Երևան +15°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:52 08-09-2021

Post Factum. ինչո՞ւ ենք պարտվում Թուրքիային

Մեզ նոր պատերազմի դեպքում խոստանում էին նոր տարածքներ՝ հայտարարելով, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Ինչու՞ խոստացվածը հօդս ցնդեց, իսկ մենք կրկին վերադարձանք ի շրջանս յուր։

Հայ պատմաբանները, քաղաքագետներն ու քաղաքական գործիչները մեծագույն ցանկության դեպքում կարող են լինել թուրքատյաց, կարող են հանդես գալ ոչ միայն հակաթուրքական, այլև ավելի հեռուն գնացող թուրքամերժման հայտարարություններով ու ելույթներով, սակայն այնքան ժամանակ և միայն այն դեպքում, երբ այդ տեքստերի բովանդակության պատճառով կտուժեն բացառապես իրենք, և ոչ թե այդ տեքստերի ստեղծման հետ որևէ աղերս չունեցող զինվորը կամ սահմանապահ գյուղի բնակիչը։ Ընդ որում, նման պնդումը չի հիմնվում սոսկ մարդասիրության և բարոյական կողմերի վրա։ Քաղաքացին, վստահելով իր քվեն այս կամ այն քաղաքական ուժին՝ անկախ կուսակցության գաղափարաբանությունից, լիազորում է իրագործելու նախընտրական ծրագրի դրույթները և ոչ թե հանդես գալու ռազմականացված պաթոսախեղդ հռետորաբանությամբ՝ խեղելով իր քաղաքացիների ճակատագրերը։ Այլ կերպ ասած՝ քաղաքացին իշխանությանը չի օժտում արկածախնդիր քաղաքականության արդյունքում դիվանագիտությունը տապալելու և պատերազմ սկսելու մանդատով։ Հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում երբևէ չի արձանագրվել որևէ դեպք, երբ քաղաքացին ցանկանա և օրվա իշխանությանը շնորհի պատերազմ հրահրելու կամ պարտադրված պատերազմում իրեն ներքաշելու մանդատ։ Քանի որ, որքան էլ գրագիտության կամ իրազեկման պակաս ունենա, իրական քաղաքացին հրաշալի գիտի, որ քաղաքական գործչի այսօրվա թուրքատյաց հոխորտանքի գինը վաղը վճարելու է այդ խոսքն անգամ չսլած սահմանապահը։

Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքի՝ Սահմանադրության 13-րդ հոդվածի (Արտաքին քաղաքականությունը) համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»։ Ինչպես հետևում է հոդվածի բովանդակությունից՝ Հայաստանը չի կարող ընտրություն կատարել, թե որ երկրի հետ ունենա բարիդրացիական, իսկ մյուսի հետ՝ թշնամական հարաբերություններ։ «Բոլոր» բառը, որն ինչպես ամենուր, այնպես էլ օրենքում ցույց է տալիս միատեսակ առարկաների, անձերի և երևույթների համընդգրկումը, չի բացառում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի հետ բարիդրացիության և փոխշահավետ համագործության անհրաժեշտությունը, ավելին՝ դրացիություն ասելով նախ նկատի է առնվում հարևան, և հետո միայն գործընկեր երկրների հետ հարաբերությունների զարգացումը, որովհետև ինչպես ցանկացած երկիր, այդ թվում՝ Հայաստանը, չի կարող համընդհանուր կայունություն և զարգացում արձանագրել այնքան ժամանակ, քանի դեռ չի կարողացել լուծել ոչ միայն երկարաժամկետ խաղաղության, այլև ամենատարրական՝ սեփական հայրենիքում ապրելու գոյաբանական խնդիրը։

Օսմանա-թուրքական պատմության վավերագրման ու գնահատականների հարցում հայկական պատմագիտությունը ոչ այնքան թուրքի, որքան հայի թշնամին է։ Եվ որքան շուտ հայրենական ակադեմիական համայնքը սա գիտակցի, այնքան շուտ է հնարավոր փրկել սերնդի մտածողությունն ու ապագայի հայկական պետականությունը։ Հայ արևելագետներն ու պատմաբանները, որպես կանոն, քայլող հանրագիտարաններ են, որոնք բառարանային հսկայական գիտելիքներ ունեն և ամեն տարի միևնույն չֆիլտրվող գիտելիքը փոխանցում են նոր սերնդին։ Հայաստանում անկախությունից հետո ստեղծվել է իրավիճակ, երբ դպրոցում ուսուցիչը կամ համալսարանում ակադեմիական համայնքի ներկայացուցիչ դասախոսը 2021 թվականին սովորողին փոխանցում է այն նույն տեղեկատվությունը, ինչը հաղորդել է 1991 թվականի սերնդին։ Քննական մտածողության մեխանիզմների և հակադիր աղբյուրների համադրման բացակայության պայմաններում թուրքի և Թուրքիայի վերաբերյալ հայը կազմել և շարունակում է կազմել ոչ միայն կաղապարված և հնացած, այլև կարծրատիպերով խտացած, շատ դեպքերում՝ իրականությանը և հայկական պետության ազգային շահերին հակասող կարծիք։ Ինչպես Արցախյան 2-րդ պատերազմից առաջ, այնպես էլ հետպատերազմական շրջանում հայ մասնագետները շարունակում են թերագնահատել Թուրքիայի դերն ու հնարավորությունները։ Ավելին, մասնագետներ կան, ըստ որոնց՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Թուրքիայի ամենամեծ ձեռքբերումը «Բայրաքթար» անօդաչուների գովազդն էր։ Ավելին՝ պատերազմի նախօրեին օրինակ Արծրուն Հովհաննիսյանը վտանգավոր չէր համարում թուրքական «Բայրաքթարը»՝ նշելով, որ վտանգը միայն ինքնաթիռի ԱԹՍ-ներն են։ Կարճ ժամանակ անց պատերազմն ապացուցեց, թե ինչն էր կարևոր, իսկ ինչը՝ ոչ այնքան։ Սակայն խնդիրը Բաքուն Բակուրավան կոչող պատմաբան Աշոտ Մելքոնյանը չէ կամ ռազմական փորձագետ, ապա նաև գյոբելսյան մարտավարության կրող Արծրուն Հովհաննիսյանը, խնդիրը բարոյականությունից զրկված ու անկեղծությունը վերջնականապես թաղած հայ պատմագրությունն է ու այդ հիմքի վրա կառուցված պսևդոկրթությունը։ Եթե հային ոչ թե պատմեին, թե 1453 թվականին վայրագ ու նենգ թուրքը գրավեց Կոստանդնուպոլիսը, այլ ներկայացնեին, որ 1453 թվականին թուրքը 4 անգամ ավելի վճարելով եվրոպացուն հանձնարարեց 3 ամսում աշխարհի հզորագույն թնդանոթը ստեղծել և այդ նոր հրետանու օգնությամբ ավիրեց Պոլսի ամրություններն ու հույնին զրկեց պետականությունից, ապա 2021 թվականին կարիք չէր լինի բացատրելու, որ ոչ միայն պետք չէ թերահավատորեն մոտենալ թուրքական ռազմական արտադրանքին կամ Killdim-ներով ապակողմնորոշել հասարակությանը, այլև անհրաժեշտ է ուղիղ և անհետաձգելի երկխոսություն սկսել։

Հայ պատմագիտությունն ու քաղաքագիտությունը, արդյունքում նաև՝ ՀՀ իշխանությունները, Թուրքիան հռչակել են գլխացավանք և ձեռքերը լվացել ավելորդ մարտահրավերներից։ Կաշկանդված լինելով Ցեղասպանության, հայրենատիրության և Արցախի հիմնահարցերով, իրենց համար ստեղծել են ոչ միայն հարմարավետության գոտի (comfort zone), որտեղ կարող են զբաղվել դեմագոգիայով կամ բարդ հարցերին տալ պարզ լուծումներ, այլև ձևավորվել են կադրային այնպիսի միջավայր, որը ադապտացել է խաղի կանոններին և ունակ է ապրելու միայն հայ-թուրքական հարաբերություններում գործող ստատուս քվոյի պարագայում։ Ավելին՝ տասնամյակներով չի փոխվում այդ հարմարավետության գոտում հայտնված դեմքերի ներքին և հանրային դիսկուրսը. հոլովվել և շարունակում են հոլովվել միայն Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանները։ Բայց սա ոչ միայն ցավալի, այլև կործանարար գործելաոճ է, որովհետև նման անպատասխանատու հայրենասիրության հետևանքով հայը շարունակում է անդադար կորցնել։ Եթե հայ պատմագիտությունը ոչ միայն սառնասրտորեն արձանագրեր, որ 20-րդ դարասկզբին հայը ցեղասպանվել է, ու մինչև հիմա Թուրքիան չի ճանաչում, որովհետև դեռևս թույլ ենք (իսկ չճանաչելն ամենավերջին ողբերգություն չէ), մենք չէինք ժառանգի և չէինք կրթվի պարտվածի ու կոտորվածի հոգեբանությամբ։ Անգլիացիները ցեղասպանել են Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի բնիկներին, ֆրանսիացիները կոտորել են աֆրիկացի սևամորթներին, իսպանացիները ցեղասպանել ու աշխարհի երեսից ջնջել են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բազմաթիվ ժողովուրդների։ Նշվածներից ո՞վ է լիովին ընդունել և դատապարտել իր ոճիրը՝ անգլիացի՞ն, ֆրանսիացի՞ն, թե՞ իսպանացին։ Ամեն ազգ չէ, որ կարող է գերմանացու քաղաքակրթության աստիճանն ունենալ ու նորովի վերականգնված նայել միջազգային հանրության աչքերին։ Թուրքը աշխարհի միակ ցեղասպանողը չէ, իսկ հայն աշխարհի միակ ցեղասպանվածը չէ։ Ու Արևմտյան Եվրոպայում, խոշոր հաշվով, ոչ մի երկիր բարոյական իրավունք չունի Թուքիայից հաշիվ պահանջելու, և սա հայ հասարակությունը պետք է հասկանա, տխրի, նեղանա, բայց վերագտած ինքնությամբ նայի ապագային ու շարժվի առաջ։

Իսկ սահմանային հարցն, անշուշտ, ունի նաև տեսահոգեբանական բաղադրիչ։ Խորհրդային հայը, ապրելով սոցիալիստական հասարակությունում, աշխարհից տասնամյակներով բաժանվել է երկաթե վարագույրով և իրեն չի ծանրաբեռնել Արևմուտքի հետ հնարավոր շփման հարցադրումներով։ Նորանկախ Հայաստանի հայը, որի առաջին զավակներն արդեն բոլորում են 30-ամյակը, մեծացել և տեսել են հայ-թուրքական փակ սահման, որը հսկում են ռուս սահմանապահները։ Իսկ ահա նույն ընթացքում հայ պատմագիտությունն ու քաղաքագիտությունը, արևելագիտությունը, պահպանողական իշխանություններն ու զանգվածային մեդիան համատարած լվացել են քաղաքացու ուղեղը՝ խաբելով, թե հայ զինվորն է Արցախի անկախության երաշխավորը։ Եվ, որ առավել սարսափելի է, այսպես կոչված արիստոկրատիան ու ինտելիգենցիան, դեմ չի գնացել հայակործան այս հոսանքին և սթափության կոչ արել՝ հարկադրված ներկայացնելով այն դառն իրողությունը, որ հայն անգամ իր արևմտյան սահմանների տերը չէ, ինչ մնաց երաշխավորի իր կողմից չճանաչված պետության գոյությունը։ Անուրանալի և անգնահատելի է յուրաքանչյուր հայ զինվորի և սպայի դերը, սակայն այդ դերի գերագնահատումը պաթոս է և ավելորդ հուզականություն, որը հային կտրել է աշխարհակարգի ու իրականության զգացումից։

1980-ականների սկզբին Երևանում ոչ ոք չէր կարող կռահել, որ Խորհրդային Միությունը փլուզվելու է և իրենք հաղորդակցվելու են ավելի մեծ աշխարհի հետ՝ նոր և ավելի խրթին պարտավորություններով։ Արցախյան երկրորդ արհավիրքից հետո ամենապատեհ առիթն է բարձրացնելու և պատասխանելու այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական սահմանը մշտապես փակ է մնալու, և եթե ոչ՝ ապա որոնք են Հայաստանի հետագա քայլերը։