Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:08 22-06-2021

Մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու շատ լուրջ, նոր հնարավորություն. Ռոբերտ Քոչարյան

«Այն մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, համոզված եմ, որ վստահության մանդատ չէ, մեր բոլոր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները, իմ կարծիքով՝ այստեղ աշխատեց նախկին իշխանությունների վերադարձի գործոնը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրությունների արդյունքների մասին:

«Այդ գործոնն էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ ակտիվ մասնակցում էին ընտրություններին, երկուսը՝ ընտրացուցակներ գլխավորելով, երրորդը՝ քարոզարշավներին շատ ակտիվ մասնակցելով: Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում և հատկապես գյուղական համայնքներում շատ քիչ հանդիպումներ ենք ունեցել, և եթե նկատել եք՝ իշխանությունը շատ ավելի մեծ արդյունքներ է գրանցել գյուղական համայնքներում: Սա, իմ տպավորությամբ, ազդեց այնպես, որ մարդիկ ամեն դեպքում վերջին պահին մտահոգություն ունեցան այդ տեսանկյունից և գնացին քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին: Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում իրավիճակն ու հաստատ մտածում են, որ սա նոր մանդատ է, բայց կրկնում եմ, որ սա հակառակ կողմից եկող մանդատն էր»,- մեկնաբանեց Քոչարյանը:

Նա նշեց, որ չի ընդունում այն կարծիքը, թե իրենք պարտվել են, քանի որ սա խորհրդարանական ընտրություն էր, և պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան. «Մյուս քննարկվող հարցը մանդատների հարցն է. վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները, մենք դաշինքի ներսում այս հարցի վերջնական որոշումը դեռ չունենք, ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու շատ լուրջ, նոր հնարավորություն, շարունակելու ենք մեր պայքարը, պառլամենտական պայքարը կարող է ուժեղացնել, այլ ոչ թե միայն փոխարինել փողոցային պայքարը, և այս համատեղումը միայն ուժեղացնում է մեր հնարավորությունները»:

Երկրորդ նախագահի դիտարկմամբ, իշխանության կազմակերպած երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ վերջիններս շարունակելու են նույն ոճով աշխատել և ոչինչ չի փոխվել նրանց մարտավարության մեջ:

Ընտրությունների նման արդյունքի մասին խոսելիս Քոչարյանը խոստովանեց, որ արդյունքներն իրենց համար անսպասելի էին: «Կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր, իհարկե, մենք պետք է փորձենք գտնել բացատրություն, և մենք ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խախտումներ: Մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսների կիրառում և այդ պատճառով դիմելու ենք ՍԴ՝ ընտրությունների արդյունքները քննարկելու»: