Ներքին 5 տարի առաջ - 22:08 30-07-2021

ՀՀ ՏԿԵ նախարարությունն առաջարկում է հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիի 2%-ը հատկացնել ազդակիր համայնքներին. EcoLur

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունն առաջարկում է մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիի 2 տոկոսից մասհանումներ կատարել ազդակիր համայնքների բյուջեներ համայնքների կայուն և շարունակական զարգացման համար: Առաջարկվում է այդ մասհանումը բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի և Հայաստանում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջև` 50/50 հարաբերակցությամբ։

Այս կապակցությամբ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:

«Ռոյալթիների բաշխման ստորև նշված կարգով առաջարկվում է նպաստել ազդակիր համայնքների զարգացմանը՝ ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, աշխատատեղերի ստեղծման և այլ առաջնային ոլորտների ֆինանսավորումը որոշ չափով ավելացնելու միջոցով։ Ռոյալթիների բաշխման ստորև նշված կարգը կնպաստի ազդակիր համայնքների ծրագրերի իրականացման առումով կարողությունների զարգացմանը, որը այլ հավասար պայմաններում խոչընդոտվում էր համայնքում հանքարդյունահանության առկայությամբ: Արդյունքում, կմեղմվի զարգացվածության տեսանկյունից ազդակիր համայնքների և ՀՀ մյուս համայնքների միջև անհամաչափությունը»,- մասնավորապես նշված է օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ:

ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ ռոյալթին բնօգտագործման վճարի տեսակ է, որը վճարվում է ՀՀ պետական բյուջե՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար։

Նշենք, որ EcoLur-ի հետ հանդիպումներում ազդակիր համայնքները բազմիցս բարձրաձայնել են ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիներից համայնքներին մասհանումներ կատարելու անհրաժեշտության մասին, քանի որ բնապահպանական հարկերից համայնքներին բնապահպանական ծրագրերի համար տրամադրվող գումարները շատ փոքր են: Մինչ այժմ հանքարդյունաբերության ազդակիր համայնքներն օգտվել են նաև ընդերքօգտագործման պայմանագրերով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար ընկերությունների կողմից հատկացված գումարներից: Սակայն ՀՀ ԱՃԹՆ-ի շրջանակներում հրապարակված տվյալների, ինչպես նաև 2020-2021 թթ. EcoLur-ի կողմից իրականացված՝ «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունն ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ներդրման պարտավորությունը ոչ բոլոր ընկերությունների պայմանագրերով են նախատեսված, և որ նույնիսկ այն ընդերքօգտագործողները, որոնք ունեցել են նման պայմանագրային պարտավորություններ, կամ գերակատարել, կամ թերակատարել են իրենց պարտավորությունը: Այդ ներդրումները հաճախ չեն համընկել համայնքի իրական կարիքներին և իրականում այդքան էլ չեն նպաստել համայնքի ամբողջական տնտեսական և սոցիալական զարգացմանը։

Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2023թ-ի հունվարի 1-ից:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի