Երևան +19°
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 13:22 25-08-2021

Իրականում մենք դաշտ էինք դուրս գալիս ոչ թե 11 ֆուտբոլիստով, այլ ամբողջ երկրով․ Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հանդիպել է հայ մարզական լրագրողների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Ի դեպ, սա մարզչի ու լրագրողների առաջին հանդիպումն էր՝ ոչ հեռավար կարգով։

Խոակին Կապառոսը նախ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը սեպտեմբերյան խաղերի համար, ապա պատասխանեց լրագրողների հարցերին։

-Ինչո՞ւ է բացակայում Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

-Պատճառը համավարակով ստեղծված սահմանափակումներն են։ Ամեն երկիր ունի իր նորմերը՝ համավարակի հետ կապված։ Հավաքականից վերադառնալուց հետո, ըստ Արգենտինայի օրենքների, նա պետք է 14-օրյա կարանտինում լիներ, այդ իսկ պատճառով նպատակահարմար չգտնվեց այս անգամ նրա միանալը։

-Յուրչենկոյի վնասվածքը ի՞նչ վիճակում է, որքանո՞վ է հասցրել վերականգնվել։

-Նա հիմա բժիշկների ձեռքերում է, ստուգվում է։ Պետք է սպասենք, բնականաբար պետք է 100 տոկոսով պատրաստ լինի, որպեսզի կարողանա օգտակար լինել մեզ։

-Հենրիխ Մխիթարյանի հետ սա Ձեր առաջին աշխատանքն է լինելու։ Ըստ նախնականի՝ նրան նշեցիք որպես հարձակվող։ Ունե՞ք Ձեր մտքում այն դիրքը, որում նա կխաղա։

-Հենոն տարբեր դիրքերում կարող է խաղալ՝ հաշվի առնելով իր որակները։ Եթե Դուք որոշել եք նրա դիրքի հետ կապված ինչ-որ բան, կարող ենք զրուցել, հետո ես Հենոյին կփոխանցեմ դա (ծիծաղում է)։

-Առաջիկա երեք խաղերից ի՞նչ սպասելիքներ ունեք ու ի՞նչ կարծիք ունեք մրցակիցների մասին։ Կցանկանայի խոսեիք հատկապես Գերմանիայի հավաքականի մասին, քանի որ նրանք նոր գլխավոր մարզիչ ունեն։

-Մենք մեր բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք առաջին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղի վրա։ Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա նրանք շատ մեծ քանակի ֆուտբոլիստներ ունեն և մարզչի համար ընտրության լայն հնարավորություն։ Բայց հիմա մենք լիովին կենտրոնացած ենք Մակեդոնիայի վրա։ Սա այն թիմն է, որը հոգեբանորեն շատ ուժեղ է։ Նույնիսկ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը։ Ընտրյալ հավաքականներ են մասնակցում նման մրցաշարերի, չնայած խմբայինի արգելքը չհաղթահարեց, բայց այս ֆուտբոլիստներով հանդերձ՝ կարելի է ասել, որ շատ ուժեղ հավաքական է։

-Արդյոք հենց այս խաղերում հույսեր կապո՞ւմ եք Իշխան Գելոյանի հետ, որն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։

-Իհարկե։ Այն ֆուտբոլիստները, որոնք ընդգրկված են ցուցակում, ապագայի համար չեն։ Մենք շատ կարևոր խաղեր ունենք առաջիկայում։ Այս ֆուտբոլիստը կարող է խաղալ թե՛ եզրում, թե՛ կենտրոնական գոտում։ Դեռ կտեսնենք, թե որտեղ կարող ենք նրան օգտագործել։

-Հայաստանի հավաքականը գլխավորեցիք աշխարհի համար շատ բարդ իրավիճակում, բայց կարողացաք առավելագույն արդյունքները գրանցել։ Ինչի՞ շնորհիվ։

-Բոլորն իրենց ջանքերը գործադրեցին՝ ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիայի աշխատակիցները, անում էին ամեն բան, որպեսզի կարողանանք հաջողության հասնել մի իրավիճակում , երբ ամեն ինչ շատ բարդ էր ոչ միայն քովիդի, այլև պատերազմի պատճառով։

Իրականում մենք դաշտ էինք դուրս գալիս ոչ թե 11 ֆուտբոլիստով, այլ ամբողջ երկրով։ Երբ պայքարում էինք գնդակի համար, մեր մտքում միշտ ունեինք ամբողջ երկիրը։ Սա այն գաղափարն է, որին պետք է միշտ հետևենք՝ համախմբվածություն և միասնություն։

-Արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում եք։ Հետաքրքիր է՝ ինչն է Ձեզ դուր եկել մեր երկրում, կամ զարմացրել։

-Ինչը՞ ինձ զարմացրեց ․․․ մարդիկ։ Նման բարդ իրավիճակում ցանկացած թիմ, ընտանիք, երկիր երևի կտապալվեր, բայց դուք ճիշտ հակառակը՝ ոտքի էիք կանգնում։ Սա այն էր, ինչն ինձ ամենից շատ զարմացրեց։ Այլ երկրներում, օրինակ՝ Իսպանիայում, մենք բողոքում ենք բաներից, որոնք այնքան էլ կարևոր չեն։

-Օրերս հայտնի դարձավ, որ Փյունիկի դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը հայկական արմատներ ունի։ Նրան դիտարկո՞ւմ եք ապագայում հավաքական հրավիրելու համար և առհասարակ ի՞նչ կարծիք ունեք նրա մասին։

-Մենք հետևում ենք նրան, ես հավանում եմ նրա խաղը։ Նա այն ֆուտբոլիստն է, որն իր որակներով համապատասխանում է մեր հավաքականին։ Նա ինքը մեծ ցանկություն ունի հանդես գալու Հայաստանի հավաքականում։ Հավաքականի դռները բաց են նրա առաջ։ Ամեն պահի նա կարող է հրավիրվել։

-Հրայր Մկոյանի հրավերը բավականին անակնկալ էր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա՝ նորից հավաքական հրավիրվելը։

-Մկոյանին վաղուց ենք հետևում՝ դեռ նախորդ մրցաշրջանից։ Նա մասնակցեց առաջնության և Գավաթի բոլոր հանդիպումներին։ Մենք տարիքին ուշադրություն չենք դարձնում, մենք առաջին խաղի համար մեծ կորուստ ունենք՝ Վարազդատ Հարոյանը։ Իսկ Մկոյանը կարող է գերազանց փոխարինել Հարոյանին։ Նա նվաճել է այս իրավունքը ու դրան արժանի է՝ իր վիճակագրությամբ և այն խաղերի քանակով, որ անցկարցել է իր թիմի կազմում։

-Հետևում եք Հայաստանի առաջնության հանդիպումներին։ Ի՞նչ կարծիք ունեք մեր առաջնության մասին։

-Որպես հավաքականի գլխավոր մարզիչ՝ կարող եմ ասել, որ մեր ազգային առաջնությունն ինձ բավարարում է։ Նվազագույնը 6 հայ ֆուտբոլիստ տեսնում եմ դաշտում։ Երբ նոր էինք ժամանել Հայաստան, գնում էինք մարզադաշտ առաջնության խաղերին, բայց ոչ մի հայ ֆուտբոլիստ չէինք տեսնում խաղադաշտում։ Իհարկե չպետք է այսքանով բավարարվել։ Պետք է հասնենք այն օրվան, երբ խաղադաշտում կտեսնենք մեկ-երկու լեգիոներներ։ Այս պարագայում մենք ավելի մեծ ընտրություն կունենանք ազգային հավաքականի համար։

-Արդյոք հայ երկրպագուներն արդեն կարողացե՞լ են տպավորել Ձեզ։

-Շատ ցավալի է, երբ մարզադաշտը չես տեսնում լեփ-լեցուն։ Ֆուտբոլի հոգին երկրպագուն է։ Երբ նրանք չկան, կարծես ֆուտբոլը կաղի։ Նույնիսկ այն պարագայում , երբ մարզադաշտը 100 տոկոսով լեփ-լեցուն չէր, տեսանք, թե ինչպես են նրանք երկրպագում հավաքականին։

-Ուրարտուի երկու ֆուտբոլիստների մասին կցանկանայի խոսեիք՝ Հակոբ Հակոբյանի և Ուգոչուկվու Իվուի։ Ինչո՞վ է պայմանավորված Հակոբյանի բացակայությունն այս անգամ, ու արդյո՞ք Իվուին դիտարկում եք որպես հավաքականի պոտենցիալ խաղացող, քանի որ արդեն հինգ տարի է՝ նա խաղում է Հայաստանում։

-Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանին, ես շատ լավ տեղյակ եմ այն ամենից, ինչ կատարվում է Ուրարտուում։ Ամեն ինչից լավ տեղյակ ենք, գիտենք նրանց քաշի մասին և այլ մանրամասներ։ Ինչ վերաբերում է Իվուին, ապա ես նրա որակները շատ եմ հավանում, ու գիտեմ, որ նա էլ ցանկանում է միանալ Հայաստանի հավաքականին։ Բայց կա օրենք, ու դա մեզ դեռևս խանգարում է։ Իվուն 4 տարի է՝ հանդես է գալիս Հայաստանում։

-Հայաստանի հավաքականը մոտ տասը տարի առաջ մոտ է եղել խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալուն։ Դրանից հետո եղավ արդյունքների անկում, ու ֆուտբոլիստները դա բացատրում էին նրանով, որ մրցակիցները սկսել են ավելի լավ ուսումնասիրել մեզ ու չթերագնահատել։ Հնարավո՞ր է՝ այս անգամ էլ այդ պատմությունը կրկնվի։

-Ֆուտբոլը նաև անակնկալներից է բաղկացած, ու գուցե մենք որոշ հավաքականների անակնկալներ ենք մատուցել։ Բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա։ Մենք պետք է մտածենք միայն մեր խաղի մասին ու խաղից խաղ այն կատարելագործենք։ Պետք է նաև նշեմ, որ հավաքականում աշխատանքն ամենօրյա աշխատանք չէ, ու դա դժվար է։ Բայց ճիշտ է նաև այն, որ ֆուտբոլիստները հավատում են մեզ։

-Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմը ապահովեց իր մասնակցությունը Եվրոպական ակումբային մրցաշարի խմբային փուլում, խոսքն Ալաշկերտի մասին է։ Ինչքանո՞վ սա կօգնի մեր ակումբային ֆուտբոլի զարգացմանը։

-Իհարկե, սա հիանալի է։ Վաղը բոլորս երկրպագելու ենք Ալաշկերտին ու մարզադաշտ ենք գնալու նրանց մարզաշապիկները հագած։ Տա Աստված, որ հաղթահարեն նաև այս փուլի արգելքը։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է