Երևան +11°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 21:25 31-05-2021

Ո՞ր քաղաքական ուժերը կհայտնվեն Ազգային ժողովում. վերլուծում են մասնագետները

2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր են ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նոր Ազգային ժողով անցնելու հնարավորություններ ունեցող քաղաքական ուժերն այս պահին հինգն են։ Դրա հետ մեկտեղ քաղտեխնոլոգը չի բացառել, որ իրավիճակը կարող է փոխվել, քանի որ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել։ Քարոզչությունն ի վիճակի է ազդեցություն ունենալ հանրության տրամադրությունների վրա։ Ավելին, տարբեր գնահատականների համաձայն՝ ընտրողների մոտ 40 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու։ Հակոբյանի կարծիքով՝ դեռևս չկողմնորոշվածների մեծ մասը կարող է ընդդիմության օգտին քվեարկել, չնայած որ վերջին ամիսների ընթացքում իշխանության ընդդիմախոսներին այդպես էլ չհաջողվեց մոբիլիզացնել այդ ռեսուրսը. «Ամբողջ կես տարվա ընթացքում ընդդիմությունը չկարողացավ «արթնացնել» նրանց»։ Այդ գործոնները հաշվի առնելով՝ այս պահի դրությամբ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցություն-«Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և, հնարավոր է, Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը։ Սակայն քաղաքագետի տեսանկյունից, այդ ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի կազմի և չի կարողանա միայնակ գործադիր իշխանություն ձևավորել։ «Միաժամանակ բացառված չէ, որ նախընտրական քարոզարշավը կտրուկ բևեռացման հանգեցնի, և ընտրողները ստիպված լինեն քվեարկել կա՛մ իշխանության, կա՛մ միացյալ ընդդիմության օգտին»,-նշել է Վիգեն Հակոբյանը և հավելել, որ հնարավոր է, որ Փաշինյանի դեմ հաղթանակի համար ընդդիմադիր դաշտը ժամանակավորապես միավորվի, օրինակ, Քոչարյանի շուրջ։ Այդ դեպքում նրա օգտին կարող են քվեարկել այն քաղաքացիները, որոնք Քոչարյանին առանձնապես չեն հավանում, բայց է՛լ ավելի դժգոհ են Փաշինյանից։


Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական դաշտում առկա ուժերի դասավորվածությանն ու քաղաքական դաշինքների և կուսակցությունների հնարավորություններին։ Արմեն Բադալյանի դիտարկմամբ, վերջին անորոշությունը կապված էր Հանրապետական կուսակցության հետ, որն այս պահին ունի ոչ այնքան թույլ, միջին հզորության կազմակերպչական, լրատվական, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, բայց քանի որ հստակեցվեց նաև ՀՀԿ–ի մասնակցության հարցը, հետևաբար այժմ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն արդեն հայտնի են։ «Դրանք են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող դաշինքը, Արթուր Վանեցյանի կողմից ղեկավարվող «Հայրենիք» կուսակցությունն ու նրա հետ դաշինք կազմած ՀՀԿ–ն։ Ընդ որում` ֆավորիտներն առաջին երկուսն են, քանզի Փաշինյանն ու Քոչարյանը պայքարում են վարչապետ դառնալու համար»,– նշել է քաղտեխնոլոգը: Նրա կարծիքով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնվում է երկրորդ էշելոնում կամ երկրորդ հարթության մեջ, իսկ երրորդում մնացած բոլոր մասնակիցներն են։ Ըստ նրա`Հայ ազգային կոնգրեսի հնարավոր մասնակցության պարագայում անգամ երրորդ բևեռ ասվածը մի փոքր ծանր է հնչում, որովհետև այդ ուժի աստղային ժամը 2008 թվականն էր, և նա այժմ ազդեցիկ քաղաքական ուժերի շարքին չի դասվում։ Քաղտեխնոլոգի համոզմամբ, թերևս չկա որևէ քաղաքական ուժ, որը կգնա ու կմիանա ՀԱԿ–ին և այդ քայլով նրան կդարձնի ավելի ազդեցիկ։ «Ընտրողներն այսօր երկու հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում` կա՛մ Նիկոլ Փաշինյանին, կա՛մ Ռոբերտ Քոչարյանին։ Ընտրական ցուցակներն ընտրողի վրա ազդեցություն չեն գործի, կարևոր է վարչապետի թեկնածուն, հետևաբար սա լինելու է ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ հենց վարչապետի ընտրություն։ Թեև ցուցակներում կարող են լինել ազդեցիկ գործիչներ, գիտակ, պրոֆեսիոնալ անձինք, բայց և այնպես ընտրողները կողմնորոշելու են վերոհիշյալ երկու անձանց հարցում»,– նշեց քաղտեխնոլոգը։ Բադալյանի համոզմամբ, «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ–ի միջև ձևավորված դաշինքում լիդերի խնդիր չի առաջանա, որովհետև Արթուր Վանեցյանը թեև նոր է մտնել քաղաքականության մեջ, սակայն նրա մեջ արդեն իսկ կան լիդերության սաղմեր, և ավելի գրագետ աշխատանքի դեպքում լիդերի կերպարը կարող են դարձնել ավելի ընդգծված։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը , պատասխանելով «Մեդիալաբի» հարցերին, նշում է, որ խնդիրը բևեռվելու է մի ձևակերպման շուրջ՝ ինչքանո՛վ են լավ հիշում, այսինքն՝ ի՛նչն են հիշելու և ինչի՛ հիման վրա են ընտրություն կատարելու՝ էմոցիաների՞, թե՞ այսօրվա իրավիճակից ելնելով: Սրանք բավականին դժվար հարցեր են, որոնց հնարավոր կլինի պատասխանել քարոզարշավի ընթացքում, որովհետև չնայած հայտնի են քաղաքական ուժերը, բայց հայտնի չէ, թե ինչ ծրագիր են առաջարկում, ի վերջո՝ ընտրում ես ոչ թե անձին, այլ՝ ծրագիրը: «Տարօրինակ բան եմ ասում, բայց սա առաջին ընտրությունն է, որ մարդ կարող է իրոք ընտրություն անել, որովհետև հեղափոխությունից հետո եղած ընտրություններում պարզ է, որ ընտրել են մեծ էմոցիաների հիման վրա, իսկ սա առաջին ընտրությունն է, որ մարդիկ իսկապես ընտրելու են: Սա մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ, որովհետև եթե մասնակիցները քիչ թե շատ հավասար ձայներ ստանան, Ազգային ժողովն իրոք կդառնա Խնկո-Ապոր «Մկների ժողովը»՝ ճառ ասող կլինի, զանգ կախող չի լինի, եթե նորմալ մեծամասնություն չձևավորվի: Չեմ կարող հիմա ասել՝ ոնց կընտրեն, որովհետև մարդկանց որոշումներն սովորաբար կայացվում են վերջին օրերի ընթացքում»,- ասել է սոցիոլոգը և հավելում, որ ստեղծված իրավիճակում կայունություն չկա, ցանկացած մարդ, որը գնալու է ընտրության, ստիպված է լինելու այս իրավիճակից դուրս գալու ճանապարհ ընտրել:


Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով էլ, ռազմավարական առումով ընդդիմությունն ունի կոնսենսուս՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, սակայն, ըստ նրա, մարտավարական առումով՝ բավականին լուրջ խնդիրներ։ Քաղտեխնոլոգը կարծում է, որ Քոչարյանը ենթադրում է, որ ամբողջ ընդդիմադիր դաշտի հաշվարկն այն է, որ առանձին-առանձին ընտրություններին գնալով կարող են ավելի շատ հասնել հաջողության, քան եթե բոլորը միասին գնան, ինչպես առաջարկեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Որպես առաջարկ, որպես գաղափար, ես կարծում եմ, շատ լավ գաղափար էր՝ միասնականության։ Ընտրողների այն հատվածից, որը, ինչպես իրենք են ասում՝ նախկինները հետ չգան, կա մի ստվար զանգված, որը գրեթե նույնչափ հիասթափված է նաև Նիկոլ Փաշինյանից, եթե ոչ ավելի։ Այս հատվածին կարող են շատ հեշտությամբ «տանել» Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը»։ Քարոզարշավի ընթացքում քաղտեխնոլոգը չի պատկերացնում քաղաքակիրթ դեբատներ՝ իշխանության և մի քանի հիմնական ընդդիմադիր ուժերի միջև՝ նկատելով, որ քաղաքակիրթ բանավեճերին վաղուց փոխարինել են հայհոյախոսությունները։ Ընտրապայքարն էլ ընթանալու է անձերի տեսքով ինչպես միշտ։