copy image url
Խոսք 2 տարի առաջ - 10:37 30-09-2021

Հայ դատի գրասենյակը պետք է ակտիվ աշխատանք տանի, ու մյուս երկրները պետք է դիտարկեն՝ իրենց քաղաքական շահին համապատասխանո՞ւմ է Ադրբեջանին, Թուրքիային սանձելը, թե՞ ոչ

Oragir.news-ը զրուցել է ի.գ.թ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

Պարո՛ն Սիմոնյան, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Ինչպե՞ս եք գնահատում այս օրինագիծը, և ինչի՞ արդյունքում է նման օրինագիծ ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը:

– Միանշանակ դրական եմ գնահատում: Կարծում եմ՝ մեր Հայ դատի գրասենյակը շատ կազմակերպված աշխատանք է տարել կոնգրեսականների հետ ու նաև Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անդամների հետ, ինչի արդյունքում կարողացել են գեներացնել նման որոշում, որը հեշտ չէ, որովհետև գիտեք, թե ինչքան ուժեղ է թուրք-ադրբեջանական լոբբինգի ճնշումն ԱՄՆ-ում: Այդ ճնշումներին դիմագրավելն ու նման որոշում ընդունելը, կարծում եմ, քիչ ջանք չի խլել հայկական կազմակերպություններից, ինչի համար պետք է նաև շնորհակալություն հայտնել այդ կազմակերպություններին:

Միևնույն ժամանակ պետք է ասել, որ նույն այդ կոնգրեսականները հասկանում են, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ սանձարձակ է դարձել, ու հնարավոր է նաև, ամերիկյան ընկալումների մեջ, Ադրբեջանը իր հավակնություններով դուրս է գալիս նաև հնարավոր թույլատրելի սահմաններից: Սա հետաքրքիր ազդակ է Ադրբեջանին, որ հենց իրենք են սեփական քաղաքականությամբ փչացնում հարաբերություններն աշխարհի հետ:

Այդ փաստաթղթում տեղ է գտել օբյեկտիվ իրականության արձանագրում: Բոլորն էլ գիտեն, որ ռազմագերիները դեռ այնտեղ են գտնվում, որ Ադրբեջանը թաքցնում է իրական թիվը, նրանց կտտանքների ու խոշտանգումների է ենթարկում ու նաև օգտագործում որպես լծակ՝ Հայաստանի ղեկավարությունից որոշումներ կորզելու համար: Արձանագրված է նաև ագրեսիայի փաստը, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է կատարել՝ ագրեսիա սկսելով, ու պատերազմի ընթացքում կատարել է առանձին պատերազմական հանցագործություններ:

– Որպեսզի այս ընդունված օրինագիծը միայն թղթի վրա չմնա, այլ գործնականում մենք տեսնենք սրանից բխող արդյունքը, ի՞նչ քայլեր են պետք անել:

– Երբ ԱՄՆ-ի նման հզոր պետությունը իր Ներկայացուցիչների պալատով նման որոշում է ընդունում, շատ լավ ազդակ է մեր ԱԳՆ-ի համար, որ նման գործընթացներ նախաձեռնի նաև այլ պետություններում, որոնք նայում են, թե ինչ կանի ԱՄՆ-ն, որ իրենք էլ նմանատիպ վարքագիծ դրսևորեն: Հետևաբար, գնդակն արդեն մեր ԱԳՆ-ի դաշտում է, ու նրա ակտիվությամբ է պայմանավորված միջազգային հանրության մյուս անդամների արձագանքն այս գործընթացներին, որովհետև մինչև այս էլ ու սրանից հետո էլ կլինեն կաշկանդված, բայց այս ակտը բավականին լուրջ է՝ որ մի՛ կաշկանդվեք, իրերը գնահատե՛ք իրենց անուններով:

Լավ կաշխատեն թե վատ՝ ցույց կտա ժամանակը: Նման որոշումների քանակական աճի պարագայում ճնշումը, միանշանակորեն, կբարձրանա Ադրբեջանի վրա:

Չմոռանանք նաև, որ ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և նրա որոշումը ամեն դեպքում պետք է նաև Ադրբեջանին սանձի, չնայած սա դեռևս ԱՄՆ-ի պաշտոնական որոշում չպետք է դիտարկել, բայց ամեն դեպքում կարևոր ազդակ է, կարևոր ակտ, որը պետք է օգտագործվի:

– Իսկ հույսեր ու ակնկալիքներ ունե՞ք, որ մեր ԱԳՆ-ն կկարողանա թիրախային օգտագործել այս, ինչպես ասում եք՝ կարևոր ակտը, պարո՛ն Սիմոնյան:

– Հաշվի առնելով մեր ԱԳՆ-ի վերջին երեք տասնամյակի աշխատանքը՝ հույսերը քիչ են, բայց կան:

– Եթե մեր ԱԳՆ-ն ակտիվ ջանքեր չգործադրի այս ուղղությամբ, ապա ինչպես կարո՞ղ ենք գործնական արդյունք ակնկալել այս օրինագծից:

– Հայ դատի գրասենյակը պետք է ակտիվ աշխատանք տանի, ու մյուս երկրները պետք է դիտարկեն՝ իրենց քաղաքական շահին համապատասխանո՞ւմ է Ադրբեջանին, Թուրքիային սանձելը, թե՞ ոչ: Եթե համապատասխանի, կգնան այդ քայլին, ու էլի կստացվի, որ մեր պասիվության պայմաններում հայկական շահը կպաշտպանվի այլ երկրների կողմից, եթե մերոնք գիտակցեն, որ, ի վերջո, ժամանակն է ամուր կպչել հայկական շահի պաշտպանության գործին, կարող է այս գործընթացն արագանալ:

– Վերջերս Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ուղարկվեց Հաագայի դատարան, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց այս օրինագիծը, պարո՛ն Սիմոնյան, այս կարգի գործընթացները, ընդհանուր առմամբ, ի՞նչ կարող են տալ Հայաստանին:

– Տարբեր գործընթացներ են, տարբեր ազդակներ: Այդ հայցը, եթե կհիշեք, մենք հոկտեմբեր-նոյեմբեր ամսից ենք բարձրաձայնել, ու այդ գործընթացը սկսվել է դեռևս դեկտեմբերից, պարզապես վերջնական հայցը նոր է ուղարկվել: Այնպես չէ, որ նոր բան է, երկար ամիսներ տևած ջանքերի արդյունք է, ու եթե այն մնար պետությանը, կարծում եմ՝ դա էլ չէր անի, բայց քանի որ ահռելի աշխատանք էր կատարվել, ու ոչ միայն պետական ռեսուրսների միջոցով, արդեն անտրամաբանական կլիներ կիսատ թողնել գործը:

Դեռ նոյեմբերից ասում եմ, որ 5-7 կոնվենցիոն պարտավորություններ էլ կան, որ Ադրբեջանը խախտել է, որոնցով նաև կարելի է գնալ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, բայց այս առումով պետությունը ոչինչ չի ձեռնարկել, ցավոք սրտի: Այսինքն՝ եթե ուզենար ակտիվություն դրսևորել, ապա շատ-շատ լծակներ կան, բայց չգիտեմ ինչով է պայմանավորված այդ պասիվությունը: Ձեր նշած մեկ-երկու ակտիվությունը նվազագույնից էլ ցածր է:

– Փաստորեն, եթե պետության կողմից զգալի ակտիվություն չկա, մենք շոշափելի արդյունքների հույս չունենա՞նք:

– Բնականաբար, եթե մենք մեր շահը չենք պաշտպանում, ո՞վ կգա մեր շահը պաշտպանելու: Կարծում եք՝ կլինե՞ն պետություններ, որոնց համար հայերի շահն ավելի բարձր է ու կարևոր, քան մեզ՝ հայերիս համար: Եթե կան այդպիսի պետություններ՝ բախտներս բերել է: