Երևան +14°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 13:23 04-06-2021

Դա նախընտրական քարոզչական հոլովակ է՝ ուռճացված և մանիպուլյացիոն. ռազմական փորձագետը՝ ՔՊ հոլովակի մասին

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տեղադրել է 2018-2020 թվականների Զինված ուժերում կատարված բարեփոխումների վերաբերյալ տեսանյութ, որտեղ ներկայացված էր զենքերի, զինատեսակների, ինքնաթիռային և կոպտեր տեսակի ԱԹՍ-ների, օպտիկական սարքերի և սարքավորումների, ավտոմոբիլային տեխնիկայի և այլնի աննախադեպ տոկոսային աճը՝ 2016-2018 թվականների համեմատությամբ:

Տվյալների ենթադրյալ ստույգությունը և նմանօրինակ աճը վերլուծելու համար Օրագիր.news-ը դիմեց ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանին:

Վերջինիս ընդգծմամբ, վերոնշյալ տեսանյութը ոչ թե Զինված ուժերի 2018-2020 թվականների բարեփոխումների ներկայացումն է, այլ նախընտրական քարոզչական հոլովակ՝ ուռճացված և մանիպուլյացիոն:

«Տեսանյութում ներկայացված են ոչ թե փաստեր, այլ տվյալներ: Դրանք շատ հեռու են փաստեր լինելուց: Ցուցադրված բարեփոխումները, որոնք իբրև ձեռքբերում են ներկայացված, դեռ 2018-ից առաջ կնքված պայմանագրերի արդյունքներն են, և դրանք իրենց վերագրելը և չակնարկելը, որ պայմանագրերն ավելի վաղ են կնքվել, մեղմ ասած՝ ճիշտ չէ,- նշեց փորձագետն ու հավելեց,- բացի դրանից՝ 2020 թվականի պատերազմից հետո բավականին միջոցներ, որոնք նախկինում ՊԲ-ի ենթակայության տակ էին, տեղափոխվեցին ՊՆ-ի ենթակայության տակ: Ուրեմն թող նշեն նաև, թե այդ տվյալներից որքանն է պատերազմից հետո հայտնվել ՊՆ-ի ենթակայության տակ: Ըստ էության, այդ ամենն իրենք բարեփոխում են դիտարկում, բայց դրանք արդեն ունեցած միջոցների տեղափոխումն են»:

Մասնագետի խոսքով, այս ամենից զատ՝ պատերազմի օրերին պետական միջոցներից դուրս ողջ հայությունը, բացի 179 միլիոն դրամ գումար հավաքելուց, տրամադրել է նաև մեծաքանակ նյութական տեխնիկա, որոնք նույնպես վերագրված են իրենց:

Ինչ վերաբերում է ամրաշինական կառույցներին, պարոն Եղիազարյանն ընդգծեց, որ ընդունելի կլիներ, եթե հրապարակեին, թե այդ կատարված աշխատանքներից, ինչպես իրենք են ներկայացնում բարեփոխումներից, որքանն է ՀՀ-ի տիրապետության տակ, և որքանը՝ թշնամու. «Պատերազմում պարտված երկրին հարիր չէ ներկայացնել միայն աշխատանքը՝ առանց ցույց տալու կորցրածն ու դրա կարևորությունը»:

Ա. Եղիազարյանի խոսքով, նույնը վերաբերում է նաև ճանապարհային շինարարությանը. «Որքան ճանապարհներ վերանորոգվեցին, բարելավվեցին, և որքանը մնաց թշնամուն: Այս մասին որևէ տվյալ ներկայացրած չէ: Պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր շփման գծի ձևավորման արդյունքում նոր ճանապարհներ և ուղիներ են գծվում, իսկ սա ոչ թե արդյունք է, այլ հետևանք: Ամեն ինչ պետք է գնահատել արդյունքով: Մենք ունենք պարտություն, և ինչ ցուցանիշ էլ ներկայացնեն, մենք ունենք վատ հետևանք, եթե նախկինում եղածն ավելի քիչ էր, բայց դրանով կարողացել ես ապահովել երկրի անվտանգությունը, ապա դա ավելի բարձր ցուցանիշ է»:

Ռազմական փորձագետի խոսքով, ներկա իշխանությունն այս տեսանյութով ապացուցում է, որ իրենք չեն հասկանում՝ ինչ է նշանակում բարեփոխում. «Սա ընդամենը համալրում է, իսկ ես ձեզ վստահեցնում եմ՝ Հայոց բանակն իր ձևավորման պահից մշտապես համալրվել է: Բարեփոխման համար անհրաժեշտ են բանակի զարգացման հեռանկարին վերաբերող լուրջ ծրագիր և մոտեցում»:



Մենք զրուցեցինք նաև ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ՝ մեկնաբանելու վերոնշյալ տվյալները, որին ի պատասխան՝ նա նշեց. «Ինչպես կարելի է մեկնաբանել մի բան, որն աբսուրդի աստիճանով է ներկայացված: Ես գերադասում եմ լռել»: