Երևան +15°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:07 23-07-2021

Անփոխարինելիներ չկան․ Բոսֆորը մրցակից կունենա

Ի հեճուկս բոլոր թերահավատների, թե Պոլսի եվրոպական հատվածի կղզիացման և նոր ջրատարածքի կառուցման օրակարգն Էրդողանը քաղաքական խոսույթի մակարդակում պարզապես երևան է բերում, քանի որ հանրապետության հռչակման հարյուրամյակին ընդառաջ չի ցանկանում դրժել 2011-ի խոստումը, թուրքական իշխանությունները պետության եվրոպական ափն արհեստական ջրանցքի շնորհիվ վերածում են ենթակառուցվածքային և կոմերցիոն հաբի՝ Պոլսի պատվին կոչելով «Ստամբուլ»։

Ըստ պաշտոնական Անկարայի՝ տրանսպորտային 45 կիլոմետրանոց նոր ակվատորիայի կառուցումը հնարավորություն կստեղծի բեռնաթափելու Բոսֆորի նեղուցը՝ բարելավելով տարածաշրջանի էկոլոգիական վիճակը։ Մասնակցելով Պոլսի ջրանցքի 6 կամուրջներից մեկի հիմնարկեքի արարողությանը՝ նախագահ Էրդողանն իր ելույթում նշել է, որ տրանսպորտային նոր պրոյեկտը դիտարկում են իբրև Պոլսի ապագան փրկելու միջոց, քանի որ ջրանցքի կառուցմամբ լուծվելու է Բոսֆորի և հարակից շրջաններում բնակվող քաղաքացիների անվտանգության հարցը, այն է՝ դյուրին է դառնալու նավագնացությունը, կրճատվելու է Բոսֆոր ելումուտ գործելու ժամանակը, լուծվելու են նավիգացիայի խնդիրները։ Նախագահի հաղորդմամբ՝ տարեկան 45 հազար նավ է հատում Բոսֆորը։ Կանխատեսումների համաձայն՝ 2050 թվականին Մարմարայից Սև ծով և հակառակ ուղղությամբ շարժվող նավերի թիվը կկազմի մոտ 78 հազար։ Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ Բոսֆորի տարեկան թողունակությունը կազմում է ընդամենը 25 հազար, մինչդեռ նեղուցը հատում է 40-42 հազար ծովային փոխադրամիջոց։ Ըստ այդմ, յուրաքանչյուր խոշորատոննաժ նավ տեխնածին պոտենցիալ աղետի պատճառ կարող է դառնալ, հատկապես եթե դրանք նավթափոխադրող տանկերներ են։ Ակնկալվում է, որ Պոլսի ջրանցքի օրական թողունակությունը կկազմի 160 նավ՝ մեղմելով Բոսֆորի հերթագոյացումը, քանի որ ջրային այլընտրանքային երթուղու պայմաններում մուտքի և ելքի անցակետերում նավերը սպասում են ավելի քան 15 ժամ։

Շարունակելով թվարկել ջրանցքի դրական կողմերը՝ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ցանկանում է միջազգային առևտրում ավելի նշանակալի դեր խաղալ՝ ստանալով տրանսպորտային և լոգիստիկ նոր միջանցքներ։ Գրեթե կասկած չկա, որ այս հարցում Թուրքիան հաջողելու է, քանի որ Պոլսի ջրանցքը գործելու է վճարովի հիմունքներով։ Կանխատեսումների համաձայն՝ գործարկումից ընդամենը 15 տարի անց Թուրքիան կվերականգնի ենթակառուցվածքի վրա ծախսած ամբողջ գումարը։ Այս համատեքստում պետք է նկատի ունենալ, որ թեպետ Մոնտրյոյի կոնվենցիան կնքվել է 1930-ականներին ու գործում է ցայժմ, սակայն Թուրքիան ժամանակի ընթացքում կանոնակարգիչ, այդ թվում՝ իրավական բազմապիսի փոփոխություններ է կատարել, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Բոսֆորի ջրային երթևեկին։ Օրինակ՝ 1994 թվականին առևտրային նավերի համար Թուրքիան ընդունել է Բոսֆոր մուտքի գործելու լրացուցիչ կանոններ, ըստ որոնց՝ եթե նավի երկարությունը կազմում է 150-200 մետր, առնվազն մեկ օր առաջ պետք է իրազեկեն Թուրքիային, իսկ 200-300 մետրանոց նավերը՝ 48 ժամ առաջ։ Եվ, ամենակարևորը, Թուրքիային ոչինչ չի խանգարում փոփոխություններ կատարելու իրազեկման ժամանակի հարցում, հետևապես՝ ըստ անհրաժեշտության Թուրքիան կարող է երկարաձգել իրազեկման ժամկետները՝ Բոսֆորի մուտքերում ստեղծելով արհեստական հերթագոյացում կամ խցանում՝ նման գործելաոճը հիմնավորելով անվտանգության պահանջների պահպանության առաջնահերթությամբ։

Բնապահպանների արձագանքը․ Ջրանցքի կառուցման դեմ երկրում առավել ակտիվ պայքարում են բնապահպանները։ Դեռևս մայիսի վերջին Էրդողանը հայտարարել էր, որ անպայմանորեն գտնվելու են մարդիկ, որոնք մտահոգություն են հայտնելու մեգապրոյեկտի կառուցման առթիվ, սակայն դա իրեն չի կանգնեցնելու, իսկ ծրագրի իրականացման համար ներդնելու են շուրջ 15 միլիարդ դոլար։ Հիմնարկեքի օրը կազմակերպված բողոքի ցույցի ընթացքում «Ya kanal ya İstanbul» (թարգմանաբար՝ «Կա՛մ ջրանցքը, կա՛մ Պոլիսը») շարժման ակտիվիստները, հանդես գալով «Katil durduralım» (թարգմանաբար՝ «Կանգնեցնե՛նք սպանությունը») և «Beton kanal, beton şehir istemiyoruz» (թարգմանաբար՝ «Չենք ցանկանում բետոնե ջրանցք և քաղաք») կարգախոսներով, նշել են, որ Պոլսի ջրանցքի կառուցմամբ կարող է խախտվել Բոսֆորի բնական ջրի բալանսը, ինչն անդառնալի վնաս կհասցնի ծովային բուսական և կենդանական աշխարհին, առաջին հերթին՝ ձկների ձվադրման վայրերին։ Բնապահպանները մտավախություն են հայտնել նաև, որ ջրանցքի գործարկմամբ կարող են տուժել Քյուչյուքչեքմեջեի լիճն ու Յարըմբուրգազի քարանձավը, որն, ինչպես հայտնի է, հնագիտական կարևոր նշանակություն ունեն։ Բայցևայնպես, էկոլոգիական հնարավոր վնասների շարքում առաջնային տեղ է գրավում Պոլսի բնակիչների խմելու ջրի որակի հարցը։

Ըստ Էրդողանի՝ Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվելու Պոլսի ջրանցքի երթևեկի վրա։ 1936 թվականին շվեյցարական Մոնտրյոյում ստորագրված կոնվենցիան, որը վերականգնում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների վրա, նավերին ազատում էր մուտքավճարից՝ Բոսֆորում սահմանափակելով ոչ սևծովյան երկրների ռազմական նավերի շարժը։ Միջազգային փաստաթղթի համաձայն՝ ոչ սևծովյան երկրները Բոսֆոր և Դարդանել մուտք գործելուց առաջ նախապես պետք է իրազեկեն Թուրքիային։ Բացի դրանից՝ կոնվենցիան ժամանակացույց է սահմանում ռազմանավերի ժամանման և թվաքանակի համար։ Այս սահմանափակումների պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված անընդհատ փոխում է իր նավերը Սև ծովում։ Իսկ ահա Պոլսի ջրանցքի գործարկմամբ՝ 2027 թվականից առկա իրավիճակը կարող է արմատապես փոխվել։ Հետևապես ամենևին զարմանալի չէ, որ միջազգային առաջին լուրջ արձագանքը ստացվել է Մոսկվայից։ Ապրիլին ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, ի պատասխան Թուրքիայի նախագահի պնդումների, սևծովյան նեղուցների անվտանգության պահպանմամբ շահագրգռված, բոլոր կողմերին կոչ էր արել հետևելու Մոնտրյոյի կոնվենցիային դրույթներին։

Ծովակալների արձագանքը․ Կոնվենցիայի վերագնահատման համատեքստում կարևոր է նկատել, որ Թուրքիայում փաստաթղթի պահպանման օգտին բացահայտ հանդես են գալիս պահեստազորի ծովակալները։ Մասնավորապես, ապրիլի սկզբին տարածած հայտարարությամբ 104 նախկին ծովակալներ նշել էին, որ Մոնտրյոյի կոնվենցիան ոչ թե Բոսֆորով նավերի երթևեկը կանոնակարգող փաստաթուղթ է, այլ թուրքական պետության՝ Լոզանի պայմանագիրն ամբողջացնող դիվանագիտական հաղթանակի արգասիք։ Բացելով փակագծերը՝ ծովակալները նշել էին, որ հենց կոնվենցիայի շնորհիվ է Թուրքիան կարողացել 2-րդ աշխարհամարտի տարիներին «չեզոքություն» պահպանել։ Այսինքն՝ թուրքական պաշտոնաթող բարձրաստիճան սպայակազմը հանդես է գալիս ջրանցքի կառուցման դեմ՝ ելնելով այն կանխադրույթից, որ տարածաշրջանային լայնամասշտաբ հնարավոր ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան, լինելով ՆԱՏՕ անդամ երկիր, այլևս հնարավորություն չի ունենալու մանևրելու և խուսափելու պատերազմում անմիջականորեն ներգրավվելու պարտավորությունից։ Բայցևայնպես, պետք է նկատել նաև, որ այս ծովակալների դիրքորոշումը ոչ միայն և ոչ այնքան տարածաշրջանային և աշխարհաքաղաքական համակողմանի դիտարկումների խտացում է, որքան կուսակցականացված հուսահատ քննադատություն։ Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ ծովակալներն իրենց ուղերձում առանձնակի կարևորություն էին տվել այն փաստին, որ Թուրքիայի զինված ուժերը, այդ թվում՝ ռազմածովային, հեռացել են քեմալական արժեքներից, մինչդեռ պաշտոնաթող սպայակազմը ոչ միայն չի ընդունում, այլև դատապարտում է Աթաթուրքի գծած ժամանակակից ուղուց շեղվելու ցանկացած փորձ։ Իսկ ահա թուրք պատմաբան-քաղաքագետ Մեհմեթ Փերինչեքը, որը դարձյալ դեմ է ջրանցքի կառուցմանը, պնդում է, որ պրոյեկտն իրականացնելիս մոռացության է արժանանում այն հանգամանքը, որ ակվատորիան անհրաժեշտության դեպքում բարդություններ է ստեղծելու Թուրքիայի ցամաքային ուժերի տեղաշարժի համար։

Նախկին ծովակալների հայտարարության քննադատությամբ հանդես են եկել նաև ընդդիմադիր ուժերի ղեկավարները՝ Քըլըչդարօղլուն (CHP), Աքշեները (İYİ Parti), Դավութօղլուն (Gelecek Partisi), Բաբաջանը (DEVA Partisi), Քարամոլլաօղլուն (Saadet Partisi)։

Մի կողմից հաշվի առնելով ծովակալների ազդեցիկ հեղինակությունն ու 2016 թվականի հուլիսյան դասերը, իսկ մյուս կողմից՝ քեմալական սպաների հայտարարություն-ուղերձը համարելով «հեղաշրջման փորձ»՝ Էրդողանը գործի դրեց ավտորիտար վարչակարգի ռեպրեսիվ մեքենան։ Մասնավորապես՝ Անկարայի գլխավոր դատախազությունն անմիջապես որոշում կայացրեց կալանավորելու ծովակալներից 10-ին, այդ թվում՝ Ջեմ Գյուրդենիզին, Մուսթաֆա Օզբեյին և Քադիր Սաղդըչին՝ խուզարկություն իրականացնելով վերջիններիս բնակարաններում, հանգամանք, որը ոչ թե այլակարծության ճնշում էր, այլ լիարժեքորեն բխում էր զինվորական հին էլիտայի և առհասարակ քեմալականությանը հավատարիմ կադրերի համակարգային ջարդի տրամաբանությունից։

Ռուսաստանի արձագանքը․ Հիմնարկեքի պաշտոնական արարողությունից ամիսներ առաջ Պոլսի ջրանցքին անհամեմատ ծավալուն անդրադարձել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը։ Նշելով, որ Ռուսաստանը Մոնտրյոյի կոնվենցիան դիտարկում է որպես սևծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման անկյունաքարային փաստաթուղթ՝ հավելել է, որ 1․ Թուրքիան գործելու է այնպես, որ կոնվենցիան շարունակի պահպանել իր ուժը, 2․ հայտնի չէ, թե ով, ինչպես, երբ և ինչ միջոցներով է գործարկելու նոր ջրատարածքը, 3․ թեպետ Պոլսի ջրանցքի և Մոտրյոյի կոնվենցիայի միջև առկա է փոխադարձ կապ, սակայն այն չունի ուղիղ և անմիջական բնույթ, հետևաբար, եթե անգամ Պոլսի ջրանցքի դեպքում լինեն մուտքավճարի նոր կարգավորումներ, ռազմանավերի տոննաժի որևէ փոփոխություն տեղի չի ունենալու։ Ըստ ռուսական կողմի բարձրաստիճան պաշտոնյաների և առաջատար փորձագետների՝ թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են, որ Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային տարանցիկ նշանակություն ունեն և պատկանում են ամբողջ աշխարհին, իսկ Թուրքիան, նեղուցների վրա տարածվող սուվերենությունից բացի, նավագնացության հարցում ունի ընդամենը վերահսկողի կոնվենցիոն պարտավորություններ։ Ռուսական կողմի նման համոզմունքը նորագույն շրջանում նախ և առաջ պայմանավորված է 2008 թվականի օգոստոսյան 5-օրյա պատերազմով, երբ ռուսական կողմը ներխուժեց Աբխազիա և Հարավային Օսիա, իսկ Թուրքիան օբյեկտիվորեն թույլ չտվեց Միացյալ Նահանգներին հոսպիտալային նավերով մուտք գործել Սև ծով։ Բայցևայնպես, այս իրավիճակը փոփոխվել է 2014 թվականի Մայդանից հետո, քանի որ Ղրիմը հայտնվել է ռուսական տիրապետության ներքո, իսկ թերակղզու և Կերչի վերադարձի հարցում ուկրաինական իշխանությունները նոր ջրանցքի բարեհաջող գործարկման դեպքում Սև ծովում փափագում են տեսնել ամերիկյան ավիակիրների ներկայություն։ Պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն Կիևի, կարողանալով տարանջատել քաղաքական ռոմանտիզմը ռեալ պոլիտիկից՝ այս հարցում չի տրվում որևէ սադրանքի և սևծովյան տարածաշրջանի քաղաքական հարցերը կարգավորում է իր հիմնական խոսակցի՝ Անկարայի հետ։

Ամենից շատ դիտված