Ներքին 4 տարի առաջ - 20:59 20-09-2021

Կայացել է «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը

Սեպտեմբերի 18-ին Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի ունեցավ «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը։ Մրցույթն իրականացվել է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և արհեստավարժ ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները եղել են պարզ, միջին և բարդ։ Մասնակցել է 27 թիմ։

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամից հայտնում են, որ թիմերի աշխարհագրությունը բավականին ընդգրկուն էր. կային թիմեր Վանաձորից, Թալինից, Գյումրիից, Գորիսից, Գավառից, Այգուտից, Դիլիջանից, Եղեգնաձորից, Աբովյանից և Երևանից։ Խմբերի առաջ դրվել է երեք խնդիր. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

«Դպրոցահասակներ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման և հեղուկ նյութերի սփռման խնդիրները լավագույնս լուծել է FlyLab Yerevan, իսկ տուժածի հայտնաբերման և գոյատևման փաթեթի առաքման խնդիրը՝ «Բիւրակն» թիմը։

«Սիրողական խմբեր և սկսնակ ընկերություններ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման և տուժածի հայտնաբերման ու գոյատևման փաթեթի առաքման հարցերում առաջատարն էր AHEX թիմը, իսկ հեղուկ նյութերի սփռման հարցում՝ FlyLab-ը։

«Արհեստավարժ ընկերություններ» անվանակարգում կրակի օջախի հայտնաբերման խնդիրը լուծելով հաղթող է ճանաչվել «ՊրոՄաք» ընկերության թիմը։

Մրցավարական խմբում ընդգրկված են եղել Հայկ Ասլանյանը (ՀՀ ԲՏԱ նախարարություն), Բագրատ Վարդազարյանը և Արտավազդ Հովհաննիսյանը (ՀՀ ԱԻՆ), Ալեն Ամիրխանյանը և Արամ Հաջյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), Գոռ Բաղդասարյանը (ՊիքսԱրտ), Րաֆֆի Քասարջյանը և Վահագն Պողոսյանը (ԱՏՁՄ), Ավետիք Քերոբյանը և Արման Պողոսյան (Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ)։

Մրցանակային ֆոնդը, որը տրամադրվել է «ՊիքսԱրտ» ընկերության կողմից, կազմել է 15 միլիոն ՀՀ դրամ։ Առաջին տեղի համար թիմերը ստացել են 800.000, երկրորդ տեղի համար՝ 600.000, իսկ երրորդ տեղի համար՝ 300.000 դրամ մրցանակ։

Մրցույթն իրականացվել է ԵՄ Հորիզոն 2020 «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, որը միտված է արտակարգ իրավիճակներում իրավիճակային իրազեկման համակարգի զարգացմանն ու կիրառմանը, ինչպես նաև առաջին արձագանքողին անհրաժեշտ տեղեկատվության և կապի ծառայությունների տրամադրմանը:

Մրցույթի կազմակերպիչներն են «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել