copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:33 13-11-2021

Գործող իշխանության որևէ պնդում չպետք է ընդունել որպես իրականություն. Արամ Օրբելյան

Մի քանի օր է` պետական քարոզչամեքենան փորձում է համոզել, որ մաքսակետերի տեղադրման տրամաբանությունը վիժեցրել է միջանցքային տրամաբանությանը։ ԱԱԽ քարտուղարի հայտարարության, դրա իրավական հիմքերի, իշխանության ներկայացուցիչների նման պահվածքի և հետագա գործընթացների մասին Oragir.news-ը զրուցել է միջազգային իրավունքի փորձագետ, Փաստաբանական պալատի անդամ Արամ Օրբելյանի հետ։

-ՀՀ ԱԱԽ քարտուղարը բավականին աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ ժամը տասներկուսից սկսած Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու Գորիս-Կապան ճանապարհին, ինչը, պարզապես, սառը ցնցուղ էր հայ հանրության համար։ Արդյո՞ք այդ մաքսակետերը տեղադրվել են, և ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է, մաքսակետի տեղադրումն ի՞նչ է ենթադրում իրենից։

-Մաքսակետերն արդեն տեղադրված են, ավելին՝ արդեն հայկական կողմի մաքսակետերն էլ են տեղադրված։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ-որ գործընթացներ են իրականացվում, դրանք պետք է դիտարկել իրավական տեսանկյունից՝ հետևյալ տրամաբանության ներքո․ ՀՀ իշխանությունները փաստացի փորձ են անում կամ ընդունում են, որ ադրբեջանական քաղաքացիական իշխանությունները գտնվում են ադրբեջանական տարածքում, և կառավարության նիստի ընթացքում արված հայտարարությամբ վարչապետը արձանագրում է որ այդ մաքսակետերը մենք ճանաչում ենք, և որ այն հատվածները, որոնցում գտնվում են ադրբեջանական զինված ուժերը, պատկանում են Ադրբեջանին։ Եվ համապատասխանաբար, եթե այդ տեսակետից ենք դիտարկում, ապաԱդրբեջանը իր տարածքում իրականացնում է իր լիազորությունները։ Մոտեցումը սա է։ Այնինչ, իմ գնահատմամբ, այս տարածքները ՀՀ տարածքում պետք է լինեն, կամ առնվազն վիճելի հարց է, եթե չենք ուզում իրավիճակի սրման գնալ, և հետևաբար տվյալ հատվածում դեմարկացիա իրականացնելը չի բխում ՀՀ Սահմանադրությունից։ Այսինքն՝ եթե ադրբեջանական զինված ուժերն իրականացնում են կամ փորձում են իրականցնել իրենց լիազորությունները ՀՀ տարածքում կամ առնվազն վիճելի տարածքում, ինչը կրկնում եմ, որ ինձ համար միանշանակ հայկական տարածք է, ապա ՀՀ իշխանությունները առնվազն պարտավոր են ոչ թե թույլ տալ դրա կատարումը և միաժամանակ հայտարարել, որ «դե նորմալ է», մենք էլ մեր մաքսակետերը կդնենք՝ դրանով իսկ ճանաչելով գործընթացը, այլ պարտավոր են համապատասխանաբար չճանաչել այն և համարել ապօրինի։ Եթե չունենք հնարավոր անբավարար տեխնիկա, զինված ուժեր, ոստիկանություն կամ ինչ-որ ուժ՝ մեր տարածքը վերականգնելու, փոխարենը՝ այս պահին գոնե հայտարարության մակարդակով դա ֆիքսելու պարտավորություն ունենք, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից և գործող օրենսդրությունից։

-Շուռնուխը, Որոտանը այս պահի դրությամբ մեկուսացված են ՀՀ-ից և ինչ-որ առումով կարծես շրջափակված են, արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ այդ համայնքները ինչ-որ փուլում հայաթափվելու են։

-Այստեղ խնդիրը պետք է դիտարկել մի քիչ այլ տրամաբանության լույսի ներքո։ Այսինքն՝ եթե մենք դիտարկում ենք, որ այն տարածքները, որոնք հանձնված են Ադրբեջանին և այս պահի դրությամբ արդեն իսկ ադրբեջանական են, ապա լրիվ գործընթացը՝ մաքսակետ կլինի, թե՝ ոչ, ինքնին վիճարկելու խնդիր չունենք։ Եվ միակ հարցը պետք է լինի այն, թե ինչ պետք է անել, որ տվյալ տարածքներում երթևեկությունը կարգավորվի։ Կրկնում եմ, որ այս տարածքները չպետք է դիտարկվի հայկական։ Եվ երբ որ խնդիրը տարածքների հանձնմանը առնչվի, թե ինչ տարածքներից ենք օգտվելու, այլընտրանքային ճանապարհ կա, թե չկա, նոր ճանապարհ կկառուցվի, թե չի կառուցվի, մի գյուղի կապը լավը կլինի, մյուսինը՝ ոչ, մենք ինքնին ՀՀ տարածքը թշնամուն «հանձել-չհանձնելու» տրամաբանությունից դուրս ենք գալիս «ճանապարհ կա կամ ճանապարհ չկա» տրամաբանություն, որն իսկապես փոխում է քննարկվող թեմայի էությունը։ Այսինքն՝ իրականում մեզ համար պետք է քննարկման առաջնային թեմա դառնա, որ ՀՀ տարածքը, իշխող իշխանության կողմից, առանց ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի պահպանման, շրջանցելով ժողովրդի իշխանությունը, ինչը իրենք շատ սիրում են ցիտել, հանձնվել է թշնամուն։ Եվ ոչ թե հանձնվել է փաստացի, այլ ընդամենը փորձ է կատարվում հիմա դա իրավաբանորեն ամրագրել։ Միջազգային իրավունքի տեսակետից՝ աղբյուր է ոչ միայն պայմանագիրը, որը ամրագրվում է, այլ նաև մի շարք այլ գործընթացներ՝ այսպես կոչված «պետությունների միակողմանի հայտարարությունները և գործողությունները»։ Հիմա, ըստ էության, փորձ է արվում միջազգային պարտավորություն ձևավորել ՀՀ-ի համար առ այն, որ այս տարածքները ՀՀ-ն ճանաչել է որպես Ադրբջանի տարածք։ Քանի որ Ադրբեջանը տեղադրել է մաքսակետ, մենք դա ընդունել ենք, դրա դիմաց տեղադրել ենք մեր մաքսակետը, դրանով իսկ արձանագրելով, որ «այո՛, դրա մյուս կողմը Ադրբեջանն է»։ Այսինքն՝ մենք չպետք է քննարկումը իրավական և քաղաքական դաշտում տեղափոխենք ռեալ խնդրից՝ երկրորդական խնդրի։ Կհայաթափվի՞ մի գյուղ, թե չի հայաթափվի, ունի երկրորդական նշանակություն։ Այն իմաստով եմ ասում, որ եթե մենք մեր տարածքները հանձնում ենք, ակնհայտ է, որ մենք կորցնում ենք ՀՀ առանց այն էլ բզկտված տարածքները, ինչի հետևանքով, հայաթափվելու ռիսկ է առաջանում ոչ միայն նշված գյուղերում, այլ նաև շատ ավելի մեծ տարածքներում։ Բայց սա իսկապես երկրորդական խնդիր և հետևանք է։ Մենք չպետք է շեղվենք ու կենտրոնանաք դրա վրա։ Որովհետև հենց որ խոսում ենք հայաթափվելու մասին, մեկը ասում է կհայաթափվի, մյուսը ճիշտ հակառակն է ասում։ Հայաթափվելու կոնցեպտն ենք սկսում քննարկել, թե քանի հոգի պետք է գնա, մյուսը ասում է՝ «որպեսզի չհայաթափվի, ժամանակին պետք է մանկապարտեզ կառուցեինք»։ Այսպես դիսկուրսը լրիվ այլ դաշտ է տեղափոխվում։ Մենք պետք է քննարկենք, որ ամեն ինչ պետք է անենք, անկախ հանգամանքներից, որ ոչ մի հատված, ոչ մի տարածք անբնակ չլինի ու չհանձնվի ու անտեր չմնա, ու միևնույն ժամանակ, անկախ այդ հանգաանքից՝ մեր տարածքները պետք է չհանձնենք։ Նույն զրույցն առաջանում է, երբ ասում ենք, որ այլընտրանքնային ճանապարհ կա, կամ չկա, այն լավն է, թե՞ վատն է։ Իրականում, պետք է այդ երկու խնդիրները միմյանցից ամբողջությամբ առանձնացնեն։ Տարածքը հանձնվել է, թե՝ ոչ, դա լրիվ առանձին հարց է, և կա այլընտրանքնային ճամնապարհ, թե չկա, դա լրիվ այլ հարց է ։

-Շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ հավաստիացնում էին, որ հնարավոր է լինելու անարգել անցնել այդ տարածքով, իսկ հիմա փաստորեն այնպես է ստացվել, որ հնարավոր է։ Ըստ Ձեզ՝ մենք հետագայում ի՞նչ իրավիճակ կունենանք։

-«Անարգել անցնել կարողանալո՞ւ ենք, թե՞ չենք կարողանալու», «ի՞նչ տրամաբանությամբ», «վճարելո՞ւ ենք, թե՞ չենք վճարելու» հարցերը ունեն երկրորդային նշանակություն, որովհետև այդ ամբողջը չԷր լինի, եթե մենք ապահովեինք ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ մենք պնդենք, որ դա մեր տարածքն է, ինչը և այդպես է։ Այսինքն՝ հիմա մենք նորից ելնում ենք այն փաստից, որ տարածքը հանձնել ենք Ադրբեջանին, նա ունի իր տարածքային ամբողջականությունը, իսկ մենք մտածում ենք՝ կարողանալո՞ւ անցնել, թե՞ ոչ։ Իրականում եթե հետ գնանք անցյալ տարվա նոյեմբերի 9-ը, դրան հաջորդող գործողությունների արդյունքը հետևյալն է․ գործող իշխանությունը այդ տարածքները փորձում է հանձնել, և ոչ միայն այս տարածքները, այլև այդ հանձնելու ձևակերպումների մեջ ստի բաժինը ակնհայտորեն հսկայական է, հետո էլ այդ սուտը մեկնաբանել՝ ասելով, որ «այ հիմա սա են ասել, վաղը՝ նա»։ Իմ կարծիքով՝ հիմա ժողովուրդն արդեն պետք է սովորած լիներ, որ գործող իշխանության որևէ պնդում չպետք է ընդունել որպես իրականություն, որովհետև նրանց մոտ խրոնիկ մակարդակով խաբելու տենդենց է նկատվում։ Չմոռանանք, որ իրենց պնդմամբ՝ իրենք հող չեն տվել՝ ասելով, որ դրանք ադրբեջանական են, դրա համար թողել են ադրբեջանցիներին։ Հաջորդ անգամ ասում են, որ տարածքներ կան, որտեղով կարող են անարգել անցնել, ուղղակի որոշակի գումար պետք է վճարվի։ Պետք է հասկանալ հետևյալը, որ գործող իշխանությունների որևէ պնդում պետք չի ընդունել, որովհետև նրանք խրոնիկ սուտասան են։ Ինչ-որ պնդում են անում՝ ասելով, «դա ճիշտ էր, մենք նկատի ենք ունեցել այս կամ այն, կամ որևէ բան հաշվի չենք առել»։ Իրականում կենտրոնական խնդիրը հետևյալն է․ գործող իշխանությունները, բացի իրենց քթի տակ եղածից, որևէ բան չեն համարում ՀՀ տարածք։ Հիմա եթե նույն խնդիրն առաջանա Ոսկեպարում, Տիգրանաշենում, մի քիչ այլ ձևակերպումներով սկսելու են պնդել, որ իրենք ոչ մի տարածք Արարատի մարզից, Տավուշի մարզից չեն հանձնել, պարզապես այն իրականում մերը չի եղել։

Քնարիկ Պետրոսյան