Երևան +23°
Միտք 8 ամիս առաջ - 22:31 18-09-2021

Ավելի արդար աշխարհի թուրքական տարբերակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում սեպտեմբերի 19-ին մտադիր է Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին ներկայացնել իր հեղինակած անդրանիկ գիրքը՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» (թուրքերեն՝ Daha Adil Bir Dünya Mümkün): Գրքում, որտեղ խտրականության, երկակի ստանդարտների, միգրացիոն ճգնաժամի, միջազգային ահաբեկչության և իսլամաֆոբիայի խնդիրներից զատ հեղինակն անդրադառնում է նաև օրինականության և ներառականության սկզբունքներին, առաջ է քաշում ՄԱԿ-ի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը, ըստ որի՝ Գլխավոր ասամբլեան կարող է գործել որպես ազգային խորհրդարան՝ ընտրելով Անվտանգության խորհրդի անդամներին։ Ակնհայտ է, որ այս գիրքը, որքան էլ փոխարինելու գա Դավութօղլուի «Մարտավարական խորությանը», ոչ միայն չի կարող գերազանցել նախորդին իր ակադեմիական ապարատով, այլև չի կարող կարող դառնալ համաշխարհային բեսթսելլեր, ինչպես ակնկալում են Անկարայում, ընդ որում, անկախ այն հանգամանքից, որ գիրքն արդեն իսկ տպագրվում է անգլերեն, արաբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն։ Նախագահի ամերիկյան հանդիպումներին ընդառաջ մասնագիտական շրջանակներում դիսկուրս է ծավալվում․ ինչու՞ է գիրքը լույս տեսնում հենց հիմա, ի՞նչ ուղերձներ է պարունակում և որո՞նք են գրքում ամփոփված և Էրդողանի կողմից բարձրաձայնվող հավակնությունների նախապատմությունն ու նախադրյալները։

Ակնհայտ է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես՝ այն դարձել է ավելի ագրեսիվ՝ ընդգրկելով Թուրքիայի հարակից բոլոր տարածաշրջանները՝ միջերկրածովյան, բալկանյան, մերձավորարևելյան և հարավկովկասյան։ Էրդողանի կառավարման ուշ շրջանի արտաքին քաղաքական վեկտորի տրամաբանության համաձայն՝ Թուրքիան պետք է ներքաշվի հնարավոր բոլոր հակամարտությունների մեջ՝ դառնալով ակտիվ դերակատար։ Ընդ որում, քաջ գիտակցելով, որ հարևան մի շարք երկրներում ընթացող հակամարտություններում ունի կենսական շահեր, Թուրքիան ավելի հեռուն է գնում՝ արհեստականորեն լարելով այդ հակամարտությունների սրման աստիճանը։ Այս կերպ Թուրքիան ոչ միայն իր նախապայմաններն է առաջ քաշում՝ դնելով բանակցությունների սեղանին, այլև անմիջականորեն բարձրացնում է իր կշիռն ու հեղինակությունը՝ որպես տարածաշրջանային տերություն-մեդիատոր։ Ավելին՝ 2021 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո Քաբուլի միջազգային օդանավակայանի վերահսկման հանձնառություններով և Թալիբանի հետ համագործակցելու պատրաստակամությամբ Թուրքիան ավելի հեռուն է գնում՝ ձգտելով դառնալ աշխարհաքաղաքական խաղացող։ Եվ սա տեղավորվում և բխում է Թուրքիայի նախագահի այն հայեցակարգից, որ պետք է ձևավորվի նոր Թուրքիա, որն ունակ կլինի մասնակցելու ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային խնդիրների և հակամարտությունների կառավարմանը կամ հանգուցալուծմանը։ Նոր Թուրքիայի հայեցակարգը (թուրքերեն՝ Yeni Türkiye kavramı), որը ենթադրում է տնտեսության զարգացում, բարգավաճում և արտաքին քաղաքականության հզորացում, անշուշտ, ձևավորվել, ակադեմիական տեսանկյունից սահմանվել և ներկայացվել է հեղաշրջման փորձից դեռևս տարիներ առաջ, և այս գործում անուրանալի վաստակ ունի Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, ապա վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, սակայն արտաքին քաղաքականության ռազմականացումն ու կոշտ ուժի համալիր կիրառումն առավելապես դրսևորվել է հեղաշրջման փորձից հետո և կապվում է բացառապես Էրդողանի անձի հետ։ Ի տարբերություն Դավութօղլուի, որն արագ չեզոքացվեց և հեռացվեց իշխանությունից, Էրդողանը երկրորդ պլան է մղել տնտեսական գործոնը։ Նախկինում բազմիցս թմբկահարվող այն թեզը, թե Թուրքիան ՀՆԱ-ի ցուցանիշով պետք է տեղ գտնի աշխարհի թոփ-10 երկրների ցանկում, այսօր մոռացվել է։ Ավելին՝ Թուրքիան սահուն քայլերով նահանջում է․ 2021 թվականի տվյալներով՝ Թուրքիան ՀՆԱ-ի ցուցանիշով 20-րդ տեղում է (մոտավորապես 800,000 ԱՄՆ դոլար) և մուսուլմանական աշխարհում արդեն զիջում է ոչ միայն Ինդոնեզիային (16-րդ տեղ, 1,160,000 ԱՄՆ դոլար), այլև իր մերձավորարևելյան մրցակցին՝ Սաուդիան Արաբիային (19-րդ տեղ, 805,000 ԱՄՆ դոլար)։

Արտաքին քաղաքական գծի ուժեղացմամբ Էրդողանը ցանկանում է հասնել ոչ միայն միջազգային դերակատարների փոփոխության և ուժերի հավասարակշռման, այլև գործող աշխարհակարգի վերափոխման։ Որքան էլ ամպագորգոռ թվան Թուրքիայի նախագահի համանման ձևակերպումները, հենց այս համատեքստում պետք է բացատրել նրա հայտարարություններն առ այն, որ ընթացիկ իրողություններն անարդար են և չեն արտացոլում միջազգային իրավունքի սուբյեկտների իրական դերն ու աշխարհաքաղաքական հնարավորությունները։ Էրդողանն, անշուշտ, նախևառաջ հենվում է իր ռազմաարդյունաբերական հաջողությունների վրա, որովհետև հետևողական աշխատանքի արդյունքում կարողացել են հասնել 70 %-անոց ինքնաբավության։ Այս գործընթացը շարունակական բնույթ է կրում և հետապնդում է հայրենական արտադրության ռազմական նոր տեխնոլոգիաների յուրացում՝ առաջին հերթին արհեստական բանակության ռազմական կիրառության և անօդաչուների համար նախատեսված շարժիչների ձեռքբերման կամ սկզբնական շրջանում համատեղ արտադրության տեսանկյունից։ Այլ կերպ ասած՝ Թուրքիային իրականությունից չի կտրում այն արտահայտությունը, որ ՆԱՏՕ-ի կազմում երկրորդ ուժն է և զիջում է միայն Միացյալ Նահանգներին։ Թուրքական իշխանությունները, հրաշալի պատկերացնելով գործող աշխարհակարգի խաղատախտակն ու խաղի կանոնները, քայլ ձիով կատարելու համար ոչ միայն ցանկանում են տիրապետել և ձեռք բերել Արևմուտքի տեխնոլոգիաները, այլև ձգտում են սեփական ուժերով ստեղծել դրանց համարժեքները, որոնք ոչ միայն մրցունակ կլինեն և դռներ կբացեն խոշորամասշտաբ արտահանման համար, այլև էապես կթուլացնեն Թուրքիայի ռազմական ու քաղաքական կախվածությունը։

Ռազմական ներուժի շնորհիվ ներգրավվելով տարածաշրջանային և արտատարածաշրջանային հակամարտությունների մեջ՝ Էրդողանն իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գրքում աշխարհակարգի փոփոխության ծրագիրը ներկայացնում է՝ հենվելով «Աշխարհը մեծ է հինգից» (թուրքերեն՝ Dünya beşten büyüktür) գաղափարի վրա։ Ըստ այդմ՝ աշխարհի կառավարումը չպետք է սահմանափակվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ-պետությունների (ԱՄՆ, ՌԴ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Չինաստան) որոշումներով։ Ըստ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս կառուցվածքն աշխարհում գոյություն ունեցող անարդարությունների գլխավոր պատճառներից է։ Էրդողանը գրում է, որ ԱԽ-ում ներկայացված են Ասիան, Եվրոպան և Ամերիկան, մինչդեռ բացակայում է, օրինակ, Աֆրիկան, և, հետևապես, բացակայում են նաև Աֆրիկայի շահերը։ Էրդողանը, որն առավելապես հայտնի է իր իսլամամետ քաղաքականությամբ, համաշխարհային կառավարման հարցում առանձնակի կարևորում է կրոնաքաղաքական գործոնը՝ նշելով, որ բացի Չինաստանից, ԱԽ մշտական անդամ բոլոր պետությունները քրիստոնեական են, մինչդեռ մուսուլմաններն աշխարհի բնակչության ¼-ն են կազմում և պետք է ներկայացված լինեն նաև որպես մշտական անդամ։ Այս կերպ, իհարկե, Էրդողանը քննադատում և կասկածի տակ է դնում Արևմուտքի կողմից առաջ քաշվող բազմամշակութայնության (մուլտիկուլտուրալիզմ) սկզբունքը։ Համոզված լինելով, որ աշխարհամարտերի իրադարձություններն այլևս չեն արտահայտում գործող ռեալիան՝ Էրդողանը նշում է, որ ՄԱԿ-ը չպետք է առաջնորդվի քաղաքական ներկայիս կարգավիճակը պաշտպանելու տրամաբանությամբ և խուլ ձևանա փոփոխությունների ձայնը լսելիս։ Էրդողանը որպես լավագույն լուծում առաջարկում է 20 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի ձևավորում, որը չի ունենա որևէ մշտական անդամ։ Ավելին՝ Էրդողանն առաջարկում է վերացնել նաև վետոյի ինստիտուտը՝ որպես օրինակ նշելով, որ որևէ երկիր չպետք է կանխի Իսրայելի պես պետության նկատմամբ քաղաքական որոշումների կայացումը։ Առաջ մղելով պաղեստինյան հարցի արդարամիտ կարգավորման հրամայականը՝ Էրդողանն անդրադառնում է նաև Բաշար ալ-Ասադի վարչակարգին ու Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին՝ նշելով, որ Թուրքիան աշխարհում առաջատար է փախստականներին ապաստան տրամադրելու տեսանկյունից, ավելին՝ պաշտոնական Անկարան մշտապես օգնում է կարիքավոր մարդկանց՝ համագործակցելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ։

Ըստ էության, Թուրքիայի ղեկավարն առաջարկում է ստատուս քվոյի փոփոխություն և ուժերի նոր դասավորություն, ինչը, սակայն, ամենևին էլ նոր գաղափար չէ և Էրդողանն էլ առաջինը չէ, որ հանդես է գալիս նման առաջարկությամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտնվելու անթաքույց հայտարարություններով 1990-ականերից ի վեր հանդես են գալիս այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ Գերմանիան, Ճապոնիան, Հնդկաստանը և Բրազիլիան։ Բայցևայնպես, որքան էլ մեծ լինեն թե՛ այս պետությունների, և թե՛ Թուրքիայի ցանկությունները, ՄԱԿ-ի ԱԽ մշտական բոլոր հինգ անդամներն ունեն ձևավորած կոնսենսուս․ Անվտանգության խորհրդի մշտական կազմը չպետք է փոփոխության ենթարկվի թեկուզ միայն այն պատճառով, որ ծայրաստիճան բարդանալու է որոշումների կայացման գործընթացը։ Հետևաբար, եթե ՄԱԿ-ին կերակրող Գերմանիան սպասում է հերթում, ապա պետք է սպասի նաև Թուրքիան՝ բավարարվելով քննադատական ամբոխահաճո ելույթներով։

Վանատուր Շերենց

թուրքագետ