Երևան +11°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:17 28-06-2021

Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե պատերազմն ավարտվել է, կամ տգետ են, կամ էլ դիտավորյալ ստում են, որպեսզի մեզ ցեղասպանեն. Կանայք պատերազմում. Անի Հակոբյան

Օրագիր.news-ը շարունակում է ներկայացնել Արցախյան երկրորդ պատերազմի հիշատակման արժանի կերպարներին՝ ցույց տալով նրանց անըստգյուտ դերն ու նշանակությունը մեր այսօրվա և վաղվա օրվա կերտման գործում։ Նրանց կռիվը, պատմություններն ու անունները, սակայն, շատերի համար դեռևս անհայտ են մնացել:

Մեր զրուցակիցն այս անգամ ևս կանացի վառ կերպար է՝ Անի Հակոբյանը:

Հայրենիքը և ընտանիքն ինձ համար հավասար հարթության վրա են, ինչպես ընտանիքս, այնպես էլ հայրենիքս օրհասական պահին միայնակ թողնել չէի կարող. այսպես է մեկնաբանում պատերազմի հենց առաջին օրերից ռազմաճակատ մեկնելը:

«Անկեղծ ասած, այլ որոշման կայացումն ի սկզբանե բացառված էր: Հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը, հարևանների ագրեսիվ պահվածքը և գոյություն ունեցող մարտահրավերները՝ միշտ գիտակցել եմ, որ վաղ թե ուշ պատերազմը վերսկսվելու է, և պատերազմի դաշտում լինելն այն չնչին բանն է, որ կարող եմ անել հայրենիքիս պաշտպանության համար,- ասում է Անին և վերհիշում,- քանի որ եղբայրս արդեն ռազմաճակատում էր, մայրիկիս մի կերպ համոզեցի և ուղարկեցի Չարենցավան, որպեսզի ես էլ մեկնեմ ճակատ: Նույն օրը դիմեցի տեղի զինկոմիսարիատ, սակայն կրկին մերժում ստացա, բայց այն, ինչ տեսա զինկոմիսարի աչքերում, ցավը, որ դաջվել էր նրա՝ անքնությունից հոգնած դեմքին, ևս մեկ անգամ հաստատեց այն միտքը, որ մենք չենք հաղթում, և ժամն օրհասական է: Արցախի, ավելի կոնկրետ Քաշաթաղի շրջան մեկնեցի հոկտեմբերի 4-ին: ՈՄԱ-ի գումարտակի կազմում մեկնել չէի կարող, որովհետև ընտանիքս այդ պահին գտնվում էր Քաշաթաղում, այդ իսկ պատճառով դիմեցի Չարենցավանի զիկոմիսարիատ, որտեղ մերժում ստացա՝ կանանց ռազմաճակատ չեն տանում: Անկախ նրանից, որ այդ ժամանակ փակել էին Արցախի մուտքը քաղաքացիական անձանց համար և թույլատրում էին միայն հատուկ անցագրերով մուտք գործել, ինձ հաջողվեց ծանոթներիցս մեկի հետ մեկնել: Որոշել էի Աղավնո գյուղի մոտ տեղակայված անցակետը ոտքով շրջանցել և մտնել Արցախ, բայց ի զարմանս ինձ՝ հոկտեմբերի 4-ի գիշերն անցակետում մարդ չկար, և առանց խոչընդոտի մտանք Արցախ: Ցավոք, միանգամից պարզ դարձավ, որ «հաղթում ենք» արտահայտությունը, մեղմ ասած, կեղծ էր: Արդեն խուճապ կար, մեծ կորուստներ ունեինք, կարճ ասած՝ անկառավարելի, քաոսային իրավիճակ էր: Մնացի մեր տանը, սկսեցի զբաղվել ավելի շատ թիկունքային աշխատանքով, Հադրութի շրջանի փախստականների տեղահանման աշխատանքներին էի մասնակցում: Հադրութի Շեխեր գյուղից մորն ու երեխային տեղափոխելուց հետո, երբ զանգեցի ամուսնուն, որ հաղորդեմ՝ընտանիքը բարեհաջող տեղ է հասել, սկսեց արտասվելով շնորհակալություն հայտնել: Որքան ցավ կար այդ շնորհակալության մեջ...»:

Անին պատմում է, որ տագնապի ազդանշանը, պայթյունների և մեր հրետանու ձայներն արդեն սովորական երևույթ էին դարձել: Բերձորին հարվածում էին միայն անօդաչուներով:

«Հոկտեմբերի 16-ին, երբ եղավ Գրադ կայանքի առաջին հարվածը, հասկացա, որ թշնամին առավելագույնը 25 կմ հեռավորություն վրա է: Հոկտեմբերի 15-ի գիշերն արդեն գիտեի, որ թշնամին առանց լուրջ դիմադրության հանդիպելու գրավել է Իշխանաձորը, Այգեհովիտը... իսկ հեռուստացույցով դեռ ասում էին՝ հաղթում ենք: Մեր տունը գտնվում էր Բերձորի սկզբնամասում՝ նվազագույնը մեկ կիլոմետր շառավղով տարածքում. ձորի մեջ միայնակ էի, արդեն դիվերսիայի լուրջ վտանգ կար, իսկ ես զինված էի միայն մուրճով և ձեռքի տակ եղած այլ գործիքներով, բոլոր խնդրանքներս ռազմաճակատ մեկնելու կամ գոնե տեղում ինքնապաշտպանության համար զենք ստանալու համար ապարդյուն էին, պատասխանը նույնն էր՝ կին ես: Հոկտեմբերի 25-ին, երբ վիճակն ավելի սրվեց, ինձ վերջապես զենք տվեցին: Գիշերները տան շրջակայքում հերթապահություն էի իրականացնում, ցերեկները կամ քնում էի, կամ ծանոթ-բարեկամներին հուսադրում, կամ էլ նորություններ էի լսում և անզորությունից գոռում, որովհետև կին եմ և անգամ բժշկական կրթություն չունեմ: Միակ բանը, որ այդ օրերին ինձ ուժ էր տալիս, հայ զինվորն էր՝ նրա անձնազոհ կերպարը»,- ասում է Անին:

Մեր զրուցակիցը պատմում է, որ ամենամեծ դասը, որ քաղել է, հետևյալն է. անկախ սեռից և տարիքից՝ յուրաքանչյուր հայ պետք է տարրական ռազմական գիտելիքներ ունենա, որպեսզի անկախ նրանից, թե ինչ կորոշի քաղաքական ղեկավարությունը, թշնամու առաջ երբեք գլուխ չխոնարհի, շարունակի կռվել հանուն իր ընտանիքի և հայրենիքի:

«Ամենադժվար պահը քո սեփական անզորությունը գիտակցելն է: Երբ քո փոխարեն ամեն ինչ որոշում են և հնարավորություն չեն տալիս, որ դու ինքդ որոշես քո ճակատագիրը՝ կռվել հանուն հայրենիքի, և ապրես հպարտությամբ: Նոյեմբերի 9-ի երեկոյան Բերձորին սկսեցին հարվածել արդեն կասետային ռումբերով, հոսանքազրկեցին ամբողջ քաղաքը, իսկ մինչ այդ «Շուշին ընկել է» ֆեսբուքյան հայտնի գրառումը տարածվեց, որ ավելի մեծ խուճապ և անորոշություն առաջացրեց: Գրառման մասին իմանալով՝ հագնվեցի, վերցրի զենքս, ուսապարկս, բժշկական որոշ պարագաներ և պատրաստվում էի գնալ Շուշի, երբ եղավ ռումբի առաջին հարվածը, դուռը ծածկեցի, սպասեցի մինչև ձայները լռեն: Փաստորեն մինչ այդ եղած հեռախոսազանգերի տարափը փրկեց կյանքս, որովհետև դրանց պատճառով մի փոքր ուշ դուրս եկա: Ձայների դադարից հետո բարձրացա շտաբ, որը տեղակայված էր քաղաքի կենտրոնում՝ մեր տնից 3 կմ հեռավորության վրա: Ասացին՝ արդեն մոտավոր հազար հոգի գնացել է, այս պահին գնացող մեքենա չկա: Օդում անօդաչու էր պտտվում, գնալուց հետո հրետանին սկսեց աշխատել, որը և հուսադրեց, որ Շուշին չի ընկել, և դեռ հնարավորություն կա ինչ-որ բան փոխելու: Գիշերը, երբ հեռախոսս միացրի, տեսա՝ ընկերուհիներիցս մեկը զանգել էր, հետ զանգեցի, հարցրի՝ ինչ է պատահել, ասաց, որ պատերազմն ավարտվել է, կապիտուլյացիա ենք ստորագրել, ականջներիս չհավատացի... Անկախ ինձնից գոռացի, բոլորը հավաքվեցին... ուշ էր... առանց ինձ հարցնելու ինձ զրկել էին կռվելու և հզոր Հայաստանում ապրելու իրավունքից: Հոգիս դուրս եկավ մարմնիցս և մնաց Արցախի լեռներում:

Եղբորս երեխաներին խոստացել էի, որ հայրիկն ու հորաքույրը հաղթած տուն են գալու, իսկ իրենք գիտեին, որ ես միշտ խոսքիս տերն եմ: Ամաչում էի տուն վերադառնալ, ինչպե՞ս էի նայելու նրանց աչքերին: Ի՞նչ էի ասելու՝ վերադարձել եմ պարտվա՞ծ, թուրքի դեմ չոքա՞ծ: Ամենասպասված պահը եղբորս հետ հաղթած տուն վերադառնալն էր, որ անկատար մնաց:

Պարտության ամոթը խլացրել էր անգամ կարոտի ձայնը

Անին զրույցի ընթացքում անդրադարձավ նաև հայ կնոջ կերպարին, որը, ըստ նրա, պետք է լինի համեստ և ուժեղ. «Մի ձեռքում՝ շերեփը, մյուսում՝ զենքը, միշտ պատրաստ պաշտպանելու սեփական ընտանիքը: Իմ կարծիքով, եթե 1915 թվականին հայ կինը կռվել իմանար, թուրքին չէր հաջողվի մեզ ցեղասպանել»:

Իսկ զրույցն ավարտվեց կոչ-խնդրանքով. «Հայրենակիցներիս կոչ եմ անում աշխատել, մարզվել, զինվել և միշտ պատրաստ լինել պատերազմի: Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե պատերազմն ավարտվել է, կամ տգետ են, կամ էլ դիտավորյալ ստում են, որպեսզի մեզ ցեղասպանեն: «Այլևս երբեք» կարգախոսը պետք է համայն հայությանը մեկ գաղափարի շուրջ համախմբող կարգախոս լինի»: