Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 12:52 15-07-2021

Նույնիսկ փոքր գումարի և ֆինանսական ներուժի պայմաններում հնարավոր է գիտության կազմակերպման հիմքերը ճիշտ դնել. գիտության փորձագետ

Գիտության փորձագետ Սասուն Գևորգյանի հետ զրուցել ենք Հայաստանում գիտությունը ճիշտ կազմակերպելու մեխանիզմների մասին:

-Պարո՛ն Գևորգյան, գիտությունը կազմակերպելու ինչպիսի՞ մոդելներ գոյություն ունեն, և Հայաստանում դուք ո՞րը կկիրառեիք:

Նախ փորձենք պարզ սահմանումների միջոցով սահմանազատել շահառուներին, և պատահական չէ, որ ես սկսում եմ հենց այս կետից։ Գիտության խնդիրների պատճառով «տանջվողների» բարձրացրած աղմուկն աղավաղում է իրական պատկերն ու խնդրահարույց դարձնում գոնե պարզ հարցերի ճիշտ ձևակերպումներն ու նրանց շուտափույթ լուծումները ։

Գիտությունն անհայտից գիտելիք կորզելու գործընթացն է:

Կան շատ սահմանափակ թվով մարդիկ, որոնք կարողանում են անհայտից գիտելիք կորզել՝ սկսելով գիտական խնդրի հստակ հարցադրումից մինչև հետազոտության միջոցով հարցերի պատասխանները գտնելը։

Այնուհետև ստացված գիտելիքի «իրական» արժեքը ստուգվում է և փոխանցվում հաջորդ «փուլ» տեղեկատվության տեքով:

Այստեղով է անցնում գիտության մարդկանց և նրանց ստեղծած արդյունքի հստակ սահմանը։

Հաջորդ «փուլում» մարդիկ սկսում են օգտագործել ստեղծված գիտելիքը՝ դասավանդման, դասախոսման, կիրառական գործունեության տեսքով, բայց նրանք գիտության, գիտելիք ստեղծելու գործընթացի հետ կապ չունեն: Նրանց գործունեությունն էլ, ինչ խոսք, շատ կարևոր է:

Ես փորձում եմ հստակեցնել սահմանը, որպեսզի առանց այն էլ սուղ ֆինանսները բաշխվեն իրական շահառուներին՝ ինչը կօգնի նաև աշխատեցնել պատասխանատվության հստակ մեխանիզմները։

Որպեսզի գիտության խնդիրներ համար «տանջվող» տարօրինակ գիտական «շարժումները» աղմուկ չբարձրացնեն, հարկ է նշել, որ գիտությամբ զբաղվող մարդուն պետք է տարբերել դասավանդմամբ զբաղվողից:

Ամբողջ աշխարհում գիտությունը կազմակերպելու երկու մոդել գոյություն ունի՝ ակադեմիական, որը երկու հարյուր տարի առաջ ստեղծվել է Գերմանիայում և Ցարական Ռուսաստանում, և համալսարանական , որի վառ օրինակն ամերիկյան գիտությունն է:

Գիտության կազմակերպման ակադեմիական մոդելը ենթադրում է, որ այն կազմակերպվում է ուսումնական հիմնարկներից հեռու, նեղ մասնագիտացվածություն ունեցող հիմնարկներում:

Ստեղծվում են առանձին ինստիտուտներ, որոնք զբաղվում են գիտությամբ, ինչպես օրինակ՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը:

Այս համակարգով աշխարհում շատ քիչ երկրներ են աշխատում: Տվյալ դեպքում խոսքն հիմնականում հետխորհրդային երկրների, Չինաստանի մի հատվածի մասին է:

Թայվանում, որտեղ ես աշխատում եմ 10 տարուց ավելի, սովետական օրինակով ստեղծվել էր ակադեմիական գիտական համակարգ։ Բայց նույնիսկ այստեղ, որտեղ ասպիրանտի թոշակը ավելի բարձր է, քան երևանյան ինստիտուտի տնօրենի պաշտոնական աշխատավարձը, նկատվում է ֆինանսական խնդիրների պատճառով դեպի համալսարանական գիտություն գնալու գործընթացը։

Ակադեմիական գիտություն պահելը թանկ հաճույք է։

Աշխարհի մեծ մասը գիտությունը զարգացնում է համալսարանական եղանակով, այսինքն գիտությունը կազմակերպվում է այնտեղ, որտեղ և տեղի են ունենում դասավանդման աշխատանքները: Եվ դա ունի իր առանձնահատկությունները: Գիտության կազմակերպման ձևը թելադրում է ոչ այնքան փողերը ծախսելու, որքան «փող աշխատելու» եղանակները:

-Իսկ ո՞վ պետք է զբաղվի գիտության ֆինանսավորմամբ:

Հասկանալի է, որ ժամանակակից իրականության մեջ գիտությունը թանկ հաճույք է:

Գիտության կազմակերպման ձևից բխում են նաև նրա ֆինանսավորման աղբյուրները:

Ամբողջ աշխարհում գոյություն ունի գիտության ֆինանսավորման 4 հիմնական աղբյուր՝ ուսանողների և ասպիրանտների վարձավճարները, պետական կամ այլ աղբյուրներից հստակ մրցույթներով տրվող դրամաշնորհները, անշարժ գույքի և հողերի սեփականատեր լինելու միջոցով աշխատած գումարները և նվիրատվությունները:

Նշված բոլոր 4 աղբյուրներն էլ հավասարաչափ կարևոր են գիտության ֆինանսավորումն իրականացնելու հարցում:

Պետության դերը պետք է լինի այդ բոլոր հնարավոր մեխանիզմների կայացմանը նպաստելու գործընթացը։

Գիտության կազմակերպման առավել ռացիոնալ մոդելը պետք է միտված լինի դրան։ Անկախ նրանից, թե ուսման վարձերը վճարում են ծնողները, բարերարները, թե պետությունը, այդ գումարը պետք է հասնի աշխատողին։

Դրամաշնորհների մրցույթների կազմակերպումը պետք է լինի պետության թիրախը։

Հստակ ձևակերպած առաջնայնությունները, գիտական թեմաները սուղ ֆինանսների պայմաններում դառնում են «դիպուկահարի» կրակոցի ճշտությամբ արվող գործընթաց։

Չի կարելի անիմաստ շատացնել գիտական թեմաների թիվը, չի կարելի գիտության կազմակերպման գործը թողնել ինչ-որ բութ և անընդունակ մարդկանց վրա, որոնք գյուղական դպրոցից հետո տեսել են միայն ինչ-որ անիմաստ տեղական ինստիտուտ և այնտեղից ինչ-որ դիպլոմ են «փախցրել»։

Անշարժ գույքի և հողերի սեփականատեր լինելու հարցը բարձրաձայնում եմ 15 տարի, բայց չեմ զլանա նորից կրկնել։

Անցած դարի 30-ական թվականներին, երբ ԱՄՆ-ի համար բարդ պատմական ժամանակահատված էր, մեծ «դեպրեսիայի» տարիներ և տարբեր մաֆիոզ խմբավորումներ գրոհներ էին սկսել համալսարանների շենքերի և հողերի վրա, նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը մի օրենք անցկացրեց, ըստ որի՝ շենքերը, հողերը սեփականության իրավունքով տրվեցին համալսարաններին՝ առանց օտարելու իրավունքի, և նրանք ազատվեցին հողի և գույքի հարկերից:

Եթե ձևակերպենք այսօրվա տերմինաբանությամբ, «մեսիջը» հստակ էր. ես այսօր փող չունեմ գիտություն զարգացնելու, բայց ձեզ ազատում եմ ծանր հարկերից, ինքնուրույն աշխատելու հնարավորություն եմ տալիս և փրկում եմ «մաֆիոզ» հարձակումներից։

Ես հաճախ եմ այս օրինակը բերում, երբ խոսքն անշարժ գույքին և հողերին է վերաբերում:

Սա հզոր քաղաքական-տնտեսագիտական քայլ է, որ ես 15 տարի առաջ քննարկման եմ հասցրել նույնիսկ ՀՀ Ազգային ժողովի գիտության հանձնաժողով, բայց ինձ չհաջողվեց մարդկանց այս էլեմենտար բանը բացատրել:

Կուզենայի առանձնահատուկ նշել նվիրատվության կարևորության մասին, որտեղ նույնպես խոսքը լուրջ գումարների մասին է, և անհրաժեշտ է, որ մեզ մոտ ձևավորվի նվիրատվության մեխանիզմ և վերածվի ավանդույթի:

Նվիրատվություն անում են հիմնականում ֆինանսապես «ապահով» մարդիկ։

Երկար տարիներ Հայաստանում հարստանում էին մարդիկ, որոնցից նույնիսկ միջնակարգ կրթության «հոտ» չէր գալիս։

Նրանցից սպասել կամավոր նվիրատվություն գիտությանն անհավանական է թվում։

Կարելի էր ենթադրել, որ հիմա հայտնվել են գրագետ երիտասարդներ, որոնք գիտելիքի շնորհիվ են լուրջ գումարներ վաստակում։ Համենայն դեպս խոսում են տասնյակ միլիոններից և միլիարդներից։

Ցավոք, կազմակերպելով ինչ -որ «շարժումներ», հայտնվելով գիտությունից ոչինչ չհասկացող լրագրողների տեսախցիկների առաջ՝ նրանք էլ սկսեցին գոռալ՝ «ձաձա ջան, փող տուր»՝ ողբն ուղղելով պետությանը։

Այս անիմաստ լացուկոծը, որն առանց նրանց էլ կար, ոչ միայն չի օգնում, այլ խանգարում է գործընթացին։

Այս պայմաններում ոչ միայն չեն առաջանում նվիրատվությունների աղբյուրներ, այլ նաև հնարավոր մեխանիզմներն էլ տասնամյակներով մեզանից հեռանում են։

Նրանց բարձրացրած աղմուկից սկսում են օգտվել տարբեր քաղաքական գործիչներ սեփական PR-ի համար:

Տարբեր «կարիերիստ-ստահակներ» ոչ միայն օգուտ չեն տալիս, դեռ մի բան էլ վնաս են հասցնում գիտության իրական խնդիրները ձևակերպելու հասկանալի գործընթացին։

Նույնիսկ փոքր գումարի և ֆինսական ներուժի պայմաններում հնարավոր է գիտության կազմակերպման հիմքերը ճիշտ դնել: Սխալ հիմքի վրա կառուցվածը կքանդվի՝ ոտնատակ տալով ամեն ինչ։

-Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել գիտությունը Հայաստանում:

Իրականում հարցն առավել քան հստակ է դրված՝ ո՞ր ճանապարհով պետք է զարգանա գիտությունը Հայաստանում՝ ակադեմիակա՞ն, թե՞ համալսարանական:

Քանի որ ակադեմիական զարգացման համար մենք ֆինանսապես բավարար միջոցներ չունենք, մեր զարգացման ճանապարհը համալսարանականը պետք է լինի:

Դա բացարձակապես չի նշանակում Ակադեմիան քանդել, ակադեմիկոսներին էլ «ուղարկել թոշակի»։

Եթե գիտության ավելացվող գումարներն ուղղենք աշխատանքի արդյունքի համար «վճարելուն», ամեն ինչ շատ արագ կկարգավորվի։

15 տարուց ավելի ես բացատրում եմ, որ Հայաստանում խնդիրը հենց այստեղ է, բայց, ցավոք սրտի, մարդիկ զբաղված են դատարկաբանությամբ:

Այս թեմային վերաբերող աբսուրդի վառ օրինակն էր նախընտրական քարոզարշավի ժամանակ ակադեմիական քաղաքների ստեղծման մասին հայտարարությունները, որոնք անում էին մարդիկ, որոնք շատ հեռու են թե՛ կրթությունից, թե՛ գիտությունից:

Ես ապրել և աշխատել եմ ՍՍՀՄ տարածքի տարբեր ակադեմիական քաղաքներում, աշխատել տարբեր երկրների համալսարանական համակարգում։

Ինձ նման մարդիկ շատ կան։ Համոզված եմ՝ նրանք բոլորն էլ ցավով են դիտում պոռոտախոս անգրագիտության այս «վակխանալիան»։

-Ի՞նչ ծավալ կարող է ունենալ գիտությունը Հայաստանում:

Արդեն 15 տարի է հայաստանյան գիտության թվային վերլուծությունները, տարբեր երկրների հետ համեմատություններն իրականացնում եմ ոչ միայն մասնագիտացված և վճարովի աղբյուրների միջոցով, այլ այդ տվյալները պարտաճանաչ հանձնում եմ հանրությանը և պատկան մարմիններին։

Դա անում եմ առանց որևէ վարձատրության։ Միակ բանը, որ ձեռք եմ բերում այս գործընթացում, թշնամիներն են՝ գիտության չինովնիկների կամ ինչ-որ ապաշնորհ հացվաստակների շարքերում։

Մոտավորապես հազար մարդ Հայաստանում այսօր ի վիճակի է և կարող է գիտությամբ զբաղվել և քիչ թե շատ արժեքավոր բան ստեղծել:

Այս թիվը ստացվում է հստակ «թվաբանության» միջոցով։

Հայաստանյան հեղինակների տպագրած գիտական աշխատանքների ամենամյա վերլուծությունը ցույց է տալիս, որ լավագույն դեպքում մոտ 150 աշխատանք է տպագրվում միջինից բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում։

Մնացածը կամ օտար երկրներում արված աշխատանքներ են, որտեղ մեր դերակատարումը մեծ չէ, կամ ակնհայտ «մակուլատուրա» է՝ տպագրված պատի թերթի մակարդակի տեղական կամ օտարալեզու պրովինցիալ ամսագրերում։

Այսինքն, լավագույն դեպքում մենք կարող ենք ունենալ 150 թեմա, որոնք ղեկավարվում են պրոֆեսորի մակարդակ ապահովող գիտնականների կողմից։

Ամբողջ աշխարհում հայտնի հաշվարկ է՝ 1 պրոֆեսորին 6 «սպասարկող»՝ ներառելով դիպլոմային աշխատանք գրողից մինչև տնօրեն, հավաքարարից մինչև գլխավոր հաշվապահ ։

Ստացվում է մոտ հազար մարդ։ Մնացած 3-4 հազարը, որ Հայաստանում փող են ստանում գիտությունից, ոչ մի արդյունք չեն տալիս։

Հիմա շատ են խոսակցություններն այն մասին, որ դրսից պետք է մասնագետներ, գիտնականներ բերել: Բայց ու՞մ բերել. տարիքն առած մարդկա՞նց, որոնք այլևս ոչ մի էնտուզիազմ չունեն գիտությամբ զբաղվելու, թե՞ երիտասարդ գիտնականների, որոնք ինչ- որ արդյունքի են հասել մասնագիտական «արհեստի» մեջ։

Այստեղ հարկ է նշել, որ միայն գիտնական լինելը բավարար չէ, պետք է գտնել մարդկանց, որոնք նախաձեռնող են ու գիտության կազմակերպիչ և ինչ-որ բաներ՝ գոնե լաբորատորիայի մակարդակով, ստեղծել են:

Դրսում չկա նման 20 հայ մարդ, ում կարելի է բերել և այդ գործը նրան վստահել: Պարզապես լավ կատարող բերելն անիմաստ է, մի քանի տարուց դա պարզ է դառնում։

Ես դա տեսել եմ Թայվանում, երբ հրավիրված չինացի մասնագետները 10 տարում սկսեցին «ձանձրանալ», սկսվեց հակառակ ուղղության միգրացիան։

Երտասարդ գիտնական Արտեմ Ալիխանյանն անցած դարի 50-ականներին ստեղծեց մի ամբողջ հզորագույն ինստիտուտ, որը ոչ միայն դարձավ սովետական ժամանակշրջանում հզոր թռիչք ապրած հայկական գիտության հիմքը, այլև այսօր էլ հայաստանյան գիտության համար առանցքային նշանակություն ունի:

Այստեղ գյուտեր անելու կարիք չկա, հարկ է երկրում գտնել մարդկանց, որոնք կցանկանան և ունակ են մի բան ստեղծել և կազմակերպել գիտությունը Հայաստանում:

Տարածաշրջանում ամենահզոր բանակ ունենալու միֆը մեզ կանգնեցրեց դժբախտության առաջ։

Նմանատիպ միֆերից է նաև տարածաշրջանում Իսրայելից հետո ամենազարգացած գիտությունն ունենալու «զառանցանքը», որի դեմ պայքարում եմ արդեն 2 տասնամյակ։

Մեր մեծագույն պրոբլեմներից են անպատասխանատու ստախոսությունը և ինչ-որ մարդկանց ՝ դրա վրա «ձեռքեր տաքացնելը»։

Ամենից շատ դիտված