Երևան +14°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:51 13-07-2021

Տգիտության պրոպագանդան, կամ ինչպես մանկուրտներն օգտվեցին իրենց ընտրելու իրավունքից

«Ամբոխը երբեք չի ձգտում ճշմարտության. նա մերժում է իրեն ոչ դուրեկան իրականությունը և նախընտրում երկրպագել իրեն գայթակղող կեղծ իրականությանը։ Ով կարողանում է ամբոխին գցել մոլորության, կեղծ իրականության մեջ, նա հեշտորեն դառնում է ամբոխի առաջնորդը, ով ցանկանում է ամբոխին խելքի, դարձի բերել, նա դառնում է ամբոխի զոհը, մերժելին»։ Սրանք ֆրանսիացի հոգեբան, մարդաբան, սոցիոլոգ Գուստավ Լեբոնի խոսքերն են ամբոխի ու զանգվածային վարքի վերաբերյալ։

Այո՛, սա նաև մեր մասին է. մեր՝ որպես հավաքականություն, որպես կենցաղային-սպառողական հասարակություն, որպես ամբոխ, կառավարելի քաոսի օբյեկտ, որպես արժեքային դեգրադացիայի ինքնաոչնչացման փուլում գտնվող հանրույթ։

Սակայն ինչպե՞ս են ազգերն ու ժողովուրդները դառնում ամբոխ, սպառողական հասարակություն, ինչո՞ւ չեն արժևորում ֆորմալ ու ոչ ֆորմալ ինստիտուցիոնալ այն համակարգերը (օրինակ՝ պետությունը), որոնք մի կողմից պաշտպանում ու ապահովում են այդ հասարակության անվտանգությունը, մյուս կողմից՝ կենսունակությունն ու գործունակությունը։

Նախ նշենք, որ ամբոխն իռացիոնալ է։ Այն ատելության, ոչնչացման շուրջ ձևավորված մարդկային խմբային հավաքականություն է, որն ունի ագրեսիվ, անհանդուրժող, սակայն հատվածային վարք, իր անդամների հետ արժեքային ու սոցիալական նման պատկերացումներ։ Ամբոխը շատ արագ է ենթարկվում մանիպուլացման, տեղեկատվական-հոգեբանական ազդեցության, ուղղորդման. այս պարագայում կարևորն այն է, որ այդ մանիպուլյացիայի հիմքը լինեն ագրեսիան, մերժելը, բռնությունը։ Յ․Գեբելսն ասում էր. «Որքան սուտն անհավանական է, այնքան ամբոխն առավել մեծ չափով է դրան հավատում»։ Հենց դրա համար են ստեղծվում ու մշակվում սոցիալական ու քաղաքական միֆերը։

Ամբոխը հիմնականում կազմում են կենցաղային-սպառողական մտածողությամբ մարդիկ, ինչպես նաև ռևանշիստները։

Նրանք զանգվածային հոգեբանական-տեղեկատվական (պաշտոնական պրոպագանդիստական հասանելի լրահոս) հոսքերի, ցածրորակ մեդիապրոդուկտի (perfectTV, «Դոգ», FB և այլն), սոցիալապես միջին և ցածր ապահովվածության (առավելապես սպասարկող ոլորտ, մանր առևտրի ոլորտ, նպաստառուներ, գործազուրկներ, օրավարձով աշխատող շրջանակներ և այլն), սերիալային-սիթքոմային («Դոմինո», «Դժբախտ երջանկություն» և այլն) ու հեշտ մարսելի կենցաղամշակութային («Կիսաբաց լուսամուտներ» և այլն), վուլգար հումորային ու բնազդային ռեցեպտորների գրգռման վրա հիմնված արվեստի արտադրանքի (Woman՚ s club) սպառողներ են։

Կենցաղային-սպառողական մտածողությամբ մարդկանց համար ազգային ավանդույթն առավելապես նյութական՝ ստամոքս-աղիքային է (հիշենք մատաղի՝ զոհաբերության խորհուրդը, հայկական հարսանիքներում խորովածին նվիրված պարտադիր կատարման երգ կա) և անբովանդակ ձևային։ Նրանց քաղաքացիական գիտակցությունը զիջում է կենցաղային-խմբակայինին (ինքը ոստիկանություն զանգող տղա չի, սակայն դա չի խանգարում, որ նա անհրաժեշտության պարագայում դիմի իր լավ ախպոր հոպարին, որը համատեղությամբ նաև ոստիկանության գնդապետ է), որի կրոնական պատկերացումներն իներցիոն են (իներցիոն ու ձևային քրիստոնյաները, եկեղեցի տեսնող ու ամրագոտի չկապած, բայց խաչակնքվող վարորդը), ազգային ինքնությունը՝ քարացած («հին ազգի» կոմպլեքսը), իսկ արժեքները՝ առավելապես ձևային ու ոչ բովանդակային (կինն օջախի պահապանն է, որին, սակայն, ասենք՝ կարելի է նաև մեկ-մեկ ծեծել, աղջկա օժիտի ավանդույթը՝ որպես տղայի կողմին փոխհատուցում և այլն)։

Այս շրջանակները, սովորաբար, քաղաքական հիշողություն չունեն ու իրենց խնդիրների լուծման ժամանակ փնտրում են փրկիչներ, նրանց հետ կապում ամեն ինչ, իրավիճակի փոփոխման տարբերակ, հետո հնարավոր ձախողման դեպքում սկսում ատել նրանց՝ պատրաստ անգամ փողոցային հաշվեհարդար տեսնելու վերջիններիս հետ։

Սպառողական հասարակությունն ամբոխի կարևոր բաղադրիչն է։ Այն կազմված է նոր ապրանք, նոր միտք չստեղծող, ոչ ստեղծագործ, զուտ նյութական պրոդուկտի սպառող խմբերից, որոնց մեջ երջանկության, բավարարվածության, մրցունակության ցենզերը կապված են այդ պրոդուկտների սպառման ծավալի կամ դրանց նկատմամբ ֆինանսական հասանելիության հետ։ Սպառողական հասարակության ձևավորման ուղղակի ագենտներն են մեդիաները, սոցցանցերը, հեռուստատեսությունը, գովազդը։ Օրինակ՝ երբ մարդիկ իրենց ժամանցի ինչ-որ դրվագների, նյութական ինչ-որ բարիքների ֆոտոներ են հանրայնացնում, ապա դրանով ցանկանում են ցույց տալ, որ սպառողական ձևավորված հասարակության կանոններով նրանք մրցունակ են, երջանիկ, հաջողված, գոհ։ Մինչդեռ իրականում դա նրանց բարդույթավորված ԵՍ-ի ցուցիչ է, որ փաստում է մեկ իրողություն. որպեսզի դու քեզ ինքնավստահ, երջանիկ զգաս, քեզ անդադար պետք են որոշակի քանակի դրական կարծիքներ, հավանումներ, դրական խոսքեր, որ դու լավն ես, մրցունակ ես, գեղեցիկ ես և այլն։ Այսինքն՝ քո ինքնաբավությունն ու ինքնավստահությունը պայմանավորված են միջավայրի հավանումներով, ու երբ դրանք բացակայում են, քո պատկերացմամբ ու գիտակցությամբ դու դառնում ես թերի, քո վարքը՝ լարված։ Նման իրավիճակից դուրս գալու համար պետք են «երջանիկ» լինելու նոր ֆոտոներ, որոնք ենթադրում են որոշակի ապրանքների, ծառայությունների սպառում ու ամենակարևորը՝ հանրայնացում։ Եվ այս ցիկլը դառնում է շրջանաձև ու անդադար։

Դու՝ որպես սպառողական հասարակության անդամ, քեզ շրջապատող ամեն ինչին սկսում ես նայել վերոնշյալ բավարարվածության պրիզմայով ու ըստ դրա էլ դիրքորոշում ու վարք ձևակերպում։

Սպառողական հասարակությունը և կենցաղային գիտակցություն ունեցող հանրույթը, իր կենցաղավարման գործընթացում ենթարկվելով մեդիա ու մարկետինգային մշակման, հայտնվում են սոցիալական հիշողության բնաջնջման իրավիճակում. այս առումով ազգայինի, պատմականի ու տեսակային գիտակցության վերացման արդյունքում ծնվում են մանկուրտները՝ լյումպենները, սոցիալական ներքևները, որ բարոյական ու ազգային նկարագիր գրեթե չունեն։ Չունեն նաև արժեքային կախվածություն՝ բացի նյութական ռեսուրսների տիրապետման գերակայությունից, սակայն ունեն ագրեսիվ ու քանակական վարք։

Մանկուրտ դառնալու առաջին քայլն ազգային արժեքների հեղինակազրկումն է, որ հաճախ արվում է սոցիալական ու անհատական արդարություն, կիսաճշմարտություններ հաստատելու քողի ներքո։ Մանկուրտ դառնում են հիշողության կորստի, հին արժեքների սրբապղծման, մերժման, վարկաբեկման, միաժամանակ նոր արժեքներ չստեղծելու գործիքների կիրառմամբ։ Արդյունքում ժողովուրդը դառնում է հեշտ կառավարելի, կոմպրոմիսների գնացող, անսկզբունքայնության հետ հոմանիշվող ճկունության կրող։

Ի դեպ, արժեքների հեղինակազրկումը քայլ առ քայլ, փաստարկ առ փաստարկ վերացնում է հիշողությունը։ Ու հենց այս առումով է տեղին հիշել Հրանտ Մաթևոսյանի այն միտքը, որ «մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում, հորթին երեկ մորթել են՝ կովը հրե՜ն, դաշտում արածում է...»։ Անասունը հիշողություն չունի, քանի որ արժեքներ չունի. մանկուրտն ունի արժեքի միայն մի տեսակ՝ նյութականը։

Մանկուրտներն ամեն ինչի շուրջ պատրաստ են առևտուր անել։ Նրանք մի կողմից տգիտության, մյուս կողմից՝ ճկուն լինելու պրոպագանդայի արդյունք ու կրող են։ Նրանք անհաջողակ մարդու այն տեսակն են, որը դասակարգային ատելություն ունի իրենից ավելի խելացիի, աշխատասերի, ռացիոնալի, սոցիալապես կայացածի նկատմամբ։ Իզուր չի, որ կա անբեկանելի ու կյանքով ապացուցված ճշմարտություն, թե տգետները համառ են, քանի որ բանավեճում նրանց առաջ քաշած փաստարկները սովորաբար քննադատության ու տրամաբանության հետ որևէ առնչություն չունեն, դրա համար էլ փորձում են համառությամբ հաղթել։

Ու քանի որ աշխարհը և մենք նրա հետ գնում ենք դեպի պայծառ դեմոկրատական ապագա, որտեղ, փաստորեն, ոնց հասկացանք, ոչ միայն առանց Արցախ, այլ նաև առանց Սյունիք, գուցե նաև առանց Տավուշ ու Վայոց ձոր էլ «ապագա կա», վերոնշյալ սպառողական ու սոցիալական շուստրիություն դավանող, սեփական մանկուրտ լինելու փաստից օրգազմ ապրող, ինքնապաշտպանության բնազդից օր օրի էլ ավելի զրկվող բոլոր մարդիկ ունեն ընտրելու իրավունք։ Իրավունք, որից նրանք այդպես էլ չկարողացան խելամիտ օգտվել, ու վերջում էլ՝ հունիսի 20-ին, որոշեցին, որ մեզ պետություն, մեծ հաշվով, պետք չի, «աբրըմ ենք, էլի»։ Փաստորեն «իրո՛ք, ուժը՝ (բութ) մարդն էր»։

Ալեն Ղևոնդյան

Ամենից շատ դիտված