Երևան +21°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:59 24-09-2021

Ադրբեջանական դատի Ոդիսականը

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է , որ պատրաստվում է դատի տալ ՀՀ-ին։ Թե ինչի՞ համար և ի՞նչ արդյունքի կհասնի նա՝ թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցեց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի և իրավաբան, փաստաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

«Այդ դատաքննությունը, որպես այդպիսին ,պետք է ընթանա, կողմերը բերեն և փաստարկներ և հակափաստարկներ, սա փաստորեն Ադրբեջանի Հանրապետության կողմից յուրովի տեխնիկա է, ցույց տալով՝ թե իբր մեղադրող կողմը, որ ՀՀ-ն է, սիմետրիկ կերպով արել է նույն բանը, հիմա հետևաբար սեփական մեղքը թեթևացնելու համար է, որովհետև Ալիևն այնպես չէ, որ ասում է չենք արել , Ալիևն ասում է դուք էլ եք արել ։ Իհարկե կանխատեսումների գիրկը չեմ ուզում ընկնել , բայց դատաքննությունը դեռ առջևում է , էլ չեմ ասում այն մասին, որ բազմաթիվ այլ հարցեր են ծագելու, և ընդհանրապես , միջազգային դատական ատյաններում գործողությունները կարող են ընթանալ տարիներով , օրինակ Ուկրաինայի հայցը ընդդեմ Ռուսաստանի, կամ Վրաստանի հայցը ընդդեմ Ռուսաստանի , այսինքն դա այնպես չէ, որ վաղը կամ մյուս օրը պետք է լինի, կարելի է ասել անորոշ երկար ժամանակում այն կպահանջվի գուցե իրագործել»- ասաց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Եռակողմ համաձայնագիրը միակ փաստաթուղթն է, որտեղ Հայաստանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, ընդունել է, որ ինքը ոչ միայն հակամարտության կողմ է, այլ նաև զորքեր է տեղակայել Արցախում: Սա նշանակում է, որ 1993-94թթ-ից սկսած մեր 26 տարվա արտաքին քաղաքականությունը պատռել ենք, ջուրն ենք գցել մի հայտարարությամբ»։Նա շեշտեց, որ ՄԱԿ-ի` ԼՂ-ին վերաբերող 4 բանաձևերում նշված է, որ ԼՂ-ում տեղակայված են հայկական ուժեր, որոնք Արցախինն են և ոչ թե Հայաստանինը: «Հենց սա է հիմք տալիս Ադրբեջանին ու նաև Թուրքիային, որ դատական գործընթացներով ֆինանսական փոխհատուցում պահանջեն իբր թե օկուպացված տարածքների համար: Ես չգիտեմ` այս փաստաթղթի տակից մեր արտաքին գերատեսչությունը ոնց է պատկերացնում, որ պետք է դուրս գա»,- ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

«Մեծ հաշվով, նույն հիմքով, որով մենք դատի ենք տվել խտրական ձևերի բոլոր վերահսկման կոնվենցիայով , այդ կոնվենցիայի շրջանակներում հակընդդեմ հայց է ուզում իբր ներկայացնել, որ ՀՀ-ն էլ իբր հակաադրբեջանական քարոզչություն ենք իրականացնում ու դրա արդյունքն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությանը ականների քարտեզները չենք տրամադրում, և դա դիտարկում է որպես Ադրբեջանի դեմ ատելության դրսևորում, ինչը որևէ ձևով չի կարող կոնվեցիայի շրջանակներում կարգավորել, որովհետև դա խտրականության դեմ քաղաքականությունն է կարգավորում , իսկ մնացած գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքով կարգավորվող հարաբերություններ են»- ասաց իրավաբան, փաստաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր. «Հայաստանը և նրա օտարերկրյա գործընկերները, անօրինականորեն շահագործելով մեր բնական ռեսուրսները, կկանգնեն միջազգային դատարանի առջև, քանի որ հայերի կողմից ոսկու, պղնձի և այլ բնական պաշարների հանքավայրերի թալանը, դրանց ապօրինի շահագործումը համարվում է միջազգային հանցագործություն, և այս ուղղությամբ նաև իրավական ընթացակարգեր են գործարկվել: Օտարերկրյա գործընկերներն արդեն ներգրավվել են այս գործում»,- ասել է Ալիևը: