copy image url
Խոսք 2 տարի առաջ - 15:57 06-12-2021

Երբ ձևավորվեն կոալիցիաներ, կհասկանանք, թե արդյո՞ք ընդդիմությունն արժանի է այդ կոչմանը․ Ռուբեն Մելիքյան

Երեկ ՀՀ մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տարել 36 համայնքներից 16-ում։ Թե նման ցածր ցուցանիշն ինչո՞վ է պայմանավորված, Oragir.news-ը փորձեց հասկանալ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

«Նախ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՏԻՄ ընտրություններն ունեն որոշակի տարբերություններ համապետական ընտրությունների համամատ։ Մարդիկ դեռ չեն հասել քաղաքական գիտակցության այն մակարդակին, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցեն քաղաքական կուսակցությունների տրամաբանությամբ։ Այսինքն՝ մարդիկ ավելի շատ ընտրում են կոնկրետ անձանց, քան քաղաքական ուժեր։ Եվ հարցն այն է, որ այս ընտրություններում տեղական տարածքներում հեղինակություն վայելող մարդկանց մեծամասնությունը, առանձին բացառություններով, պարզապես չի համաձայնել մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, կամ նրանց հետ համագործակցության հարց էլ չի բարձրացրել։ Որովհետև ուղիղ թիրախում է այս իշխող քաղաքական ուժը։ Առանձին բացառություններ կան, և դրանք ընդհանուր կանոններով են։ Օրինակ՝ Ջերմուկի ընտրությունները, որտեղ Արսենյանների ներկայացուցիչները այն մարդիկ են, որոնք ֆինանսական մեծ ռեսուրսի են տիրապետում, որոնք այդ համայնքում մեծ հեղինակություն են վայելում, որոնց խոսքը արժևորվում է։ Նրանք համաձայնել են «Քաղաքացիական կուսակցության» հետ համագործակցել, որով, օրինակ մենք, տեսնում ենք, որ այդ կուսակցությունը ստացել է 80 տոկոսից ավել ձայներ։ Բայց դրանք ոչ թե Նիկոլ Փաշինյանի ձայներն են, այլ՝ Արսենյանների։ Շատ այլ համայնքներում մարդիկ ուղղակի չեն համաձայնվել համագործակցել, որն ուղղակի հանգեցրել է «Քաղաքացիական պայմանագրի» առաջադրած, այսպես ասած, արժեք չունեցող թեկնածուների պարտության»,- ընգծեց նա։

Մեր զրուցակցի խոսքով, կարևոր գործոն է նաև այս ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հիմնական գիծը․ «խաղաղություն ամեն գնով, մենք պատրաստ ենք ամեն ինչի», որն ապացուցեց նրանց սնանկ ու մահացու լինելը։ «Այս գործոնը նույնպես շատ կարևոր էր, և ես կարծում եմ, որ քանակական վերլուծություններ կարվեն։ Եթե համեմատական անցկացնենք տոկոսներով, սա շատ կարևոր է, այլ քանակական վերլուծություն արվի, թե այդ համայնքերից քանի՞ ձայն է ստացել ՔՊ-ն հունիսի 20-ի ընտրություններին և քանի՞ ձայն է հավաքել հիմա, ապա կտեսնենք, որ փոփոխությունը շեշտակի է։ Որովհետև այստեղ կարևորը տոկոսները չեն»,- հավելեց Մելիքյանը։

«Մի օրինակ բերեմ․ Արմավիր խոշորացված համայնքում ՔՊ-ն ուներ միայն մեկ թեկնածու, որը, կարծեմ, ստացել է 90 տոկոսից մի փոքր ավելին։ Այսինքն՝ 90 տոկոսը նրան կողմ է եղել, իսկ մոտ 10 տոկոսը՝ դեմ։ Բայց քանակական առումով շեշտակի պակաս է եղել, կարծես, կրկնակի պակաս է եղել ընտրություններին մասնակցող քաղաքացիների թիվը։ Այստեղից հետևություն, որ անգամ այս ոչ այլընտրանքնային իրավիճակներում և այդ տոկոսների պարագայում ՔՊ-ին ձայն տվող քաղաքացիների թիվը շեշտակի նվազել է։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա առհասարակ «ընդդիմություն» բառը ոչ միանշանակ է։ Այս ընտրությունների արդյունքում բազմաթիվ տեղերում պետք է կոալիցիաներ ձևավորվեն, և մենք կհասկանանք՝ բազմաթիվ ուժեր, ի վերջո, իրավունք ունե՞ն գոնե ֆորմալ առումով իրենց համարել ընդդիմություն, թե՞ ոչ։ Ու պետք է համալրեն ՔՊ-ի շարքերը, որովհետև եթե նրանք կոալիցիա են կազմում ՔՊ-ի հետ, ապա ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը։

Խոսքը վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցությանը, որը նախորդ ընտրություններում այդուհանդերձ ապացուցեց, որ իրավունք ունի ընդդիմություն կոչվելու։ Խոսքը վերաբերում է նաև «Հանրապետություն» կուսակցությանը, որն էլի մի քանի տեղ լավ արդյունքներ է գրանցել։ Խոսքը վերաբերում է «Հանուն Հանրապետության» կուսակցությանը, որը նույնպես բավականին լավ ցուցանիշ գրանցեց։ Թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց միայն վերջում կտեսնենք, թե ինչպիսի կոալիցիաներ կձևավորվեն, օրինակ՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը, որը էլի մի քանի տեղում լավ արդյունքներ է գրանցել։ Այսինքն՝ այս ընտրությունների կարևոր հետևություններից մեկն էլ այն պետք է լինի, որ հասկանանք, թե որ ուժերն են ֆորմալ առումով մնում ընդդիմադիր։ Որովհետև ՔՊ-ի հետ համագործակցել նշանակում է անգամ իրավունք չունենալ ընդդիմության անունից խոսելու։ Այս ընտրությունների կարևոր հետևություններից մեկն էլ այն է, որ մենք ավելի հստակ իմանանք, թե որ ուժերն են շարունակում մնալ ընդդիմադիր լինելու հավակնությունների շարքում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված