Երևան +19°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:33 24-05-2021

Հայաստանը չպետք է կուլ տա սահմանազատման խայծը և իրեն ծուղակի մեջ չգցի. սահմանագծման խնդիրը մեկնաբանում են մասնագետները

«Սահմանազատում և սահմանագծում» իրավական ձևակերպումը սովորաբար կիրառվում է բարեկամ-երկրների դեպքում, սակայն այլ է իրավիճակը, երբ խոսքը հակամարտող կողմերի և նրանց միջև ճշգրտվող սահմանային հարաբերությունների մասին է:

Այսօր հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեմայի էպիկենտրոնում Տավուշի 7 անկլավային գյուղերն են ու Արարատի մարզի Քյարքին՝ Տիգրանաշենը։ Իշխանության ներկայացուցիչները հերքում են, թե այժմ քննարկվող փաստաթղթում որևէ բառ կա այս տարածքների հանձնման մասին, բայց և չեն բացառում, որ այն ի վերջո օրակարգ կմտնի։

Հիշեցնենք, որ 90-ականների պատերազմի արդյունքում Քյարքին դարձավ հայերով բնակեցված գյուղ Սյունիք տանող մայրուղու վրա, իսկ Տավուշի 7 գյուղերը՝ անբնակ տարածքներ, որոնց միջով սակայն անցնում է հայ-վրացական միջպետական ճանապարհը։ Եղած իրավիճակի շուրջ տեսակետներ են հայտնում փորձագետները:

Պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ 1925թ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փոխհամաձայնության էին եկել այս 7 գյուղերն Արծվաշենի հետ փոխանակելու հարցում: Նախատեսվում էր տարածքների փոխանակություն, քանի որ և՛ տարածքային, և՛ բնակչության թվով դրանք գրեթե համապատասխանում էին։ «Հետագայում գործընթացքն այնպես դասավորվեց, որ, ցավոք սրտի, վերջնական որոշում կայացնելը մնաց տեղական բնակչության կամարտահայտման հույսին, Բաշքենդի հայերը և այսօրվա Տավուշի մարզում բնակվող մահմեդականները որոշում կայացրեցին, որ իրենց համար առավել ցանկալի է իրենց հայրենական բնակավայրերում հաստատված մնալ, քան թե տեղափոխվել»: Պատմաբանը փաստում է, որ արդյունքում մի քանի տարի անց խնդիրը հանգուցալուծվեց առանց փոխանակման. Տավուշի մեջ խրված 7 ադրբեջանաբնակ գյուղերը տրվեցին Ղազախի շրջանին, հայաբնակ Արծվաշենը՝ Հայաստանին։ Սակայն իրավիճակը փոխվեց արդեն 90-ականների պատերազմից հետո։ Համո Սուքիասյանը նկատում է, որ Քյարքիի տարբերակը մի քիչ այլ է՝ այն քարտեզներով, իրավական առումով 20-ականներին Հայաստանին էր պատկանում, բայց փաստացի Քյարքիի գյուղխորհուրդը ենթարկվում էր Նախիջևանին: Մի շարք քարտեզներում այս բնակավայրը չկար էլ, քանի որ պատմաբանի խոսքով, այդտեղ ընդամենը քանի տասնյակ ադրբեջանցիներ էին ապրում։

Տավուշի այդ 7 գյուղերից երեքով է անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, ուստի հանձնելու, փոխանակելու քննարկումներն անընդունելի է համարում «Անի» կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը, ով «Ազատության» հետ զրույցի ընթացքում հայտարարել էր, որ տվյալ տարածքով է անցնում Հայաստանից Վրաստան միջպետական ճանապարհը, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ. «Նույնիսկ ինձ ապշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքը․ ասում է՝ քննարկման թեմա է, եկեք քննարկենք… Իհարկե, մեզ համար շատ նվիրական անուն է Արծվաշենը։ Բայց Արծվաշենը ստանալ և դրա դիմաց տալ Հայաստանի ճանապարհը… Առանց այդ էլ հիմա մենք տվել ենք Հայաստանի ճանապարհներից մեկը, որը մեզ կապում է Իրանի հետ Գորիս – Կապան – Ճակատեն հատվածում»։ Փորձագետը շեշտում է նաև, որ, այո, Արցախյան առաջին պատերազմի հետևանքով Հայաստանի տարածքներից Ադրբեջանին տասնյակ քառակուսի մետրեր անցան, բայց սա չի նշանակում, որ այժմ պետք է խոսել փոխանակումների մասին։

Քաղաքագետ, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանն էլ շեշտում է, որ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ստորագրի որևէ փաստաթուղթ, քանի որ լայնամասշտաբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն պատերազմը շարունակվում է բոլոր ոլորտներում: «Հետքի» հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավոր գործընթացին, նա նշում է, որ մեր երկիրը չպետք է կուլ տա սահմանազատման խայծը և իրեն ծուղակի մեջ չգցի: Եթե Վրաստանն ու Ադրբեջանը ԽՍՀՄ-ից դուրս գալու ժամանակ իրենց հայտարարել են նախախորհրդային Վրաստանի ու Ադրբեջանի իրավահաջորդ, ապա Հայաստանն իրեն հռչակել է Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ: Քաղաքագետն ասում է, որ Ադրբեջանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտարարվել է որպես դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ վերջինս ճանաչված է եղել միայն դե ֆակտո, և դրա կազմում Արցախը չի եղել: Այս առումով Հ. Արզումանյանը շեշտում է, որ երբ Ալիևն ասում է, թե պետք է վերադառնալ խորհրդային ժամակներում եղած սահմաններին, ուրեմն առաջին փուլում Ադրբեջանն ու Ալիևը պիտի վերադառնան ԽՍՀՄ կազմ ու դրա կառուցվածքային տրամաբանություն, ինչից հետո միայն իրավունք կունենան հավակնել խորհրդային սահմաններին:

ՊԲ նախկին հրամանատարը Սամվել Բաբայանը մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով հնարավոր սահմանազատման գործընթացի մասին, ասաց, որ առաջին հերթին պետք է Արցախի հարցը լուծել, տարածքային ամբողջականությունը վերականգնել, տալ մանդատային տարածք, նոր միայն անցնել այդ խնդրի լուծմանը: Ինչ վերաբերում է Տավուշի և Հայաստանի սահմանային այլ հատվածներում այդ գործընթացի իրականացմանը, ապա Սամվել Բաբայնը վստահ է, որ Տավուշի առնչությամբ կան խնդիրներ. «Եթե իրոք գնում ենք դեմարկացիայի և այլն, այնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն է իրենց ձեռքին և հակառակը»:

Առաջնային և կարևոր վտանգը մատնանշում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ բոլորին է հասկանալի, թե ինչ է նշանակում Հայաստան-Ադրբեջան սահմաններին սահմանազատում և սահմանագծում սկսելը: Եթե հայկական կողմը համաձայնում է ֆիքսել սահմանը նաև հատվածներում, որոնք առնչվում են Ղարաբաղի հետ, ուրեմն ինչ-որ չափով հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրից: Կոպիտ ասած՝ մենք կանխորոշում ենք ԼՂ կարգավիճակը, քանի որ այն ավտոմատ մնում է Ադրբեջանի տարածքում:

Այս թեմայով «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը, ով զրույցի ընթացքում փաստել է, որ խնդիր անշուշտ կա: Որովհետև, եթե որպես հիմք ընդունում ենք Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի սահմանները, ապա, այո՛, իրենք ունեն անկլավներ մեր տարածքում՝ Տավուշի մարզում, և Արարատի մարզում՝ այսօրվա բաժանմամբ, և մենք էլ ունենք մեկ անկլավ՝ Արծվաշենը: Անհասկանալի է, թե այս հարցերն ինչպե՞ս պետք է լուծվեն: Ամենայն հավանականությամբ, տրամաբանական է պատկերացնել, որ Ադրբեջանը պահանջելու է այդ անկլավները, որոնք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում են: Իսկ դրանց հետ կապված թերևս ամենալուրջ խնդիրը ճանապարհների խնդիրն է. «Միայն եթե հիշենք Քյարքիի լեռնանցքը՝ Տիգրանաշեն գյուղը, որը հենց այդպիսի մի անկլավ է, և որը Երևանը Վայոց Ձորի և Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհին է, կհասկանանք, թե ինչ խնդրի մասին է խոսքը»: Պատմաբանը նշում է, որ տեսականորեն, կարելի է ասել, որ դեմարկացիայի հարցը մի օր բարձրանալու էր: Բայց գործնականում, բացի այն, որ ընտրված է Հայաստանի համար առավել խոցելի ժամանակը, նաև այդ «մի օրը» կարծես չափից ավելի շուտ եկավ և անսպասելի: Իսկ թե ի՞նչ է եղել, որ հենց հիմա պետք եկավ այդ սահմանազատումը, մասնագետը չունի այս պահին հստակ պատասխան, բայց փաստ է, որ այստեղ հարց պետք է դրվի:

Ձեզ գուցե հետաքրքրի