Երևան +15°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:38 26-08-2021

Այսօր Արցախը լքված է, Սփյուռքը՝ օտարված, իսկ Հայաստանը՝ մոլորված. Արթուր Վանեցյան

«Ասում ենք 44-օրյա պատերազմ, կարծես 45-րդ օրը կյանքը վերականգնվել է։ Մեր երկրում տեղի են ունեցել պատմական, աղետալի փոփոխություններ, և եկել են նոր, սուր մարտահրավերներ ու դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է հասկանալ կատարվածի մասշտաբները, սառը հաշվարկել առաջիկա ռիսկերը, գրագետ քայլերով գնալ դեպի ջարդված պետականության վերականգնումը։ Մնացածը ժամավաճառություն է, ինչն էլ հենց կազմում է կառավարության ծրագրի մեծ մասը»: Այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը:

«ԱԺ-ում երեկ և այսօր խայտառակ իրադարձությունները մղում էին ինձ փոխել հիմանական ելույթիս բովանդակությունը, բայց որոշեցի չշեղվել թեմայից, սակայն չեմ կարող չանդրադառնալ մի քանի իրադարձությունների: Մասնավորապես, այս գիշեր ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ օգոստոսի 25-ին ադրբեջանական զինուժը փակել է Գորիս-Կապան ճանապարհը, ինչը նշանակում է, որ մինչ մենք այստեղ նստած կառավարության ծրագիր ենք քննարկում, բանավիճում ու մարտի բռնվում միմյանց հետ, երկրի անվտանգությունը լուրջ սպառնալքի տակ է: Թշնամին փակել է միջպետական ճանապարհ, մենք նույնիսկ չգիտենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է ՀՀ-ից, թե ոչ: Նախարարը, որը բազմիցս հայտարարել էր, որ թշնամին դուրս կշպրտվի ՀՀ տարածքից, պետք է անդրադառնա այս խնդիրն: Ակնկալում ենք նաև վարչապետի պատշաճ արձագանքը, որտեղ պետք է ներկայացվի, թե, ի վերջո, ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում տվյալ հատվածի ճանապարհի գործարկումն ու անվտանգությունը»,- ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով Կառավարության ծրագրին՝ դաշինքի ղեկավարը նշեց, որ լավ գաղափարներ ու մոտեցումներ իհարկե կան, սակայն դա էական բան չի փոխում, քանի որ երաշխիքներ չկան, որ դրանք կյանքի կկոչվեն. «Երկրում, ինչպես նաև ԱԺ-ում առկա մթնոլորտը թույլ են տալիս ենթադրություններ անել, որ ծրագիրը չի իրականացվելու: Ներկայիս իշխանությունը, որն ինչքան ուժ ունի չի հասկանում և իրեն պահում է այն երեխայի նման, որին ասում ես չի կարելի հոսանքի հետ խաղալ, բայց նա չի լսում քեզ մինչև չի հոսանքահարվում, չի կարող երաշխիքներ տալ, որ ծրագիրը հավուր պատշաճի կիրականացնի: Ասում ենք, չի կարելի բանակցություններին նմանօրինակ թեթև վերաբերմունք ցույց տալ՝ չեն լսում, ասում ենք չի կարելի գերտերությունների շահերի հետ խաղալ՝ չեն լսում, վախ չունեն, քանի որ չեն հասկանում: Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում, բայց անվախ են մինչև առաջին հարվածը։ Այն ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում լրագրողների, պատգամավորների, համայնքապետների հետ վախ չունենալու արդյունք է։ Վախ չունեն, որովհետև դեռ երբեք միջազգային ծանր բանաձևերի, ներպետական ատյանների և այլ ծանր գործքների հարվածը չեն ստացել։ Ես երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ՝ կանգ առեք։ Ասում եմ, որովհետև իշխանությունը կրկին երկիրը տանում է մի նոր ու վտանգավոր ծուղակ։ Գուցե ձեզ վստահություն է տալիս անընդհատ ասելը, որ ժողովուրդը մեզ ընտրել է, մեզ ներել է, մեզ սիրում է, բայց դա մեծ ծուղակ է»:

Ամփոփելով ելույթը՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ Արցախը միշտ էլ եղել է մեր ազգային ինքնագիտակցության առանցքը, իսկ այսօր Արցախը լքված է, Սփյուռքը՝ օտարված, իսկ Հայաստանը մոլորված: Չկան գաղափարներ, որոնց լուրջ մեր եռամիասնությունը կարող է վերականգնվել:

Ամենից շատ դիտված