանակ չէ։ Այս կուսակցությունը մի քանի անգամ աչքի է ընկել ճակատներ փոխելու իր պատրաստակամությամբ ու սովորաբար հայտնվում է այն ուժի կողքին, որն այդ պահին գտնվում է իշխանության ղեկին, կամ էլ հանրային տրամադրությունները պահանջում են, որ նա հենց այդ քաղաքական ուժի կողքին գտնվի։ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ չի խորշում ամենածանր հայհոյանքներից իր իսկ հասցեին, եթե խախտի իր տված խոստումը, ու շատ շուտ մոռանում է դրա մասին ու խախտում՝ հետագայում նոր հայհոյանքների տակ մնալու ակնկալիքով։

«Ապրելու երկիր» կուսակցություն․ այս կուսակցության մեջ կառավարության երկու նախկին նախարարներն են, երկուսն էլ՝ սոցապ։ Խոսքը Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի մասին է։ Նրանք սովորաբար աչքի չեն ընկնում ո՛չ սուր ելույթներով, ո՛չ էլ անվերապահ աջակցության խոսքերով։ Այնպիսի տպավորություն է, որ բոլոր կողմերից թողնում են կամուրջներ ու բաց դռներ, ու հասկանալի չէ, թե որ պահին որ ուղղությամբ կգնան։

Մնացած քաղաքական ուժերն էլ, եթե մինչև այսօր աչքի չեն ընկել իրենց ընդդիմադիր կամ իշխանամետ կեցվածքով, դեռ չունեն ո՛չ այն ճանաչումը, ո՛չ էլ այն ռեսուրսները, որպեսզի կարողանան դառնալ գործոն։ Ու հավանականությունը մեծ է, որ շատ կոնկրետ քայլերի հաջորդականության պարագայում նրանք նույնպես առնվազն բավականին չեզոք ու լոյալ դիրք կբռնեն գործող իշխանությունների հանդեպ։ Սրանից կարելի է հետևություն անել, որ Փաշինյանը դեռ երկար կպահպանի իր ազդեցությունը Հայաստանում, անկախ նրանից՝ հաղթում է ՏԻՄ ընտրություններում, թե թվացյալ պարտություն կրում։

Չնայած այս ամենին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ այդ 11 համայնքների արդյունքներն, այնուամենայնիվ, պարտություն էին Փաշինյանի համար։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված