Ներքին 5 տարի առաջ - 10:51 01-09-2021

Ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը 10, 50, 100 տարի հետո.ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Ուսումը բացում է ճանապարհը դեպի նոր կյանք ու նոր աշխարհ: Եղե՛ք համարձակ ու վստահ: Գիտելիքի միջոցով բացե՛ք բոլոր դռները, բացե՛ք կամքի ուժով ու սրտի թելադրանքով, աշխատասիրությամբ, միմյանց օգնելով, միմյանց վստահելով, միմյանցից սովորելով: Յուրաքանչյուրդ ձեր մեջ հավատացած եղեք, որ կարող եք ձեր գիտելիքներով, եռանդով, հաստատակամությամբ, հավատամքով դրական փոփոխություն բերել, օգտակար լինել Հայրենիքին, Ազգին, Ընտանիքին և, իհարկե, ինքներդ ձեզ:

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,

Այս ուսումնական տարին մեկնարկում է Հայաստանի անկախության 30-ամյակի շեմին: Դուք կերտում եք երկրի ապագան, ինչպես 30 տարի առաջ Հայաստանի և Արցախի անկախությունը կերտեցին ձեր ծնողները, տատիկ-պապիկները, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում մեր նախապապերն են պայքարել հանուն ազատության, անկախության և ապագայի: 21-րդ դարը մտքի ու գիտելիքի, տեխնոլոգիաների ու ստեղծարարության դար է։

Մենք կարող ենք և պարտավոր ենք մասնակից լինել աշխարհի սրընթաց զարգացմանն ու առաջընթացին։ Մեր ժողովրդի տաղանդն աշխատասիրության, նպատակասլացության, պատասխանատվության հետ ձեռք ձեռքի կարո՛ղ է արդյունք ստեղծել: Եվ դա՝ նաև ձեր շնորհիվ։ Ամենադժվար բարձունքները, որոնք հաճախ անհասանելի են թվում, հնարավոր է նվաճել, եթե այս որակներին ավելանում է հայրենասիրությունը՝ հանուն հայրենիքի, հանուն ազգային ընդհանուր շահի ինչ-որ բան անելու ձգտումը:

Սովորե՛ք հաղթահարել մարտահրավերները, առանց վհատվելու ընդառաջ գնալ երազանքներին, ստեղծել, ստեղծագործել և պատասխանատվություն ստանձնել հայրենիքի ճակատագրի համար: Հավատարի՛մ եղեք անցյալի ժառանգությանը, մեր ինքնությանը և հավատացե՛ք վաղվա օրվան:

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ,

Վաղվա օրը ձևավորվում է նաև ձեր նվիրված աշխատանքի և այն ջանքերի շնորհիվ, որ դուք ներդնում եք սերունդներ կրթելու և դաստիարակելու մեջ: Վստահ եմ՝ բոլորդ գիտակցում եք, որ ժամանակին համընթաց քայլելու՝ կրթական համակարգի ունակությունն է որոշելու Հայաստանի տեղը սրընթաց զարգացող աշխարհում: Լինելով Հայաստանի իրական էլիտայի կարևորագույն մասը՝ դուք մեր երկրի ապագան կերտելու առանձնահատուկ առաքելություն եք իրականացնում:

Ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը 10, 50, 100 տարի հետո: Ես հավատում եմ մեր անխուսափելի հաջողությանը: Չափազանց կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հավատա դրան և իր գիտելիքով, կարողություններով ու հնարավորություններով մասնակցի այն մոտեցնելուն: Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ