Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 14:04 24-06-2021

Եթե ընտրությունները կազմակերպվեին պատերազմից անմիջապես հետո, արդյունքներն այլ կլինեին. քաղաքագետ

Օրագիր.news-ը երկրի ներքաղաքական և հետընտրական ճգնաժամային իրավիճակի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի միջազգային կերպարի մասին զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ:

-Պարո՛ն Մարգարով, արդյո՞ք երկրում ներքաղաքական ճգնաժամ կա, և ի՞նչ ելքեր եք տեսնում այս իրավիճակից:

-Երկրում իրավիճակը, որը կապված էր նախ քովիդային պանդեմիկ, իսկ հետո ռազմական և հետպատերազմական խնդիրների հետ, եղել է և շարունակում է մնալ ճգնաժամային: Հետպատերազմական շրջանում՝ մասնավորապես նոյեմբերին, խնդիրը ներքաղաքական ճգնաժամի լուծման ճանապարհներ գտնելն էր: Ներկայիս իշխանությունը չէր պատրաստվում թողնել իր դիրքերը և հրաժարական տալ, իսկ ընդդիմությունն էլ չկարողացավ հաջողությամբ իշխանափոխության հասնել: Արդյունքում արտահերթ ընտրություններ կազմակերպվեց: Մի կողմից ընդդիմության ուժի պիկն անցել է, իսկ մյուս կողմից՝ իշխանության նկատմամբ բացասական վերաբերմունքը, հասելով իր գագաթնակետին, կրկին նվազել: Այս տեսանկյունից իշխանությունը փորձել է գտնել իրեն հարմար պահ ընտրություններ կազմակերպելու համար: Իրականում իրադարձությունները կորցրել են իրենց ազդեցությունները, որի արդյունքում ընտրությունները քիչ վնաս են հասցրել իշխանություններին: Եթե ընտրությունները կազմակերպվեին պատերազմից անմիջապես հետո, արդյունքներն այլ կլինեին: Այս ընտրություններն իշխանության համար դիտվում են որպես փորձ՝ ռեստարտ տալու իշխանության լեգետիմությանը, հիմնվելու նոր ձեռք բերված ժողովրդավարական քվեների վրա, ձեռք բերելու նոր քաղաքական և սոցիալական կապիտալ և օգտագործելու այն սեփական քաղաքական օրակարգը կյանքի կոչելու համար: Իսկ ընդդիմության համար ընտրությունները հնարավորություն էին կա՛մ գալ իշխանության, կա՛մ որպես հնարավորություն՝ մոբիլիզացնելու սեփական ընտրազանգվածը և ստուգելու սեփական պոտենցիալը: Այսինքն ընտրությունները դիտվում էին այդ ճգնաժամից դուրս գալու փորձ, իսկ ընտրության արդյունքները ոմանց համար դարձան ճգնաժամի վերածնունդ: Բայց, ըստ էության, ընտրությունները գործող իշխանությանը տրամադրեցին բավականին լուրջ մանդատ, որը վերջիններս կա՛մ կփորձեն իրականացնել, կա՛մ, ինչպես եղել է 2018թ. հետո, լեգետիմությունը փոշիացվելու է ոչ արդյունավետ կառավարման ու ճգնաժամային այլ իրավիճակների պատճառով: Արդյունքում որոշ ժամանակ հետո մենք կունենանք նոր արտահերթ ընտրություններ՝ որպես նոր փորձ ճգնաժամից դուրս գալու համար:

-Ինչո՞ւ, այնուամենայնիվ, ընդդիմությունը չկարողացավ հաղթել ընտրություններում:

-Յուրաքանչյուր հասարակության մեջ ընդդիմությունն ընտրությունների ժամանակ հավաքում է ձայների մեկ երրորդը: Հավաքական իմաստով մենք տեսնում ենք, որ և՛ «Հայաստան», և՛ «Պատիվ ունեմ» դաշինքները, սկզբունքորեն նաև ԲՀԿ-ն հավաքեցին այդ ձայները: Նախ՝ ինչու հաղթեց Փաշինյանը: Առաջին հերթին, ընտրություններին ընտրազանգավածի ցածր մասնակցություն եղավ. ընտրություններին մասնակցեց գրանցված ընտրողների կեսը: Փաշինյանն իրականում ունի այն միջուկի քվեները, ովքեր մասնակցում են ընտրություններին անընդհատ: Այնտեղ կան մարդիկ, ովքեր միանշանակ նրա կողմնակիցներն են անկախ նրանից, թե ինչ է նա անում: Կա զանգված, որը քվեարկում է ցանկացած իշխանության օգտին կամ որոշակի կախվածության մեջ է գործող իշխանությունից ու իշխանության կողքը կանգնած անհատներից: Փաշինյանը կարողացավ օգտագործել նաև այն վախերը, որոնք առկա են նախկինների ու ներկաների համեմատության համատեքստում, այդ դասական խայծը ճիշտ օգտագործվեց: Ընդդիմությունը չհաղթեց, քանի որ նրանց չհաջողվեց մոբիլիզացնել ընտրողների մեծ զանգվածներ: Ընդիմությունը պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկեր: Ընտրարշավը կարճաժամկետ էր՝ 12 օր, դրան գումարած նաև երկար ժամանակ ընդդիմադիր դաշտի ոչ ակտիվ լինելը, ինչն էլ բերեց այս արդյունքի: Հասարակությունն ուզում է տեսնել նոր քաղաքական գործիչների, այլ ոչ թե նախկին քաղաքական կերպարների, որոնց հետ ասոցացվում են նաև բացասական հիշողություններ: Դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ: Ընդդիմությունը չկարողացավ նաև ինչ-որ հրապուրիչ ծրագիր ներկայացնել քաղաքացիներին: Այն այլընտրանքը, որը Քոչարյանը, որպես ընդդիմադիր դաշտի հիմնական ներկայացուցիչ, առաջարկում էր քաղաքացիներին բավականին բարդ ընկալելի էր, և մարդկանց մոտ հանդես եկավ ավելի բարդ պատկեր, քան այն, ինչ ներկայացնում էր Փաշինյանը ընտրազանգվածի որոշակի հատվածի համար: Սակայն ընդդիմության համար դեռ ամեն ինչ չէ, որ կորած է, քանի որ փորձը ցուց է տալիս, որ այս կառավարությունը միշտ չէ, որ հաջող է գործում, ինչը հնարավորությունների դաշտ է ստեղծում ընդդիմության համար: Իսկ Փաշինյանի համար մանդատը, որը նա ստացել է ընտրությունների արդյունքում, կօգտագործվի իր իշխանությունը լեգետիմացնելու համար:

-Ինչպե՞ս է ընկալվում Փաշինյանի կերպարը միջազգային հանրության կողմից:

-Փաշինյանի միջազգային կերպարը միանշանակ չի կարելի գնահատել: Սկզբում նա հանդես եկավ որպես պոպուլիստ, բայց ժողովրդի հետ լեզու գտնող քաղաքական գործիչ, որն ունի ընդդիմադիր լինելու պատմություն: Նա հանդես էր գալիս որպես կոռումպացված իշխանության դեմ պայքարող մարտիկ, ով արդարության պահանջներ ուներ: Մարդ, որը շատ հեռու էր բարձր քաղաքականությունից այն իմաստով, որ շատ կանոններ գուցե իրեն հայտնի չի էլ եղել, և նա ստիպված է եղել ընթացքում սովորել: Հաջողվե՞լ է դա նրան, թե ոչ, դա արդեն այլ հարց է, ամեն դեպքում համալսարանում նա բացարձակ գերազանցիկ է եղել: Այս ամենով հանդերձ, նա իր կերպարով դրսի ուժերի մոտ առաջացնում է երկակի տպավորություն. մի կողմից մարդ, որը փորձում է իրականացնել բարեփոխումներ, մյուս կողմից՝ մեկ ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնող հանրային կերպար: Ամեն դեպքում, հետպատերազմական շրջանում Փաշինյանը հանդես է գալիս որպես պարտված ղեկավար, և դա չի կարող չազդել այլ քաղաքական գործիչների վերաբերմունքի վրա: Ամեն դեպքում նա կարողացավ պահպանել սեփական իշխանությունը, որը պակաս զարմանք չի կարող առաջացնել, ինչը որոշ իմաստով նաև հարգանքի կարժանանա: Ըստ էության՝ նա այն մարդն է, ում հետ աշխատելու են արտաքին աշխարհի ներկայացուցիչները: Անձնական համակրությունները կարող են, իհարկե, դեր խաղալ, բայց արդեն դառնում են երկրորդական, քանի որ առաջնային են պետության շահերը:

-Ինչպե՞ս կգնահատեք ՀԱՊԿ-ի դերը Հայաստանի անվտանգության հարցում:

-Նախ անվտանգության հարցերում հույս դնել ուրիշի վրա սխալ քաղաքականություն է, քանի որ դա անվտանգության կոնցեպտի մի մասն է միայն: Մեր պարագայում դա չի կարող հանդես գալ որպես առաջնային գործիք: Առաջնայինը սեփական զինված ուժերն են, անվտանգային կառույցների առկայությունն ու գործելու ունակությունը: Հայաստանի սահմանային գիծը պատերազմից հետո էականորեն փոխվեց, քանի որ նախկինում միջազգայնորեն ճանաչված մեր սահմանն առնչվում էր Արցախի հետ: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով մենք մեր սահմանները մոտեցրինք Ադրբեջանին, և կարիք առաջացավ ստեղծելու համապատասխան ինժեներական կառույցներ և բնականաբար իրականացնել սահմանազատում: Առաջին հերթին դա բերում է սուվերենության՝ սեփական սահմանների հստակ ճանաչում ու գծագրումը, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի ներգրավվածության խնդիր: Երկրի անվտանգության հարցում կառույցի ներգրավվածության խնդիր կլինի այն դեպքում, երբ լինի ուղղակի և ակնհայտ հարձակում թշնամու կողմից: Ադրբեջանցիների՝ մեր սահմաններում ներկայությունը պահանջում է իշխանությունների կողմից վճռական քայելր ու որոշումներ՝ պաշտպանելու երկրի տարածքն ու իր քաղաքացիներին: Առայժմ, հաշվի առնելով կառույցի առանձնահատկությունները, համապատասխան հոդվածով դիմում չի էլ եղել: Այստեղ ահռելի դեր է խաղում համագործակցությունը Ռուսաստանի հետ, իսկ ՀԱՊԿ-ը մեծ հաշվով ՌԴ-ի հետ համագործակցելու մեկ այլ ձևաչափ է: ՀԱՊԿ-ում ներառված երկրները ռազմաքաղաքական առումով համագործակցում են ավելի շատ Ռուսաստանի հետ, քան միմյանց հետ: Կազմակերպությունը ևս իր կողմից կարիք ունի վերանայելու իր փոխհարաբերությունները ներսում: Պետք է նշել, որ ՀԱՊԿ-ի և մեր հարաբերությունների վրա էական ազդեցություն թողեց նաև Յուրի Խաչատուրովի հետ կապված հայտնի իրադարձությունը, որը հեղինակային հարված էր կառույցին: