Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 18:53 18-08-2021

Տարածաշրջանի «այրվող թոքերի» միֆերն ընդդեմ իրականության

Թեպետ դեռևս վաղ է վերջնականապես հաղթահարված համարել Թուրքիայում հուլիսի 28-ից մոլեգնող անտառային հրդեհները, սակայն արդեն իսկ մարվել են բնակավայրերին սպառնացող հրդեհների բոլոր օջախները։ Այս մասին դեռևս օգոստոսի 8-ին Մարմարիսի Ուսուցչի տանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է միասնական շտաբի ներկայացուցիչ, Թուրքիայի գյուղատնտեսության և անտառաբուծության նախարար Բեքիր Փաքդեմիրլին։ Ըստ գերատեսչության ղեկավարի՝ եթե վերջին երկու տարում Թուրքիայում բռնկվել է 5 խոշոր հրդեհ, ապա հուլիս-օգոստոսին ընդամենը 12 օրվա ընթացքում բռնկվել է միանգամից 16-ը, ինչի արդյունքում անհնար է դարձել կարճ ժամանակահատվածում մարել կրակի բոլոր օջախները։ Փեքդեմիրլին հավելել է, որ այս հրդեհներն այնքան մեծ մասշտաբ են ունեցել, որ անգամ աշխարհի ամենահզոր պետությունը միայնակ չէր կարող դիմագրավել և կզգար 3-5 երկրի օգնության կարիք։

49 նահանգում մոլեգնած, 8 մարդու կյանք խլած շուրջ 300 հրդեհներն իրենց մասշտաբով ու հարուցած վնասներով այնքան աննախադեպ էին, որ ոչ միայն գրավեցին միջազգային մամուլի ու կանաչ շարժման ներկայացուցիչների ուշադրությունը, այլև հիմնական ու կեղծ օրակարգեր ստեղծեցին հենց Թուրքիայում՝ դառնալով արդարացի շահարկումների ու պոպուլիզմի գեներացման առարկա, քաղաքական, կուսակցական և անհատական դիվիդենտներ շահելու, մարդու իրավունքների ոտնահարման ու ապատեղեկատվության տարածման առիթ՝ մի կողմից ձևավորելով միֆեր, մյուս կողմից՝ արտացոլելով իրականությունը։

«Կրակի երեխաներ» խմբավորման հայտարարությունը․ Համացանցում տարածված հոլովակից հետո թեպետ իշխանամետ «Yeni Şafak» թերթը շարունակում է պնդել, թե անտառային զանգվածային հրդեհները կազմակերպել են «Կրակի երեխաներ» կազմակերպության ներկայացուցիչները (այս խմբավորումը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ), սակայն մեղադրանքները որևէ կերպ չեն հիմնավորվել, այդ թվում՝ պատասխանատվությունը ստանձնելու տեսանյութով։ Կազմակերպության անդամները տեսաուղերձում նշել են, որ հրդեհը պայքարի եղանակ է, քանի որ իշխանություններն այլ լեզու չեն հասկանում։ Հունիսի 12-ի դրությամբ հրդելու փաստն ընդունել է միայն Անթալիայի Մանավգաթի գավառում կրակ բռնկած 12-ամյա մի երեխա, որը, սակայն, կարճ ժամանակ անց բաց է թողնվել, քանի որ իր կողմից հրդելու հանգամանքն ունեցել է անձնական մոտիվ, այն է՝ ծնողների ամուսնալուծությունը։ Ինչ վերաբերում է «Կրակի երեխաներ»-ին, ապա այս կազմակերպությունը մեծագույն ցանկության դեպքում անգամ նման լայնամասշտաբ հրդեհներ չէր կարող կազմակերպել․ բավական է վերհիշել միայն Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոյլուի հայտնի խոսքերն այն մասին, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներ Թուրքիայում գրեթե չեն մնացել (թեպետ փոքր մասշտաբի հրդեհներ քրդերը մշտապես են կազմակերպում և ամեն տարի)։ Հաշվի առնելով գլոբալ տաքացումը, կլիմայական փոփոխությունը, շաբաթներ ձգվող բարձր ջերմաստիճանն ու երաշտը, ինչպես նաև քամու ուժգնությունն ու ձիթապտղի ծառերի մեծաքանակ այգիների գործոնը՝ թուրքական իշխանությունները հրաժարվում են վաղաժամ հայտարարություններից։ Ընդ որում, պատճառը կասկածյալների անմեղության կանխավարկածի պահպանումը կամ մարդկային գործոնի բացառումը չէ, պարզապես թուրքական իշխանությունները, ելնելով նախկին պրակտիկայից, հրաշալի գիտակցում են, որ արգելված կազմակերպությունների համար նման հայտարարությունները սև փիառ տեխնոլոգիայի բաղկացուցիչ են։

Արտասահմանյան աջակցությունը․ Հրդեհների բռնկման առաջին իսկ օրից Թուրքիային ամենամեծ օգնությունը ցուցաբերել են Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանը Թուրքիա է ուղարկել ավելի քան 700 հրշեջ ու հրդեհաշիջման մեքենա, իսկ Ռուսաստանը՝ ավիացիոն տեխնիկա։ Էական է եղել նաև Իսպանիայի, Քուվեյթի և Ուկրաինայի աջակցությունը։ Հատկանշական է, որ ուկրաինական կողմը ոչ թե աչքի է ընկել հրդեհաշիջման պատրաստակամությամբ, այլ Թուրքիան է դիմել ուկրաինական մասնավոր ընկերության՝ ձեռք բերելու այնպիսի ինքնաթիռներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ գիշերային պայմաններում իրականացնել կրակի մարման աշխատանքներ։ Պատճառն այն է, որ Թուրքիայում՝ ի տարբերություն քաղաքացիական և ռազմական ավիացիայի, ցայսօր չափազանց թույլ է զարգացած հրշեջ ավիացիան։ Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի՝ «Yeni Şafak» պարբերականին տված հարցազրույցին, թե Ֆրանսիան և Հունաստանը օդանավեր են խոստացել, սակայն վերանայել են իրենց դիրքորոշումը և հետ կանգնել որոշումից, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հենց թուրքական կողմն է մերժել օգնության առաջարկը։ Սակայն Թուրքիան իր հերթին իրավացի է այն հարցում, որ հունական կողմի աջակցությունն անմիջական չի եղել և առաջարկը ներկայացվել է ԵՄ քաղպաշտպանության մեխանիզմի միջոցով։ Բացի այդ, եթե հունական կողմը պաշտոնապես օգնության առաջարկով հանդես չգար, բացառվում է, որ Էրդողանը շնորհակալություն հայտներ, մինչդեռ օգոստոսի 3-ին նախագահի կողմից հրապարակված երախտագիտության երկլեզու ուղերձում տեղ է գտել նաև Հունաստանը (թեպետ ամենավերջին երկիրը հենց Հունաստանն էր, որ հիշատակվել է ցանկում)։ Հատկանշական է, որ թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիան մերժել է նաև Իսրայելի առաջարկած օգնությունը։

Հակաիշխանական նախաձեռնությունները սոցմեդիայում․ Հրդեհների բռնկումից հետո սոցիալական խոշոր ցանցերում՝ Թվիթթերում և Ինստագրամում, անհամամետ ավելի քիչ՝ Ֆեյսբուքում, հազարավոր թուրք օգտատերեր միացել են #HelpTurkey (թարգմանաբար՝ #Օգնի՛րԹուրքիային) և #GlobalCall (#ՀամաշխարհայինԿոչ) հեշթեգներով գրառումներ տարածելու արշավին՝ իրենց դժգոհությունը հայտնելով հրդեհաշիջման հարցում կառավարության վարած անհաջող քաղաքականությունից։ Համացանցային արշավը կարճ ժամանակահատվածում լայն արձագանք է գտնում թուրքական մեդիատիրույթում, քանի որ նախաձեռնությանը միանում են նաև միլիոնավոր հետևորդներ ունեցող հանրային ակնառու դեմքեր, կարծիքի առաջատարներ և շոու բիզնեսի աստղեր։ Մեդիաքաոսը կառավարելու նպատակով հրապարակումների դեմ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը (թուրքերեն՝ Ankara Cumhuriyet Başsavcılığı) հետաքննություն է սկսում՝ նշելով, որ փորձ է կատարվում կեղծ օգտահաշիվներով տագնապային տրամադրություններ ստեղծել։ Հետաքննության հակաիրավական բնույթին Թուրքիայում սուր քննդատությամբ անդրադարձել է հատկապես հայտնի իրավաբան Թուրգութ Քազանը՝ նշելով, որ օգնության կոչը չի կարող որակվել որպես հանցագործություն։ Իրավաբանը հավելել է, որ օգտատերերի կողմից նման արձագանքը բնական է, եթե հաշվի առնենք Թուրքիայի գյուղատնտեսության և անտառաբուծության նախարար Բեքիր Փաքդեմիրլիի հայտարարությունն այն մասին, թե երկիրը չունի հրդեհաշիջման համար անհրաժեշտ ինքնաթիռներ։

Թվային հակաարշավը երկար սպասեցնել չի տալիս, քանի որ մերձիշխանական մամուլն ու հեռուստատեսությունն անմիջապես լծվում են, այսպես կոչված, պետության դրական իմիջը փրկելու գործին։ Առավել մեծ ակտիվությամբ հանդես են գալիս հատկապես «TRT»-ն ու «Yeni Şafak»-ը։ Ավելին՝ «Yeni Şafak»-ի գլխավոր խմբագիր Էրսին Չելիքն անձամբ է «մեդիագրագիտության հոլովակ» պատրաստում և տեղադրում մեդիայի յություբյան ալիքում։ «Help Turkey etiketinin amacı (Arkasında kim var?)» (թարգմանաբար՝ «Օգնի՛ր Թուրքիային հեշթեգի նպատակը․ ո՞վ է կանգնած սրա հետևում») խորագրով 6 րոպեանոց վարպետաց դասի շրջանակում Չելիքը հայտնում է, թե օգոստոսի 1-ին երեկոյան ժամը 23։30-ի սահմաններում եթե Թվիթերում «Help Turkey» հեշթեգով կատարվել էր 311 հազար, ապա 00։30-ին՝ 918 հազար թվիթ, ինչի արդյունքում «Օգնի՛ր Թուրքիային» արշավը հայտնվել է Թվիթերի համաշխարհային օրակարգում։ Իսկ ահա 02։30-ի դրությամբ հեշթեգով կիսվել էր 2 միլիոն օգտահաշիվ, ինչն ուղղակիորեն անհնարին էր, և, բնականաբար, չէր վրիպելու նաև Թվիթերի պատասխանատուների ուշադրությունից․ արդյունքում օգոստոսի 2-ին՝ ժամը 10։30-ին, Թվիթերը սպամ է ճանաչել մեդիաարշավը՝ ջնջելով բլոգից։ Այն, որ հրդեհների համատեքստում իշխանություններին ապատեղեկատվությամբ հեղինակազրկելու ու ճգնաժամի կառավարման գործում անընդունակ համարելու թվային ակցիան հստակ կազմակերպված և ուղղորդված է եղել, վերահաստատում է նաև կառավարման և միջազգային հարաբերությունների դոկտոր Մարկ Օուեն Ջոնսի հետազոտությունը, որից կարելի է ենթադրել, որ Թվիթերում և Ինստագրամում «Help Turkey» հեշթեգով տարածվել են անգամ Ավստրալիայի հրդեհների լուսանկարները։

Ի գիտություն ընդունելով թուրքական իշխանությունների բիրտ մոտեցումներն ու ուժային կառույցների միջոցառումները՝ հանրային կարծիք ձևավորողների զգալի մասը փոխում է մարտավարությունը՝ հրաժարվելով սկանդալային հեշթեգից։ Օրինակ՝ թուրք երգչուհի և դերասանուհի Գյուլբեն Էրգենն իր ֆեյսբուքյան պաշտոնական օգտահաշվում եթե օգոստոսի 1-ին հրապարակված նկարները մակագրել էր #HelpTurkey և #GlobalCall հեշթեգներով, ապա անմիջապես հաջորդ օրվանից՝ օգոստոսի 2-ից սկսած, Էրդողանի թիմին հրդեհներից ավելի շատ զայրացրած մեդիաարշավի շրջանակում որևէ գրառում այս հեշթեգներով չի տարածել՝ խուսափելով թիրախավորումից և հետապնդումներից։

Սոցիալական ցանցերում հրդեհների ֆոնին տարածվող մեդիատեռորին զուգահեռ առկա է նաև հումանիտար հարցերին առնչվող խորը մտահոգություն, քանի որ ըստ ազգաբնակչության մի հատվածի՝ տպավորություն է, թե իշխանությունները գաղափար չունեն տուժածների իրական կարիքների մասին։ Ընդդիմության և օգտատերերի սուր քննադատությանն իշխող ուժն արժանացել է հատկապես հրդեհներից մեծապես տուժած Մարմարիս կատարած այցից հետո։ Հանրահավաքի ընթացքում խոսելով այն մասին, թե պետությունն ինչ օգնություն է ցուցաբերելու, ինչքան է կազմելու գյուղատնտեսության ու անասնաբուծության վերականգնմանն ուղղված փոխհատուցումը, Էրդողանը ելույթն ավարտել է «մարդասիրական քայլով»՝ տրիբունայից թեյի տուփեր նետելով քաղաքացիներին։ Իրադարձությունը չի վրիպել հատկապես քեմալական Հանրապետա-ժողովրդական կուսակցության անդամների ուշադրությունից։ Կուսակցության փոխնախագահ Էնգեն Օզքոչն իր թվիթերյան միկրոբլոգում նշել է, որ կատարվածը պետք է ամոթալի լինի ինչպես նետողի, այնպես էլ նետածը վերցնողի համար։ ՀԺԿ-ին այս հարցում սատարել է նաև DEVA կուսակցությունը՝ ի դեմս նախագահ Ալի Բաբաջանի։

Անտառային հրդեհների խնդիրը կուսակցական հռետորաբանությամբ շահարկման առարկա են դարձնում հատկապես քեմալականները։ Ըստ գործող կառավարության՝ ինքնաթիռ-ամֆիբիաները հին են և չեն թռչում, իսկ վերաշինման և ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ է 4 միլիարդ դոլար, մինչդեռ նախկին իշխանությունները պնդում են, որ CL-215 մոդելները թռչում են, 9-ից 6-ը՝ հաստատապես։ Թուրքիայի ավիացիոն ասոցիացիային (թուրքերեն՝ Türk Hava Kurumu, հակիրճ՝ THK) աջակցելու նպատակով 11 քաղաքի քաղաքապետեր, որոնք նաև քեմալական ՀԺԿ անդամ են, պաշտոնական ուղերձ են ստորագրել, ըստ որի՝ պատրաստակամություն են հայտնել վճարելու THK-ին պատկանող հրդեհաշիջման ինքնաթիռների տեխնիկական սպասարկման ծախսերը։ Այս նպատակով ՀԺԿ ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն անգամ մեկնել է Պոլիս, հանդիպել կուսակից քաղաքագլխի՝ Էքրեմ Իմամօղլուի հետ՝ հայտնելով, որ ֆինանսավորման մասին ուղերձը պատրաստվում է հանձնել THK-ի ղեկավարությանը։ Փաստացի՝ հրդեհների ֆոնին Թուրքիայում ընթանում է կուսակցական անզիջում պայքար, որի ընթացքում թույլատրելի են բոլոր միջոցները, հատկապես՝ ամբոխահաճո հայտարարությունները։

Զբոսաշրջային բիզնեսի դրությունը հանգստավայրերում․ Հակառակ մոլեգնող տարերային աղետների՝ անտառային հրդեհների, ջրհեղեղների և սողանքների, Թուրքիայում ոչ միայն չի նվազում, այլև աճում է ամառային լողափնյա հանգստի նպատակով Միջերկրական և Էգեյան ծովերին հարող բնակավայրեր մեկնող զբոսաշրջիկների թիվը։ Այս միտումի մասին խոսում են ոչ միայն թուրքական, այլև արտասահմանյան, առաջին հերթին՝ ռուսական ԶԼՄ-ները (gazeta.ru, РИА Новости և այլն)։ Որպես օրինակ՝ ռուսական տուրօպերատորների ասոցիացիայի տվյալների համաձայն՝ չնայած ավիատոմսերի չեղարկման կամ փոփոխման փոքրաթիվ դեպքերին՝ դեստինացիաներ կան, որտեղ 15 %-ով աճել է ափերին հանգստանալ ցանկացողների թիվը։ Ռուս զբոսաշրջիկների կողմից Թուրքիայում հանգիստը հրդեհների պատճառով չչեղարկելու մտադրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ նախ, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացմանը զբոսաշրջիկները սպասել էին շուրջ երկու տարի ու հանձնել թեստեր, և, ըստ էության, առաջնային համարել են հենց երկար սպասված հանգիստը, մանավանդ, որ թուրքական հյուրանոցներն առաջարկում են «ամեն ինչ ներառյալ» փաթեթներ, երկրորդ՝ չեղարկելիս կամ օրվա փոփոխություն կատարելիս ստիպված էին լինելու լրացուցիչ գումար վճարել տուրգործակալություններին, և երրորդ՝ ո՛չ Ռոստուրիզմը, և ո՛չ էլ ՌԴ արտգործնախարարությունը Թուրքիայում տիրող իրավիճակը վտանգավոր չեն համարել ռուս զբոսաշրջիկների համար և չեն կազմակերպել տարհանման թռիչքներ։ Ընդհանուր առմամբ, թեպետ զբոսաշրջային ծովափնյա բիզնեսը լուրջ վնասներ չի կրել զբոսաշրջիկների հոսքի առատության պատճառով, բայցևայնպես, էական վնաս է հասցվել էկոլոգիային և ենթակառուցվածքներին։ Ըստ նախնական հաշվարկների՝ ֆինանսական կորուստը գնահատվում է ավելի քան 35 միլարդ ԱՄՆ դոլար։ Այսպիսով՝

N

Անտառային հրդեհների շուրջ ձևավորված հանրային դիսկուրսը

Միֆ

Իրականություն

1

Հրդեհները կազմակերպել են «Կրակի երեխաներ» կազմակերպության անդամները

2

Ֆրանսիան և Հունաստանը հրդեհաշիջման պատրաստակամություն չեն հայտնել

3

Քեմալականները հրդեհների խնդիրը շահարկում են քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով

4

Զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է լողափնյա հանգստավայրերում՝ էական վնաս հասցնելով թուրքական տուրիզմին

5

Հանրության լայն շրջանում դժգոհություններ կան հումանիտար օգնությունից

6

Սոցիալական մեդիայում արշավներ են իրականացվել՝ հեղինակազրկելու իշխանությանը

Ամենից շատ դիտված

13:05 Սամվել Ալեքսանյանի կինն ու աղջիկները, «Մարիաննայի» և «Վիվառոյի» սեփականատերերը․ Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքի մասնակիցները
08:14 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ Հրապարակ
07:42 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. Փաստ
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
22:02 Գյումրիում բարի մարդիկ ինձ կարի մեքենա նվիրեցին, հիմա իմ ձեռքի շնորհքով եմ ապրում. արցախցի դերձակ
10:30 44-օրյայի զոհերի անունները թաքցնող ՔՊ-ն խոսում է 1.5 մլն ցեղասպանվածներին նույնականացնելուց
12:30 Տուգանքի փողը ես եմ մուծելու. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
13:29 Կհորդորեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, դա մեղք է. ՔՊ պատգամավոր