Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:08 16-06-2021

«Միայն Բիբին», «Միայն թե ոչ Բիբին». ներիսրայելական թեժ օրակարգ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ զրուցել ենք նախ- և հետընտրական Իսրայելի քաղաքական զարգացումների, իսրայելա-ամերիկյան և իսրայելա-հայկական հարաբերությունների բազմավեկտոր բնույթի մասին:

-Պարոն Պետրոսյան, ի՞նչ է կատարվում Իսրայելում վերջին 2.5 տարվա ընթացքում:

Իսրայելում վերջին 2.5 տարվա ընթացքում արձանագրվել է տևական ներքաղաքական ճգնաժամ: Այս ընթացքում այնտեղ տեղի են ունեցել 4 ընտրություններ, որոնք արդյունավետ կառավարության ձևավորման հարցում որևէ էական արդյունք չեն արձանագրել:

Իսկ վերջին ընտրություններից հետո ընդդիմության առաջնորդին՝ Յաիր Լապիդին, հաջողվեց նախագահի կողմից իրեն տրամադրված կառավարություն ձևավորելու մանդատի վերջնաժամկետում հայտարարել նոր կառավարության ձևավորման մասին, որի նկատմամբ վստահության քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 13-ին, ինչին հաջորդեց կառավարության երդմնակալության գործընթացը:

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Իսրայելում տեղի ունեցավ իշխանափոխություն, ինչի արդյունքում ձևավորվել է նոր կառավարություն, որն իր տեսքով բավականաչափ հետաքրքիր է՝ փոխզիջումներով և խայտաբղետ գաղափարական կազմով:

Կարող ենք արձանագրել, որ «միայն թե ոչ Բիբին» սկզբունքի շուրջ հավաքված իսրայելական նոր կառավարությունը, որը ոչ թե գաղափարական, այլ նպատակային հենք ունի, լուրջ խնդիրներ է ունենալու իր կենսունակությունն ապացուցելու հարցում:

-Ի՞նչ դեր ունեցավ Պաղեստին-Իսրայել հակամարտությունը ներիսրայելական քաղաքական պայքարի վրա:

Բենյամին Նեթանյահուն իշխանությունը պահելու համար փորձեց օգտագործել անգամ Պաղեստին-Իսրայել կոնֆլիկտի վերջին սրացումը՝ այն արհեստականորեն հրահրելով:

Սովորաբար, եթե իսրայելա-պաղեստինական լարվածություն է սկսվում, ապա Իսրայելում ավելի ամրապնդվում է աջակցությունն աջակողմնյան քաղաքական ուժերի հանդեպ, որի առաջնորդը Բենյամին Նեթանյահուն է: Զուգահեռաբար աճում է թշնամանքը Պաղեստինի և Իսրայելի միջև:

Հրահարելով նման հակամարտություն՝ Բենյամին Նեթանյահուն նպատակ ուներ ձևավորել մի միջավայր, որտեղ արաբների և հրեաների միջև համագործակցություն տեղի չէր ունենա:

Սակայն հակառակ իրողությունն արձանագրվեց:

Սա խոսում է այն մասին, որի Իսրայելի ներքին քաղաքական ճգնաժամն այն աստիճան էր հասարակական տարբեր խմբերի կողմից կարևորվում, որ անգամ հակամարտության վերջին սրացումը բացասական առումով էական ազդեցություն չունեցավ «հակաբիբիական» կուալիցիայի ձևավորման վրա:

- Ինչպե՞ս կբնութագրեք իսրայելա-պաղեստինայն կոնֆլիկտի վերջին սրման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքները:

Որպես երկար տարիներ այս կոնֆլիկտն ուսումանասիրած մարդ՝ ես միայն մի բան կարող եմ ասել, որ միջազային հանրությունն առավելապես եղել է Պաղեստինի կողմից:

Սրա պատճառը շատ պարզ է. այս հակամարտության դերակատարներն անհավասար են՝ մի կողմից միջազգային իրավունքի և հարաբերությունների սուբյեկտ Իսրայելն է, մյուս կողմից՝ պետության ձգտող պաղեստինյան խմբավորումները:

Այս անհավասար դիրքային իրավիճակում բնական է, որ միջազգային հանրության հիմնական դերակտարների արձագանքը կամ պռոպաղեստինյան է, կամ կոչեր են երկու կողմերին ՝ վերականգնելու կայունությունն ու խաղաղությունը:

Իհարկե, այն երկրները, որոնց հետ Իսրայել պետությունը կարողացել է սերտ հարաբերություններ ստեղծել , առավել միանշանակ են արձագանքել:

-Կարելի՞ է այդ երկրների ցանկում ներառել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին:

ԱՄՆ-ն իհարկե կրում է այս կոնֆլիկտի վերաբերյալ դիրոքորոշման որոշակի փոփոխություն՝ կախված դեմոկրատական կամ հանրապետական վարչակազմից: Օրինակ՝ եթե հարաբերությունների վերջին սրացումը տեղի ունենար Թրամփի վարչակազմի ժամանակ, ապա ԱՄՆ-ի դիրքորոշումն անհամեմատ ավելի պռոիսրայելական կլիներ, իսկ այս պայմաններում իրավիճակն այլ է:

Հարկ է նշել, որ այս կոնֆլիկտում ԱՄՆ-ն առանձին խաղացող է նախ որպես քառյակի անդամ երկիր, որը զբաղվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմամբ, բացի այդ՝ նաև դաշնակցային հարաբերություններ ունի Իսրայել պետության հետ, որը հակամարտության կողմ է:

Այս փաստն, իհարկե, ազդում է կոնֆլիկտի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման վրա՝ որոշակի կողմնակալ վերաբերմունքի դրսևորմամբ:

ԱՄՆ-ն վերջին տարիներին Իսրայելի համար դիվանագիտական անձրևանոցի դեր է կատարել, բայց զուգահեռաբար հնարավորինս փորձել է նաև հավասարակշռություն պահպանել՝ որոշակի դիվանագիտական աջակցութուն ցուցաբերելով նաև պաղեստինյան կողմին, ինչը բնական է և բոնորոշ է ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմի դիրքորոշումին:

Այդ դիրքորոշումը մեծ հաշվով համընկնում է այս կոնֆլիկտի շուրջ միջազգային հանրության դիրքորոշման հետ այն է՝ երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար:

-Պե՞տք է արդյոք սպասել Իսրայելի արդեն նախկին վարչապետի քաղաքական վերադարձին:

Որքան էլ Բենյամին Նեթանյահուի մասին կարծիքները հակասական լինեն, նա Իսրայել պետության պատմության ամենաառանցքային առաջնոդներից մեկն է, որն արդեն իսկ հասցրել է ռեկորդ սահմանել՝ դառնալով Իսրայելի պատմության ամենաերկարատև կառավարած վարչապետը:

Իր կառավարման երկրարակեցությամբ, նա անգամ գերազանցել է Իսրայելի հիմնադիր-վարչապետ Դավիդ բեն Գուրիոնին:

Բացի այդ, նրա քայլերը չափազանց կարևոր հաջողություններ են արձանագրել հատկապես Իսրայելի անվտանգայի միջավայրի ապահովման ուղղությամբ:

Նրա կառավարման շրջանում է, որ ԱՄՆ-ը ճանաչեց Գոլանի բարձրուքները որպես Իսրայելի անքակտելի մաս:

Նրա կառավարման շրջանում է, որ դարձյալ ԱՄՆ-ը Երուսաղեմն ամբողջապես ճանաչեց որպես Իսրայել պետության մայրաքաղաք:

Սիրիայի ուղղությամբ Իսրայելի գրանցած հաջողությունները ևս Բենյամին Նեթանյահուի վարած քաղաքականության արդյունք են:

Բենյամին Նեթանյահուն պատմության մեջ մնալու է որպես Իսրայելի համար շատ կարևոր գործեր արած քաղաքական գործիչ:

Թեպետ սա չի ժխտում այն, որ նրա անձին վերաբերող բացասական բնորոշումներ նույնպես կան:

Նա այն եզակի քաղաքական գործիչներից է, որի դեմ հարուցվել է կոռուպցիայի հետ կապված 4 դատական գործ: Սա աննախադեպ է Իսրայել պետության պատմության համար:

Հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը նրա անձի շուրջ՝ ինչպես նաև Նեթանյահուի համախմբող դերը իսրայելական աջակողմնայն ուժերի շրջանում, կարող ենք ենթադրել, որ Բենյամին Նեթանյահուն իր հետագա վճռորոշ դերակատարումը կարող է ունենալ Իսրայելի ներքաղաքական կյանքում:

-Իսրայելի քաղաքական միջավայրի փոփոխությամբ պայմանավորված՝ հայ-իսրայելական հարբերություններում ի՞նչ էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ:

Ես չեմ կարծում որ հայ-իսրայելական հարաբերություններում եղած խնդիրներն ու բացթողումները պետք է պայմանավորել անձերով:

Խնդիրների պատճառը երկու կողմերի մոտեցումներն են:

Եթե ՀՀ-ն Իսրայելի հետ հարաբերությունները փորձի ձևավորել երկկողմ օրակարգով՝ առանց կենտրոնանալու կողմնակի իրողությունների վրա, ապա վստահ եմ, որ երկկողմ հարաբերությունների հեռանկարը շատ ավելի դրական կլինի:

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունների վրա ազդող կողմնակի խնդիրների ազդեցությունը բավականաչափ վճռորոշ է՝ դա նախևառաջ Հայաստանի համար բարեկամական և թշնամական երկրների և Իսրայելի հետ համագործակցության խնդիրն է:

Հայաստան-Իսրայել հարաբերությունների վրա բացասաբար ազդում է Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը, մյուս կողմից՝ դարձյալ բացասաբար է ազդում Իրանի դիրքորոշումը Հայաստան-Իսրայել համագործակցության վերաբերյալ:

Սրանք կողմնակի գործոններ են, որոնք իրենց բացասկան ուղիղ ազդեցությունն ունեն Հայաստանի և Իսրայելի վրա, բայց եթե հայկական կողմը որպես տվյալ դեպքում առավել նախաձեռնող դերակատար, փորձի հարաբերությունների զարգացման օրակարգն առաջարկել , ապա վստահաբար, այս հարաբերությունները որոնք ունեն լուրջ զարգացման ներուժ, շատ արագ և շոշափելի զարգացում կապրեն: