copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:13 09-09-2021

Վանոն էր ճիշտ, իսկ մենք սխալ․ զրույց «կենցաղային հայի» մասին

«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով: Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական` մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով` հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա…»։

Դժվար թե գտնվի մեր իրականության ու մեր առավել տիպական բնորոշում, քան Վանո Սիրադեղյանի այս ձևակերպումն է։

Անվտանգությունը մարդու առաջնային պահանջմունքն է։ Դա բնական է ու տրամաբանական։ Սոցիալական մարդու համար անվտանգությունը նույնպես առանցքային ու կենսական է, սակայն մեկ բայցով․ այս պարագայում անվտանգությունը լրացվում է նոր տարրերով՝ տնտեսական բարեկեցություն, սոցիալական կանխատեսելի շփումներ, հոգեբանական առողջություն, ապագայի նկատմամբ հավատ և այլն։ Պետությունը քաղաքացու անվտանգության գլխավոր երաշխավորն է ու ինչպես դեռ 17-րդ դարում Թ․Հոբսն էր նշում, պետությունը ստեղծվեց հենց այդ նպատակով, որ վերջ տա «բոլորի պատերազմին բոլորին դեմ»։

Այն ազգերն ու ժողովուրդները, որոնք պատմականորեն ու ներկայումս ունեն անվտանգության դեֆիցիտ,ենթադրաբար պետք է ունենան նաև անվտանգության ապահովման սրված զգացում ու պահանջմունք։ Սովորաբար դա ընկած է նրանց աշխարհընկալման հիմքում և հանդիսանում է նրանց՝ պետություն ունենալու հիմնական դրդապատճառը։ Եթե թվարկենք այդ ազգերին, ապա առաջին հորիզոնականը հավանաբար կզբաղեցնեն հրեաները, հետո հայերը, պաղեստինցի արաբները, քրդերը և այլք։

Երբ անվտանգության դեֆիցիտը սուր է, մարդը քաղաքացիական ու անհատական իր դերային վարքով ցանկանում է ուժեղացնել իր անվտանգություն երաշխավոր պետությանը։ Սա այն դեպքն է, երբ ազգային-պետական ու անհատական շահը դառնում են առավելագույնս նույնական։ Սակայն կյանքը և պատմությունը փաստեցին, որ լինում են վիճակներ ու իրավիճակներ, երբ այս օրինաչափությունը ոչ միայն չի գործում, այլև դրսևորվում է հակառակ կերպ։

Ու այստեղ հարց է ծագում, թե ո՞րն է այն հիմնական պատճառը կամ պատճառների խումբը, որ կարող է մարդու ու անհատի բնական ու սոցիալական բնազդ հանդիսացող անվտանգության, ինքնապաշտպանության զգացումը բթացնել, բեկանել դրա առաջնահերթությունը՝ տալով նրան երկրորդային կարգավիճակ։

Կենցաղային մարդը (հայը) սոցիալ-հոգեբանական որոշակի պայմաններում իր անվտանգությունը, այսինքն՝ պետություն ունենալու, հետևաբար անվտանգության ապահովման վիճակում լինելու հիմնական նախապայմանը զիջում է այլ՝ երբեմն երկրորդային պահանջմունքների, այդ թվում՝ իրեն որոշակի անհատական գոհունակություն տվող վիրտուալ իրողությունների։ Նշենք, որ կենցաղային գիտակցության հիմքում կարճաժամկետ օգուտ ստանալու, հետևաբար կենցաղում առավել բարեկեցիկ ապրելու կանխադրույթն է։ Սոցիալական այն «միֆը», որ պետությունը, հայրենիքը արժեք են, կենցաղային հայի պարագայում դադարում են լինել առաջնահերթ, կենսական, եթե արժեքի մասին նրա գավառական պատկերացումների ներքո չեն տեղավորվում։ Այսինքն՝ նրա գիտակցության սահմաններում անհրաժեշտ խորությամբ ու մասշտաբով չեն արտացոլում նրա կենցաղային պահանջմունքները։

Կենցաղային հայի համար պետությունը մի կառույց է, որը կա ինքնին ու ինքը, ինչ-որ պարբերականությամբ, շփվում է նրա հետ։ Շփումը երբեմն իրողություն է դառնում Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումը դիտելու տեսքով․ երբեմն՝ առավել սերտ, առարկայական։ Միաժամանակ, եթե այն (պետությունը) չլինի, կենցաղային հայը իր հարցերը, ամենայն հավանականությամբ, կարող է լուծել նաև «իր ձևերով»՝ ոչ ֆորմալ գործիքներով, կապերով, միջավայրային գործոններով։

Պետության՝ որպես արժեքի ապալեգիտիմացման պայմաններից մեկը, առնվազն այն է, որ կենցաղային հայի շահի դիրքերից այն չի լցվել նրան անհրաժեշտ, նրա արժեքային պատկերացումներին համահունչ կիրառական ու նյութական բովանդակությամբ։ Բովանդակություն, որտեղ «հայի» պարտականությունները պետք է լինեն սակավ, իսկ լիազորություններն ու հնարավորությունները մեծաթիվ։ Այսինքն պետության մասին նրա առաջնային ընկալումը կենցաղայինն է՝ անձնավորված սեփական Ես-ի տիրությում։ Հետևաբար, եթե նա, առանց այդ պետության, իր պատկերացրած հարցերը կարողանում է լուծել, ապա պետության առկայության անհրաժեշտությունը ո՞րն է։

Հենց այս տեսանկյունից պետք է արձանագրել, որ կենցաղային հայի համար պետությունը առաջին հերթին բնակատեղի է։ Իզուր չէ, որ մեզանում առկա է կեցութային հիմքային բնորոշաձև, որի համաձայն, արդյունավետ մոտեցումը «որտեղ հաց, այնտեղ կաց»-ն է։ Իսկ բնակատեղիներ աշխարհի վայրերում նույնպես կան, և միշտ կարելի է գտնել այլ, օտարի բնակատեղի, բնակվել այնտեղ, սակայն արդեն կենցաղային ու բնակության խաղի լիովին այլ՝ խիստ կանոների ներքո և բարձր պատասխանատվությամբ։

Պետությունը դիտելով որպես բնակատեղի՝ ազգը վերածվում է ազգաբնակչության, ժողովրդի, ընտրազանգվածի։ Կենցաղային հայը, առաջնորդվելով կենցաղվարման իր մշակույթով, իրեն պատասխանատու է համարում բացառապես իր արածի, այսինքն իր կենցաղային գործունեության ինչ-որ դրվագների համար։ Ի դեպ, կենցաղը, առհասարակ,անձնական և ոչ թե հանրային պատասխանատվության հարց է։ Թերևս նաև դա է պատճառը, որ կենցաղային հայը տարիներ շարունակ կարծում էր ու հայտարարում, որ իր քաղաքական ընտրությունից ոչինչ կախված չէ, որ ինքը, մասնակցելով ընտրական հանցավոր գործընթացների, խաբեության ու ընտրակեղծիքի զոհ է։ Մյուս կողմից զոհ լինելը միշտ շահեկան է։ Այն կենցաղային «շուստրիության» դրսևորում է․ միշտ կարելի է ինչ-որ մեկից գումար վերցնել, ընտրել նրան ու ասել, որ դու խաբվել ես, դու խեղճ ես, միամիտ։ Դա հարմար գործիք է սոցիալական ու այլ պատասխանատվություններից խուսափելու համար։ Մինչդեռ սոցիալական ներքևներում դա հիմնավորվում է «սաղ սուտ է», «ամեն բան վերևներում է որոշվում» ու նման ձևակերպումներից կազմված արհեստածին ու կեղծ թեզերով։

Հենց այս համատեքստում մենք՝ որպես նաև կենցաղային հայերի հանրույթ, կարծում ենք, որ անարդարությունը վերևներում է, իսկ ներքևներում կան անձնական կապերի ամուր ու բարոյական ձևաչափեր, ներքևները ո՛չ մեղավոր են, ո՛չ պատասխանատու։ Միաժամանակ, սակայն այս պարագայում պետությունը շարունակվում է դիտարկվել որպես անարդարության ու խնդիրների հիմնակն աղբյուր։ Իզուր չէր, որ տարիներ շարունակ հանրային շրջանակներում տարածված էր այն թեզը, թե օրինակ՝ Արցախի հարցը կեղծ է և վերևների քաղաքական հարց է։ Մենք թուրքի հետ հանգիստ կարող ենք ապրել։ Ի դեպ, այս պարագայում «ապրելը» բացառապես «կենցաղային» բովանդակություն ունի։ Այսինքն կենցաղային գիտակցությամբ հանրույթը կարծիք է հայտնում, որ քեզ բնաջնջել պատրաստվող ու այդ մասին հրապարակային հայտնող պետության ազգի ու քաղաքացու հետ ինքը պատրաստվում է կենցաղ կիսել։ Իսկ որպես անհերքելի փաստարկ՝ բերվում էր ՀԽՍՀ Մասիսի շրջանում, Ղափանում բնակվող թուրքերի, ԳՈՒՄ-ի շուկայում կանաչի վաճառող ադրբեջանցիների, կամ ՌԴ-ում ադրբեջանցիների հետ շահեկան բիզնես անող հայերի մասին ինչ-որ փաստեր։

Այսինքն, անհրաժեշտ սոցիալ-սպառողական մշակման արդյունքում մենք՝ որպես հանրույթ, կարծում ենք, որ անհատական մակարդակում մենք մեր թշնամու հետ բավական լավ կարող ենք համակեցության գնալ, ու հատկանշական է, որ առևտուրը դիտարկվում է, որպես դա իրագործելու լավագույն ու արդյունավետ գործիք։ Ու պետությունը դրան չպետք է խանգարի։ Սա առնվազն արձանագրում է այն պարզ փաստը, որ կենցաղային հայի համար պետությունը, որի առաքելությունը պետք է անվտանգության ապահովումը լինի, պետքական չէ։ Այն, այդ հայի գիտակցության տեսանկյունից շարունակումէ դիտվել որպես բնակատեղի, որտեղ կարելիէ ապրել, սնվել, քնել, բայց ոչ պատասխանատվություն կրել։

Միգուցե հենց նման գիտակցության արգասիք է նաև այն, որ կենցաղային հայը ամեն տեղ գլուխ է գովում 300 հազ․ կմ տարածք ունեցող աշխարհակալ Տիգրան Մեծի կայսրության մասով, մինչդեռ ներկա Հայաստանի տարածքը մոտ 30 հազար է։ Կենցաղային հայը, ով Արարատը համարում է իր սուրբ լեռը, մոռանումէ նշել, որ այդ սուրբ լեռը այլ երկրի տիրապետության տակ է։ Կենցաղային հայը, որ հպարտանում է իր պատմական անցյալով, քրիստենեությամբ, իր ինչ-որ ձեռքբերումներով, սակայն ներկայումս գոյաբանական ու գիտակցական ճգնաժամի մեջ է ու վաստակած հպարտության որևէ աղբյուր չունի՝ ՀՀ-ի սահմանները չպաշտպանելու մեջ մեղադրելով իր գործընկեր երկրներին։

Արձանագրենք, որ «պատմականությունը» կենցաղային հայի ինքնապաշտպանական զենքն է։ Նա ցանկանում է պատմականությամբ լրացնել հոգեբանորեն իր պաշտպանված լինելը, հզորության ու մրցունակության միֆ ստեղծել ու միաժամանակ պատասխանատվություն չկրել։ Պատմականությունը մեր ոչ մրցունակ ներկան կոմպենսացնելու բնազդի տեսակ է։ Այսօր մեր ինքության գրեթե ամեն բաղադրիչ պատմական է․ մեր ինքնությունը, մեր հաջողությունները, մեր ով լինելը, մեր՝ անգամ ներկա նպատակները պատմական են և արդարության վերականգնման հետ են կապված։ Մեծ հաշվով անդադար հղումը պատմականությանը փորձ է կոծկել մեր ներկան, փորձել մոռանալ մեր իրական վիճակը, մեր ով լինելը։ Դա լավ ստացվում է նաև համացանցային տիրությում պաթոսի անվերահսկելի դոզաների հանրայնացման միջոցով, որը սեփական ու հանրային ինքնախաբեության լավագույն ու զգայական գործիքներից է։

Ի դեպ, իմիտացիոն մրցակցությունը նաև կենցաղային հայի առօրեական վարքում է տեսանելի։ Նա փորձում է լինել ու երևալ առավել մրցունակ ինչպես հյուրերի ու իր կենցաղային միջավայրի շրջանակներում, այլնպես էլ առհասարակ ամենուր։ Կենցաղային հայը մեծ հաշվով ուրիշի շորը հարսանքիին հագնող, ուրիշի մեքենայով հարսանիք գնացող, հարսանիքում «խորովածի երգ»-ի տակ ծափ տվող, ինքն իրեն հույս տվող, բայց որևէ քայլ չանող, իր սեփական վախերից ինքն իր «հզոր ու պատմական առաքելության կրող» հռչակող լինելու մասին միֆեր ստեղծող հանրույթ է։ Կեղծը իրականության ներքո դիտարկելով՝ նա կտրվում է իրականությունից ու իրեն երջանիկ զգում կոմֆորտի մտացածին, վիրտուալ վիճակում։ Եվ, երբ իրավիճակ է փոխվում, որ նախկին վիճակներն այլևս կենսունակ չեն, նա, պետությունը դիտարկելով որպես բնակատեղի, փոխում է այն, նեղացկոտության ու չբավարարվածության, մեղադրանքի ու հիասթափության, սակայն երբեք իր վրա պատասխանատվություն չկրելու հանձնառությամբ։

Կենցաղային հայը իր երկիրը, որը չի տեղավորվում կենցաղի իր արժեքայնության, ստամոքս-աղիքային իր փիլիսոփայության մեջ, իր անգործությամբ ու կենցաղային գիտակցությամբ մաս-մաս նվիրում է օտարին․ այն օտարին, ում ինքը համարել է քոչվոր, անգաղափար ու ոչ մրցունակ։ Կենցաղային հայը սիրում է իր տունը ու չի սիրում իր պետությունը․ նա ցանկացած հասանելի կոմպրոմիսի գնացող է, որը կարող սպասարկել իր կենցաղային գավառական արժեքաբանությունն ու անձնական շահը՝ միաժամանակ մոռանալով իր պետությունը անտեր չթողնելու առաքելությունը։ Նա, ինքնաքննադատությունը համարելով ատելի, կոմֆորմիզմով է ապրում ու արդյունքում դառնում գաղթական։

Վանոն գիտեր կենցաղային հային ու գիտեր, որ պետությունը դեռևս նրա համար չէ․ նա անհրաժեշտ չափով դեռ չի հասունացել։ Ու ամենից մտահոգիչն այն է, որ կենցաղային հայը արդեն շատ երկար ժամանակ դարձել է հանրային ու քաղաքական էլիտա, օրակարգ ձևավովորող։ Նա, ով կենցաղային օգուտից զատ այլ պատկերացումներ չուներ, դարձել է որոշում ընդունող ու պետական քաղաքականություն մշակող։ Սա ստեղծում է մի վիճակ, երբ պետությունը պատանդ է դառնում իր ժողովրդին ու իր էլիտաներին։ Ափսոս էր պետությունը։

Ամենից շատ դիտված