Երևան +14°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:14 14-10-2021

Անդորր՝ փոթորիկից առաջ․ Թուրքիային դարձյալ սպասեք Սիրիայում

Աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը՝ Մեծ Մերձավոր Արևելքը, շարունակում է եռալ։ Արցախյան 2-րդ պատերազմից հետո ադրբեջանա-իրանական լարվածությանը զուգահեռ հասունանում է հակամարտության բռնկման նոր օջախ՝ Սիրիան։ Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդես գալով հայտարարությամբ, նշել է, թե իրենց համբերությունը սպառվել է Սիրիայի որոշ շրջաններից Թուրքիայի դեմ ուղղված ահաբեկչական հարձակումների պատճառով։ Նախագահը հավելել է, որ վճռական են տրամադրված սիրիական սպառնալիքը չեզոքացնելու հարցում, և դրան հասնելու են կա՛մ տեղի ուժերի օգնությամբ, կա՛մ սեփական միջոցներով։

Հատկանշական է, որ, ըստ Էրդողանի՝ սիրիական գյուղաքաղաքում Թուրքիայի ազգային անվտանգության ուժերի շարասյան թիրախավորումն ուղղված է թուրքական տարածքի դեմ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե թուրքական պետության ղեկավարը նկատի ունի Թուրքիայի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված վտանգը, մինչդեռ այս հայտարարությամբ Էրդողանը հերթական անգամ հղում է կատարում բռնազավթած Աֆրինին, որն իրականում վերահսկվում է ոչ թե Թուրքիային հավատարիմ թուրքոման ընդդիմադիրների, ինչպես փորձ է կատարվում ներկայացնելու, այլ հենց թուրքական իշխանությունների կողմից։ Հրթիռային հարձակումը, որի պատճառով սպանվել և վիրավորվել են երկուական ոստիկաններ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի թվիթերյան գրառման համաձայն՝ իրականացվել է քրդերի կողմից վերահսկվող Թել Ռիֆաթ բնակավայրից։

Սիրիայի քարտեզը (կարմիրով նշված են Թուրքիայի բռնազավթած, կանաչով՝ մեծամասամբ քրդերի կողմից վերահսկվող տարածքները, որոնք հայտնի են Սիրիայի Հյուսիսային և Արևելյան Ինքնավար Ադմինիստրացիա կամ Սիրիական Քուրդիստան ոչ պաշտոնական անվամբ)

Էրդողանի հայտարարությունից մեկ օր անց՝ հոկտեմբերի 13-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի և նիկարագուացի պաշտոնակից Դենիս Մոնկադայի համատեղ մամուլի ասուլիսից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարին հարց է ուղղվել՝ պարզաբանելու Սիրիայի Մերա գյուղաքաղաքում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և Ժողովրդական պաշտպանության ջոկատների (YPG), այսպես կոչված, ահաբեկիչների հարձակման արդյունքում Թուրքիայի ոստիկանության (թուրքերեն՝ Emniyet Genel Müdürlüğü) Հատուկ նշանակության բաժնի (ÖHB) երկու ոստիկանների մահվան պատճառով ստեղծված իրավիճակը։ Չավուշօղլուն նշել է, թե Միացյալ Նահանգները դատապարտում է Թուրքիայի ուղղությամբ իրականացված անդրսահմանային հարձակումը, մինչդեռ հենց իրենք են զինում և մարզում քրդերին։ Ըստ էության, Չավուշօղլուն, Վաշինգտոնին մեղադրելով անկեղծության բացակայության և կեղծ հայտարարություն տարածելու մեջ՝ պարզաբանել է, որ YPG-ի և PKK-ի կողմից դեպի Թուրքիա արձակված հրթիռի հեռահարությունը կազմում է մոտավորապես 30 կմ, իսկ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ յուրաքանչյուր երկիր այս շրջանի ահաբեկիչներին պարտավոր էր 30 կմ հարավ փոխադրել։ Ըստ Չավուշօղլուի՝ Միացյալ Նահանգներն ու ՌԴ-ն հավատարիմ չեն մնացել Սիրիայի հարցում տված խոստումներին, մինչդեռ երկուսն էլ պատասխանատվություն են կրում, հետևապես, իրենք անելու են հնարավոր ամեն բան՝ ահաբեկիչներից մաքրելու Սիրիան, քանի որ տարածաշրջանում վակուումի առաջացումը ձեռնտու է լինելու ահաբեկչական խմբավորումներին։

Թուրքիայի արտգործնախարարի պատասխանի մեխը, անշուշտ, միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից մեկի հիշատակումն է, որով հերթական անգամ փորձ է կատարվում միջազգային հանրության ուշադրությունը շեղել հարավային հարևանի հարցում թուրքական պետության արտաքին քաղաքականության իրական նկրտումներից։ Դիվանագիտական բառամթերքով փորձելով կոծկել սիրիացի քրդերի ինքնակազմակերպումն արյամբ զսպելու անհագուրդ ցանկությունը՝ Չավուշօղլուն բարձրացնում է Սիրիայի ինքնիշխանության հարցը՝ նշելով, թե YPG-ի և PKK-ի դեմ կազմակերպվող միջոցառումները կարևոր են նաև Սիրիայի տարածքային ամբողջականության տեսանկյունից։ Չավուշօղլուի այս հայտարարություններն առնվազն ազնիվ չեն այնքանով, որ Սիրիայի տարածքային ամբողջության առաջին խախտողը հենց Թուրքիան է, որն անվտանգության գոտի ստեղծելու պատրվակով բռնազավթել է արաբական երկրի հյուսիսարևմտյան շրջանները՝ ռազմագործողություններով փորձելով կանխել ինչպես Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության ձևավորումը, այնպես էլ այդ գործընթացի բացասական ազդեցությունը Թուրքիայի քրդերի վրա։ Քաջ գիտակցելով, որ Սիրիայում ամենակարևոր հարցերի շուրջ Ռուսաստանի հետ Թուրքիան չունի կոնսենսուս՝ հակառակ կրակի դադարեցման համաձայնության, իսկ դաշնակից Միացյալ Նահանգներն ընդհատվող պարբերականությամբ, բայցևայնպես, զինում է Սիրիայի քրդերին, Չավուշօղլուն բարձրացնում է Թուրքիայի ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով սեփական ուժերով հարցը լուծելու անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տերությանը և թուրքական լեզվամտածողությանը բնորոշ հռետորաբանությամբ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, թե թուրքերն իրենք պետք է կտրեն իրենց պորտալարը՝ նկատի ունենալով, որ արտաքին աջակցության բացակայության պայմաններում հարկադրված են զբաղվելու ինքնօգնությամբ։

Թեպետ նախագահ Էրդողանն իր հայտարարության մեջ չի անդրադարձել Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին, իսկ քննադատության բեռն իր ուսերին է վերցրել արտգործնախարար Չավուշօղլուն, սակայն թուրքական իշխանությունների հռետորաբանության ընդհանուր տոնից հասկանալի է, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն այնքան հարթ ու արդյունավետ չի անցել, ինչպես փորձում են ներկայացնել Անկարայում և Մոսկվայում, որովհետև ակնհայտ է, որ ռուսական կողմը Թուրքիայից պահանջել է ազատել սիրիական Իդլիբը։ Թեպետ պետության առաջին դեմքերի բանակցային օրակարգի մանրամասներն ու կուլուարային զրույցները չեն կարող հասանելի լինել ո՛չ փորձագիտական դաշտին, ո՛չ անգամ շատ հաճախ իշխող շրջանակներին, սակայն ակնհայտ է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի վրա Ռուսաստանից ճնշում կա, իսկ Էրդողանը բանակցությունների է մեկնում՝ միանձնյա կայացրած որոշումներով ներկայացնելով թուրքական պետության շահը։ Որքան էլ հայկական փորձագիտական միտքը, ելնելով Արցախի կարևորությունից, շահարկի Լեռնային Ղարաբաղի հարցը, սակայն Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների շուրջ երեք ժամ տևած բանակցությունների անկյունաքարը եղել է սիրիական Իդլիբը, ուստի ամենևին զարմանալի չէ, որ Էրդողանի հետ ՌԴ էր մեկնել նաև Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (թուրքերեն՝ Milli İstihbarat Teşkilatı) նախագահ Հաքան Ֆիդանը։ Ռուս պաշտոնակցի հետ հանդիպումից առաջ ՄԱԿ ԳԽ ամբիոնից Ռուսաստանին մեղադրելով Ղրիմի բռնակցման մեջ՝ Էրդողանն, անշուշտ, փորձել էր դիրքավորվել այնպես, որ Ղրիմի և Արցախի հարցերի շահարկմամբ սակարկման լայն հնարավորություններ ստեղծի Սիրիայի շուրջ ընթացող բանակցություններում։ Թեպետ համաձայն արևմտյան մեդիառեսուրսների՝ Էրդողանը Պուտինին խնդրել է մեկուսացնել քրդական YPG-ին, սակայն առավել հավանական է, որ Թուրքիայի ղեկավարը հղում է կատարել ռուս-թուրքական 2019 թվականի պայմանավորվածություններին, ըստ որի՝ քուրդ զինյալները պետք է հեռանան թուրքական սահմանի մոտ գտնվող Մանբիջից և Թել Ռիֆաթից։

Նման եզրակացության համար կարևոր աղբյուր է հատկապես Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ելույթը։ Էրդողան-Պուտին երկկողմ բանակցություններից ընդամենը ժամեր առաջ հանդես գալով հրապարակային խորհուրդներով՝ Դավութօղլուն անդրադարձել է օրակարգային հարցերի լայն շրջանակի՝ մատնանշելով առկա վտանգներն ու սպառնալիքները։ Ըստ «Ապագայի կուսակցության» (թուրքերեն՝ Gelecek Partisi) ղեկավար Դավութօղլուի՝ այդ հանդիպումն առհասարակ չպետք է կայանար, քանի որ Նյու Յորքում չկարողանալով հանդիպել Ջո Բայդենի հետ, Էրդողանը չպետք է Ռուսաստան մեկներ Միացյալ Նահանգների վրա բարկացած վիճակում և բանակցեր S-400 համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման շուրջ՝ առանց հստակեցնելու, թե ինչպես է ռուսական զենքն ինտեգրելու Թուրքիայի հակաօդային պաշտպանությանը։ Բայց, որ առավել կարևոր է, Դավութօղլուն խորհուրդ է տվել չընկրկել ռուսական պահանջների առաջ և որևէ դեպքում չընդունել Բաշար ալ-Ասադի կառավարության հետ հանդիպելու և այդպիսով գործող իշխանություններին լեգիտիմացնելու, ինչպես նաև Իդլիբից դուրս գալու ռուսական առաջարկները։ Դավութօղլուն իր հերթին հենվում էր Բաշար ալ Ասադ-Պուտին հանդիպման արդյունքների վրա, քանի որ Սիրիայի հյուսիսից թուրքական զորքի դուրսբերման մասին առավել վաղ հայտարարել էր ոչ միայն Ասադը, այլև Պուտինը՝ նշելով, որ Սիրիայի գլխավոր խնդիրը երրորդ պետությունների ռազմական անօրինական ներկայությունն է։ Եվ, ըստ էության, ինչպես ցույց է տվեց հետբանակցային ռեալիան, Թուրքիայի նախագահն իսկապես չի ընդունել ՌԴ առաջ քաշած պայմանները, որովհետև, չնայած Սոչիում նշել է, թե Սիրիայում խաղաղությունը կախված է Ռուսաստանից և Թուրքիայից, սակայն հայրենիք վերադառնալուն պես ակնարկում է Սիրիայում ռազմական նոր օպերացիա մշակելու անհետաձգելիության մասին։

Ֆոտոշարք