Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:09 15-07-2021

Սույն վարույթը նախաձեռնողը նույն ապացույցներով պետք է վարույթ հարուցեր Դանիբեկյանի նկատմամբ. Դավիթ Գրիգորյանի փաստաբան

Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Բարձրագույն դատական խորհրդում Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Նշենք, որ այս պահին տեղի է ունենում դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը:

Ըստ փաստաբան Մելիքյանի՝ ԱՆ նախարարի միջնորդությունն անորոշ է. «Որոշակիության տեսանկյունից նա պարտավոր էր որոշակի իրադարձություններ վերլուծել կապված տվյալ հրապարակման հետ, որպեսզի կարողանար օբյեկտիվ դիրքորոշում ձեւավորել, թե արդյոք Դավիթ Գրիգորյանը իր այդ կողմից արտահայտված ձեւակերպումները վերաբերելի՞ էին Դանիբեկյանի վարույթում քննվող քրեական գործին եւ առհասարակ՝ արդյոք նա այլ դատավորի գործի քննությանը միջամտող որեւէ ձեւակերպումներ է արտահայտել»։

Գեորգի Մելիքյանի խոսքով՝ այն դիրքորոշումը, որն արտահայտել է դատավոր Գրիգորյանը, եղել է բացառապես տեսական վերլուծություն. «Ինչո՞ւ չեն դիմել լրագրողին՝ ձայնագրությունը, համեմատեն դա կայքում հրապարակված տեքստի հետ»։

Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ նշեց, որ ԱՆ-ի միջնորդության հիմքում ընկած փաստական հիմքը հայտարարություններ կատարելն է. «Ըստ հարուցողի՝ դեռեւս քննության փուլում գտնվող գործի հետագա ընթացքի եւ դրա հնարավոր լուծման վերաբերյալ հայտարարություններ կատարելն է։ Իրավական հիմքը ընդհանրական կերպով նշված է, որ հայտարարություններ կատարելով դատավորի վարքագծի ընդհանուր կանոններ խախտելն է։ Այսինքն՝ հայտարարություններ կատարելը մեկ առարկայի վերաբերյալ միաժամանակ հանգեցրել է երեք ինքնուրույն կանոնների խախտման։ Կանոնների խախտումը թույլ են տրվել դիտավորությամբ կամ առնվազն կոպիտ անփութությամբ։ Վերագրվել է արդարադատության իրականացմանը միջամտելու կանոնի խախտում։ Այս նորմն ունի կոնկրետացման չափազանց բարձր աստիճան, այն նաեւ փոխկապակցված է օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կանոնի հետ, այն է՝ դատավորի գործունեությանը միջամտելու վերաբերյալ անհապաղ ԲԴԽ-ին հայտնելը։ Այս տեսանկյունից չկա արձանագրված որեւէ փաստ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հարցազրույցը գնահատել է որպես իր կողմից իրականացվող արդարադատությանը միջամտություն եւ այս կապակցությամբ դիմել է ԲԴԽ։ Ուստի եթե Դավիթ Գրիգորյանին վերագրվում է Աննա Դանիբեկյանի կողմից իրականացվող արդարադատությանը միջամտելու խախտում, իսկ այդ միջամտության մասին Դանիբեկյանը ձեզ չի հայտնել, ապա սույն վարույթը նախաձեռնողն առնվազն նույն ապացույցների շրջանակում պետք է վարույթ հարուցեր Դանիբեկյանի նկատմամբ»։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ հարցազրույց տալը երբեւէ չի կարող դիտարկվել որպես միջամտություն՝ արդարադատության իրականացմանը, քանի որ այս դեպքում անհրաժեշտ է անմիջական կամ միջնորդավորված շփում դատավորի հետ՝ նրա նկատմամբ ներազդելու նպատակով.

«Եթե կոնտակտը կամ ներազդելու նպատակը չկա, անհասնակալի է՝ ինչու տեսական հարցերի վերաբերյալ հայտարարություններ կատարելը մեկնաբանվում է որպես արդարադատության իրականացմանը միջամտություն։ Վարույթ հարուցած սուբյեկտը չի կարողացել նշել, թե մեջբերված հարցազրույցի որ արտահայտությունն է կարծիք կոնկրետ գործի վերաբերյալ»։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Դավիթ Գրիգորյանը հարցազրույցի ընթացքում ոչ թե գործի վերաբերյալ կարծիք է արտահայտել, այլ գործին առնչվող հանրաճանաչ փաստի անդրադարձել. ««Երբ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական մեղադրանք գոյություն չունի» նման արտահայտություն է կատարվել, որը հենց փաստի արձանագրում է։ Կարծում ենք՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տարրերի բացակայության պարագայում միջնորդությունը ենթակա է մերժման»։

Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ:

«Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը:

Հիշեցնենք, որ հենց Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին կասեցրեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը եւ դիմեց Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ օրեր անց քրեական գործ հարուցվեց՝ մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվեցին այլ դատավորների։