Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:41 05-11-2021

«Մեր ու մանուկ պատասխան են տալու» գրառումս վերաբերում է այն քաղաքական գործիչներին, այն պետական այրերին, որոնք մեր երկիրը հասցրին այս վիճակին. Մհեր Արմենիա

Շուռնուխից ոտքով Երևան գալու ու համազգային շարժում սկսելու գաղափարի, հակաիշխանական պահվածքի պատճառների, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ վերջերս արված աղմկահարույց հայտարարության, ֆեյսբուքյան վերջին գրառման ու նորից երգարվեստ վերադառնալու մասին թեմաների վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է Մհեր Մեսրոպյանի (Մհեր Արմենա) հետ։

-Վերջին շրջանում քննարկվում էր Ձեր այն հայտարարությունը, որ Շուռնուխից ոտքով գալիս եք Երևան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Լայվում նաև հայտարարեցիք համազգային շարժում սկսելու մասին։ Ի՞նչ ընթացք ունեցավ Ձեր սկսած նախաձեռնությունը և հիմա ո՞ր փուլում եք գտնվում։

-Մենք երթը սկսել ենք հոկտեմբերի 29-ից՝ Շուռնուխ գյուղից, և Երևան հասնելու ենք նոյեմբերի 7-ին։ Բայց մենք հայտարարել ենք, որ հանդիպելու ենք Հանրապետության հրապարակում, ու Քաղաքապետարանից տեղեկացանք, որ ոչ միայն մեզ, ալյև ցանկացած քաղաքական ուժի թույլ չեն տալիս Հանրապետության հրապարակում հանրահավաքներ անցկացնել։ Այդ իսկ պատճառով մենք փոխեցինք հավաքի վայրը։ Նոյեմբերի 7-ին, օրը նույնն է, ժամը 17:00-ին՝ Սասունցի Դավիթ արձանի հրապարակում ։

-Ո՞րն է վերջին շրջանում Ձեր հակաիշխանական պահվածքի պատճառը։ Մամուլում լուրեր էին տարածվում, որ օրինակ՝ վերջերս զրկվել եք պետական վերջին լծակից: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «դաշնակահանրապետական որջին» վերջ տալու համար, միավորել է Մշակույթի եւ Ջազի քոլեջները, որոնցից մեկում Դուք խորհրդի նախագահն էիք:

-Ինչ վերաբերում է Մշակույթի քոլեջին, հիմա դրա հետ կապված խնդիր չունենք։ Բայց կար մի ժամանակ, երբ Արայիկ Հարությունյանը մինչև վաչապետի խորհրդական դառնալը, ԿԳՄՍ նախարար էր, բավականին խոչընդոտներ տեղի ունեցան։ Ու ամեն ինչ արվում էր, որ նրանք իրենց այսպես ասած՝ մարդուն առաջ տանեին։ Այդ ժամանակ ես կոնկրետ ընդդիմացել եմ այդ պահվածքի պատճառով։ Իսկ ինչ վերաբերում է հակաիշխանական դրսևորումներիս, իսկապես, շատ-շատ էին խնդիրները, ինչի մասին ես անընդհատ բարձրաձայնել եմ։ Իսկ այն ինչ կատարվում է հիմա, ու որի մասին Դուք ասում եք՝ կապված Մշակույթի և Ջազի քոլեջների հետ, դա եղել է մի փոքր վաղուց, ու հիմա կարգավորված է։ Որովհետև այդ երկու քոլեջները միավորվեցին և դարձան «Էստրադային և ջազային պետական քոլեջ»։ Իսկ հիմա, ընդհանրապես, ինչի համար մենք սկսել ենք մեր շարժումը, կապված է մեր երկրում ընդհանուր վիճակի հետ, որը տեղի է ունենում այսօր, այսինքն՝ մենք Նոյեմբերի 7-ից սկսելու ենք մեր շարժումը, որի նպատակն է գործադիրի հրաժարականը՝ վարչապետ Նիկոլ փաշինյանի գլխավորությամբ։ Եվ մենք այլևս թույլ չենք տալու, որ մեր երկրի անունից Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթղթեր, ներկայացնի մեր երկիրը։ Բացի այն, որ արդեն շուտով՝ նոյեմբերի 9-ին, չարաբաստիկ համաձայնագրի ստորագրման մեկ տարին է լրանում, դեմարկացիայի և դելիմիտացիաների իրագործումը, կոմունիկացիաներ անելը թուլյ չենք տա։

-Վերջին օրերին հայտարարել էիք, որ թույլ չեք տալու, որ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության։ Ի վերջո ի ՞նչ քայլեր եք ձեռնարկում դրա համար։

-Մենք ևս մեկ անգամ լայվերով հայտարարել ենք, որ թույլ չենք տալու, որ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, նա արդեն ունի իր կյանքի քաղաքական պատմությունը։ Մենք բոլորս քաջ տեղյակ ենք, որ նա ընդդիմադիր ուժ է, հանդիսանում է «Հայաստան» դաշինքի ղեկավար, և մենք կարծում ենք՝ ինքը պետք է այդ անարդյունավետ աշխատանքին վերջ տա, էլ ուր մնաց թույլ տանք, որ գա իշխանության։

-Ժամեր առաջ ֆեյսբուքում գրել էիք «Մեր ու մանուկ պատասխան եք տալու»։ Ի՞նչ կասեք դրա մասին ։

-Նկատի ունեմ այն քաղաքական գործիչներին, այն պետական այրերին, որոնք մեր երկիրը հասցրին այս վիճակին։ Դա վերաբերում է նրանց, ովքեր տարբեր տեսակի գործելաոճերով բերեցին, մեզ այս վիճակին հասցրին։ Անուն չեմ նշում, բայց դա վերաբերում է քաղաքական գործիչներին։

-Քաղաքական գործունեությունից զատ, շարունակելո՞ւ եք զբաղվել երգարվեստով։

-Աստված առաջ, ժամանակը ցույց կտա։ Հիմա մենք այնպիսի խնդիրներ ու մարտահրավերներ ունենք մեր առջև, որ հիմա ես այնքան չեմ մտածում իմ արվեստի ու մշակույթի գործունեության մասին, ինչքան որ՝ երկիրը կառուցելու և այդ ճգնաժամից դուրս բերելու մասին։

Քնարիկ Պետրոսյան