Երևան +22°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:06 11-09-2021

Կոմիտասի թուրք ընկերն ու Համիդյան ջարդերը. կայացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան

Դերասանական փայլուն խաղ, հուզված հանդիսատես ու չդադարող ծափեր. Երևանում հանդիսավորությամբ կայացավ դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան, որն անընդհատ հետաձգվում էր, սկզբում` կորոնավիրուսի, իսկ հետո` 44–օրյա պատերազմի պատճառով։

Փակ դիտումն առաջին անգամ եղել է 2019 թվականին Լոս Անջելեսում։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին և պատմում են Համիդյան ջարդերի մասին։

Պատմությունը ներկայացնում է Կոմիտասի ու նրա մտերիմ ընկերների կյանքը, որոնց համար ճակատագիրը դաժան փորձություն է նախատեսել։

Կոմիտասի կերպարը մարմնավորում է դերասան Սամվել Թադևոսյանը, որն իր լռությամբ ու խոսուն հայացքով փոխանցում է Վարդապետի դժբախտ մանկությունն ու կիսատ երազանքները։

Նշենք, որ Սամվելը երևանյան պրեմիերային ներկա չէր, քանի որ գտնվում է Իտալիայում և զբաղված է նոր ֆիլմի նկարահանումներով:

Ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանը, որը ֆիլմում մարմնավորում է թուրք զինվորականի, նշեց, որ հայ ազգը անընդհատ կենտրոնանում է 1915 թվականի ցեղասպանության վրա, սակայն մինչ այդ նույնքան դաժան ջարդեր եղել են Սուլթան Համիդի օրոք, որոնք շատ մեծ հետք են թողել Կոմիտասի վրա։

«Ես կարծում եմ, որ մարդուն, Կոմիտասի դեպքում՝ հանճարին, ստեղծում են այն իրադարձությունները, որոնք կապ ունեն իր կյանքի հետ։ Ես կենտրոնացել եմ Կոմիտասի մանկության վրա։ Նա որբ էր, և մոր բացակայությունը մեծ հետք էր թողել նրա վրա։ Կոմիտասը բազմաթիվ ստեղծագործություններ ունի նվիրված մորը։ Ես ներկայացրել եմ, թե ինչ կյանքով է ապրել հանճարը։ Չեմ կենտրոնացել վերջին տարիների վրա, քանի որ իմ համեստ կարծիքով վերջին տարիներին նա ուղղակի խռովել է աշխարհից, ոչ թե գժվել։ Միաժամանակ ուզում եմ շեշտել, որ ֆիլմը Կոմիտասի մասին չէ, այլ Համիդյան ջարդերի, որն աշխարհը պետք է իմանա և ճանաչի Կոմիտասի ու իր երաժշտության շնչով»,– ասաց ռեժիսորը։

Ֆիլմի սյուժեում մի արվեստասեր կնոջ՝ Սիրվարդ Կավուկչյանի տատիկի պատմությունն է:

Արման Նշանյանի մարմնավորած կերպարը` Օսմանը, և նրա կինը` թրքուհի Սևիլը, իրենց կյանքը վտանգելով, փորձում են փրկել Սևիլի հայ ընկերուհուն` Սոնային, ու նրա որդուն։

Կոմիտասի երկու մտերիմ ընկերներին՝ հայուհի Սոնային ու թրքուհի Սևիլին, մարմնավորում են դերասանուհիներ Տաթև Հովակիմյանն ու Արևիկ Գևորգյանը:

«Թեման շատ սուր է։ Այստեղ կա թուրքի և հայի ընկերություն։ Եվ թուրքը փորձում է փրկել հայ ընկերուհուն՝ վտանգելով ինքն իրեն: Կարծում եմ՝ ֆիլմի մեսիջն այն է, որ անկախ ազգությունից՝ մենք կարող ենք մեկս մյուսին որպես մարդ սիրել։ Ֆիլմի ստեղծագործական թիմը ջանք ու եռանդ չի խնայել հանդիսատեսին լավագույնս ներկայանալու համար»,-ասում է Տաթևը։

Դերասան Սոս Ջանիբեկյանը մարմնավորում է Սոնայի ամուսնուն, որին թուրքերը դաժանաբար սպանում են հայ լինելու, հայկական մշակույթը պահպանելու համար։

«Իմ կերպարի միջոցով մարմնավորում եմ հայկական մշակույթը, որն ամենախոցելին է, հային վերացնելու համար միշտ սկսում են մշակույթից։ Երբ ինձ հարցնում են՝ լա՞վ ֆիլմ է, թե՞ վատ, հարցնում եմ՝ ինչի՞ համեմատ։ Վստահ եմ, որ հայկական շուկային սա նոր շունչ, նոր ճաշակ, նոր աշխարհայացք կբերի»,– ասաց դերասանը։

Դերասանուհի Արևիկ Գևորգյանն էլ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Արման Նշանյանից։

«Կարծում եմ՝ չկա մի հայ, որն անտարբեր կարող է մնալ այս պատմությանը: Երբ ծանոթացա սյուժեին, իմ մեջ ունեի մի նպատակ՝ իմ աշխատանքով, իմ մասնագիտության մեջ այնքան հմտանալ, որ հնարավորություն ունենայի իմ խոսքն արտահայտել որպես դերասանուհի, որպես մարդ և այս պատմությունը աշխարհին լսելի դարձնել: Շատ երկար ճանապարհ ենք անցել մինչև նկարահանումները սկսելը: Բոլորս, վստահ եմ, հուզված ենք, որովհետև սա շատ կարևոր աշխատանք է մեզ համար»,–ասաց նա:

Դերասանուհին շեշտեց, որ չնայած մարմնավորում է թրքուհու, բայց կերպարը կերտելիս երբեք չի հիմնվել նրա ազգության վրա, որովհետև կան այնպիսի համամարդկային արժեքներ, որտեղ ազգությունը լռում է:

Դերասան Արտաշես Ալեքսանյանը, ի տարբերություն մյուսների, այդքան էլ չի ցանկացել կրկին թուրքի դեր տանել (սա նրա 3–րդ դերն է): Խոստովանում է՝ սկզբում չի ցանկացել ընդունել առաջարկը, բայց ծանոթանալով սյուժեին ու իր կերպարին՝ համաձայնություն է տվել։

«Սցենարը կարդալուց հետո եմ համաձայնվել այդ առաջարկին, որովհետև սա բոլորովին այլ կերպար էր: Եթե մինչ այդ ես կերտել էի զինվորականի, գեներալի, այս մեկը շատ ավելի հզոր և վտանգավոր է, որովհետև վերացնում է հայ մշակույթը։ Նա շատ լավ ծանոթ է հայ մշակույթին, երաժշտությանը, դրա համար այս կերպարը ոչ թե ֆիզիկապես է վերացնում հային, այլ վերացնում է հայոց մշակույթը»,–նշեց նա:

Հիշեցնենք, որ «Սողոմոնի երգերը» ընտրվել էր Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացներ Հայաստանը 2021 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը:

Ֆիլմի համապրոդյուսերներից է Նիք Վալելոնգան, որը «Օսկար» մրցանակի արժանացած «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսերներից է: Նա, ի դեպ, ևս ներկա էր պրեմիերային: Այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կողմից Վալելոնգան արժանացել է ոսկե մեդալի։

Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան-Պիեր Նշանյանն ու այլք: