Երևան +24°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:22 05-07-2021

Քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե ով և ինչպես է գնում գործուղման

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կառավարության որոշման մեջ փոփոխությունների վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով, փաստացի, առաջարկում է կառավարության e-gov․am կայքում այլևս չհրապարակել օտարերկրյա գործուղումների նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները։

Այսինքն՝ ըստ երևույթին, առաջարկում են հանրությունից թաքցնել այս ինֆորմացիան, մինչդեռ ինֆորմացիայի ազատության տեսանկյունից քաղաքացին ունի իրավունք վերընշված տեղեկատվությունը ստանալու։ Նախագծում նախարարությունը հետևյալ հիմնավորումն է բերում․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ ուսումնասիրել է e-gov.am կայքում ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը կատարել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ՝ վերոնշյալ տեղեկատվությունը e-gov.am կայքում արգելափակելու համար: Պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքում առաջարկվել է կատարել փոփոխություններ՝ հիմք ընդունելով, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Ուստի առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները»։

Այսինքն՝ ստացվում է, որ պաշտոնյան կարող է հարկատուների հաշվին մեկնել գործուղում, սակայն հարկատուները չիմանան, թե ինչ նպատակով է իրականացվել գործուղումը, ինչ արդյունք է տվել, ում հետ է հանդիպել և այլն։ Տեսականորեն պաշտոնյան կարող է պետբյուջեի հաշվին մեկնել արտերկրի «ման գալու», դա ձևակերպել որպես գործուղում՝ առանց նշելու նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և այլն։

Թեմայի առընչությամբ Oragir.news-ը զրուցեց սահմանադրագետ Արա Ղազարյանի հետ՝ նախ հարցնելով, թե հնարավոր է ենթաօրենսդրական ակտով՝ տվյալ դեպքում կառավարության որոշմամբ, փակել տեղեկատվության ազատությունը․ «Սկզբունքորեն չի կարելի ենթաօրենսդրական ակտով փակել տեղեկատվության ազատությունը, պետք է փորձել օրենքով մանրամասները կարգավորել: Մյուս կողմից էլ օրենքը չի կարող բացարձակ մանրամասնությամբ խնդիրներ կարգավորել, բայց, որպես կանոն, եթե մի ամբողջ ոլորտի կարգավորման մասին է խոսքը, տվյալ դեպքում՝ գործուղումների հետ կապված հարցերի կարգավորումը, ենթաօրենսդրական ակտով սխալ է, քանի որ օրենքի գերակայության հարց է առաջ գալիս: Այս պարագայում ստացվում է, որ հնարավոր է շրջանցել օրենքը: Ենթաօրենսդրական ակտով սովորաբար կարգավորվում է ենթաոլորտային խնդիրներ, իսկ գործուղումները, քանի որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, ցանկալի է, որ դրա սահմանափակումն օրենքով արվի: Եթե օրենքով նպատակահարմար չէ, ուրեմն պետք է թողնել դա կամ կոնկրետ փաստերով սահմանափակումներ կիրառել»,- պատասխանեց Ղազարյանը։

Սահմանադրագետին հարցրինք նաև, թե որևէ երկրում կա՞ պրակտիկա, երբ օտարերկրյա գործուղումները գաղտնիացվում են․ «Ըստ էության՝ սա չի կարելի գաղտնիացում որակվել, քանի որ այն պետական գաղտնիքի մասին օրենքի համաձայն պետք է արվի, որը գերատեսչական ցանկերով է կարգավորվում: Իսկ գերատեսչական ցանկը չի սահմանում, որ գործուղումը, որպես ինֆորմացիայի տեսակ ենթակա է սահմանափակման: Ամեն մի երկիր իր օրենքներն ունի, բայց սովորաբար ոլորտի վերաբերյալ բացարձակ սահմանափակում չի կարելի կիրառել: Սահմանափակվում են սովորաբար՝ ըստ իրավիճակների»,- նշեց Ղազարյանը։

Նախագծով առաջարկվում է՝ հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները: Ղազարյանին հարցրինք՝ արդյոք սրանք գաղտնիության ռեժիմի տակ մտնող տեղեկություննե՞ր են, ինչպե՞ս է գնահատում այս փոփոխությունները՝ ինֆորմացիայի ազատության տեսանկյունից․ «Այս ամենը դիարկվում է հենց տեղեկատվության ազատության սահմանափակման տեսանկյունից: Քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե ով է գործուղում գնում, ինչպես և այլն: Դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, որից էլ բխում է, որ տվյալ իրավունքը ոչ թե պետք է վերացնել, այլ կոնկրետ իրավիճակներով սահմանափակել, իհարկե, եթե դրա անհրաժեշտությունն իսկապես կա: Ընդհանուր մոտեցումը, իմ կարծիքով, սխալ է»,- պատասխանեց Ղազարյանը։