copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:23 31-08-2021

Թուրքիայի «դրական» ազդակները՝ որպես քողարկված նախապայմաններ

Բոսնիա և Հերցեգովինա, ինչպես նաև Մոնտենեգրո կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Ի տարբերություն մինչպատերազմական և 44-օրյա արհավիրքի ընթացքում գեներացրած սպառնալից հռետորաբանության՝ այս անգամ Թուրքիայի ղեկավարը դիվանագիտական հատընտիր բառամթերքով քողարկել է Հայաստանի հանդեպ իր իրական վերաբերմունքն ու հեռահար նպատակները՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե իսկապես շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների զագացմամբ։

1․ «Տարածաշրջանում նոր և կառուցողական մոտեցումների անհրաժեշտություն կա։ Հակառակ տեսակետների և սպասումների տարբերությանը՝ պատասխանատու գործելաոճ է անհրաժեշտ, որպեսզի անկեղծ ջանքեր գործադրվեն՝ զարգացնելու վստահության վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունները, ներառյալ՝ միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հանդեպ հարգանքը»,- նշել է Էրդողանը։

Առաջին ազդակն ունի երկու բաղադրիչ։ Նախ՝ Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այն է՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագիրը։ Այժմ, որքան էլ հայկական մասնագիտական շրջանակները միջազգային իրավունքի տեսանկյունից պայմանագիրն անօրինական համարեն՝ նշելով, թե փաստաթուղթը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ պայմանագիրը կնքող կողմերից մեկը, այն է՝ Հայաստանը, չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ, բայցևայնպես, Թուրքիա-Անդրկովկասյան հանրապետություններ միջպետական սահմանն ամրագրող պայմանագիրն ամբողջությամբ ընդունելի է եղել միջազգային հանրության կողմից ինչպես 1921-ին և 1945 թվականին աշխարհակարգի փոփոխության և ՄԱԿ-ի ձևավորման պահին, այնպես էլ 1991-ին՝ Խորհրդային Միության վերջնական փլուզումից հետո։ Հայկական պատմագիտության, քաղաքագիտության, արևելագիտության և իրավագիտության բոլոր փաստարկներն առ այն, թե վիճահարույց է պայմանագրի վավերացման հանգամանքը (պայմանագրի 20-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր է վավերացումը), ոչ այլ ինչ է, քան փրփուրներից կառչելու հուսահատ փորձ։ Որքան էլ ծանր լինի ընդունել, որ այս պայմանագրով Հայաստանը կորցրել է Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ իշխանությունները գործել են քեմալա-բոլշևիկյան համագործակցության և հայկական կողմի վրա Ստալինի ճնշման պայմաններում, բայցևայնպես, առնվազն չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը մեկ տարի անց տեղի է ունեցել հենց Երևանում, իսկ պայմանագրի կողմ հանդիսացող Վրաստանը որևէ պահանջ չունի Թուրքիայից, թեպետ այս պայմանագրով բաժանվել է նաև Բաթումի մարզը։

Թուրքիան հայ-թուրքական սահմանի փակումից ի վեր փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ամենաբարձր մակարդակով խուսափել և շարունակում է խուսափել այն հարցից, թե ճանաչում է արդյոք Մոսկվայի պայմանագրի դրույթները կրկնող Կարսի պայմանագիրը։ Իրականում ՀՀ ոչ մի ղեկավար Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջ չի ունեցել, և սա Անկարայում հրաշալի գիտեն։ Այսպես՝ 1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայում Թուրքիայի դեսպանին հայտնել է, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ։ 2001-ին CNN-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը անպայմանորեն չի հանգեցնի իրավական հետևանքների ՀՀ հետ հարաբերություններում։ Իսկ ահա Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ մեկնարկած ֆուտբոլային դիվանագիտությունը, որը ենթադրում էր սահմանների բացում առանց նախապայմանների, ըստ էության, ենթադրում էր հայ-թուրքական 1921 թվականի սահմանի ճանաչում։ Հետևապես, անհիմն ու անհասցե են թուրքական կողմի այն պահանջները, որ Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագիրը։ Հայաստանը ճանաչում է Կարսի պայմանագիրն ու ընդունում է բոլոր դրույթները։ Հայկական իրականության մեջ պայմանագրի քննադատությամբ հանդես են գալիս միայն առանձին պատմաբաններ և արտախորհրդարանական կուսակցություններ (առավել մեզ ակտիվությամբ՝ արևմտամետ Ազգային-ժողովրդավարական բևեռը)։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիան դեռևս չի ազատվել ինչպես Սևրի սինդրոմից, այնպես էլ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Խորհրդային Միության կոմունիստական ապարատի հանդեպ ֆոբիաներից։ Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության, իշխանությունների և պատմագետների մտքում ցայսօր վառ են հիշողություններն այն մասին, որ ԽՍՀՄ-ը 1945-ին Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացրեց՝ չեղյալ հայտարարելով ռուս-թուրքական 1925 թվականի պայմանագիրը։ Այս պահանջատիրությունը շարունակվեց ընդհուպ 1953 թվականը՝ Ստալինի մահը։ Թուրքիայում թեպետ փայլուն հասկանում են, որ սա եղել է Կրեմլի, ոչ թե Երևանի նոտան, բայևայնպես Անկարան որպես նախապայման Կարսի պայմանագրի ճանաչումը պարտադիր է համարում, որպեսզի ռուսական կողմը իրավա-քաղաքական որևէ հիմք չունենա՝ հղում կատարելու ՀՀ կառավարության պահանջներին։

Չմոռանալով ավագ եղբոր կարգավիճակը՝ Թուրքիայի նախագահը բարիդրացիական հարաբերություններ ասելով նկատի ունի նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Ընդ որում, Էրդողանն այս մասին հայտնում է ոչ թե քողարկված, այլ ուղիղ տեքստով՝ նշելով, որ համանման ըմբռնումով Ադրբեջանը ևս Հայաստանին առաջարկել է սկսել համապարփակ խաղաղության շուրջ բանակցություններ։ Թուրքական այս ազդակը Հայաստանը ստանում է նաև պաշտոնական Մոսկվայից, քանի որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը ևս պարտադրում է Հայաստանին Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսել, ինչը ենթադրում է հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և Արցախյան հիմնահարցի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անժամկետ սառեցում։ Հատկանշական է, որ Թուրքիայի համար այս համատեքստում առավել կարևոր է ոչ թե Կարսի պայմանագրի ճանաչումը (որովհետև սա կեղծ օրակարգ է), այլ Արցախի հարցի վերջնական լուծումը՝ հօգուտ Բաքվի։ Բավական է նշել միայն, որ Թուրքիան ինքը բազում հարցերում կաշկանդված է այս հիմնախնդրով ու Ադրբեջանի անվերջանալի պահանջներով։ Այն, որ հայ-թուրքական սահմանը փակ է, փակ է առաջին հերթին Բաքվի՝ տնտեսա-աշխարհագրական շրջափակմամբ Հայաստանի պարալիզացմանը հասնելու խնդրանքով, ինչին Թուրքիան տեղի տվեց Քարվաճառի ազատագրումից հետո՝ փոխարենը ստանալով նավթա-գազային շահավետ առաջարկներ։

2․ «Նորագույն պատմությունը չպետք է թշնամության աղբյուր լինի։ Պետք է կառուցողական քայլեր ձեռնարկել երկարատև խաղաղության և համակեցության համար։ Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն ապագային միտված և իրատեսական մոտեցումները։ Մեր հարաբերությունների աստիճանական կարգավորման նպատակով կարող ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, քանի որ վերջինս հայտնել է այս ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին։ Այժմ պետք է մշտական դարձնենք խաղաղությունն ու կայունությունը՝ պայմաններ ստեղծելով տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար»,- նշել է Էրդողանը։

Թեպետ օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Ն․ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան, սակայն Էրդողանի հայտարարությունից հստակ չէ՝ հայկական կողմն է առաջինը համագործակցության ազդակ ուղարկե՞լ, թե՞ թուրքականը։ Համենայն դեպս, հստակ է մի բան․ եթե հայկական կողմն ըստ ՀՀ վարչապետի՝ գնահատելու է ազդակներն ու դրական ազդակներին պատասխանի դրական ազդակներով, ապա Թուրքիան քննարկելու և գնահատելու ոչինչ չունի, որովհետև Էրդողանը որևէ նոր ուղերձ չի ուղղել Հայաստանին։ Նորագույն պատմությունը հիշելու և ատելությունը հաղթահարելու ազդակով Թուրքիան, ըստ էության, կոչ է անում հրաժարվել Հայոց եղեռնի միջազգային ճանաչումից՝ դադարեցնելով հակաթուրքական արշավները։ Այս համատեքսում թուրքական իշխանություններն առաջին հերթին նկատի ունեն ՀՀ ԱԳՆ գերակայությունների և ուղենիշների փոփոխություններն ու Հայ դատի հանձնախմբի գործունեության կասեցումը։

Հատկանշական է, որ այս դիսկուրսը ցայսօր կա նաև հայկական կողմում։ Օրինակ ըստ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայող ցեղասպանությունը, բայց դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ երկու երկրների միջև բարիդրացիության, համագործակցության և վստահության մթնոլորտի ձևավորումից հետո։ Ընդ որում, նա այս մասին հայտնել է մեծ քաղաքականություն վերադառնալուց անմիջապես հետո՝ 2007 թվականի դեկտեմբերի 8-ի հանրահավաքի ժամանակ։ Մինչդեռ օրինակ հայ պահպանողական շրջանակների համար այս դիրքորոշումն անընդունելի է։ Իզուր չէ, որ երկրորդ նախագահ Քոչարյանը վերանայեց Թուրքիայի հանդեպ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը` որդեգրելով ավելի կոշտ դիրքորոշում՝ Եղեռնի միջազգային ճանաչումը դարձնելով ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքար: Այս քաղաքականությունը հետագայում որդեգրեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք, այս հարցի վերաբերյալ չկա հստակ դիրքորոշում։ Բայևայպես, անկախ այն հանգամանքից, թե հայկական որ իշխանությունն ինչպես է պատկերացրել Հայոց եղեռնի ճանաչումը, որևէ ղեկավար չի համաձայնել պատմաբանների երկկողմ հանձնաժողովի ձևավորմանը՝ այն որակելով իբրև քայլ՝ կասկածի տակ առնելու արմենոցիդը։ Եվ երկրորդ, անկախ այն հանգամանքից, թե հայկական որ իշխանությունն ինչպես է գեներացնում Հայոց եղեռնի թեման, բոլորն էլ քաջ գիտակցում են, որ այն ոչ միայն բարոյական կողմ ունի, այլև հայի ինքնության մաս է, որը կոնսոլիդացնում է աշխարհասփյուռ հայությանն առավել, քան հայկական այս կամ այն արժեքը։ Այլ կերպ ասած՝ եթե Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է խարխլել թուրքական այս կամ այն իշխանության դիրքերը, ապա Հայաստանում Եղեռնի օրակարգից իսպառ հրաժարումը կարող է հանգեցնել ոչ միայն իշխանության կորստի, այլև համահայկական ինքնության վակուումի ու Հայաստան-Սփյուռք կապերի ոչնչացման։

3․ «Ինչպես համաձայնեցված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ ամբողջ տարածաշրջանի միացմամբ նոր հնարավորություններ են ստեղծվելու՝ կերպափոխելով Հարավային Կովկասը։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, որոնք ցանկանում են հաջող օգտագործել այս պատմական հնարավորությունը։ Առաջարկում ենք 5 կամ 6 կողմից բաղկացած հարթակ, որը կներառի Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։ Մենք անգամ ասել ենք, որ ներառելու ենք Վրաստանը։ Եթե հարթակն ստեղծվեր այս ձևաչափով, տարածաշրջանը շատ ավելի հանգիստ կլիներ, որովհետև տարածաշրջանում հարկավոր է երկաթուղիներ և ավտոճանապարհներ կառուցել։ Եթե այս հարթակը գործեր, ճանապարհները միմյանց նաև սրտերը կկապեին։ Մտածեցինք, որ այսպիսի քայլի դիմելով՝ կհաղթահարենք տարածաշրջանի խնդիրները։ Հարգարժան Պուտինի հետ քննարկման ընթացքում մենք համաձայնության ենք եկել այս ամենի շուրջ։ Նույն օրինակով համաձայնության ենք եկել նաև Իլհամ Ալիևի հետ։ Այս ընթացքում նախագահի փոփոխություն է տեղի ունեցել Իրանում։ Իրանի նորընտիր նախագահ պարոն Ռաիսիի հետ նույնպես կարող ենք խոսել այս մասին։ Այնուհետև դարձյալ քայլեր կձեռնարկենք այս հարթակը կյանքի կոչելու համար»,- նշել է Էրդողանը։

Հետևապես, գոյություն չունեն «դրական» ազդակներ, կան Հայաստանին ներկայացվող երեք անփոփոխ նախապայմաններ՝ Հայաստանը de jure պետք է ճանաչի հայ-թուրքական սահմանը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից ու պահանջատիրությունից, հրաժարվի արցախահայության ինքնորոշման իրավունքի օրակարգից՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ եթե հայկական կողմի համար կարող է ընդունելի լինել Կարսի պայմանագրի ճանաչումը, վիճելի, բայց հնարավոր Հայոց ցեղասպանության ճանաչումը գերակա համարելուց հրաժարվելու որոշումը, ապա անընդունելի և հայկական պետականության տեսանկյունից կործանարար է երրորդ «դրական» ազդակը՝ Արցախի հարցի վիժեցումը։