Երևան +19°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 15:36 02-12-2021

Ներկայիս իշխանությանը զսպելու ամբողջ բեռը ծանրացած է փաստաբանության և մամուլի ուսերին. Վարազդատ Հարությունյան

Սահմանադրական դատարանի փոփոխություններով Նիկոլ Փաշինյանի ունեցած հաջողությունների, փաստաբաններին վեթինգի ենթարկելու, ինչպես նաև մամուլի և փաստաբանների վրա ճնշում գործադրելու և այլ հարցերի շուրջ Oragir.News-ը զրուցեց փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, կխոսե՞ք դատական իշխանության մասին։ Ըստ Ձեզ՝ ԲԴԽ-ի, Սահմանադրական դատարանի փոփոխություններով Նիկոլ Փաշինյանը կարողացա՞վ հաստատել իր իշխանությունը։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս ամենը։ Արդյո՞ք դատական իշխանությունը կարողանում է հավասարակշռել և զսպել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Ինչ-որ չափով դա հաջողվել է Փաշինյանին, քանի որ այն դատավորները, ովքեր դիմադրում էին իշխանական հրահանգներին, հիմա նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել։ Այս ամենով իշխանությունը մեսիջ է ուղարկում բոլոր «ըմբոստ» դատավորներին և ցանկանում հասկացնել, որ նրանց հետ էլ նույնն է տեղի ունենալու։ Եթե ուշադրություն դարձնենք, թե որ դատավորներն են կարգապահական վարույթի գործերով անցնում, ում նկատմամբ է վարույթ հարուցվել և ինչի համար, ապա կտեսնենք հստակ քաղաքական հետագիծը։ Նիկոլ Փաշինյանի աղջկա՝ Շուշան Փաշինյանի գործով կարգապահական վարույթը կապված է, oրինակ Զարուհի Նախշքարյանի դեպքում, ինքնաբացարկ չհայտնելու հետ։ Զարուհի Նախշքարյանի հետ կապված գործին հետևելով՝ տեսել եմ, որ Ռուբեն Մելիքյանը շատ գրագետ և բարձր մակարդակի պաշտպանություն ցուցաբերեց և պարզ դարձրեց, որ դա մաքուր քաղաքական հետապնդում և ճնշում է դատավորի գործունեության նկատմամբ։ Այս պայմաններում այն դատավորները, ովքեր նոր են մուտք գործել այս համակարգ, շատ հստակ մեսիջ են ստանում․ «այս տեսակի գործերով անելու եք Նիկոլ Փաշինյանի ու նրա «խունտայի» ցուցումները, իսկ չանելու դեպքում ձեր նկատմամբ էլ է հարուցվելու կարգապահական վարույթներ»։

Մի դատավոր կարող է խուսափել, մյուսը՝ ոչ։ Ընդհուպ ամեն բան կարող է հասնել նրան, որ դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել։ Մենք երբեմն տեսնում ենք, որ դատարանների կողմից ակնհայտ քաղաքական պատճառներով որոշումներ են կայացվում։ Ունենք դեպք՝ ակտիվիստ Սոնա Աղեկյանի հետ կապված։ Սոնա Աղեկյանը մոտ 1 տարի առաջ մամուլի ասուլիս էր տվել, որտեղ քննադատում էր քաղաքապետարանի աշխատանքը՝ կապված աղբահանության հետ և ասում․ «Կոռուպցիա չի, բա ի՞նչ է Հայկ Մարությանենց արածը, քաղաքը աղբի մեջ կորած է, իսկ նրանք պարգևավճարներ են բաժանում»։ Այդ թեմայով զրպարտության հայցադիմում էր ներկայացվել Մարությանի կողմից։ Մենք պաշտպանությունը կառուցել էինք այն մտքի վրա, որ դա գնահատողական դատողություն է և ուղղված է հանրային պաշտոնատար անձին։ Եվ ըստ ՄԻԵԴ-ի բազմաթիվ որոշումների՝ հանրային պաշտոնատար անձանց և պետական հանրային մարմինների նկատմամբ քննադատական խոսքը երբեմն կարող է վուլգար, գռեհիկ և կրիտիկական լինել։ Մենք բավականին լավ վերլուծել էինք այդ հարաբերությունները։ Դատարանը ՄԻԵԴ-ի և մեր փաստարկներին անգամ չէր էլ անդրադարձել, ապացույցները նորմալ չէր հետազոտել, և այդ գործով, ի վնաս մեր վստահորդ Սոնա Աղեկյանի, որոշում է կայացրել։

Հիմա այդ գործով մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան։ Երբ մենք կարդում էինք այդ դատական ակտը, մեզ համար պարզ էր դառնում,որ որոշակի կողմնակալություն կար այդ դատական ակտի մեջ։ Քանի որ երիտասարդ մասնագիտական գիտելիքներով օժտված դատավորը չի կարող նման խայտառակ, ապօրինի և անգրագետ դատական ակտ կայացնել։ Մենք հույս ունենք, որ վերաքննիչը ավելի արդար կգտնվի և մենք այդ դատական ակտը կկարողանանք բեկանել։

Նման դատական գործեր շատ կան, որոնց դատական ակտերի հետևում քաղաքական հետագիծ է նշմարվում։ Մենք հստակ կարող ենք արձանագրել, որ այս դատական համակարգը 2-3 տարի առաջվա դատական համակարգը չի, որով մենք կարող էինք հպարտանալ՝ ասելով, որ դատական իշխանությունը անկախ է, անաչառ ու փոխզսպում է իշխանության մնացած 2 թևերին, և այլն։ Այս իշխանությունները օրենսդրական փոփոխություններ արեցին «կալանքի դատարաններ» ստեղծեցին, էլեկտրոնային մակագրման համակարգը դատարանների ձեռքից վերցրին և փոխարինեցին դատական գործերի ձեռքով մակագրման։ Միայն այս արարքը մերկացնում է իրենց ամբողջ միապետական գործողությունը և էությունը։ Նրանք միշտ երազել են, որ դատական իշխանությունը ենթարկվի իրենց և կայացնի իրենց հարմար որոշումներ։

Ինչպես գիտեինք, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը խոսում էր փաստաբաններին վեթինգի ենթարկելու մասին, ինչպե՞ս եք վերաբերվում վեթինգի մասին այդ խոսակցություններին։ Դուք, լինելով փաստաբան, նկատո՞ւմ եք փաստաբանների վրա ճնշումներ և արդյո՞ք փաստաբանները կարողանում են դիմակայել այդ ճնշումներին։

Փաստաբանների վեթինգ ասվածը ոչ նորմալ և անորոշ երևույթ է։ Ես առաջին անգամ Գագիկ Ջհանգիրյանից եմ լսում փաստաբանների վեթինգ երևույթի մասին։ Փաստաբաններին որևէ տեսակի վեթինգի ենթարկելու խնդիր գոյություն չունի, քանի որ նույնիսկ ինքը Գագիկ Ջհանգիրյանը շատ հիմնազուրկ փաստարկներով փորձեց ներկայացնել այն հանգամանքը, թե ինչի համար է պետք փաստաբաններին վեթինգի ենթարկել։ Գոյություն ունի «Փաստաբանների պալատ», ինչպես նաև գոյություն ունի փաստաբանի վարքագծի, էթիկայի կանոնակարգ, «փաստաբանական պալատի» խորհուրդը անընդհատ վարույթներ է իրականացնում, կայացնում է որոշումներ և պատասխանատվության ենթարկում այն փաստաբաններին, ովքեր իրապես խախտել են կանոնակարգի այս կամ այն կետը։ Փաստաբանությունը՝ որպես ինքնակարգավորվող մարմին, կենդանի պրոցեսների միջոցով լրիվ իրացվում է։ Ցանկացած դեմոկրատական հասարակության լավագույն ձեռքբերումը ինքնակառավարվող, ինքնազարգացող միությունների գոյությունն է։ Փաստաբանությունը մոտ 30-ամյա անկախություն ունեցող պետության ամենաակնառու ձեռքբերումներից է։ Մեր փաստաբանությունը, անհամենատ, մի քանի անգամ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում՝ հետխորհրդային շատ երկրների հետ համեմատած։ Մեր փաստաբանները իրենց մասնագիտության դերը ավելի բարձր են գնահատում հասարակության, մեր պետության կյանքի կազմակերպման մեջ։ Մենք՝ փաստաբաններս, հասել ենք մի մակարդակի, որ կարող ենք օրինակ դառնալ այլ երկրների փաստաբանների համար։ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը, փաստաբաններին վեթինգի ենթարկելու վերաբերյալ, ոչ միայն չի տեղավորվում այդ ամբողջ իրողության մեջ, այլ նաև փորձում է փաստաբաններին սարքել հասարակության աչքի գրողը, հասցնել նրան, որ հասարակությունը սկսի փաստաբաններին մեղադրել բոլոր դժբախտությունների մեջ։ Այս ձեռագիրը արդեն իսկ պարզ է։ Նրանք սկսում են խոսել ինչ-որ ոլորտի կամ մարդկանց մասին, կամաց-կամաց դարձնում ատելության օբյեկտ և սկսում են ատելությամբ լցված հասարակության ծափողջույնների ներքո ոչնչացնել այդ խումբը կամ ոլորտը։ Դատական իշխանության պարագայում դա նրանց քիչ թե շատ հաջողվում է, օրենսդիր իշխանության դեպքում նրանք կազմում են մեծամասնություն։ Իշխանական ոչ մի մարմին կենսունակություն չունի, ներկայիս իշխանությանը զսպելու առումով այս պահին այդ ամբողջ բեռը ծանրացած է փաստաբանության և մամուլի ուսերին։ Հիմա էլ փորձում են ճնշում գործադրել մամուլի և փաստաբանության վրա։

Մենք գիտենք, որ Դուք հանդիսանում եք Գևորգ Էմին-Տերյանի ներկայացուցիչը դատարանում։ Գիտենք նաև, որ դատական 1 լսում արդեն եղել է։ Կներկայացնե՞ք ընթացքը։

Նախ կուզեի նշել, որ Գևորգ Էմին-Տերյանի դատական գործերը մի քանիսն են։ Գևորգ Էմին-Տերյանը ԵՊՀ-ի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Հովհաննես Հովհաննիսյանի դեմ ունի թվով 3 աշխատանքային վեճեր։ Գևորգ Էմին-Տերյանին ապօրինի հեռացրել են աշխատանքից։ Նրան արագ-արագ ինչ-որ հանձնարարություններ են տվել, արագ բացատրություններ են վերցրել, արագ նկատողություններ են տվել ու հեռացրել աշխատանքից։ Ընդ որում, աշխատանքից ազատման հրամանը եղել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջի խախտումով, քանի որ Գևորգ Էմին-Տերյանի աշխատանքային վեճերից մեկով կիրառվել էր հայցի ապահովում առ այն, որ մինչև վիճարկվող հարցի լուծումը Գևորգ Էմին-Տերյանի համար ոչ մի բացասական հետևանք չպետք է լիներ։ Այսինքն՝ ըստ աշխատանքային օրենսգրքի՝ եթե անձը երրորդ նկատողություն է ստանում, կարելի է աշխատանքից ազատել։ Կայացված դատական ակտով ասվում է, որ պետք է այդ եղած 2 նկատողություններից մեկը հաշվի չառնել։ Այսինքն՝ պետք է այդ եղած նկատողությունը հաշվի չառնել, և եթե մեկ նկատողություն էլ ստանա, ոչ թե թվով 3-րդ համարել, այլ՝ 2-րդ։ Այս աշխատանքային վեճերից բացի, Գևորգ Էմին-Տերյանի գործերի վերաբերյալ ունենք զրպարտության ու վիրավորանքի, զրպարտություն համարվող տեղեկությունը հերքելու, վիրավորանքի համար ներղություն խնդրելու վերաբերյալ վեճ` կապված Հովհաննես Հովհաննիսյանի մի անպարկեշտ արտահայտության հետ, որով նա վիրավորում է Գևորգ Էմին-Տերյանին՝ հիշատակելով նրա պապերին։ Ունանք վեճ նաև դրա վերաբեյալ, սակայն դեռ դատական նիստ չենք ունեցել։

Մենք դատական նիստ ունեցել ենք վերը նշված աշխատանքային վեճերից մեկով, որտեղ մյուս պատասխանող կողմը, այսինքն՝ ԵՊՀ-ի ներկայացուցիչը, ըստ էության, իրենց տված նկատողության հրամանի միակ ծանրակշիռ հիմնավորում բերում էր այն, որ հրամանը բավականին ծավալուն է և ասում էր, որ ինչպես գիտեք, մնացած դեպքերում փոքր, կարճ հրամաններ են տալիս։ Տեսեք՝ մենք ինչ երկար հիմնավորում ենք տվել այն մասին, որ Գևորգ Էմին-Տերյանը ենթակա է նկատողության։ Այստեղ խնդիրն այն է, որ այն իրավական հիմքը, որը հիմք է ընդունվել այդ հրամանի համար, չի համընկնում փաստական հիմքի հետ։ Շատ տարօրինակ, ծիծաղելի, ինչ-որ տեղ նաև ողբալի իրավիճակ է։ Հրաման են տվել՝ խիստ նկատողության հիմք ընդունլով մի իրավական նորմ, որը չի համապատասխանում հրամանում փաստագրած տվյալների, այսինքն՝ փաստական հիմքի հետ։

Լիլիթ Հարությունյան