Երևան +15°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 21:57 17-11-2021

ՀՀ սահմանները ամրացնելը մոտ 50 մլն դոլարի պատմություն էր, բայց մեր Կառավարությունը եռապատիկ ավել պարգևավճարներ է բաժանել․ Վազգեն Պետրոսյան

Հայ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական իրավիճակի, այս շրջապտույտից դուրս գալ չկարողանալու և այս ամենի վերաբերյալ միջազգային հանրության վերաբերմունքի մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան, թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, ի՞նչ է տեղի ունենում հիմա ՀՀ-ի պետական սահմանին, ինչպե՞ս կբնութագրեք ներկա իրավիճակը։


Այն, ինչ որ երեկ տեղի ունեցավ, պատերազմական իրավիճակ էր, որի ժամանակ հայկական դիրքերը գրավվեցին ադրբեջանցիների կողմից։ Այդ մասին տեղյակ էր ՀՀ Կառավարությունը դեռ սեպտեմբեր ամսից։ Սեպտեմբերից մինչ օրս ՀՀ Կառավարությունից որևէ մեկը այդ ուղությամբ որևէ աշխատանք չկատարեց։ Աշխատանք չկատարելու գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ ոչ մեկը։ Փաշինյանը, ըստ սահմանադրության, լինելով մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ պարտավոր էր այդ ամենը կազմակերպել, քանի որ իրեն արդեն զեկուցել էին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակում իրականացնել։ Ադրբեջանցիները ունեն իրենց գերնպատակը և դա նրանց տարածքային ամբողջականության ճանաչումն է Հայաստանի կողմից, որի հետո նրանք վերջակետ կդնեն Արցախի հարցին։

Սա այսօրվա դրությամբ ամբողջությամբ համընկնում է Նիկոլի որդեգրած աշխատելաոճին և սկզբունքներին։ Ադրբեջանը մեր իշխանությունների աջակցությամբ և օգնությամբ անում է ամեն բան, որպեսզի Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում մեծանա։ Տարածքային այս միջադեպերը բխում են նաև Թուրքիայի շահերից, որի հետևանքով նրա դերակատարումը մեծանում է, իսկ Իրանի և Ռուսաստանի դերակատարումը՝ փոքրանում։

Այսօրվա իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ինչ-որ բան անում է, ինչը իրենց կողմից արդեն ձախողված է։

Սա է ամբողջի բնորոշումը, ինչը կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին։

-Իսկ ի՞նչ եք մտածում, ի՞նչն է պատճառը, որ չենք կարողանում դուրս գալ այս շրջապտույտից։

Ցանկացած աշխատանք իրականացնելիս, հատկապես երկիր կառավարելիս, մարդ պետք է ունենա հստակ ծրագիր․ ու՞ր ես ուզում գնալ, ի՞նչի ես ուզում հասնել։ Այս իշխանությունները ցույց են տվել, որ իրենք ունեն մեկ ծրագիր, դա է․ քանդել, կազմալուծել, ոչնչացնել երկիրը։ Այսօր Հայաստանը իր հարաբերությունները փչացրել է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի , և շատ շուտով կփչացնի նաև Եվրամիության հետ։ Այս իշխանությունը, որը չունի ծրագիր կամ ունեցած ծրագիրը երկիրը կազմաքանդելն ու կազմալուծելն է, և այս քաոսային վիճակը բխում է այդ ծրագրից։

Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ միջազգային հանրությունը երկու կողմերին էլ հավասարապես կոչ է անում կրակը դադարեցնել, և հարցը լուծել խաղաղ պայմաններում։

Միջազգային ուժերից ոչ մեկը՝ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրամիությունը, և ո՛չ էլ Չինաստանը չեն գա, որ մեր պետական սահմանը պահեն, եթե մենք ինքներս չունենք ցանկություն դա պահելու։ Իսկ այսօրվա իշխանությունը իր կատարած քայլերով ցույց է տվել, որ բացարձակապես իրենց չի հետաքրքրում հայկական սահմանների ամրակայումը, կահավորումը և հզորացումը։ Եթե այս մեկ տարվա ընթացքում ՀՀ-ն հզորացներ իր բանակը, ամբողջ սահմանագիծը կահավորեր երկաթ- բետոնե կոնստրուկցիաներով, այդ ժամանակ որևիցե թշնամի չեր հանդգնի ոտնձգություն թույլ տալ Հայաստանի պետական սահմանի նկատմամբ։

Իսկ Հայաստանի Հանրապետությունը ունե՞ր ֆինանսական և տնտեսական ռեսուրսներ այդ ամենը իրականացնելու համար։

Այո, ուներ, այդ ամենը մոտ 50 մլն դոլարի պատմություն էր, իսկ մեր Կառավարությունը դրանից եռապատիկ ավելի շատ պարգևավճարներ է բաժանել ։

Եթե հայը հույսը չդնի իր վրա և չդատարի ուրիշներից օգնություն սպասել մենք կկորցնենք այս մի կտոր հողը։ Այս հարցի շուրջ մենք ունենք դաշնակիցներ և օգնողներ, բայց երբ մարդը ուզում է ինքնասպան լինել, զենքը դնում է ճակատին և ուզում է կրակել, դաշնակիցները և բարեկամները ոչնչով չեն կարող օգնել։

Լիլիթ Հարությունյան