Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նախօրեին ազատվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։
Հատկանշական է, որ նա Նիկոլ Փաշինյանի օրոք ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնն ամենաերկարը զբաղեցրած պաշտոնյան է՝ ավելի քան 4 տարի 7 ամիս։ Աբազյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ նախքան դա՝ նույն թվականի օգոստոսից նա ԱԱԾ տնօրենի տեղակալն էր։
Քաղաքական ու փորձագիտական շրջանակների համոզմամբ՝ Արմեն Աբազյանի պաշտոնանկության պատճառը ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Սամվել Կարապետյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը չկատարելն էր։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երեկ հերքեց այս պնդումը՝ հայտարարելով, որ Աբազյանը չէր կարող հրաժարվել իր որևէ հանձնարարություն կատարելուց։
Oragir.News-ն ամփոփել է Արմեն Աբազյանի պաշտոնավարման օրոք տեղի ունեցած զարգացումները, որոնցում ինքն առանցքային դերակատարում է ունեցել.
Ինչպես արդեն նշեցինք, Աբազյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին․ սա Արցախյան 44-օրյա պատերազմի 43-րդ օրն էր, երբ Շուշին արդեն հանձնվել էր, իսկ դրանից ժամեր անց արդեն ստորագրվելու էր նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունը։ Սա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամենավտանգավոր շրջանն էր, երբ վերջինս կարող էր կորցնել իշխանությունը և պատասխանատվության ենթարկվել Արցախի տարածքի երեք քառորդի կորստի և հազարավոր զինծառայողների մահվան համար, սակայն ուժայինների, այդ թվում ԱԱԾ-ի գործուն աջակցությամբ նա պահպանեց իշխանությունը, ավելին՝ 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում վերարտադրվեց։
2021-ին առաջին ամիսներին, երբ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերները շատանում էին, իսկ ընդդիմադիրներն էլ փորձում էին Նիկոլ Փաշինյանին փողոցային պայքարի միջոցով հեռացնել իշխանությունից, Արմեն Աբազյանի գլխավորած ԱԱԾ-ն զբաղված էր իրավիճակի հանդարտեցմամբ և «ֆեյքերի որսով»։ Մասնավորապես՝ 2021-ի փետրվարի 20-ին ԱԱԾ-ն մի շարք ընդդիմադիր գործիչների էր բերման ենթարկել՝ Գագիկ Սողոմոնյան անուն-ազգանունով ֆեյք օգտահաշիվը վարելու կասկածանքով, սակայն նույն ժամերին այդ էջում նոր գրառումներ էին հայտնվում, որոնցում ֆեյք օգտատերը ծաղրում էր Արմեն Աբազյանին։

2021-ի փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտապի բարձրաստիճան զինվորականները՝ ԳՇ այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հայտարարություն տարածեցին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն այդպես էլ վճռական գործողությունների չդիմեցին՝ վերջինիս պաշտոնավորումը կասեցնելու համար։ Մամուլի տեղեկություններով՝ հենց Արմեն Աբազյանը և Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանն էին ճնշումներ գործադրել Օնիկ Գասպարյանի նկատմամբ, որպեսզի վերջինս վճռական գործողությունների չդիմի, ինչի արդյունքում էլ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը ու պահպանել իրավիճակը։
Այս նույն օրերին, երբ ԱԱԾ-ն փնտրում էր Գագիկ Սողոմոնյան ֆեյքին, համացանցում մի լուսանկար տարածվեց, որում երևում էր, որ պրոյեկցիայով ԱԱԾ շենքի պատին պատկերվել էր հայտնի ֆեյքի ֆեյսբուքյան էջի նկարը:

Արմեն Աբազյանը համակարգում էր նաև Արցախում կատարվող զարգացումները։
Oragir.News-ին հայտնի էր դարձել, որ
Աբազյանը և Արայիկ Հարությունյանը 2022-ի մարտին գիշերային գաղտնի այց էին կատարել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք և ընթրիքի սեղանի շուրջ բանակցություններ վարել։ Բանակցությունները կայանում էին Արցախի գազամատակարարումը վերականգնելու հարցով, որի դիմաց ադրբեջանցիները պահանջել էին հանձնել Քարգլուխ բարձրունքի մի հատվածը։ Աբազյանն ու Հարությունյանը համաձայնել էին ադրբեջանական առաջարկին՝ պայմանով, որ դա պետք է արվեր մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։ Այս հանդիպումից մեկ օր անց ադրբեջանցիները գրավեցին Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը։
Արմեն Աբազյանի ղեկավարած ԱԱԾ-ն «բարձրության վրա» մնաց նաև 2022-ի «Դիմադրության» շարժման, Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաների, 2023-ի սեպտեմբերին Արցախի լիակատար բռնազավթմանը հաջորդած գործողությունների, ինչպես նաև 2024-ի «Սրբազան» շարժման օրերին՝ նպաստելով, որ Նիկոլ Փաշինյանը պահպանի իշխանությունը։
Այսպիսով՝ չնայած Արմեն Աբազյանը Նիկոլ Փաշինյանի օրոք ամեներկարը պաշտոնավարած ԱԱԾ տնօրենն է, ով կատարել է կառավարության ղեկավարի բոլոր հրահանգները, ամեն կերպ նպաստել վերջինիս իշխանության պահպանմանը, այնուամենայնիվ, դա Փաշինյանի կողմից չգնահատվեց, և Աբազայանն առաջին իսկ պատեհ պահին պարզապես «հանգստի ուղարկվեց»։ Այս իրողությունից պետք է դասեր քաղեն հատկապես Նիկոլ Փաշինյանի հրամանները հլու հնազանդ մյուս ուժայինները՝ գիտակցելով, որ ըստ նպատակահարմարության իրենք ևս կարող են «հանգստի կարիք ունենալ»։
Նիկոլ Փաշինյանի օրոք ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել են Արթուր Վանեցյանը՝ 2018-2019 թթ., Էդուարդ Մարտիրոսյանը՝ 2019-2020թթ., Արգիշտի Քյարամյանը՝ 2020-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին, Միքայել Համբարձումյանը՝ ԺՊ-ի կարգավիճակով՝ 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և արդեն պաշտոնանկ արված Արմեն Աբազյանը՝ 2020-2025 թվականներին։ Համեմատության համար նշենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանն ուժային այս կառույցը ղեկավարել է 12 տարի՝ 2004-2016 թվականներին, և այն թողել պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։
Գորիկ Հակոբյանին հաջորդեց Գեորգի Կուտոյանը, ով պաշտոնավարեց 2016-2018 թթ.՝ մինչև իշխանափոխությունը։ 2020-ի հունվարին Կուտոյանի բնակարանում հայնտաբերվեց նրա դիակը, իսկ մահվան պատճառն առ այսօր բացահայտված չէ։