Մամուլ 4 տարի առաջ - 08:24 26-08-2021

Շարմանկա դարձած պարկապզուկ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում «հին բարի» ժամանակներում («թալանչի» նախկինների օրոք) կառավարություններին և նրանց ծրագրերին, ինչպես և տարեկան բյուջեներին մամուլում կամ հենց իրենց կողմից սովորաբար այնպիսի անվանումներ էին տրվում, որոնք, ըստ էության, բացահայտում էին դրանց էությունը, օրինակ՝ «կայունացման», «զարգացման», «համաձայնության» և այլն: Քանի որ «թավշյա, ոչ բռնի» իշխանափոխությունից հետո այդ ավանդույթը գրեթե կորել է, իսկ գործող կառավարության որևէ ծրագրի հնարավոր չէ պարկեշտության սահմաններում որակում տալ, փորձենք մեկ բառով նկարագրել ներկայիս կառավարությանը՝ մեծագույն չարչարանքով ձգտելով այնպես անել, որ Քրեական օրենսգրքի նոր փոփոխությունների դաշտում չլինի այդ որակումը:

Իհարկե, ոմանք կպնդեն, թե 2018 թվականին ձևավորված կառավարության մականունը կարելի էր կնքել «թավշյա», իսկ 2021ինը՝ «պողպատյա» կամ «մուրճե», բայց համաձայնեք, որ իրականում այդ բառերը չեն բացահայտում նրանց էությունը: Կոնկրետ իմ մտորումները բերում են նրան, որ դրանք պետք է ստանան երաժշտական գործիքների անուններ, քանի որ, ի վերջո, այդ երկու կառավարությունն էլ իրենց ծրագրերում հիմնվում են բացառապես մարդկանց լսողական օրգանի վրա ազդեցություն գործելու վրա:

Ուրեմն, պայմանավորվեցինք՝ երաժշտական գործիքներ: 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությանը կարելի է տալ «պարկապզուկ» երաժշտական գործիքի անվանումը, և ահա թե ինչու: Պարկապզուկը (պկու, պարկապկու, տիկ, տկճոր) այն եզակի փողային երաժշտական գործիքներից մեկն է, որը նվագելու համար կարելի է ջանքեր չգործադրել, այսինքն՝ նախօրոք փչած պարկը ընդամենը սեղմել և միաժամանակ արտաբերել մասսայի ականջը շոյող յոթ հնչյուն: Նման կերպ էլ 2018 թվականից սկսած մինչև 2021 թվականը Փաշինյանը և նրա թիմը փչում էին իրենց «պկուն»՝ նույնիսկ նախկինների կողմից եղած ձեռքբերումները ներկայացնելով որպես իրենց անձնական ձեռքբերում, բայց հայհոյելով ու անվանարկելով նույն նախկիններին: Եվ պարզ էր, որ մի օր պարկի մեջ օդը վերջանալու էր, քանի որ նրանք ոչ միայն չէին ցանկանում նոր օդ մղել պարկի մեջ, այլ նաև ունակ չէին դա անել:

Եվ օդը վերջացավ, դադարեց նվագը. ծափ տվե՛ք, արա՛: 2021 թվականի՝ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության և նրա ծրագրի մականունը էլ ավելի պարզ է: Եթե «պարկապզուկը» արդեն չի նվագվում, իսկ անձը ընդհանրապես ոչ մի այլ երաժշտական գործիքի չի տիրապետում, ապա միանգամայն պարզ է, որ փրկությունը «շարմանկան» է (հայերենում՝ երգեհոնիկ): Եթե պկու նվագելու համար պահանջվում է որոշակի ջանք և վարպետություն, ապա շարմանկայի համար նույնիսկ դրանք պետք չեն. հարկավոր է միայն պտտել բռնակը, իհարկե, որոշակի հաստատուն արագությամբ, քանի որ այն ձայներ արտաբերող մեխանիկական գործիք է։

Միջին հաշվով շարմանկայով առավելագույնը կարելի է 6-ից 8 մեղեդի նվագարկել: Մենք բոլորս ծանոթ ենք այդ մեղեդիներին՝ ասֆալտ, Ռոբերտ Քոչարյան, նախկինների թալան, կոռումպացված դատական համակարգ, Մարտի 1, ժողովրդի կողմից ստացած քվե, որը ամեն ինչի համաներում է:

Դե, պլյուս 1-2 թեմա էլ: Եվ պտտում է Փաշինյանը իր «շարմանկան»՝ շոյելով իր համակիրների ականջը: Հասարակության հիմնական մասն, իհարկե, զզվում է այդ մոնոտոն և մեխանիկորեն ստեղծվող երաժշտությունից և ընդամենը փորձում է չլսել: Բայց հարցն այն է, որ շարմանկա անընդհատ լսել ոչ ոք չի կարող, ընդհակառակը, ժամանակի ընթացքում դրա արտաբերած երաժշտությունը սկսում է նույնիսկ նյարդայնացնել, ընդ որում, դա շատ ավելի արագ է լինում, քան պարկապզուկի դեպքում:

Այնպես որ, եթե Փաշինյանին հաջողվեց ընդամենը մի քանի տարի «պկու» նվագել, ապա «շարմանկա» նվագելն էլ ավելի կարճ կտևի: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ գործիք կնվագի ապագա կառավարությունը, որի կազմում հաստատապես այս «ներկա նախկինները» չեն լինի: Հուսանք՝ գոնե «շեփոր» և «թմբուկ»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:28 Վստահ եմ՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե Հայաստանում լինելու է. Նիկոլ Փաշինյան