«ՀայՓոստ» ընկերությունը վերաբրենդավորման գործընթացի նոր փուլով իրականացնում է մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման և վերաբրենդավորման գործընթացը Երևան քաղաքում:
Հունիսի 17-ին Երևանում բացվեց երկու փոստային բաժանմունք. փոստային դասիչ՝ 0028, հասցե՝ Կիևյան 4, և 0019, հասցե՝ Բաղրամյան 23: ՀայՓոստի բաժանմունքներն ունեն մի շարք նորարարություններ.
հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, օնլայն հերթագրման Earlyone համակարգ, բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն, հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը:Ինչպես նշեց «ՀայՓոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը․ ««ՀայՓոստը» կառուցվող մեծ էկոհամակարգ է և հոլդինգ՝ իր լոգիստիկ և ֆինանսական ծառայություններով, նորարար և տեխնոլոգիական լուծումներով: ՀայՓոստի վերաբրենդավորման առաջին փուլով մեկնարկում ենք Երևան քաղաքում փոստային բաժանմունքների վերապրոֆիլավորման և վերաբրենդավորման գործընթացը: Մեր նորաբաց բաժանմունքները տեխնիկապես հագեցված և ժամանակակից ստանդարտներին համապատասխան են: Մինչև տարեվերջ մեր քաղաքացիները կտեսնեն նոր, ժամանակակից փոստային բաժանմունքներ Երևան քաղաքում, այնուհետև՝ ՀՀ մարզերում»:
Փոստային բաժանմունքների ցանցի տնօրեն Կարեն Մկրտումյանը նշեց. ««ՀայՓոստը» վերափոխման ճանապարհին է, և զարգացման ռազմավարությունով նպատակ ունենք սկիզբ դնել նոր ծառայությունների, սպասարկման նոր ստանդարտների և առաջադեմ լուծումների մատուցմանը: «ՀայՓոստն» ունի ՀՀ-ում ամենամեծ ցանցը, որը հաճախորդի համար կդառնա առավել հարմարավետ, նորարար և տեխնիկապես հագեցված»:
«ՀայՓոստի» տեսլականն է. որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր դառնալ Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում հուսալի և ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական և պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ: