Երևան +12°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:58 15-07-2021

Ֆիրդուսի խնդիրը նույն է, ինչ ամբողջ Երևանինը՝ հանրության գերակա շահի մասին օրենքը. մշակույթի ոլորտի հետազոտող

«Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքի հեղինակներից Տիգրան Ամիրյանի հետ զրուցել ենք Ֆիրդուսի նշանակության և նրա շուրջ ստեղծված խնդրի մասին:

-Պարո՛ն Ամիրյան, Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունի Ֆիրդուսը Երևանի համար:

Ֆիրդուսը Երևանի կենտրոնի վերջին ինքնաշեն, բնակելի թաղամասն է: Նման թաղամասեր կենտրոնում այլևս չեն պահպանվել:

Ֆիրդուսի մյուս նշանակությունն այն է, որ այնտեղ կան 19-րդ դարի շքեղ շինությունների հիմքեր, պատեր, որոնք պահպանվում են մինչ այժմ:

Այստեղ խոսքը եզակի շինությունների մասին է՝ ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի համար:

Եթե նույնիսկ այդ հնագիտական աշխատանքը մի կողմ թողնենք, հարկ է նշել, որ մենք գործ ունենք շինությունների հետ, որոնք այսպիսի նողկալի վիճակի են հասել հենց գերակա շահի պատճառով ու բնակիչներին վտարելու գործընթացի «շնորհիվ», որը շարունակվել է մոտ 2 տասնամյակ:

Ցավով եմ նշում, որ այն եզակի է, որովհետև 19-րդ դարի մնացած ֆոնդը դուք ինքներդ էլ տեսնում եք, թե ինչպիսի արագությամբ է ոչնչացվում:

- Ֆիրդուսի բնակիչներն հասկանու՞մ են արդյոք իրենց թաղամասի արժեքայնությունը:

Բնակիչներն, իհարկե, հասկանում են, թե որտեղ են բնակվում և մեծ ցավով են հեռանում իրենց տներից, քանի որ Ֆիրդուսը եզակի թաղամաս է, որտեղ գրեթե չկա նոր բնակիչ: Այնտեղ ապրող ընտանիքներն ունեն 100-120 տարվա պատմություն և սեփական ձեռքերով են կառուցել թաղամասի շինությունները և նրաց կապն այդ շեքների հետ շատ ամուր է: Ֆիրդուսն իրենց հիշողության վայրն է:

Մյուս կողմից, բնակիչները պարզապես հոգնել են ապրել այդ դատարկ վիճակում և որոշակի գումարի և հոգեբանական շանտաժի դիմաց, թե տես՝ կողքի շենքն արդեն քանդել ենք, դու շինհրապարակի մեջ ես ապրելու, նրանք ստիպված ազատում են իրենց տները:

Կան նաև բնակիչներ, որոնք պայքարում են մինչև վերջ ու չեն ենթարկվում այդ շանտաժին:

Նրանք փորձում են կամ իրենց տունը պահպանել, կամ էլ, եթե այն այլևս ենթակա է ոչնչացման, պահանջում են բնակարան նույն տարածքում:

Այդ մարդիկ իրենց ողջ պատմությամբ, ինքնությունով կապված են կենտրոնի հետ: Նրանք դարից ավելի այնտեղի բնակիչ են:

-Ըստ Ձեզ, ո՞րն է Ֆիրդուսի խնդիրը:

Ֆիրդուսի խնդիրը նույն է, ինչ ամբողջ Երևանի խնդիրը: Խոսքը չարաբաստիկ գերակա շահի մասին է:

Մեր՝ ոչ միայն քաղաքային իշխանությունները կենտրոնում գտնվող յուրաքանչյուր փողաբեր տարածք 3 վայրկյանում ճանաչում են հանրային գերակա շահ, մինչդեռ ամբողջ աշխարհում գերակա շահ ճանաչվում են այն կառույցները, որոնց դեպքում դա պարզապես անհրաժեշտություն է, օրինակ՝ պալիգոն կառուցելու համար այլ հարմար տարածք գոյություն չունի:

«Գերակա շահ» ասվածը նշանակում է, որ բնակիչը սեփական տան համար ոչինչ չի կարող նախաձեռնել, մինչև տարածքը չազատի, ընդ որում՝ դա պետք է անի այն փոխհատուցման դիմաց, որն իրեն կառաջարկի տարածքի նոր «սեփականատերը»:

Նա շուկայական գներով իր տունը վաճառելու շանս պարզապես չունի:

Այս պայմանների հետ համաձայն չլինելու դեպքում նրան սեփական տնից դուրս կհանեն օրենքով, քանի որ, ըստ օրենքի, տարածքը ճանաչվել է գերակա շահ:

Գերկա շահի «դեդլայնն» ավարտվում էր 2018-ին, և մենք մեծ հույսեր ունենինք, որ իշխանությունները կչեղարկեին այդ հանցագործ որոշումները:

-Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի և կառավարության կատարած աշխատանքը:

Քաղաքապետարանը հնարավորությունների չափով փորձեց աշխատել, և նաև ակտիվիստների շնորհիվ, կարծես թե, հնարավոր եղավ մի քանի շենք փրկել:

Դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք Ֆիրդուսի որոշ շենքեր ներառված չէին պատմամշակութային հուշարձանների ցանկում, այն մտքով, որ հետո էլ հանգիստ քանդեն:

2018-ից հետո եկած թիմը կարողացավ այն պատմամշակութային սարքել, օրինակ՝ կարմիր աղյուսե շենքը, որը, ճիշտ է խարխուլ վիճակում, բայց կարողացանք պահել:

Սակայն սա հարցի լուծում չէ: Օրենքն ընդհանուր ու հիմնովին պետք է փոխել, հակառակ դեպքում խաբելու հնարավորությունները շատ են:

-Ո՞վ պետք է ընթերցի Ձեր՝ «Ֆիրդուս․տեղի հիշողությունը» գիրքը:

«Ֆիրդուս․տեղի հիշողությունը» գիրքը հետազոտական նախագիծ է, որն, ինչպես և յուրքանչյուր նման նախագիծ ,ավարտուն չէ, մանավանդ, երբ խոսքը որևէ տեղի մասին է:

Գրքին հաջորդում են տեղեկատվական տարբեր արշավներ, ռեպորտաժներ, հարցազրույցներ:

Այս գիրքը ես ներկայացրել եմ տարբեր երկրներում, և վստահաբար կարող եմ ասել, որ շատ արտասահամանցի գիտնականներ մեր կառավարությունից լավ են տեղյակ Ֆիրդուսի խնդրի մասին:

Շատ տարիներ ապրելով և սիրելով Ֆիրդուսի տարածքը՝ ինձ համար այն պարզապես շենք չէ: Ես գիտեմ այնտեղ հնագույն ընտանիքների պատմություններ, շենքերի քարի որակը և ցավ եմ ապրում ամեն ինչի համար:

Գիրքը պետք է կարդան, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Երևանի պատմամշակութային հուշարձաններով:

Անդրադառնալով այն փաստին, որ որոշների համար Ֆիրդուսը շուկա է, պետք է շեշտեմ, որ Երևանի բավականին մեծ շերտի համար շուկան ապրելակերպի միակ ու հասանելի ձևն է, որը կերակրել է Երևանին ու երևանցիներին՝ օգնելով հաղթահարել 90-ականները:

Եվ դուք չեք պատկերացնում, թե մեր ճարտարապետները ինչքան տարբերակներ են առաջարկել, որպեսզի պահպանեն հա՛մ առևտրի գաղափարը, համ էլ տարածքն «ափդեյթի» ենթարկեն՝ պահելով նրա դիմագիծը:

Ես գրքում անդրադարձել եմ նաև Նարեկ Սարգսյանի առաջարկած ճարտարապետական «լուծմանը», որն ինձ համար «ֆեյք» գաղափարի վրա է հիմնված:

Ստացվում է, որ Հանրապետության հրապարակի կողիքն Նարեկ Սարգսյանը ցանկանում է նույնը կրկնել, միայն մի տարբերությամբ, եթե Հանրապետության հրապարակը հանրությանն է պատկանում, ապա սա կլինի միայն փողին սպասարկող տարածք: Դրա մի օրինակ մենք արդեն ունենք՝ Հյուսիսային պողոտան: