copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:35 23-11-2021

Հայաստանի վրա մեծացող ճնշումը․ խնդրի սահմանում

Ֆրանսիական «Le Figaro» թերթին նոյեմբերի 11-ին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի վերջո խոստովանեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին տարանցում տրամադրել՝ կապվելու Նախիջևանին, մինչդեռ Թուրքիան նոր նախապայմաններ է առաջ քաշում՝ պնդելով, այսպես կոչված, միջանցքի բացումը, ինչն անընդունելի է հայկական կողմի համար, որովհետև պետությունը սեփական տարածքի նկատմամբ պետք է պահպանի ինքնիշխանությունը։

Նոյեմբերի 9-ին ամերիկյան «The National Interest» պահպանողական ամսագրում Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Մայքլ Ռուբինը հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Թուրքիան և Ադրբեջանը, համատեղ ուժերով ճնշում գործադրելով Հայաստանի վրա և առաջին դեմքերի մակարդակով խոսելով թյուրքական աշխարհի միավորման մասին, ձևախեղում և սեփական պրիզմայով են մեկնաբանում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ տնտեսական ուղիների ապաշրջափակումը ներկայացնելով և հիմնավորելով հիպոթետիկ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։ Հոդվածագիրն առանձին ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ Ալիևը սպառնում է Հայաստանին, թե Ադրբեջանը բացելու է միջանցքն՝ անկախ այն հանգամանքից՝ Հայաստանը ցանկանում է դա, թե ոչ։

Ըստ էության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիևը նման հայտարարությամբ հանդես է եկել 2021-ի ապրիլին, դժվար չէ հետևություն կատարել, որ մայիսի 12-ին Հայաստանի դեմ առնվազն 3 ուղղությամբ իրականացրած ագրեսիան հետապնդում էր ՀՀ արևելյան՝ դեռևս լիարժեքորեն չձևավորված և չկահավորված դիրքերը գրավելու, ՀՀ սուվերեն տարածքում խորանալու և նպաստավոր դիրքերի զբաղեցմամբ պաշտոնական Երևանին Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և միջանցք պարտադրելու նպատակ։ Լիարժեքորեն չհասնելով ցանկալի արդյունքի՝ ադրբեջանական կողմը ռազմական հերթական գործողությունն իրականացրեց կես տարի անց՝ նոյեմբերի 16-ին հարձակում գործելով Վայոց ձորի և Սյունիքի բաժանարար հատվածում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե էսկալացիայի ուղղությունը բացառապես ընտրվել է՝ հաշվի առնելով, որ այն ՀՀ ամենանեղ հատվածն է, մինչդեռ պատճառները շատ ավելի խորքային են։ Նախ՝ Ադրբեջանում դեռևս չեն կողմնորոշվել, թե ՀՀ Սյունիքի մարզի որ հատվածով են ցանկանում կապվել Նախիջևանին և դիտարկում են հնարավոր բոլոր ուղղությունները, երկրորդ՝ ակնհայտ է, որ Մեղրիի հարավային ուղղությունը, որը լոգիստիկ հաղորդակցության տեսանկյունից ամենառացիոնալն է, սկսում է կորցնել իր «մենաշնորհային» դիրքերը, քանի որ Ադրբեջանը Սյունիքի հյուսիսարևելյան սադրանքներով ոչ միայն ցանկանում է նոր մայրուղիներ վերցնել վերահսկողության տակ և կաթվածահար անել հայկական բնակավայրերի բնականոն կապը, այլև դիրքավորվել այնպես, որ, ըստ անհրաժեշտության, փակի Բերձորի միջանցքն ու կտրի Արցախի ու Հայաստանի ցամաքային հաղորդակցությունը։ Այս համատեքստում ամենևին զարմանալի չէ, որ թուրքական համացանցային տիրույթում ակտիվորեն սկսվում են տիրաժավորվել «Զանգեզուրի միջանցք» անվամբ քարտեզներ, ըստ որի՝ այս հիպոթետիկ միջանցքը ենթադրում է ոչ թե կոնկրետ ուղղություն կամ ճանապարհ, այլ տնտեսական ապաշրջափակման վերջնարդյունքում պետք է ընդգրկի ամբողջ Սյունիքն ու Վայոց ձորի ստորին մասը, որը թուրք-ադրբեջանական տանդեմն ընկալում է որպես, այսպես կոչված, Շարուր-Դարալագյազ։ Բայցևայնպես, հաշվի առնելով Թուրքիայի ներդրումային քաղաքականությունը՝ կարելի է պնդել, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի համար ավելի իրատեսական և հեռանկարային է հաղորդակցությունը Մեղրիի տարածքով։ Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ Թուրքիան լրջագույն դերակատարում ունի Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատկապես հարավային շրջանների հաղորդակցությունների անցկացման և ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներում։ Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացումից զատ, Էրդողանն անձամբ մասնակցել է Կովսականի (Զանգելան) խելացի ագրոպարկի հիմնարկեքի արարողությանն ու Ահմեդբեյլի-Հորադիզ-Միջնավան-Աղբենդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին։

Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիները, դասեր չքաղելով այն իրողությունից, որ Ռուսաստանի թողտվությամբ է տեղի ունեցել Արցախի հոշոտումը, այժմ էլ «միջանցքի» բացման օրակարգի գերշահարկման ու ՀՀ տարածքային ամբողջականոթյան պարբերական խախտումների ֆոնին անվտանգության դասախոսություններ են կարդում ռուսների ու իրանցիների համար՝ բացատրելով Թուրքիայի համաթյուրքական նկրտումներն ու գաղափարախոսական ապարատի աստիճանական առարկայացումը։ Հայկական կողմը, դժբախտաբար, այդպես էլ չգիտակցեց 2 պարզ ու դարեր շարունակ չփոփոխվող ճշմարտություններ։ Նախ՝ 1299 թվականին Օսմանյան Պետության հիմնադրումից մինչ այժմ թուրքերը թե՛ քանակապես, թե՛ ռազմականապես գերազանցել են հայկական կողմին։ Առանց զինվելու հույսը դնելով կամքի ուժի կամ մարտական ոգու բարոյական ու հաղթանակից զրկող վերացական գաղափարների վրա՝ հայերը հայդուկային մտածողությամբ թշնամու մի քանի զինվոր են սպանել՝ դառնալով հայկական բազմաթիվ գյուղերի ամբողջական բնաջնջման պատճառ։ Հետպատերազմական իրողությունների պայմաններում անգամ ծավալելով հայ-թուրքական համեմատական առնչակցությունների պաթոսախեղդ դիսկուրս՝ հայերը խոսում են առանձին դրվագների վերաբերյալ՝ այդպես էլ չցանկանալով ընդունել այն անհերքելի ճշմարտությունը, որ թուրքերի՝ Առաջավոր Ասիա կատարած գաղթից հետո հայերը երբեք առավելություն չեն ունեցել նրանց նկատմամբ, ընդհակառակը, ամենակարևոր բնագավառներում, հատկապես ռազմական գործում, մշտապես զիջել են՝ տալով մարդկային ու տարածքային անդառնալի կորուստներ։ Իսկ ահա Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացմանը զուգահեռ, Հայաստանն առհասարակ հայտնվել է ռուս-թուրքական զոհասեղանին՝ Հայաստանին զրկելով ստեղծված իրավիճակներից նվազագույն կորուստներով դուրս գալու հնարավորությունից։

Երկրորդ՝ համաթյուրքականությունը (պանթյուրքիզմ) եղել և շարունակում է սպառնալիք համարվել աշխարհում բացառապես մեկ երկրի, այն է՝ Հայաստանի համար։ Ամենևին զարմանալի չէ, որ թուրքական պատմագիտության մեջ Հայաստանը որակվում է որպես «անիծյալ սեպ», ընդ որում, եզրույթն առաջին հերթին վերագրելի է հենց Սյունիքին։ Ինչ վերաբերում է Իրանին կամ Ռուսաստանին, ապա թյուրքալեզու պետությունների համախմբման կոչերն ու քայլերը ոչ թե սպառնալիք, այլ վտանգ են։ Թե՛ Ռուսաստանի և թե՛ Իրանի ազգային անվտանգության հայեցակարգերում Անկարայից բխող պանթյուրքիստական սպառնալիքի մասին որևէ հիշատակում չկա։ Հետևապես, պետք չէ Իրանին կամ Ռուսաստանին ուղղություն ցույց տալ կամ առավել ևս մեղադրել Հայաստանին չհասկանալու համար։ Բայց ասվածն, անշուշտ, ամենևին չի նշանակում, թե հայկական արտաքին գերատեսչությունը պետք է հուսալքվի՝ հիմնավորմամբ, որ պանթյուրքիզմի սպառնալիքից ուղղակիորեն ազդվողը սոսկ Հայաստանն է։ Հայկական պետության անվտանգային համակարգի լուսաբանմամբ ու որակական ճանաչողության հարցերով պետք է զբաղվի ոչ միայն արտաքին գործերի նախարարությունը կամ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, այլև հանրային և փափուկ ուժի քաղաքականության ամբողջ ապարատը։

Ո՛չ Իրանը և ո՛չ էլ առավել ևս Ռուսաստանը չեն խենթանում Հայաստանի համար։ Այս երկրներից որևէ մեկը Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները չի ստորադասի՝ հանուն Հայաստանի հետ գործակցության։ Ավելին, նրանք անգամ հակված չեն իրենց հասցեին հնչած ելույթների կամ կոչերի հարցում տալ համարժեք պատասխան։ Ընդ որում, խնդիրն ամենևին այն չէ, որ տարածաշրջանում Արևմուտքը ներկայացված է Թուրքիայի տեսքով, պարզապես լայն առումով կայսրությունները կան մյուս կայսրությունների գոյության հաշվին, իսկ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կայսրություններ են, իսկ նեղ առումով՝ Ռուսաստանը չի համակերպվում ԽՍՀՄ-ի փլուզմանը և Թուրքիային ցանկանում է տեսնել ՆԱՏՕ-ից դուրս՝ փորձելով հասնել դոմինոյի էֆեկտի։ Այս համատեքստում պետք է բացատրել Թուրքիային C-400 համակարգերի վաճառքն ու ատոմային էլեկտրակայանների կառուցումը, որոնց շնորհիվ Թուրքիան էականորեն թոթափելու է վառելիքաէներգետիկ կախվածության բեռը (ընդ որում, ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ի չորս էներգաբլոկից առաջինի աշխատանքները ավարտին չհասցրած՝ Էրդողանը Պուտինին դիմել է Թուրքիայում հավելյալ երկու ԱԷԿ-ներ կառուցելու առաջարկով, ինչին Կրեմլը կողմ է երկու ձեռքով)։ Հետևապես, նման դասավորությունների պայմաններում խոսել ԱՇԿ առաջնորդ Բահչելիի կողմից Էրդողանին փոխանցված նկարի, առավել ևս Ռուսաստանի համարժեք պատասխանի մասին, ուղղակի անիմաստ է։ Կրեմլը բավարար է համարում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի խոսքերն առ այն, թե նորմալ է, որ թյուրքերը ձգտում են միասնության, բայց կարմիր մահիկը պետք է լինի թյուրքական աշխարհի կենտրոնում՝ Ալթայում, որը պատմականորեն Ռուսաստան է։ Հայաստանում, ըստ էության, ոչ թե պետք է անզորությունից ծաղրեն ռուսներին, այլ հիշեն, որ թե՛ Լավրովը, թե՛ Զախարովան, թե՛ Պեսկովը և, առհասարակ, ՌԴ-ում որոշում կայացնողների հսկայական շրջանակ արևելագետ է և խորքային պատկերացում ունի Թուրքիայի մասին։ Իզուր չէ, որ Պեսկովը միտքն ավատել էր հետևյալ նախադասությամբ․ «Ես սա ասում եմ որպես թյուրքագետ»։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա այս երկիրն աշխարհում առաջին և այս պահին դեռևս միակ երկիրն է, որը թուրքերին թուրանական միջանցք է տրամադրել։ Մինչև 1930-ականների սկիզբը Հայաստանն Իրանի հետ կապվում էր ոչ միայն Սյունիքի հարավով, այլև Վեդի քաղաքից հարավ ընկած հատվածով, որը աքցանի մեջ էր առնում Նախիջևանը և կտրում Թուրքիա-Ադրբեջան ցամաքային կապը։ Այլ կերպ ասած, Թուրքիան արդեն իսկ ստեղծել է միջանցք ստանալու նախադեպ։ Եվ, բնականաբար, զարմանալի չէ Անկարայում տիրող այն մտայնությունը, որ եթե Իրանից տարածքային փոխանակման հաշվին քրդական գործոնի շահարկմամբ հնարավոր դարձավ միջանցքի ձեռքբերումը, ապա անհամեմատ դյուրին է լինելու Հայաստանից պահանջելու գործընթացը, առավել ևս պատերազմում պարտված ու որևէ հետևանք չհաղթահարած Հայաստանից։

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը հեռացրել են
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
10:20 «Նիկո՛լ, ս.» պահանջով դուրս գանք փողոց. Վարդան Ղուկասյանի կոչը ընդդիմադիրներին
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
09:00 Մարդկանց երեսը դառնում է պադոշ. պատմական 4 վիրավորանքները
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման