Երևան +12°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:46 14-09-2021

«Անհրաժեշտ է ի վերջո հասնել տարածաշրջանում երկարատև խաղաղության և համագործակցության ապահովման, իհարկե` առանց մեր ազգային շահերը ստորադասելու». Կարեն Սարգսյան

Oragir.news-ի հետ զրույցում կառավարման փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը անդրադարձել է տարածաշրջանային տնտեսական ճանապարհների ապաշրջափակման և դրա՝ Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությանը, բացասական և դրական կողմերին։

-Պարոն Սարգսյան, ի՞նչ կասեք հաղորդակցութունների ապաշրջափակման և դրանց ազդցության մասին ։

-Հաղորդակցությունների ապաշրջափակումը բնականաբար կարևոր գործոն է տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների ակտիվացման և երկրների տնտեսությունների զարգացման տեսանկյունից: Կոնկրետ Հայաստանի համար սա ունի թե՛ իր դրական և թե՛ բացասական դրսևորումները: Որպես դրական գործոն՝ այն նախ նշանակում է համաշխարհային կարևոր լոգիստիկ շղթայում հանդիսանալ որպես կարևոր աշխարհատնտեսական հանգույց՝ կապելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղղությունները: Սա հայկական ապրանքների համար շատ լավ հնարավորություն է ավելի արագ և ավելի քիչ ծախսերով դուրս գալ ասիական և եվրոպական շուկաներ: Իսկ որպես տարանցիկ երկիր հանդիսանալը նշանակում է նաև տարանցիկ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների գծով գանձվող մաքսատուրքերի, ճանապարհային վճարների տեսքով շոշափելի բյուջետային մուտքեր, ինչպես նաև պահեստային տնտեսությունների և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների գործարկում, որոնք սպասարկելու են վերը նշված տրանսպորտային մագիստրալները։ Սա նաև նշանակում է մինչև 1993 թվականը գործող՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բոլոր տեսակի տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացում, ինչը կապահովի կարճ երթուղով դեպի Եվրոպա առևտրային ուղի մեզ համար, բացի այդ, այս համատեքստում ենթադրվում է նաև էներգետիկ համագործակցություն։

-Ի՞նչ ազդեցություն դա կունենա ՀՀ-ի համար։

-Հայաստանի համար դա նախևառաջ ավելցուկային էլեկտրաէներգիան արտահանելու և գոյություն ունեցող բոլոր գեներացիոն հզորությունները գործարկելու ու նորերը կառուցելու հնարավորություն է: Եվս մեկ դրական գործոն կարող է հանդիսանալ սահմանային ջրային ռեսուրսների շուրջ համագործակցությունը, մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանագծի երկայնքով նոր ջրամբարների կառուցումը, ինչը Արարատյան դաշտավայրը անխափան ոռոգման ջրով ապահովելու համար կարևոր հնարավորություն կհանդիսանա:

-Տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հնարավոր բացասական կողմերի մասի՞ն ինչ կասեք։

-Կան ռիսկեր, որոնց անտեսումը կհանգեցնի մեր տնտեսության մրցունակության անկմանն ու թուլացմանը, ինչպես նաև մեր երկրի համար անվտանգության լուրջ մարտահրավերների: Եթե արդյունավետ կերպով չկառավարվեն այս ռիսկերը, ապա Հայաստանի տնտեսությունը ոչ միայն որևէ շոշափելի օգուտ չի ստանա ապաշրջափակումից, այլև կհայտնվի ադրբեջանա-թուրքական կապիտալի ազդեցության տակ, ինչը նաև քաղաքական առումով է մեզ համար սպառնալիք հանդիսանալու: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ տարածաշրջանում հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումը կարճաժամկետ հատվածում դեռևս լուծում չի ստանա, և դեռ որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի այն թղթից գործի վերածվի, այսինքն սա պետք է իրականացվի առանց միակողմանի զիջումների և նախապայմանների, շահագրգիռ բոլոր երկրների համար ընդունելի և փոխադարձ համաձայնեցված ձևաչափով։ Իսկ եթե կարճաժամկետ հատվածում մեզ հաջողվի բարձրացնել մեր երկրի մրցունակությունը և լուծել անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրները, ապա ապաշրջափակումը մեզ համար չի կարող լուրջ մարտահրավեր հանդիսանալ:

-Ապաշրջափակման դեպքում Հայաստանում կարո՞ղ է կրկնել Վրաստանի սցենարը։

-Ինչպես գիտենք, Վրաստանը Ռուսաստանի հետ քաղաքական և առևտրատնտեսական կապերը խզելուց հետո հայտնվեց Թուրքիայի տնտեսական ազդեցության ներքո և ներկայումս այդ երկրում խոշոր կապիտալը հիմնականում կենտրոնացված է թուրք գործարարների ձեռքում։ Առհասարակ, ինչպես գիտենք կապիտալը երկիր և ազգություն չի ճանաչում և սովորաբար հոսում է այնտեղ, որտեղ ավելի բարձր հատույց է հնարավոր ապահովել: Սակայն, Հայաստանի նման երկրում, որտեղ առկա չեն կապիտալի շուկայի զարգացած ենթակառուցվածքներ, օտարերկրյա ներդրումները հիմնականում կարող են լինել ուղղակի ներդրումների տեսքով և օտարերկրացիները, այդ թվում՝ հարևան երկրներից, կարող են փաստացի դառնալ բազմաթիվ ընկերությունների, տարածքների և գույքի սեփականատերեր: Մի կողմից, թվում է, դրական է կապիտալի մեծ ներհոսքը դեպի մեր երկիր, սակայն մյուս կողմից էլ, այսպես կոչված «աջարիզացման» վտանգն առկախված է մնում։Մենք պետք է բավական սթափ և համարժեք գնահատենք նմանատիպ սցենարի հնարավորությունը, այն է՝ երկրում թուրքական կապիտալի հնարավոր ընդլայնման նպատակահարմարությունը և դրանից ածանցվող ռիսկերը՝ մեր ազգային անվտանգության համար: Իհարկե, առաջին հայացքից սա այդքան վտանգավոր չի թվում, սակայն տնտեսական նման էքսպանսիան հաճախ հանդես է գալիս ոչ պակաս վտանգավոր, քան ցանկացած ռազմական հակամարտություն։ Սա պայմանավորված է նրանով, որ նմանատիպ գործընթացը երկարաժամկետ հատվածում մեր երկրի համար ազդեցության և կախվածության նախադրյալներ են ստեղծում։ Այս առումով, մենք պետք է հստակեցնենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեր սեփական տեսլականը, որը խարսխված կլինի մեր ազգային անվտանգության ապահովման և անցյալ ու ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացման վրա։ Այս առումով, կարծում եմ, անհրաժեշտ է բավական արագ կարգով օրենսդրական համապատասխան դաշտ ապահովել, որի միջոցով հնարավոր կլինի սահմանափակել հողամասերի, անշարժ գույքի, ինչպես նաև կազմակերպություններում նշանակալի բաժնեմասի կամ փայաբաժնի ձեռքբերումը կոնկրետ նշված երկրների քաղաքացիների և կազմակերպությունների համար՝ միաժամանակ խթանելով ներքին ներդրումները և զարգացնելով կապիտալի շուկան։