copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:49 30-07-2021

Ամենաազնիվ արժեքի՝ հայրենիքի նվիրյալը. Սամվել Կարապետյանը մտահոգ էր հայ արմատի զորացման խնդրով

«Ամեն ինչի իմաստը, գերագույն արժեքը հայրենիքն է, սրբությունների սրբոցը: Ես երջանիկ եմ, որովհետեւ եղել է գործի պաշտամունք, եղել է խորքային համոզմունք, որ հայրենիքի համար օգտակար գործ եմ անում: Ամենքս էլ կյանքում ինչ-որ բան կիսատ ենք թողնում: Կարեւորը պատգամն է սերունդներին, որ նրանք չընկրկեն եւ շարունակեն կռիվը: Մենք արմատի խնդիր ունենք: Ի՞նչ անենք, որ չչորանա այդ արմատը: Պետք է սնուցել բոլոր ազգային ուժերը, որոնք որ կվերակենդանացնեն, կվերականգնեն մեր ազգային նկարագիրը:

Ամենաճշմարիտ, ամենաազնիվ արժեքը հայրենիքն է: Մարդուն ազնվացնող, վեհացնող եւ վեր բարձրացնող արժեքը եւս հայրենիքն է….»:

Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ճակատագիրը նրա հանդեպ եւ շռայլ եղավ, եւ քմահաճ: Քմահաճ, քանզի ծերունական հասակի շեմին դեռ չհասած, տակավին երիտասարդական ավյունով առլեցուն, գնաց փարվելու իր պաշտելի հողին, հանուն որի պատրաստ էր կյանքը զոհաբերել: Եվ շռայլ եղավ ճակատագիրը, որովհետեւ այն, ինչ հասցրեց անել, արդյունք էր իր հայրենապաշտության, տիտանական աշխատասիրության, անձնազոհ նվիրումի: Առաքինություններ, որոնք սակավներին են բնորոշ: Արդյունքում՝ անկշռելի վաստակ, որ թողեց պատմաբան-հուշարձանագետը մեզ ու գալիք սերունդներին:

Արմատներով Տուրուբերան աշխարհի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերած Բաղդասարի գերդաստանի շառավիղներից էր Սամվել Կարապետյանը՝ ծնված մայրաքաղաքում: Դեռ պատանեհասակ, հայրենի բնությունն ուսումնասիրելու մղումով, շրջագայում է ողջ Հայաստանով մեկ, իսկ 1978-ից սկսած, լուսանկարում, չափում, նկարագրում ամբողջ պատմական Հայաստանի հայկական հուշարձանները: Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում եւ ցուցակագրում է հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նա բազմաթիվ գյուղերի, գյուղատեղիների, հանդամասերի առաջին հետազոտողն է, հարյուրավոր հուշարձանների առաջին լուսանկարիչը, չափագրողը, հայտնաբերողն ու տեղորոշողը, հազարավոր վիմագրերի առաջին ընթերցողն ու հրատարակիչը: Ուշագրավ է այն փաստը, որ հետազոտությունների առաջնայնությունը տվել է այն տարածքներին, որտեղ առավել վտանգված են եղել մեր պատմական հուշարձաններն ու մշակութային արժեքները:

Պատմաբան-հուշարձանագետը միայն մեր հանրապետության տարածքում չափագրել է ավելի քան 50 հուշարձան, լուսանկարել շուրջ 22 հազար կադր: Բացառիկ են Խոսրովի արգելոցում կատարված ուսումնասիրությունները, որտեղ վկայագրել է հարյուրավոր հուշարձաններ: ՀՀ տարածքում կատարած հետազոտությունների հիման վրա հանդես է եկել հոդվածներով, հրապարակել բազմաթիվ գրքեր՝ «Աղնաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները», «Առինջ գյուղի պատմական հուշարձանները»… Եվ նույն մատենաշարով գրքեր՝ նվիրված Կոտայքի, Զառ եւ Սեւաբերդ, Նորագյուղ եւ Մայակովսկի, Ոսկեպար, Չիլիզա, Ակունք, Կաթնաղբյուր գյուղերի պատմական հուշարձաններին, աշխատություն՝ «Արցախի եւ Սյունիքի մելիքական ապարանքները» խորագրով: Ավելին՝ կազմել է տարբեր մարզերի հուշարձանների քարտեզ-ուղեցույցները: Արցախի Հանրապետության տարածքում չափագրել է ավելի քան 200 հուշարձան, լուսանկարել 24 հազար կադր: Մեծածավալ աշխատանքներ է կատարել Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններում: Նա ուսումնասիրել է ոչ միայն բնակավայրերում ու դրանց հարակից տարածքներում գտնվող հուշարձանները, այլեւ դրանցից հեռու սարերում, անտառներում գտնվող եւ երբեւէ չուսումնասիրված բերդերը, կամուրջները, վանքերը, եկեղեցիները, մատուռները, գերեզմաններն ու խաչքարերը: Այս ամենին զուգահեռ, Սամվել Կարապետյան նվիրյալը իրականացրել է նաեւ բանահավաքչություն եւ տեղացիներից հավաքագրել շուրջ 4 հազար մանրատեղանուն: Եվ Արցախին վերաբերվող քանի՜ գրքեր է հրատարակել՝ «Դադիվանքի վերանորոգումը», «Արցախի կամուրջները», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված տարածքներում», «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս», «Արցախի հրաշալիքները», այլ աշխատություններ:

Հոգնություն չճանաչող հուշարձանագետ-գիտնականը մեր բարեկամ երկրի՝ Վրաստանի տարածքում եւս շարունակել է իր կյանքի գործը: Այստեղ չափագրել է 130 հուշարձան, ժապավենի վրա վերցրել 20 հազար կադր, իր երկարամյա հետազոտությունների հիման վրա հրատարակել բազմաթիվ գրքեր՝ «Ջավախք», «Ախալցխա», «Հայերը Կախեթում», «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն», «Թիֆլիսի քաղաքագլուխները», «Վրաց պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները», «Շուլավեր» եւ այլ աշխատություններ… Իսկ թե էլ ինչ ուսումնասիրություններով էր հարստացնելու պատկառելի իր հունձքը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երեւանյան գրասենյակի հայրենապաշտ ղեկավարը՝ թերեւս իմանար միայն ինքը՝ 1961 թ. ամառային այս օրը լույս աշխարհ եկած վաստակաբեռն հուշարձանագետը: Նա ապրեց ընդամենը 58 տարի, բայց իր անվանն ու իր աշխատություններին դարեր են վերապահված…