copy image url
Խոսք 2 տարի առաջ - 10:37 05-11-2021

Այս իշխանությունը, որը մեր հասարակությանը պատրաստում է միակողմանի խաղաղասիրության, ամենամեծ դավաճանական քայլն է կատարում և՛ ներկա, և՛ ապագա սերունդների առջև. Խ. Գալստյան

2018 թվականի իրադարձությունների հետևանքների, ներկայիս իշխանության վարած քաղաքականության, հայ-թուրքական հարաբերությունների և նոր պատերազմի վերսկսվելու վտանգի մասին Oragir.news-ը զրուցել է դոցենտ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի (Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոն) դասախոս Խաչիկ Գալստյանի հետ։

-2018 թվականի իրադարձությունները պարզ է դառնում, որ հեղափոխությունը կապված էր հողերը հանձնելու և շատերի պատկերացմամբ բեմադրված պատերազմի հետ։ Ըստ Ձեզ, արդյո՞ք սա կապված էր նաև Ցեղասպանության միջազգային ճանաչումը լռեցնելու պահանջատիրությունից հարաժարվելու հետ։

-Մինչ այդ, քանի որ արցախյան հիմնահարցը այդքան չէր արծածվում և ավելի սոցիալական բունտ էր, ժողովուրդը, տրվելով որոշակի մանիպուլյացիաներին, հետևելով այդ իլուզիաներին, գնաց այդ արկածախնդիրների հետևից, որի հետևանքով մենք ունեցանք հայրենիքի մի հատվածի կորուստ, մարդկային անդառնալի կորուստներ և այսօր մեր հասարակությունը բարոյահոգեբանական խորը ճգնաժամ է ապրում։ Այս կառավարող էլիտան, որը այսօր իշխանության ղեկին է, լրիվ ուրիշ օրակարգեր է առաջ տանում, և ազգային ոչ մի կենսական նշանակության հարց նրանց կողմից շրջանառության մեջ չի դրվում։ Սա է իրականությունը, որը կա և որում մենք ապրում ենք։

-Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը՝ կապված հայ-թուրքական հաշտեցման և հայ-թուրքական սահմանների բացման հետ։ Ի վերջո ի՞նչ արդյունքի կհասնենք։

-Մենք ունենք պարտված իշխանություն, որը մարտի դաշտում պատերազմական գործողությունների հետևանքով խայտառակ պարտություն կրեց թշնամու կողմից և շարունակում է նորից ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը։ Ես չեմ սպասում, որ այս իշխանությունները կարող են որևէ բան անել, որովհետև պարտվածերին ոչ ոք չի հարգում և երկխոսություն չի վարում ինչպես հավասարը՝ հավասարի հետ։ Այդ հարցերի կարգավորումը ենթադրում է առնվազն իրավահավասար սուբյեկտների միջև փոխհարաբերությունների առկայություն, ինչը Հայաստանի պարագայում մենք չունենք։ Բնականաբար, այս իշխանությունները նոր պատրանքներով են կերակրում հայ հասարակությանը, խոսում են թվացյալ «խաղաղության դարաշրջանի» մասին, խոսում են սահմանների բացման և դրանով իսկ բարեկեցության բարելավման մասին, ինչի պակասը մենք երեք տարի շարունակ չենք ունեցել։ Երեք տարի շարունակ իրենք հեղափոխությունից հետո ասում էին, որ, ահա՛, Սահմանադրական դատարանը կվերցնենք և Ձեր կյանքը կբարելավենք, ահա՛, նոր ընտրություններ կանենք և Ձեր կյանքի որակը կփոխվի, ահա՛, պատերազմը ավարտվեց, հողերը հետ տվեցինք, և մեր կյանքի որակը կփոխվի, և այսպես՝ ստերի շարան։ Մենք ունենք իսկապես թշնամական միջավայր, և մեր թշնամիների, հակառակորդների մոտ արժեքային-գաղափարական-մշակությային տեսանկյունից ոչինչ չի փոխվել, դեռ ասեմ ավելին, նրանց մոտ ազատությունը էլ ավելի է շատացել։ Հիմա հայ ժողովուրդը, երևի թե, իր պատմության մեջ ամենախոցելի ժամանակահատվածում է գտնվում, դեմոգրաֆիական, քաղաքական և արժեքաբանական այս ճգնաժամի և այս ինքնության կորուստի առջև կանգնած, հասարակությունը չի՛ կարող դիմակայել իր առջև դրված մարտահրավերներին և թուրքերը երկու կողմից այդ ամենն օգտագործելով՝ փորձում են մաքսիմալը կորզել այս իշխանություններից։

-Կա՞ նոր պատերազմ վերսկսվելու վտանգ ըստ ձեզ։

-Պատերազմի վտանգը միշտ կա։ Հազարամյակների ընթացքում մենք ունեցել ենք ընդամենը ժամանակավոր զինադադարներ, և այս վիճակն էլ ընդամենը ժամանակավոր զինադադար է։ Միգուցե ավելի մեծ փոթորիկներ լինեն, այնպես որ պատերազմի վտանգը միշտ տարածաշրջանում առկա է և այս իշխանությունը, որը մեր հասարակությանը պատրաստում է միակողմանի խաղաղասիրության , ամենամեծ դավաճանական քայլն է կատարում և՛ ներկա և՛ ապագա սերունդների առջև։

-Եվ վերջում, նոյեմբերի 6-ին մասնակցելու եք Մատենադարանում տեղի ունեցող կարևոր՝ «Ազգային ինքնությունը և ընտրանի» խորագիրը կրող համաժողովին, որի նպատակն է նպաստել ազգային ակադեմիական–մշակութային այնպիսի համայնքի ձևավորմանը, որը կբերի համահայկական միասնական օրակարգ։ Ի՞նչ նշանակություն ունի հետևյալ համաժողովը Ձեզ համար և Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Նախ ես կարևորում եմ նման համաժողովների հրավիրումը՝ այն էլ մեզ համար շատ սիմվոլիկ ու խորհրդանշական Մատենադարանում։ Կարծում եմ, որ կազմակերպիչներին հաջողվել է հավաքել ակադեմիական լուրջ լսարան և անկախ քաղաքական հայացքներից ակադեմիական ոլորտի մարդկանց, ովքեր լուրջ ասելիք ունեն, որովհետև մեր ժողովուրդը իսկապես մոլորված վիճակում է գտնվում և անորոշությունների շրջապտույտից դուրս գալու համար մեզ պետք է հստակ ազգային օրակարգ, ազգային նկարագիր ունեցող էլիտա, որը կմատնանշի այն ուղիները, որով մեր պետությունը կզարգանա։ Այնպես որ, կարծում եմ, որ համաժողովը կծառայի իր նպատակին և մենք կկարողանանք քննարկվող թեմաների բովանդակության շուրջ գեներացնել այն ճանապարհային քարտեզը, որը մեզ այս փակուղուց դուրս կբերի։

Քնարիկ Պետրոսյան