copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:02 15-11-2021

Եթե չլուծենք անվտանգային, ԶՈՒ և տնտեսական հարցերը, ապա մեր խնդիրները կարգավորման շատ ավելի երկար ճանապարհ կանցնեն. Արմեն Պետրոսյան

Ադրբեջանի՝ ՀՀ-ի նկատմամբ վարած քաղաքականության, գերիների վերադարձի խնդրի կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործունեության, պարտությունից հետո դասեր քաղելու գիտակցման վերաբերյալ Oragir.newsը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանը շանտաժի միջոցով փորձում է ստանալ մեզնից այն, ինչ ուզում է։ Այսինքն՝ երբ զգաց, որ անպատիժ է մնում, ախորժակը էլ ավելի է մեծանում դրանով։ Ի վերջո, դրա հետևանքով կա՞ նոր պատերազմի վտանգ։

-Պատերազմից հետո Ադրբեջանի օրակարգում առաջացել են հստակ ուղղություններ, և հետպատերազմյան շրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը խնդիր է դրել ՀՀ-ից ստանալու իր օրակարգում եղած տարբեր հարցերի պատասխանները, որոնք ՀՀ-ից ակնկալվող զիջումներն են։ Առաջնային նպատակը հաղթանակի արդյունքների հնարավորինս արագ կապիտալիզացիան է, կամ՝ ամրապնդումը։ Կամ էլ դրա միջոցով, օրինակ, Արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ դեռևս չհստակեցված սահմանային խնդիրն է՝ ՀՀ-ից տարածքներ կորզելու համար։ Եվ մյուս շատ կարևոր ուղղությունը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված, տարածքներ կորզելու նպատակն է։ Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականցվել է դերաբաշխում։ Այսինքն՝ Եթե Թուրքիան փորձել է այդ նպատակների իրականացմանը գնալ հիմնականում դիվանագիտական-քաղաքական եղանակներով՝ առաջարկելով ՀՀ-ի հետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր ձևաչափերով։ Մասնավորապես, «3+3 պրոյեկտի» շրջանակներում, իհարկե, հստակ նախապայմաններ առաջ քաշելով՝ ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները։ Ապա Ադրբեջանի պարագայում հնարավորությունները շատ ավելի լայն են եղել, այսինքն՝ և՛ ռազմական էսկալացիան, և՛ ռազմագերիների միջոցով իրենց ուզածին հասնելու հումանիտար խնդիրները, և՛ ՀՀ-ի ինքնիշխան տարբեր հատվածների հետ կապված պարբերական հավակնությունները, և՛ հատկապես ՀՀ տարածքում Իրանի հետ սահմանին պարբերական խնդիրների առաջացումը։ Այսինքն՝ երկու երկրները իրենց միասնական օրակարգը իրականացնելու համար օգտագործել են բոլոր հնարավոր գործիքները՝ ՀՀ–ից մաքսիմալ, առավելագույն զիջումներ ստանալու նպատակով։

-Հասկանալի է, որ Ադրբեջանը գերիներին չի կարող հավերժ պահել՝ տարբեր պատճառներից ելնելեվ։ Եվ եթե գա պահը, որ նրանք այս կամ այն ճանապարհով գերիներին վերադարձնեն, կլինի համաներում կամ այլ տարբերակ, դա հանրային մակարդակում ինչպիսի՞ արձագանք կունենա, կամ հետո Ադրբեջանը այդ հանձնումը կարո՞ղ է տրամաբանական կամ համոզիչ համարել։

-Որևէ մեկի համար էլ՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ ՀՀ-ում և թե՛ ամբողջ աշխարհում, գաղտիք չէ՝ ինչ նպատակով է Ադրբեջանը պատերազմի ավարտից հետո իրականացրել գերեվարումը։ Այսինքն՝ պարզ է, որ դրա մարդկային գործոնի կիրառմամբ ՀՀ-ից առավելագույն զիջումներ կորզելու, ստանալու նպատակն է եղել։ Այդ գերիների գործոնը անցյալ մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը պարբերաբար օգտագործել է։ Առաջինը՝ մշտապես ազդել է ՀՀ ներքաղաքական օրակարգի վրա՝ անընդհատ այդ խնդիրը քննարկումների առանցքում պահելով, ազդել է ՀՀ ներքաղաքական դիսկուսի վրա՝ անընդհատ ընդդիմության և իշխանության միջև հարաբերությունները սրելով։ Ինչպես նաև սա արվում է իշխանության դիրքերը թուլացնելու նպատակով՝ ցույց տալու իշխանության ապիկարությունը այս կարևոր հարցում՝ որևէ լուրջ, առարկայական քայլ իրականացնելու ուղղությամբ։ Նույն ձևով էլ նրանց ակնկալիքն է, որ ցանկացած կերպով այս կարևերագույն, առաջնային խնդիրը լուծելու համար ՀՀ-ն փորձելու է դիմել տարբեր միջոցների, օգտագործել տարբեր միջնորդների, միջազգային կազմակերպությունների, դաշնակիցների, գործընկերների, հարևանների հնարավությունները, որպեսզի այդ խնդիրը լուծվի։ Իսկ այդ նույն եղանակով, կամ միջնորդների խողովակներով էլ՝ Ադրբեջանը ՀՀ-ին է ներկայացնելու այն հաստակ պահանջները, որոնք ունեին և որոնք չէին իրականացվել պատերազմից անմիջապես հետո։ Իսկ այս հարցում մի քանի կարևոր պահանջներ կային՝ մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի խնդիրը, ականազերծման քարտեզների վերաբերյալ պահանջները և, իհարկե, Արցախի հիմանխնդրի հետ կապված ՀՀ քաղաքականության սահմանափակումը, այսինքն՝ պահանջատիրության սահմանափակումը։

-Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից հետո էլ հստակ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները հակամարտության լուծման հետ կապված՝ պատրաստ են աջակցել կողմերին, կամ էլ օգնել դրանից բխող ու չկարգավորված հարցերի լուծման առումով։ Եվ, փաստորեն, չկան հիշատակումներ Արցախյան խնդրի կարգավորման մասին, անգամ համապարփակ կարգավորումներ սկսելու շուրջ։ Ո՞րն է պատճատը, որ համանախագահների հայտարարությունները կենտրոնանում են հիմնականում կոչերի վրա, իսկ առանցքում ավելի շատ հումանիտար հարցեր են, այլ ոչ թե քաղաքական կարգավորման։

-Սրա բացատրությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի վերակենդանացման գործընթացը բավականաչափ բարդ է ընթանում և դա մի քանի օբյեկտիվ պատճառներ ունի։ Դրա հիմանկան խոչընդոտը, բնականաբար, ադրբեջանական կողմն է։ Եթե հիշում ենք, պատերազմի անմիջապես ավարտից հետո և՛ Ադրբեջանը, և՛ նրա գլխավոր դաշնակից Թուրքիան հայտարարում են, որ Արցախյան հարցը այլևս կարգավորված է, և միջազգային ջանքերի հավելյալ անհրաժեշտություն չկա այդ հակամարտության կարգավորման գործում։ Հետևաբար սա նշանակում է, որ այն ձևաչափը, որին միջազգայնորեն վերապահված էր այս հակամարտության կարգավորումը, այլևս անելիք չունի։ ԵՎ մեկ անգամ չէ, որ Ալիևը այդ մասին բարձրաձայնել, հայտարարել է։ Հիմա՝ այս պայմաններում, երբ արդեն պարզ է, որ Բաքվի կողմից կա արգելափակման հստակ միտում, բնական է, որ այս ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափի պատկերացման համար անհրաժեշտ է այնպիսի օրակարգ, որը ընդունելի կլինի, և որ երկու դերակատարներն էլ կընդունեն այդ խնդիրների առկայությունը։ Դրանք, առաջին հերթին, հետպատերազմյան իրավիճակներում առաջացած հումանիտար խնդիրներն են, որոնք, բնական է, որ առաջնային են։ Այս համատեքստում, եթե մենք դիտարկում ենք, ամենաբնական օրակարգը հենց հումանիտար խնդիրների քննարկման ԵԱՀԿ համանախագահների ձևաչափի ակտիվացումն է։ Այստեղ մի կարևոր բան եմ ուզում նշել, որ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այս ձևաչափից միակողմանի հրաժարումը խնդրահարույց է լինելու առաջին հերթին Ադրբեջանի համար։ Խնդրի կարգավորված լինելու մասին հայտարարում են միայն Անկարան և Բաքուն։ Ամբողջ աշխարհը հակված է այն համոզման, որ Ացախյան հիմնախնդիրը լուծված չէ։ Եթե այդ նույն համատեքստում դիտարկում ենք այն օրակարգը, որը մինչև պատերազմը կար ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում, ապա դրանք երեք սկզբունքներն էին. ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, ազգերի, ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքը։ Պատերազմի միջոցով Ադրբեջանը խախտեց, և որոշ լուծում ապահովեց առաջին երկու սկզբունքերի մասով։ Եվ հիմա, եթե ադրբեջանական կողմը մերժում է այս ձևաչափի հետագա անհրաժեշտությունը, ապա Արցախի կարգավիճակի հարցը մնում է օդում կախված, իսկ այդ հարցը կարող է լուծվել մի քանի ուղղություններով և կարող է սկիզբ դնել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, որը լրջագույն սպառնալիք է Ադրբեջանի՝ արցախյան քաղաքականության համար։

-Ինչպես ասում են, մեր կրած պարտությունից հետո հետևություններ չեն արվել։ Այս պարագայում մեր առջև ծառացած խնդիրների լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

-Բազմաշերտ խնդիրների առջև ենք կանգնած, որոնց լուծման հետ կապված առանձին առաջնահերթություններ չեմ նշի։ Մի շարք առանցքային ուղղություններում պետք է իրականցվի արագ վերականգման գործընթաց։ Առաջինը անվտանգությունն ու Զինված ուժերն են, այսինքն՝ անգամ հետպատերազմյան ժամանակահատվածում ամեն անգամ Ադրբեջանի կողմից նման սադրիչ գործողությունները, օկուպացիոն տարբեր գործողությունները հետևանք են նրան, որ ՀՀ Զինված ուժերը կամ սահմանափակ համակարգը ի զորու չէ արձագանքել այս անվտանգային լրջագույն մարտահրավերներին։ Մյուս կարևոր ուղղությունը բնականաբար դիվանագիտությունն է, որը ևս պետք է կիրառվի բոլոր հնարավոր ուղղություններով։ Նախ մեր տեսակետները և՛ գործընկերների, և՛ միջազգային գործընկերների, և ընդհանրապես, Ադրբեջանի հիմնարար սկզբունքները հումանիտար բազմաթիվ խնդիրներ իրականացնելու հարցում՝ ի ցույց դնելու ուղղությամբ։ Եվ համախոհներ, գործընկերներ գտնելու, գործընկերային ձևաչափեր ստեղծելու համար՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նոր հավակնություններին դիմակայելու ուղղությամբ։ Եվ երրորդը՝ բնականաբար տնտեսության վերականգնումն է։ Որովհետև տնտեսությունը պետք է լինի մյուս բոլոր հարցերի սպսարկողը։ Այս ամենից զատ՝ հավելյալ շատ կարևոր մի ուղղություն է համահայկական միասնության և ՀՀ-ի ներսում մեր հասարակական և «ՀՀ - Սփյուռք» խնդիրները, համերաշխությանն ուղղված նպատակային քաղաքականությունը։ Որովհետև եթե չլինի համերաշխություն, եթե մենք չկիրառենք գործիքակազմում եղած բոլոր ուղղությունները, այդ թվում սփյուռքի և՛ քաղաքական, և՛ տնտեսական հնարավորությունները, ապա մեր խնդիրները կարգավորման շատ ավելի երկար ճանապարհ կանցնեն։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:11 Ժա՛ննա, հեռացի՛ր. քաղաքացիները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. ՈւՂԻՂ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել

Ձեզ գուցե հետաքրքրի