copy image url
Խոսք 2 տարի առաջ - 15:09 11-10-2021

Ինչ-որ ներքին կոնսենսուս վիճակ կա Մոսկվայի ու Բաքվի միջև, որովհետև դեռ Հայաստանին ինչ-որ բաներ պետք է պարտադրվեն․ քաղաքագետ

Oragir.news-ը 3+3 ձևաչափի, Հայաստանի սուվերենության վտանգված լինելու , արտաքին բլոկի թուլության, հրադադարի խախտման, ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին զրուցել է Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոցի հիմնադիր, քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։

– Պարո՛ն Օրդուխանյան, ի՞նչ է նշանակում տարածաշրջանային բանակցությունների 3+3 ձևաչափ, և ինչ կարող է դա տալ Հայաստանին։

– Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանը խորքային վերափոխումների շեմին է, և այստեղ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերն իրենց հստակ շահերն ունեն, որոնք ինչ-որ տեղ բախվում, ինչ-որ տեղ համընկնում են, իսկ այդ ամենի կիզակետում Հայաստանն է, ու ամեն բան պտտվում է հենց Հայաստանի շուրջ:

Սա նշանակում է, որ Հայաստանն է այն կարևոր գործոնը, որով պետք է որոշվի տարածաշրջանում ուժերի հետագա հաշվեկշիռը։ Եթե նախկինում Իրանը ակտիվ չէր, ապա հիմա ակտիվացել է և ուժային վերադարձի հայտ է ներկայացրել՝ ի դեմս 3+3 ձևաչափի։ Նշենք, որ Հայաստանը մինչ այժմ տեսակետ չի հայտնել այդ մասով, իսկ Վրաստանը ձեռնպահ է մնալու։

Հայաստանը պետք է շատ լավ հասկանա, որ այսպիսի վիճակով ու իր դիվանագիտական ներուժի թուլությամբ չպետք է մտնի մի գործընթացի մեջ, որը մեզ համար չի կարող ընդհանրապես կանխատեսելի լինել ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փորձի փոխարինել 3+3 -ով։

Մենք տեսնում ենք, որ Մինսկի համանախագահող երկու արևմտամետ երկիր ունի հայանպաստ դիրքորոշում, իսկ այս նոր ձևաչափը մեզ համար մութ սենյակի է վերածվելու, ու այդտեղ մտնել և ինչ-որ բան ակնկալելը ռիսկային ու անհետևողական քայլ կլինի, հետևաբար, կարծում եմ, պետք է հնարավորինս զերծ մնանք դրանից։

–Ձեր ասած այդ մութ սենյակի այլընտրանքը Հայաստանն ունի՞, որ հրաժարվի այնտեղ մտնելուց։

– Միջազգայնորեն ճանաչված ու չչեղարկված ձևաչափը դեռ կա՝ Մինսկի խումբը, այնպես որ այլընտրանքը հենց դա է, իրականում այդ 3+3-ն են փորձում սրան այլընտրանք դարձնել։ Այստեղ եթե Հայաստանն իր դիրքորոշման մեջ մենակ մնար և չմիանար այդ ձևաչափին, բնականաբար, նրա նկատմամբ ճնշումները կրկնակի ավելի կլինեին, բայց քանի որ Վրաստանն էլ հակված չէ այս ձևաչափին միանալու, ստացվում է, որ երկու պետություն դրան դեմ կլինեն, իսկ այդ պարագայում, գուցե, այս ֆորմատն աշխուժանալու հնարավորություն չունենա։

– Պարո՛ն Օրդուխանյան, գաղտնիք չէ, որ Հայաստանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո էականորեն կորցրել է իր սուվերենությունը, այս պարագայում, եթե անգամ դեմ լինի 3+3 ձևաչափին, կարո՞ղ է այնպես անել, որ չանդամակցի դրան։

– Կարծում եմ՝ մենք սուվերենությունը չենք կորցրել, այն ուղղակի էականորեն թուլացել է, ու մեր սուբյեկտայնությունն այդ իմաստով խոցելի է դարձել, բայց այն գոյություն ունի, որովհետև մենք շարունակում ենք մնալ միջազգային իրավունքի հավասար սուբյեկտ՝ լինելով նաև ՄԱԿ-ի անդամ, ու այս տեսանկյունից ինքներս մեզ համար քաղաքական գերեզման չպետք է փորենք։

Բնականաբար, եթե մենք այդ սուբյեկտն ենք, ապա, միանշանակ, կարող ենք մեր դիրքորոշումն արտահայտել այդ հարցում ու պնդել այն՝ փաստարկելով, որ Թուրքիան չեզոքություն չի պահպանել պատերազմի ընթացքում, հետևապես Թուրքիայի մասնակցությունն այս ձևաչափին արդեն իսկ կանխակալ է լինելու ու սպասարկելու է բացառապես Ադրբեջանի շահը։

– Այնուամենայնիվ, եթե այս ձևաչափը կյանքի կոչվի, Հայաստանի համար հնարավոր հետևանքները որո՞նք են լինելու։

– Եթե իրականություն դառնա, ապա ձեր նշած ինքնիշխանության հարցը կգա օրակարգ, որովհետև այդ պարագայում մենք գործոնից կվերածվենք գործիքի երեք խոշոր տերությունների միջև հարաբերությունների պարզման, ազդեցության գոտիների ճշգրտման ընթացքում, ու դա, բնականաբար կարվի Հայաստանի ինքնիշխանության հաշվին, ինչի միտումներն այսօր էլ ենք տեսնում։

– Խոշոր տերությունները Ռուսաստանը, Թուրքիան և Իրա՞նն են։

– Այո՛, բայց ակնհայտ է, որ Իրանը մեր սուվերենության նկատմամբ որևէ ոտնձգություն չի անելու, որովհետև բազմիցս են հայտարարել, որ սահմանների փոփոխություն չեն հանդուրժի։ Իսկ Մոսկվայի առաջնային խնդիրը բացվող կոմունիկացիաների վրա վերահսկողություն ունենալն է, նրա գերխնդիրը սա է, իսկ թե ո՛ւմ տարածքի հաշվին կլինի՝ այնքան էլ կարևոր չէ Ռուսաստանի համար։

– Հայաստանի սուվերենության վտանգված լինելու ու արտաքին բլոկի թուլության մասին ասացիք, դրանք ամրապնդելու ուղղությամբ գործող իշխանության քայլերը ինչպե՞ս եք գնահատում։

– Արվող քայլերը ոչ լիարժեք են բավարար, պետք է մի փոքր ավելի համարձակ լինել, չնայած տարբեր հայտարարությունների տեսքով մենք դա լսել ենք, բայց այդ ամենը պետք է ունենա իր գործնական դրսևորումը, և սա հնարավոր է լինելու Հայաստանում արտաքին ազդեցությունները բացառապես հավասարակշռելու ճանապարհով: Եթե մենք խորանանք այդ միավեկտորության մեջ, հետզհետե զրկվելու ենք այդ ճկունության հնարավորությունից, և մեր խնդիրներն էլ ավելի են խորանալու։

– Մարտակերտում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել, Երասխի ուղղությամբ էլ դարձյալ խախտել են հրադադարը, ինչի հետևանքով վիրավոր ունենք։ Ադրբեջանի այս ոտնձգությունները հնարավո՞ր է, որ ճնշման փորձեր են Հայաստանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի այդ 3 + 3 ձևաչափին։

– Անշուշտ, այդպես է։ Այս դեպքերը տեղի են ունենում Պուտին-Փաշինյան, Ալիև-Փաշինյան հանդիպումների առաջ, որոնք, բնականաբար, ունեն Հայաստանի վրա ազդելու և այդ հանդիպումների ժամանակ հնարավորինս շատ զիջումներ կորզելու նպատակ։

– Կարծիքներ կան, որ Ադրբեջանի այս քայլերը առաջին հերթին ուղղված են Ռուսաստանի դեմ, քանի որ խաղաղապահների ներկայությամբ, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է հրադադարը խախտել, համակարծի՞ք եք։

– Եթե Ռուսաստանը ինքը դիտեր դա Ադրբեջանի կողմից իրեն ուղղված հարված, ապա այնքան լծակներ ունի, որ շատ արագ կարձագանքեր այդ ամենին, ու մեկ անգամ արձագանքելուց հետո Ադրբեջանը երկրորդ անգամ նման քայլի չէր գնա։

Կարծում եմ՝ ինչ-որ ներքին կոնսենսուս կա Մոսկվայի ու Բաքվի միջև, որովհետև դեռ Հայաստանին ինչ-որ բաներ պետք է պարտադրվեն, ու դա հնարավոր է բացառապես այդ ճանապարհով։ Սա լավ առիթ է, որ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսի այս մասին ու ասի, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խաղաղության այդ օրակարգը չկայանա ու դրանով հարվածում է Մոսկվայի հեղինակությանը, որովհետև հրադադարի պահպանման առաքելությունն ինքն է ստանձնել։ Նկատելի է նաև, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը միայն Հայաստանն է կատարել, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք չեն կատարում։

– Ճի՞շտ հասկացա, որ այնպես չէ, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում իրենց գործառույթները կատարել, այլ սա հետևանք է, ըստ Ձեզ, ռուս-ադրբեջանական ինչ-որ պայմանավորվածությունների։

-Այո՛, ես այդպես եմ կարծում, որովհետև եթե իրենք չեն կարողանում կատարել այդ գործառույթը, ուրեմն թույլ են, ու սա հարվածում է իրենց հեղինակությանը, բայց եթե Ռուսաստանը շատ կտրուկ չի արձագանքում այս դեպքերին, ապա ինչ-որ ներքին կոնսենսուս կա։

Քնարիկ Պետրոսյան