Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է փակ մնալ․ ԱԻՆ
Երևան +23°
Միտք 6 ամիս առաջ - 20:07 01-11-2021

Օրինագիծն ու «Ազգային ուխտը»․ Թուրքիայի 100-ամյակին ընդառաջ

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) հավանության է արժանացրել կառավարության՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի կողմից Սիրիայում և Իրաքում անդրսահմանային, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու լիազորությունները երկարաձգելու, ինչպես նաև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահ առաքելությանը մասնակցելու մանդատի առաջարկները։ Օրինագիծը խորհրդարանում ողջունել ու կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), կոալիցիոն կառավարության մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) և Մերալ Աքշեների գլխավորած «Լավ» կուսակցությունը («İYİ Parti»), դեմ՝ Հանրապետաժողովրդական (CHP) և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները (HDP)։ Քեմալական քաղաքական ընդդիմադիր ուժի ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, խորհրդարանականներին կոչ անելով դեմ քվեարկել, նշել է, որ Թուրքիայի նոր ռազմագործողությունները հանգեցնելու են զինվորականների կորստի՝ առիթ դառնալով գաղթականների նոր ալիքի։ Հատկանշական է, որ թեպետ Քըլըչդարօղլուին զարմացրել է այն փաստը, որ կառավարությունը ցանկանում է թուրքական մանդատը երկարաձգել միանգամից երկու տարով, բայց նրա գլխավորած Հանրապետաժողովրդական կուսակցությունը նախկինում մշտապես կողմ է քվեարկել այս օրինագծին։ Փաստացի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի ներկայացրած օրինագիծը՝ ընդհուպ 2023 թվականի հոկտեմբերի 30-ը, վերստին հնարավորություն է ընձեռելու թուրք զինվորականներին հակաահաբեկչական առաքելության անվան ներքո հակաքրդական ռազմագործողություններ իրականացնել հարևան երկրների՝ Սիրիայի և Իրաքի հյուսիսային քրդաբնակ շրջաններում։ Ըստ փաստաթղթի՝ Թուրքիայի հարավային ցամաքային սահմանի երկայնքով ընթացող հակամարտությունները շարունակում են նորանոր վտանգներ և սպառնալիքներ հարուցել թուրքական պետության ազգային անվտանգության համար։ Սիրիական Իդլիբի շրջանում ձևավորված իրավիճակի առնչությամբ օրենքի նախագծում նշված է, որ այն խաղաղությունն ու կայունությունը, որոնք հաստատվել էին Աստանայի գործընթացի արդյունքում, ոչ միայն վտանգված են, այլև գտնվում են խզման փուլում։ Օրենքի նախագծում Սիրիային հավասար ուշադրության է արժանացել նաև Իրաքը։

Իրանա-իրաքյան կամ Ծոցի առաջին պատերազմից հետո Իրաքի հյուսիսարևելյան հատվածում ամերիկացիների ջանքերով ստեղծված Իրաքյան Քուրդիստանը, թեպետ առաջին իսկ օրից գրգռել է թուրքական իշխանություններին, սակայն երբևէ այնպիսի մարտահրավեր չի դիտարկվել, ինչպես Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ առաջացավ քրդական երկրորդ ինքնավարության ձևավորման ու Քուրդիստանների միավորման սպառնալիք հարուցող հեռանկար։ Պատճառն այն է, որ 1990-ի սկզբին Իրաքյան Քուրդիստանը դիտարկվում էր որպես Իրաքի վրա ցամաքային հարձակման պահեստային պլացդարմ կամ երկրորդ ճակատ, որն ամերիկացիներն օգտագործելու էին՝ մինչ այդ հատելով թուրք-իրաքյան սահմանը՝ որպես Ծոցի երկրորդ պատերազմում ներգրավվելու մեկնակետ։ Այլ կերպ ասած, լինելով ԱՄՆ դաշնակիցն ու գործուն աջակցություն ցուցաբերելով Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարությանը (EUCOM), թուրքական կողմը եթե ոչ ամբողջովին, ապա մեծամասամբ տիրապետում էր քրդական գործոնի ֆոնին Իրաքի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներին՝ մատը պահելով տարածաշրջանային փոխակերպումների զարկերակի վրա, մինչդեռ Իսլամական պետության ձևավորման, Կրեմլի կողմից Ասադի վարչակազմին աջակցելու պատրաստակամության, Իրանի շիայական ռազմաքաղաքական գործոնի ակտիվացման և քրդական շարժման վերածննդի պայմաններում իրավիճակն ակնթարթորեն կարող էր դուրս գալ վերահսկողությունից, եթե Անկարան չգործարկեր կոշտ ուժի ամբողջ գործիքակազմը՝ անվտանգության գոտու անվան տակ զսպելով քրդերի հավակնությունները։

Առհասարակ, քաղաքագիտական շրջանակներում տարածված կարծիք կա, թե Իրաքում և Սիրիայում Թուրքիայի գործողություններն ուղղված են քրդական հարցը փակելուն կամ իրաք-սիրիական քրդերին իրենց թուրքաբնակ հայրենակիցներից կտրելուն։ Այս պնդումը, թեպետ ճշմարտության հսկայական չափաբաժին ունի, սակայն հեռու է կատարյալ որակվելուց։ Պատճառն այն է, որ խորքային առումով, երբ թուրքական կողմը հատում է թուրք-սիրիական կամ թուրք-իրաքյան սահմանը՝ ցամաքային և օդային հարվածներ հասցնելով կառավարական ուժերին կամ քրդական դիրքերին, առաջնորդվում է ոչ թե ելնելով հակաքրդական պայքարի տրամաբանությունից, այլ տարածքային ամբողջականության և պատմական արդարության վերականգնման բովանդակությունից։ Ընդ որում, տարածքային ամբողջության պատմականության գաղափարները թուրք ազգայնական և պահպանողական իշխող շրջանակներն ընկալում են ոչ թե Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգի պայմաններում գծված պետական սահմանների, այլ Ազգային ուխտի հարատեքստում։ 6 կետից բաղկացած Ազգային ուխտը (թուրքերեն՝ «Mîsâk-ı Millî»), որը ոչ միայն քեմալական շարժման քաղաքական մանիֆեստն է, այլև Թուրքիայի Հանրապետության մերձավորարևելյան քաղաքականության միսն ու արյունը, տրանսֆորմացված գաղափարաբանական ձևակերպումներով ցայսօր կենդանի և կենսունակ է։

Թուրքիայի կրոնական հիմնադրամի Իսլամական հանրագիտարանի հաղորդմամբ՝ «․․․օսմանա-իսլամական մեծամասնությամբ բնակեցված բոլոր այն հատվածները, որոնք լիովին համապատասխանում են տեղի պայմաններին իրենց սովորութային և սոցիալական իրավունքներով, դե ֆակտո և դե յուրե մեկ ամբողջություն են կազմում և որևէ պարագայում ենթակա չեն տրոհման»։ Առհասարակ, Ուխտի 1-ին հոդվածի բովանդակության շուրջ քննարկումներն ակտիվորեն ծավալվում են նաև հիմա, ընդ որում՝ թե՛ Թուրքիայում, թե՛ Թուրքիայից դուրս, քանի որ Անկարայում և Պոլսում հրատարակված աղբյուրները տարբեր կերպ են փոխանցում և մեկնաբանում հոդվածի հասկացութային ապարատը։ Բայցևայնպես, անկախ մեկնաբանության ծայրահեղություններից, մի բան հստակ է․ քեմալական Ազգային ուխտով ուրվագծված քաղաքական քարտեզն ընդգրկել է հետօսմանյան Իրաքի հյուսիս-արևելքը, կամ այն, ինչն այսօր ընդունված է անվանել Քրդական Ինքնավար Շրջան։ Թուրքիայի հայրենական պատմագիտությունն այս թնջուկը շաղկապում է, այսպես կոչված, Մոսուլի հարցին (թուրքերեն՝ «Musul Sorunu»)` տեղի նավթի պաշարներին տիրանալու ցանկությունը կապելով օսմանյան տիրապետության, բրիտանական բռնազավթման, իսկ մեր օրերում՝ ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությանը։ Ընդ որում, էրդողանական Թուրքիայում հակաահաբեկչություն ասելով՝ պատկերացնում են ոչ թե Իսլամական Պետությանը, այլ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, քանի որ Թուրքիայի տեսանկյունից Մոսուլին ու Իրաքյան Քուրդիստանին տիրելու խոչընդոտը ոչ թե իսլամիստ ծայրահեղականներն են, այլ Միացյալ Նահանգների կողմից պարբերաբար զինվող ու իրավական հստակ կարգավիճակի ձգտող քրդերը։ Ավելին, Մոսուլը, որն իսլամիստ ահաբեկիչներից ազատագրելուց հետո գտնվում է Իրաքի կենտրոնական իշխանությունների վերահսկողության ներքո, քրդերի կողմից ընկալվում է որպես քրդական ադմինիստրացիայի մաս, որն ամեն գնով ենթակա է վերադարձման։

Թուրքիայի սահմաններն ըստ Ազգային ուխտի կամ դաշնագրի (քարտեզները տարբերվում են․ որոշներն ընդգրկում են նաև Հայաստանը, Նախիջևանը, Կիպրոսն ու Սիրիայի հյուսիսը)

Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից հավանության արժանացած օրենքի նախագծի համաձայն՝ «Թուրքիան մեծապես կարևորում է Իրաքի տարածքային ամբողջականության, ազգային միասնության և կայունության պաշտպանությունը։ Սակայն Իրաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» և «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումների ներկայությունն անմիջական սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու մեր պետության անվտանգությանը»։ Թե՛ Սիրիան և թե՛ Իրաքը Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարելու խնդրանքով չեն հրավիրել իրենց մոտ, ոչ էլ ՄԱԿ-ն է Թուրքիային օժտել զինված հակամարտություն սկսելու կամ խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատով, սակայն Անկարան վաղուց արդեն Սիրիայում է և որևէ մտադրություն չունի լքելու։ Թուրքիայի կողմից զինվող ու ֆինանսավորվող թյուրքախոս թուրքոմանները դարձել են գործոն, իսկ նրանց հետ հաշվի չնստելու ցանկացած փորձ հղի է պրոքսի պատերազմը երկարաձգելու վտանգով։ Ավելին, անգամ Ռուսաստանը, որը Սիրիայի հարցով բազմաթիվ հակասություններ ունի Թուրքիայի հետ, խորապես չի ցանկանում, որ Թուրքիան դուրս գա արաբական երկրից, որովհետև սա հրաշալի հնարավորություն է Կրեմլի համար ամեն պատեհ առիթ օգտագործել ու, ըստ անհրաժեշտության, Էրդողանին պատժելու համար հրավիրել Մոսկվա կամ Սոչի։

Բայցևայնպես, թուրքական պետությունն իր բոլոր հաջողություններով ու ձախողումներով հանդերձ ապագայի պետություն է, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ գիտի երազել և մեծ երազել՝ չկտրվելով ռեալ պոլիտիկից։ Թեպետ միջնադարում ընդունված հարձակվելու և տիրելու իրավունքը հետաշխարհամարտային հասարակությունները վաղուց արդեն մերժել են և միջազգային իրավունքի գերակայության հռչակմամբ առանցքային են ճանաչել տարածքային ամբողջականության սկզբունքը, բայցևայնպես, Թուրքիան, լինելով ոչ թե գլոբալիզմի, այլ ռեգիոնալիզմի ջատագով, կենսական է հռչակել ոչ միայն հնարավորի, այլև առավելագույնի մարտավարությունը։ Ընդ որում, պատճառը սոսկ այն չէ, որ Թուրքիան Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի պես ժամանակակից կայսրություն է, պարզապես Թուրքիան հրաշալի է գիտակցում, որ նախ՝ եռացող Մերձավոր Արևելքը Եվրոպա չէ և այստեղ իրադարձությունները կայծակնային արագությամբ են զարգանում՝ փոփոխելով խաղաքարտերն ու դերակատարների ուժային հավասարակշռությունը, և երկրորդ՝ քաղաքական, կրոնական, մշակութային և հատկապես էթնիկ-ազգային հակամարտություններն ու երրորդ կողմերի հիբրիդային ներգրավվածությունը հրաշալի առիթ են՝ իրագործելու պատմական ցանկությունները, մանավանդ որ արդի միջազգային հանրությունը կանխելու, կանխարգելելու և արգելելու փոխարեն սահմանափակվում է լոկ զսպվածության կոչերով ու երկակի ստանդարտներով, իսկ լավագույն դեպքում՝ ոլորտային կամ անհատական պատժամիջոցներով։ Թուրքիան կարողացել է մարսել սիրիական Ալեքսանդրեթի բռնազավթումն ու ձևավորել Հաթայի նահանգը, կարողացել է բռնազավթել Կիպրոսի հյուսիսն ու հռչակել հանրապետություն, կարողացել է երեք ռազմական օպերացիա իրականացնել դեպի Սիրիա և բռնազավթել երկրի հյուսիսը, կարողացել է Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական լիակատար աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, համանախագահող ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դուրսմղմամբ Ռուսաստանի հետ հայտնվել Աղդամի մշտադիտարկման կենտրոնում՝ բացահայտ կողմնակալ քաղաքականություն դրսևորելով հօգուտ Բաքվի։ Հետևապես, ինչո՞ւ չի կարող Թուրքիան շարունակել նույն ոգով՝ ապահովության համար երբևէ չհեռանալով և չայրելով Արևմուտքի հետ իր ունեցած սերտ ու դաշնակցային կապերը։ Իսկ Թուրքիան շարունակելու է նույն ոգով, ընդ որում, եթե անգամ ապտակ ստանա ու ձախողի, կարճ ժամանակ անց դարձյալ շարունակելու է։ Այդ են վկայում Թուրքիայի ռազմավարական տեսլականներն ու Արևելքին բնորոշ սիմվոլիկան․ Էրդողանի կաբինետի առաջարկը հավանության արժանացնելուց զատ, ամենևին պատահական չէ թուրքական մանդատի երկարաձգման տարեթիվն ու ամսաթիվը՝ 2023 թվականի հոկտեմբեր 30։ 2023 թվականին Թուրքիան տոնելու է հանրապետության հռչակման հոբելյանական 100-ամյակը, իսկ առավել կոնկրետ՝ հոկտեմբերի 29-ին՝ մեկ օր անց հայտարարելով նոր Թուրքիայի վերջնական ձևավորման և նոր մարտահրավերների ընդունման պատրաստակամության մասին։

Վանատուր Շերենց

թուրքագետ