Երևան +14°
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 23:59 19-06-2022

«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան

Հունիսի 18-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ մի նոր աննախադեպ իրադարձություն: Երկարատև դադարից հետո, ավելի ստույգ 1993 թվականից հետո, կրկին կարողացանք վայելել հանճարեղ Արտավազդ Փելեշյանի ևս մի նոր ֆիլմ: Այդ օրը «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը կազմակերպել էր «ԲՆՈՒԹՅՈՒՆ»՝ ֆիլմի երևանյան պրեմիերան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Քոչարյանը։

Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում 2020 թվականին: Իսկ ֆիլմի վրա ռեժիսորը աշխատել է 15 տարի: Ֆիլմը նկարահանվել է ֆրանսիական Cartier և գերմանական ZKM FILMINSTITUTE հիմնադրամների աջակցությամբ, և այն հնարավոր է դարձել ավարտին հասցնել հայկական «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի աջակցությամբ։



«Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հանրահայտ New York Film Festival փառատոնում 2021 թվականի սեպտեմբերին։ Վերջինիս հաջորդեց եվրոպական պրեմիերան՝ Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանը կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար արժանացել է նաև «Life achievement award» հատուկ մրցանակի:



Ֆիլմը սև սպիտակ է: Երբ 2018 թվականին պատրաստվում էինք նրա 80-ամյա հոբելյանին, Արմեն Մանուկյանի հետ հաճախ էինք լինում նրա տանը, վայելելով նրա հյուրընկալությունն ու տիկին Աիդայի համեղ հյուրասիրությունը: Օրերից մի օր նա միացրեց համակարգիչը և ցուցադրեց դրվագներ նոր ֆիլմից: Դրանք գունավոր էին: Երբ ես հիշեցրեցի այսօր, որ մենք տեսել ենք գունավոր հատվածներ, ասաց . «Ճիշտ ես հիշում: Սակայն հետո ես դարձրեցի սև-սպիտակ, թե չէ շատ վառվռուն էր»:

Ամբողջ ֆիլմի ընթացքում էկրանին բնության առհավիրքներ են. Երկրաշարժեր, փոթորիկներ, ցունամիներ,տորնադոներ, ձնհալներ,հրաբուխների ժայթքումներ, մարդկային զոհեր, ողբերգություն:



Երբ նայում ես այդ ամենին, ուզում ես բղավել, որ լսի ամբողջ երկրագունդը: ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ, ՄԱՐԴԻ՛Կ… Բնությանը չի հետաքրքրում ձեր ամբիցիաները, ձեր պահնջները, ձեր ատելությունը մեկը մյուսի նկատմամբ, նրան չեն հետաքրքրում ձեր պատերազմներն ու բարբարոսությունները: Բնությունը ընդիմանում է այդ ամենին, ինչի արդյունքում էլ տեղի ունենում բնական աղետներ: Բնությունը հոգնել է ձեզանից և սա է նրա պատասխանը ձեզ: Հիշեք 1988-ի հայաստանյան արհավիրքը… Ի դեպ 88-ի երկրաշարժի կադրերը նույնպես տեղ էին գտել ֆիլմում:



Եվ այսպես 27 տարի անց մենք կրկին վայելեցինք Մաեստրոյի մի նոր ֆիլմ: Հանդիսատեսը կարոտել էր նրա ֆիլմերին: Այդ մասին վկայում էր միայն այն փաստը,որ դահլիճում ազատ տեղեր չկար,ավելին,հանդիսատեսը կանգնած էր և նույնիսկ նստած գետնին:
Հարկ է նշել, որ ֆիլմը Վարպետը նվիրել է իր սիրելի և անփոխարինելի տիկնոջը՝ տիկին Աիդային: Երբ տիկին Աիդայի հետ զրուցելիս նշեցի այդ փաստը,ասաց, որ ամուսինը չեր ուզում, ես ինքս պնդեցի և երբ հարցրեց,թե ինչու՞, պատասխանեցի,որովհետև դա իմ կյանքն է:
Բռավո,Մաեստրո: Շնորհակալ եմ ճակատագրին,որ ձեր ժամանակակիցն եմ,ավելին, հնարավորություն եմ ունեցել աշխատել ձեզ հետ: Շնորհակալ եմ հրավերի համար, վերաբերմունքի համար: Սպասում ենք Ձեր նոր աշխատանքներին:

Հաջորդ տարի Ձեր 85-ամյակն է, հուսամ կրկին կաշխատենք միասին և կհանդիպենք բեմում, հոբելյանական երեկոյի ժամանակ, շարունակելով 2018-ին հիմնած բարի ավանդույթը: Դե, ուրեմն , մինչ հանդիպում: