copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:17 29-09-2021

Շահի ու դաշնակցի մեր ընկալումը. հայ-ռուսական հարաբերությունները և մեր կենցաղային հակատրամաբանական մտածողությունը

Դեռ շատ վաղուց իմաստուն հույները ասում էին, որ քաղաքականությունը շահերի պայքար է, որ ունի մրցակցային բնույթ ու տեղի է ունենում միջպետական (քաղաք-պետությունների) հարաբերությունների անարխիկ համակարգում, պետությունների ու դաշինքների միջև։ Այս ձևակերպման մեջ պետությունների վարքը պայմանավորող հիմնական գործոնը այդ պետությունների հզորության-ներուժի չափն էր։ Հույները խելացի էին ու լավ հասկանում էին՝ ինչի մասին են խոսում, քանի որ նրանց մոտ շահն ու մրցապայքարը իրական էր, ընկալելի, տրամաբանված, իսկ ներուժը՝ չափելի։
Դարեր հետո իմաստուն հույների մտքերը դարձան քաղաքական գիտության հիմնասյուները․ ռեալիստները՝ ԱՄՆ-ում, լիբերալները՝ նաև Եվրոպայում, կոնստրուկտիվիստներն ու նեոռեալիստները, պահպանողականները աշխարհի քաղաքականության կոնցեպտները ձևակերպեցին շահի իրացման, համակարգերի, մրցակցային պայքարի, դաշնակցային հարաբերությունների և այլ թեզերի հիմքերով։
Այս ամենի հետևությունը մեկն է՝ ադեկվատ ու ռացիոնալ պետությունը իր քաղաքականության ու նպատակների իրականացման հարցում վերոնշյալ բոլոր իրողությունները պետք է հաշվի առնի։ Սակայն քաղաքականության հայկական ավանդույթը կարծես քիչ այլ է․ այն մի կողմից՝ էմոցիոնալ է ու սենտիմենտալ, մյուս կողմից՝ սոցիալ-կենցաղային իմաստով «шустрый», իսկ քաղաքական առումով՝ ոչ իրատես։ Սա տեսանելի է մեր հարյուրամյակների պատմական ամենատարբեր դրվագներում։
Հենց նման դիրքերից է հայկական քաղաքական ու հանրային ընկալումը հաճախ դիտարկում ու գնահատում քաղաքականության մի շարք այնպիսի կարևոր երևույթներ, ինչպիսիք են ազգային շահերի քաղաքականությունն ու դաշնակցային հարաբերությունները։ Նրանց համար օրինակ՝ դաշնակցային հարաբերությունները մի կողմից՝ իշխանության հասնելու գործիք են, մյուս կողմից՝ «մեծ պետության կողմից փոքր պետությանը քաղաքական որդեգրյալի» կարգավիճակ տալու ֆորմատ։ Մեկի համար դաշնակցային հարաբերությունները ստրկություն են, մյուսի համար՝ սեփական խնդիրները ուրիշների միջոցով լուծելու հնարավորություն։ Մեկի մոտ դա «Հռոմի պապից առավել կաթոլիկ լինելու» կարգավիճակ է ենթադրում, մյուսի համար՝ ռեսուրսների և ուժի հարաբերակցության հիմքով գործակցության հնարավորություն։
Եթե վերացարկվենք դաշնակցային հարաբերությունների զգայական բնորոշումներից և հարցը դիտարկենք պրագմատիկ քաղաքականության դիրքերից, ապա երևույթը ճիշտ ընկալելու համար երկու հիմնական հարցի պետք է պատասխանենք՝ ո՞վ է քո դաշնակիցը և ներուժային ի՞նչ հարաբերակցություն դու ունես նրա հետ։
Քաղաքական իրականության ու առհասարակ սոցիալական կյանքում չի լինում վիճակ, երբ գերտերությունը կամ կայսրությունը՝ մի կողմից, և թույլ ու փոքր ներուժ ունեցող պետությունը՝ մյուս կողմից, լինեն համահավասար քաղաքական կարգավիճակներում, լինեն նույն շահի կրող, քաղաքական նույն կշռի ու պատասխանատվության սուբյեկտ։
Որքան էլ կարելի է խոսել միջազգային իրավունքի ու նրա ընձեռած համահավասար հնարավորությունների ու իրավունքների մասին, այնուամենայնիվ, ինչպես սարկաստիկ ձևակերպում են ցինիկ քաղաքագետները, միջազգային իրավունքը թույլերի սիմվոլիկ զենքն է, որը գործում է ըստ «մեծերի» քաղաքական և ուժային կոնյունկտուրայի ու շահերի։ Այն թույլ ու փոքր երկրների մոտ պաշտպանվածության միֆ, զգացում է առաջացնում։ Մինչդեռ իրական քաղաքականությունը, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր ու հավանաբար 2000 տարի հետո, պայմանավորված է լինելու ուժի հարաբերակցության գործոնով։
Վերոնշյալ թեզերը լիովին տեղայնացնելի են հայ-ռուսական հարաբերությունների, այդ հարաբերությունների հանրային ու քաղաքական ընկալման ու դրանցից բխող սպասումների ու հիասթափությունների տիրույթի վրա։
Վերացարկվելով հայ-ռուսական պատմական կոնտեքստից, որը փոքր հոդվածի ներքո իհարկե հնարավոր չէ դիտարկել, փաստենք, որ հայ-ռուսական հարաբերությունների հանրային ու նաև քաղաքական բաղադրիչը առավելապես զգայական ու կենցաղային բովանդակություն ունի։ Փրկչի, օգնողի, «մեծ եղբոր» կամ «որդեգրողի» ընկալումն ու պիտակը կարմիր գծով անցնում է հայ-ռուսական հարաբերությունների հայկական ըմբռնման մեջ։ Քաղաքական էլիտաները, որ ենթադրելի առավել սթափ ու ռացիոնալ պետք է գնահատեն այդ հարաբերությունների պատմական ու այսօրեական բնույթը, միշտ չէ, որ դա արել ու անում են․ մասնավորապես՝ ոչ սթափ իրողությունների գնահատումը, անհրաժեշտ չափով սեփական երկիրը չզարգացնելը, հետագայում առկա խնդիրները ռուսների միջոցով ու աջակցությամբ լուծելու օրակարգերը, պայմաններ են ստեղծել, որ վերջիններիս ներգրավվածությունն անգամ ՀՀ-ի քաղաքացիների կյանքում լինի շոշափելի մեծ։ Ավելին՝ նրանք ինչ-որ հարցերում դառնան դոմինանտ դերակատար Հայաստանում ու հայերի համար․ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ի քաղաքացիություն են փորձում ստանալ, օգտվում ՌԴ-ի քաղաքացիներին տրվող արտոնություններից, թոշակից, նպաստներից։
Մյուս կողմից, հայ-ռուսական փոխհարաբերությունների խնդիրը նաև ընկալման մեջ է։ Արդյո՞ք ռուսները ցանկացել են ու ցանկանում են այդչափ դերակատարում ունենալ ՀՀ-ում կամ հայ ժողովրդի կյանքում։ Արդյո՞ք նրանց, որպես գերտերության, շահերը ենթադրում է անկախ պետություն կոչվող Հայաստանի խնդիրների լուծմամբ զբաղվել այս չափ, և դա այն պարագայում, երբ ՌԴ-ին առաջնահերթ առավել հետաքրքիր է Հարավային Կովկաս կոչվող ռեգիոնը՝ իր ամբողջության մեջ՝ այդ թվում ՀՀ-ի հակառակորդ համարվող Ադրբեջանի հետ։
«Ռուսական» գործոնի այսպիսի ընկալումն ու նրան քո խնդիրների լուծման նման դերակատարում տալն առաջին հերթին ծուղակ է հենց հայկական քաղաքական մտածողության տեսանկյունից․ ծուղակ առաջին հերթին Հայաստանի համար, ում թվում է, թե իր խնդիրները իրեն «որդեգրած» ՌԴ-ն պետք է լուծի ՀՀ-ի ազգային շահերի տեսանկյունից, քանի որ, ըստ հայ հանրույթի, ՀՀ-ի դերակատարումը ՌԴ-ի համար կենսական է ու անփոխարինելի։ Սակայն արդյո՞ք դա այդպես է, և ո՞վ, ո՞ր չափ և ու՞մ համար ի՞նչ ռազմավարական նշանակություն ունի այս համատեքստում։ Փորձենք շատ հակիրճ դա դիտարկել․
ՌԴ-ում առկա է հայկական ամենից մեծ սփյուռքը, որն ամսական կտրվածքով մոտ 250 000 ֆինանսական փոխանցումներ է անում դեպի ՀՀ․ հավաքական առումով տարեկան կտրվածքով փոխանցումները կազմում են մի քանի միլիարդ դոլար։
ՌԴ-ն ապահովում է ՀՀ-ի ռազմական անվտանգությունը, իսկ ռազմավարական գործակցության մի քանի տարի առաջ թարմացված պայմանագրով նաև ՀՀ-ի ողջ սահմանների անվտանգությունը (այդ թվում նաև հայ-վրացականի անվտանգության ապահովման հնարավորությամբ),
ՀՀ-ին ՌԴ-ն արտոնյալ գներով, երբեմն էլ անվճար, տրամադրում է զինտեխնիկա՝ հաճախ դա ձևակերպելով որպես միջպետական վարկ՝ խիստ արտոնյալ տոկոսներով,
ՀՀ-ի էներգետիկ համակարգը գտնվում է ռուսական բիզնես էլիտայի հայազգի գործարարների սեփականության ու կառավարման ներքո,
ՀՀ ԱԷԿ-ը վառելիք է ստանում ՌԴ-ից, իսկ նրա ֆինանսական կառավարումը իրականացնում է ՌԴ-ն,
ՀՀ-ն ՌԴ-ից գազ է ստանում արտոնյալ գներով,
ՀՀ-ի արտահանման՝ ամենից մեծածավալ սեգմենտը բաժին է ընկնում ՌԴ-ին,
ռուսական տնտեսական ներդրումները ՀՀ-ում մի քանի անգամ գերազանցում են այլ երկրներինը, ՀՀ-ում առկա են ռուսական կապիտալով գործող ամենից մեծ թվով տնտեսվարողներ,
ՀՀ-ն և ՌԴ-ն գործակցում են անվտանգության ու ուժային կառույցների բոլոր մակարդակներում, ՀՕՊ-ի ապահովման ոլորտում,
կողմերը գործակցում են կրթության ու շատ այլ ոլորտներում։
Փորձելով հասկանալ ՀՀ-ի դերակատարումը ՌԴ-ի համար՝ կարելի է նշել, որ ՀՀ-ում է գտնվում ՌԴ-ի ռեգիոնալ միակ ռազմական բազան, որն, ի դեպ, վերջին 10 տարվա ընթացքում ՌԴ-ն երկու անգամ փորձել է հանել՝ նաև հրապարակայնորեն հիմք ընդունելով այն թեզը, որ, քանզի ՀՀ-ն համարում է, որ ռեգիոնում ամենից մրցունակ բանակը հենց ինքն ունի, հետևաբար իրենց ռազմաբազայի գործառնական նշանակությունն իրեն սպառել է։ Սակայն հայկական կողմի խնդրանքով ռազմաբազան ՀՀ-ից չի հանվել։ Կարծում եմ 2020թ․ պատերազմից հետո ՌԴ-ի ներգրավվածությունը ՀՀ-ում ու ռեգիոնում շոշափելի ավելացել է հենց առաջին հերթին ՀՀ-ի խնդրանքով։
Ռազմավարական նման հարաբերակցությունը, բնականաբար, չի կարող ենթադրել համահավասար հարաբերություններ։ Եվ դա տրամաբանական է։ Եթե ՀՀ-ն անհրաժեշտ ջանք ու եռանդ գործադրեր լինելու առավել մրցունակ ու ինքնաբավ, առավել կարող, դա նաև էականորեն կավելացներ ՌԴ-ի հետ նրա գործակցության արդյունավետությունը, ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակը, ինքնաբավությունը, կողմերի հարաբերություններում հավասարակշռվածության աստիճանը և փոխշահավետությունը։ Սակայն ներկա քաղաքական ու անվտանգային իրականությունը լիովին այլ է։
Եվ այս համատեքստում լիովին ու ամբողջականորեն անընկալելի ու ՀՀ-ի համար խիստ վտանգավոր է ինստիտուցիոնալ հակառուսականության պրոպագանդան, որը տարիներ շարունակ տարբեր ինտենսիվությամբ վարվում է ՀՀ-ում։ Պրոպագանդա, որ նստած է զգայական ու ոչ ռացիոնալ հենքի վրա։ Հայ հանրույթը և քաղաքական որոշ շրջանակներ մի կողմից՝ մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի խնդիրների լուծման հարցում, իրենց պատկերացմամբ, անհրաժեշտ չափի ներգրավվածություն չունենալու մեջ՝ երբեմն դա հիմնավորելով, որ ՌԴ-ն չի գիտակցում իր շահերը, կամ «մեզ դավաճանում» է։ Մյուս կողմից՝ նշում են, որ մենք անկախ ու ինքնիշխան երկիր ենք, հայ-ռուսական հարաբերությունները «ստրուկի ու վասալի» հարաբերություններ են, ու ըստ նրանց, պետք է ազատվել այդ «աղետաբեր հարաբերություններից»։
Երկրակործան պաթոսի ու ինքնիշխանության անընկալումը հանգեցնում է նրան, որ մենք ցանկանում ենք անկախ լինել, սակայն մեղադրում ենք ռուսներին մեր խնդիրը չլուծելու մեջ։ Սա հակատրամաբանական ու հակաքաղաքական է։ Եթե առավել կոպիտ՝ միգուցե, սա քաղաքական «идиотизм» է, որը իհարկե ոչ թե ՌԴ-ի, այլ հայկական պետության ու հասարակության համար է հետևանքներ ունենալու։ Պետք է վստահ լինենք, որ ՌԴ-ն իր ազգային շահերը շատ լավ է պատկերացնում, ու այս համատեքստում մնում է, որ մենք՝ ինքներս հասկանանք մեր իրական ու իրատեսական շահերի միջակայքը որն է։
Մենք այդպես էլ չֆիքսեցինք, որ սա հայկական պետությունն է, ու դաշնակիցները ոչ թե նրա համար են, որ մեր խնդիրները լուծեն, այլ որ մեր խնդիրների լուծմանն ուղղված մեր ջանքերին անհրաժեշտ ու հնարավոր չափով աջակցեն։ Առնվազն քաղաքական մանկամտություն է, եթե մենք կարծում ենք, որ մեր ռազմավարական կշիռը այնքան է, որ ՌԴ-ն իր ռազմավարական շահերն ու քաղաքականությունը պետք է զիջի հանուն մեզ, իր հարաբերությունները պետք է վատացնի երրորդ ՝ կարևոր ու ազդեցիկ երկրների հետ հանուն մեզ, պետք է համայն աշխարհին հայտարարի, որ Հայաստանն իր համար բացարձակ, միգուցե լիարժեք առաջնահերթություն է…
Վերոնշյալը փաստում է մեկ բան, որ քաղաքական շահի ու դաշնակցային հարաբերությունների մեր ընկալումը այդպես էլ աճ չի գրանցել, մենք խիստ բարդ ենք հասկանում, թե ինչ է ազգային ու պետական շահը, ինչ են միջպետական հարաբերությունները, քանի որ աշխարհին նայում ենք մեր կենցաղային ընկալման դիտակետից…